Սփյուռքի հեռուներից առ հայրենի հողն իր կարոտն ու պաշտամունքն էր հղում Սուքիաս Քյուրքչյանը, երբ հայեցի դաստիարակության դասերը և արմատների միջով իրեն հասած ավիշը Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» դպրոցում արդեն կանոնակարգել էին նրա ազգային պահվածքը: 18-ամյա պատանու բանաստեղծությունների առաջին ժողովածուն էլ հենց թրթռում է հայրենակարոտ Սփյուռքի սրտի ելևէջներով, որ եկել, հասել է պատանու նուրբ սրտին ու զգայարաններին դարերի միջով: Դեռ մանկության օրերի մեջ Սուքիասը, որ հետո էր հայտնի դառնալու Վարանդ անունով, իր մեջ կարողանում է խտացնել հայրենիքից հեռու, բայց աչքը հայրենիքին պահող տարագիր Սփյուռքի կարոտակեզ զգացումները.
Ես քո կարօտից արցունք եմ դառել ու անվերջ հոսել,//Արազ եմ դառել, Սեւան եմ դառել, մի ծով եմ եղել:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Հայաստան աշխարհ, ես քո ցաւիցը մի ցաւ եմ դառել,//Բիւրաւոր անգամ մարել եմ, սառել ու նորից ապրել: 1968 թ.
Գաղափարների ու զգացմունքների մեջ ազգովի միասնականանալու ձգտումը իսկապես հայեցի դաստիարակության հետ նաև արմատներով իրեն հասած արյան ձայնն է: Այլապես չէր կարող 1972 թ. առաջին գրքույկի վրա աշխատող պատանին այն չտեսնել իբրև իր ազգակից երիտասարդների հետ զրուցելու, իրարով լրացվելու մի ճամփամիջոց: «Կեանքիս տասնութերորդ գարնան լրումին,- գրում է նա «Արեւի ճամբով» գրքույկի սկզբում,- այս տողերը նրանց` այն բոլոր հայ երիտասարդներին, որ Երեւանի հոյաշէն ու արեւոտ պողոտաներից մինչեւ հեռու Ամերիկա, քաղաքակիրթ Եւրոպայի համալսարաններից մինչեւ հեռաւոր տափաստանները Աւստրալիայի, հիւսիսային սառուցեալներից մինչեւ արեւակէզ անապատները միջին Արեւելքի ցաք են ու ցրիւ ու դեռ հաւաք չեն: Նրանց դարեկարօտ, հայրենակարօտ սրտի զարկերին… նրանց բոլոր-բոլորին եմ նւիրում այս գրքոյկս»:
Եվ այսպես, երիտասարդական չորս-հինգ տարիներ ամփոփող գրքույկը խոսում է այն մասին, թե ինչպես իր ծննդավայր Թեհրանի ջերմ մթնոլորտում հայոց հիշատակներով, հեռուներից իրեն հասած նրա ձայներով է «հարբում» և իբրև բանաստեղծ արդեն ձևավորվում Վարանդը: Որքան մեծ է անտես հիշողության մտապատկերով իրեն հասած Երևանի փողոցների կարոտը, որ ասում են «Դարաւոր են եւ արեւոտ ու ցանկալի»:
Իսկ մենք կարօտ,//Համը չառած անգամ գինու,//Անտուն ու տեղ հարբեցողն ենք//Այդ դարաշէն փողոցների… «Այսպէս ենք հարբել»
Այնքան ազնվորեն, պարզ ու մաքուր, վճիտ զգացումներով է բանաստեղծը ձգվում դեպի մագնիսի պես իրեն քաշող հինավուրց մայրաքաղաքը, որը մի դեպքում արծաթափայլ լեռան աղբյուր է, երջանկության ապագա դուռ, ապրեցնող, հարբեցնող, վերահսկիչ և ոգևորիչ, մի այլ դեպքում արդեն այլևս կարիք չունի համեմատության փնտրտուքների: Այլ պարզապես`
