Աննա ԱԴԱՄՅԱՆ / ԱՊՐԵԼ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Նանծինի համալսարանի

փիլիսոփայության ֆակուլտետի ասպիրանտ

 

ԱՊՐԵԼ

 

Յու Խուա (余华). չինացի ժամանակակից գրող է, ծնվել է Չինաստանի ՃըԾյան նահանգում, 1960 թվականին։ Նրա այս ստեղծագործությունը առաջին անգամ տպագրվել է 1993 թվականին։

Յու Խուայի «Ապրել» (活着) երկը թարգմանվել է աշխարհի մի քանի լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն և այլ լեզուներով։ Վեպը նաև ադապտացվել է հեռուստասերիալի և թատերական բեմադրության մեջ։

Կյանքի գոյաբանական հարցերին յուրաքանչյուրս առնչվում ենք ամեն օր, ոմանք՝ ավելի խորապես, ոմանք՝ մակերեսորեն, իսկ ոմանք փորձում են չտեսնելու տալ։ Բայց մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի որևէ շրջանում չի զլանում իրեն տալ կյանքի իմաստի, կյանքի արժեքի, մահվան անխուսափելիության, երջանկությանը և դժբախտությանը վերաբերող հարցեր։ Դրանք հարցեր են, որ միշտ հուզում են մեզ, բայց միշտ չէ, որ ունենում են պատասխաններ։ «Ապրել» գրքով, իր հերոսի միջոցով Յու Խուան անդրադառնում է մեզ հուզող հարցերին՝ որոնք նույնն են բոլոր ազգերի համար, կապ չունի՝ հայ, չինացի, վրացի թե իտալացի։

Ի՞նչ արժեք ունի կյանքը, ինչո՞ւ է մարդկային կյանքը այդքան խոցելի, արդյոք ցավով ու զրկանքներով լի կյանքը արժե՞ ապրել, թե՞ ոչ։ Կյանքի ու գոյաբանական հարցերը առաջինն են, որ հայտնվում են ընթերցողի առջև։ Աստվածաշնչի Հոբի պատմությանը ծանոթ ընթերցասերները անմիջապես նմանություն են տեսնում այս երկու պատմությունների միջև, գրքի հերոսի՝ Ֆուգուեյի (徐福贵) և Հոբի միջև զուգահեռներ տանում՝ փնտրելով տարբերություններ ու նմանություններ. Հոբը՝ լցված հավատով ու կյանքի իմաստի փնտրտուքներով, և Ֆուգուեյը՝ ենթարկվելով բախտի իրեն հասցրած հարվածներին, առանց տրտունջ արձակելու շարունակում է իր զրկանքներով լեցուն կյանքը: Սակայն, ի տարբերություն Հոբի, նա չունի հավատ Աստծո նկատմամբ, այլ հավատում է բախտին, բնական օրենքին, երկնքից իրեն ընկած բաժնին։ «Տերը տվեց և Տերը վերցրեց. օրհնյալ լինի Տիրոջ անունը»,- ասում է Հոբը (Աստվածաշունչ, Հոբ 1։21), իսկ Ֆուգուեյը հետևյալ ձևով է մեկնաբանում կյանքը ապրել-չապրելու իմաստը՝ «Քո կյանքը քեզ նվիրել են քո ծնողները։ Եթե չես ուզում ապրել, նախ պետք է նրանց հարցնես»՝ մեկընդմիշտ փակելով ինքնասպան լինելու ցանկացած փորձ:

Վեպը սկսվում է նրանով, որ ժողովրդական երգերի հանրաճանաչ հավաքորդը գալիս է գյուղ, որտեղ ապրում է արդեն ծերացած Ֆուգուեյը: Նա լսում է Ֆուգուեյի պատմությունը և ձայնագրում այն։ Ֆուգուեյը սկսում է պատմել իր կյանքը, ինչն էլ ընթերցողին գամված է պահում գրքին։ Ֆուգուեյը հարուստ հողատիրոջ որդի է, ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, բայց չի գնահատում իր կնոջը և իր ընտանիքը։ Ինչպես հայրը ջահել ժամանակ, այնպես էլ նա սիրում է իր ողջ ժամանակն անցկացնել խաղատներում և հասարակաց տներում։ Ամբողջ ունեցվածքը տանուլ է տալիս խաղերում ու ստիպված ընտանիքին պատկանող հողերը հանձնում է պարտքերի դիմաց՝ ընտանիքի հետ հայտնվելով դրսում։ Սակայն նրա ծնողները և կինը՝ գեղեցկուհի Ծյաճենը, ով արդեն կրում էր երկրորդ երեխային, չեն մեղադրում Ֆուգուեյին, ու երևի դա էր պատճառը, որ Ֆուգուեյն է սկսում մեղադրել իրեն, տեսնել իր սխալները, զղջալ ու ամոթ ապրել՝ իր տոհմի ժառանգությունը կորցնելու համար։ Լինելով տոհմի վերջին արու զավակը՝ նա պետք է փառք ու պատիվ բերեր իր տոհմին, ոչ թե ամոթ ու զրկանք։ Ֆուգուեյի վիճակն ավելի է բարդանում, երբ աները ետ է տանում դստերը՝ սպառնալով, որ նրա զավակը կրելու է իր տոհմի ազգանունը։ Նման սպառնալիքը Ֆուգուեյին ստիպում է մեկ անգամ ևս գնահատել իր ապրած կյանքը. չինական հասարակությունում, որտեղ որդի ունենալը պատիվ էր, իսկ նրա՝ ուրիշ ընտանիքի ազգանուն կրելը ամենաամոթալի ու խայտառակ իրողությունն էր տղամարդու համար։ Միայն հիմա է Ֆուգուեյը գնահատում կնոջը և գիտակցում, թե որքան շատ է սիրում նրան ու կրկին անգամ զղջում՝ կնոջը այդքան ցավ պատճառելու համար։

Ընթերցողին կզարմացնի չինացի կնոջ կերպարը՝ հանձինս Ֆուգուեյի մոր և կնոջ։ Նրանք հոգատար, բարի ու անխոնջ աշխատող կանայք են, որոնք առաջնորդվում են «ամեն ինչ տղամարդու համար, ամեն ինչ երեխաների համար» սկզբունքով։ Այս համատեքստում նմանություն ենք տեսնում հայ կնոջ կերպարի հետ, ով միշտ հետևում է իր տղամարդուն՝ ուրախության թե տխրության ժամանակ։

Գրքի հետագա գլուխներում նկարագրվում է հերոսի կյանքի մնացած դրվագները։ Ֆուգուեյը դեռ երջանիկ է զգում իրեն. թեև ապրում է փոքրիկ հյուղակում, սակայն դեռ կարող է վարձակալել իր նախկին կալվածքից մի փոքրիկ հողակտոր, կինը վերադառնում է՝ նորածին որդու հետ, ապրում են աղքատ, բայց երջանիկ։ Ինչպես Հոբի դեպքում՝ Ֆուգուեյի զրկանքները ոչ միայն նյութական են, այլև մարդկային. նրա դուռն է բախում անհաղթահարելին՝ մահը։ Ֆուգուեյը ականատես է լինում հեղափոխականների և Կարմիր բանակի մարտերին, կարողանում է ողջ մնալ՝ մասնակցելով մարտերին և վերադառնալ տուն։ Սկսվում է Չինաստանի մեծ սովը, բայց նույնիսկ այդ ժամանակ նրանք կարողանում են հաղթահարել այդ աղետը: Թվում է՝ կյանքը կարգավորվում է, երբ նորից մահը բախում է Ֆուգուեյի դուռը։ Ֆուգուեյը ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի մահվան, բոլորը թաղվում են մի վայրում, իսկ նա մնում է իր մի հատիկ եզի հետ, որին գնել էր սպանդանոցից։