Մեզ ամէն ինչ, մեզ ամէն ինչ//Այս աշխարհում… //Ողն ու ծուծը Երեւանի`//Մեր դարաւոր Էրեբունի: «Մեր դարաւոր Էրեբունի»
Առաջին բանաստեղծություններից իսկ արդեն հստակ ու որոշակի է բանաստեղծի ճամփան: Իսկապես, անպայման արևի ու լույսի ոգևորությամբ, թեկուզև «հանց գալարւող մի գետ դէպի ապագան, որ անորոշ է…»: Արևով լուսավորված ճամփին միշտ չէ, որ կյանքի, ապրումի ոգևորությունն է ընթացք տալիս մտքերին: Նրանց մեջ երբեմն-երբեմն սկսում են ներս սողոսկել, անհատական, անձնական տխուր տրամադրություններ, որոնք հետո կապվում են ընդհանուրի հետ՝ դառնալով շրջապատի հոգսը թեթևացնելու, ընդհանուրի համար լուսաշատ կյանքի երազանքներով ու նվիրումներով լի ապրումներ:
Կուզէի ծնւել//ամէն կրակւող լուցկու հատիկով…
– – – – – – – – – – – – – – – – – – – –
Կուզէի ծնւել//ամպի արգանդից ծնւող ամէն մի ջրի //կաթիլով…
Այս է բաղձանքը 16-ամյա պատանու ոչ այն բանի համար, որ նա հուսահատության կամ հոգնությամբ սպառվելու վտանգ է տեսնում արդեն ինքն իր համար, այլ զուտ նրա համար, որ
Տեղայի համայն աշխարհի վրայ,// այդպէս օգնէի//չոր-ծարաւներին,//ախտահանէի բոլոր-բոլորին//ու խեղճ աչքերի վերջին արցունքով հոսէի ներքեւ… «Բաղձանք»
Բանաստեղծի կոչմանը սփյուռքահայ ստեղծագործող Վարանդն արժանացել է ոչ անսպասելի և առանց իր կողմից այդ կոչմանն արժանի դառնալու համար գծված ճանապարհին այրվելու, հաճախ էլ` մխալու հետ անհամաձայնեցվածության: Նա քաջ գիտեր, որ բանաստեղծները «հաղորդ են մեծ տառապանքին» և «երջանկութեան սքեմ հագներին» են կանգնած այս «հին մոլորակին»: Վարանդը գիտեր, որ բանաստեղծները կրկին ծնվում են ամեն լուսաբաց,
Մկրտւում են յար//Արդար անձրեւում//Ու լւացւում են կապտով երկնքի//Եւ նոր բերկրանքի հաւատքով քամում`//Գաւաթը կեանքի:
Այսպես գիտեր Վարանդը և սիրով էր ընդառաջ գնում այդ կյանքին: Անցնող տարիները, սակայն, զգայուն հոգիներին մկրտում են կրակի այրող հնոցի մեջ: Իսկ արվեստագետի հոգին իր ներսն առած Վարանդի համար կյանքն իհարկե որքան էլ գեղեցիկ ու արևոտ է, այնուամենայնիվ, ամեն ինչ անցկացնել հոգևոր, ներաշխարհային, զգացմունքային ապրումների միջով և դուրս հանել ամենը այդտեղից անարատ ու մաքուր, գրավիչ ու առինքնող նոր ձևերով, նոր շնչով, իհարկե` տառապագին է: Մանավանդ, արևը վրան ընկած յուրաքանչյուր երևույթ անպայմանորեն ունի իր ստվերը, իր ստվերոտ կողմը: Ահա թե ինչու
Արւեստի հոգին մաշկում է հոգիս,//Ինչպես մաշկում են մսացու գառան,//Իսկ ես, հայկական ծառերի նման,//Վիշտս դարձնում եմ//Մեղրահամ ծիրան…:
– – – – – – – – – – – – – – – – – – – –
Արւեստի հոգին – մուտքն արքայութեան://Արւեստի հոգին – հոգին իմ համայն:// «Հոգին իմ համայն»
Բանաստեղծությունը Վարանդի համար խորին խորհուրդ է: Բանաստեղծություն գրելը խաղ է հոգուց դուրս թռչող կրակի կայծերի հետ.
Իմ ձեռքերն, այո, կիզւել են իսպառ,//Նրանք դարձել են քարացած մոխիր,//Քանզի բռնել են հազար հրէ բառ//Ու կրկին դրել հնոցը տողի… «Այրւած ձեռքեր»
«Տողի հնոցում» Վարանդի հոգուց դուրս ժայթքած բառերը միավորվում են իրար շուրջը, անպայմանորեն միավորելով նրա միտքն զբաղեցնող այն իրողությունները, որոնց ներդաշնակ համատեղումով էլ բանաստեղծը կարևորում է իր գոյությանը շունչ ու կենդանություն տվող իմաստը: Դրանք մարդկային կերպարը բարձր պահող բարոյական չափանիշներն են, մերձավորին նեցուկ լինելու երանությունը, սիրո բոցեղեն հրաշքից մաքուր ծաղիկներ աճեցնելու կարողությունը և ամեն, ամեն ինչի հետ միախառնված, անպայման Արարատակարոտ զգացումներ: Այսինքն՝ Վարանդի ստեղծագործական ողջ գործունեությունը հրաշեկ կայծերի հետ մերկ ափերով խաղացողի թե՛ ցավն ունի, թե՛ ոգևորությունը: Ցավը, երբ ծուխ է բարձրանում մխացող կայծից, և ոգևորությունը, երբ կայծերը ոգեշունչ խաղից առավել են բոցավառվում: Այրված են բանաստեղծի ձեռքերը: Այրված են քանզի հոգու խորքերում կայծկլտացող բառերն է հանում նա իր մերկ ձեռքով և տեղափոխում շնչավորելու «տողի հնոցում»: Բանաստեղծությամբ այրված ձեռքերի մասին է բանաստեղծ Վարանդի խոսքը` «…Նրանք` եւ զէնքս, եւ խղճմտանքս»:
Մեկ ու կես տասնյակից ավելի առանձին ժողովածուների հեղինակ է Վարանդը, որոնցից մի քանիսի համար արժանացել է գրական մրցանակների հայրենիքում և արտասահմանում: Այսօր արդեն իրողություն է նաև «Տասնամատեանը»-ը, նրա տարբեր տարիներին հրատարակած տասը գրքերից ընտրված լավագույն ստեղծագործություններից կազմված «Փրփուրից մրուր» ընտրանին: Սա Վարանդի ստեղծագործական աշխարհն իր ամբողջականության մեջ ընկալելու մի հիանալի հնարավորություն է, պատանեկան զուլալ ու զրնգուն ձայնից մինչև կյանքիմաստի բեռով ծանրացած խոհականություն: Այսպես զրնգում է նրա ձայնը «Արեւի ճամբով», գալիս մինչև 1975 թ. Բեյրութում հրատարակված «Հոլովոյթ»-ը, ուր արդեն իր երգը հաստատված է «սուրբ արմատի» վրա, ուր ճայթող հուրն ու մշուշը միատեղ են աշխատում բանաստեղծական լեցունությունն ապահովելու վրա: Լեցունությունն այստեղ անհուն ու անհատակ զգացողություն է, մանավանդ, երբ վերաբերում է հայրենյաց ոգու հետ հարաբերվելուն: Այդպես անհատակ ու անվերջ է թվում բանաստեղծին իր երգը, զրնգում հայրենյաց սիրո ճամփեքին: Չի պարպվում սիրո այդ ցավը և ոչ մի վայրկյան այնպես, ինչպես և չի հագենում ամեն վայրկյան նրանից խմողի ծարավը: Այդպես էլ,
– Գնում ենք//Մեր մեծ յաղթութեան այս ճամբով//անքուն://Արդ, ես եմ երգում…:
«Անցեալ ու գալիք ժամանակների» անդադար պտույտում լույս աշխարհ եկած իր գոյությունը նա համարում է անխուսափելի ճիշտ այնպես, ինչպես ժպիտների, կարոտների, գարնանամուտի զով աղջամուղջների գոյությունն է աշխարհի վրա.
Եւ ես ծնւել եմ առաջին մանկան//Անուշ ժպիտով,//Սնւել, մեծացել նրա ապագայ կուշտ//ծիծաղներում,//Ապա ցօղացել աչքերից նրա//Եւ կուլ գնացել արգաւանդ հողին,//Սակայն անվատնում//Բողբոջ եմ տւել գարնանամուտին… «Հոլովոյթ»
Այնուհետև, կրկնակի է դառնում գոյության իմաստը, երբ Հայաստանը բանաստեղծի հոգում բացվում է ամբողջությամբ.