Գրքում ոչինչ չափազանցված չէ. շատ պարզ կարելի է տեսնել պատմական այն բոլոր իրադարձությունների հետքերը, որոնք տեղի են ունեցել Չինաստանում հեղինակի ապրած ժամանակաշրջանում՝ քաղաքացիական պատերազմ, հողային բարեփոխումներ, Չինական Մեծ Սով և Չինական մշակութային հեղափոխությունը։ Հետաքրքիրն այն է, որ ողբալի իրադարձությունների հենքին՝ ընթերցողը չի զգում ճնշվածություն ու դառնություն, քանի որ հեղինակի ոճը թեթև է, չի օգտագործում ուռճացրած բառեր և արտահայտություններ, չի հաղորում ավելորդ դրամատիզմ։ Նրա նպատակը ոչ թե հերոսի նկատմամբ խղճահարություն առաջացնելն է, այլ ցույց տալ ընթերցողին, որ կյանքը զուտ երջանիկ իրադարձությունների շարան չէ, այլ ընթացք է, որի ղեկը ոչ միշտ է քո սեփական ձեռքերում, իսկ թե ինչպես կընկալես ու կընդունես այն, արդեն ինքդ ես որոշում գլխավոր հերոսի՝ Ֆուգուեյի նման, ով չհանձնվեց, այլ շարունակեց ապրել իրեն տրված կյանքը՝ կուտակելով նաև կյանքի որոշակի փիլիսոփայություն։ «Ավելի լավ է սովորական կյանքով ապրել. եթե շարունակես ձգտել սրա և դրա համար, կվճարես քո կյանքով»,- եզրակացնում է Ֆուգուեյը, սկսում է գնահատել ոչ թե կյանքը՝ լեցուն խաղերով, կանանցով, հաճույքներով ու ճոխությամբ, այլ իր պարզությամբ՝ առանց ճոխությունների, իր լավ ու վատ կողմերով հանդերձ։ Դժբախտությունների չվերջացող շրջանից գոյատևելը, Ֆուգուեյի համառությունը և ողբերգություններից հետո ինքնավստահությունը արժեքավոր վերաբերմունք են, որոնք գրքի հեղինակը տեսնում է սովորական կյանքում և որոնց կարևորության մասին ցանկանում էր կիսվել իր ընթերցողների հետ:

Գրքում կարելի է տեսնել նաև չինական ավանդական մտածողության, մշակութային բազմաթիվ տարրեր, որոնք բնութագրում են տվյալ ժողովրդին։ Շատ ակնառու բնութագրված է կնոջ դերը հասարակությունում այդ ժամանակաշրջանում՝ իր լավ և վատ կողմերով հանդերձ։ Հայրիշխանական կարգերը դեռ շատ պարզ ու հստակ դրոշմված էին հասարակ գյուղացիների մտածողության մեջ և ապրելակերպում։ Նաև կարելի է տեսնել չինացի ժողովրդի կրթության նկատմամբ ունեցած վերաբերմունքը. թե որքան են արժևորում կրթությունը, գնահատում դրա կարևորությունը կյանքում ինչ-որ բանի հասնելու համար, որ նույնիսկ գերադասում են հրաժարվել իրենց երեխաներից մեկի խնամակալությունից՝ մյուսի կրթության ծախսերն ապահովելու համար։ Դա չափազանցության հասնող մի երևույթ է, որի ականատեսն ենք նաև հիմա։ Չինացի հասարակությունը ահռելի մեծ կարևորությամբ է վերաբերում մատաղ սերնդի կրթության հարցերին. երեխան դեռ լույս աշխարհ չեկած՝ ծնողներն արդեն մտածում են երեխայի կրթության հետ կապված հարցերի մասին՝ մանկապարտեզ, դպրոց, քոլեջ, համալսարան, աշխատանք, ամուսնություն։

«Ապրել» գիրքը, իհարկե, չի պատասխանի «ինչո՞ւ ապրել» հարցին, սակայն կարող է պատասխանել հայ ընթերցասերներին հուզող շատ այլ հարցերի, միևնույն ժամանակ նպաստելով մեզ բարեկամ չինացի ժողովրդի պատմության ոչ ուրախալի կողմերի ծանոթությանը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։