Օ, Հայաստան, Հայաստան,//Հող ես, քար ես եւ հոգի,//Եւ չգիտէ դեռ ոչ ոք//Մեծ գաղտնիքը քո կեանքի: «Ձօն»
Ծավալվում է բաց աչքերով չտեսած երկրի կարոտը 20-ամյա բանաստեղծի հոգում և իրենց պարզության մեջ մաքուր ու կոկիկ տողեր են ծնվում.
Իմ Հայաստան, Հայաստան,//Քո կռունկն եմ ես անբոյն:
Դեռևս ստեղծագործական կյանքի առաջին տարիներից Վարանդը նաև զգում է բնության խորհրդավոր պահերի մեջ առանձնանալու, խոհական տրամադրությունների կարիքը:
Գեղարվեստական պատկերի նկատմամբ ուշադիր անհատը գեղեցիկ պատկերներով է շրջապատում իր տխրությունն անգամ, ստեղծագործական բարձր մակարդակով ներկայացնելով իր ներաշխարհային ապրումները: «Թախիծը» դրա լավագույն օրինակն է, Վարանդի երիտասարդական օրերի լուսավոր տխրությունը:
…Անյայտ վայրերում ծանօթ տնակներ,//Մէկ-մէկ մարում են լոյսերն իրենց,//Արդէն մոռացւող մի աղօտ պատկեր//Մեղմ օրորւում է//Իմ աչքերի դէմ…//Ծածուկ սուլուցով անցնում է քամին,//Սրբում է յոգնած դէմքը մայթերի://Իմ դատարկ ափում աստղեր եմ պահել`//Նոր տարւայ սեմին կախ տամ ծառերին://Հեռւում մթապատ աւաններ նիրհում,//Ինչ-որ մի բու է վայում ու լալիս,//Հին-հին երազներ գալիս են այցի,//Ու անյայտ մի տեղ անձրեւ է գալիս…
Անձրևային մոտիվը չի լքում Վարանդին իր ստեղծագործական ճանապարհին, այլ դառնում է ասես նրա խոհականության պարտադիր պայմանը: Քնքուշ «Թախիծը» շարունակվում է անձրևային պահերի մեջ և «անյայտ մի կարօտ, որ բոյրը ունի խոնաւ խաշամի, այցելում է քեզ» անձրևի պահին: Խորհրդավոր ու քնքուշ «Թախծից» 15 տարի հետո էլ դեռ ներաշխարհային գեղեցիկ պահերի նույն որսորդն է բանաստեղծը, որոնց անպայման հանդիպում է անձրևի խորհրդի մեջ: Դրանք, իհարկե, աշնանային անձրևի հեկեկանքներ չեն, այլ` գոյության հեքիաթային հեռու-հեռավոր հիշողությունների միջից անձրևող լուսավոր տրամադրություններ.
Արտաբերում ես շշուկներ անզօր//Աղօթքի, նաև խօսքերի չասւած.//Պարուրում է քեզ խորհուրդ մի անդորր,//Որով հարուստ է մինչեւ իսկ… Աստւած://Ու հեքիաթներ է հիւսում սիրտդ հուր,//Դրանք տանում է շնկշնկող քամին,//Պահը բերում է երազներ մաքուր,//Երբ անձրեւում է գիշերն ուշ ժամին…: «Երբ անձրեւում է գիշերն ուշ ժամին»
Նույն անձրևակարոտով է շնչում նաև 1978-ի գիրքը, Թեհրանում լույս տեսած «Արեւաքար»-ը: Այստեղ անձրևի կարոտ կա բանաստեղծի հոգում անգամ քնարական մտերմուհու, երազների աղջկա հետ հանդիպման մեջ: Այստեղ հաստատվում է նաև բանաստեղծի իր դավանանքը` չտրվել թախծին և տրտմություն փռել իր շուրջը, այլ «դառնալ կենսալի մի ծով» մարդկության համար:
Մարդկանց աշխարհում իր ստեղծագործական դավանանքը, կոչումն ու առաքելությունը պարզելու հետ մեկտեղ գնալով խորանում է Վարանդի խոհը կյանք ու մահի հաշտեցումների շուրջը: Անխուսափելի է ծննդյան խորհուրդը անդադար պտտվող ժամանակի մեջ. ժպիտի ծնունդը ժպիտի հիշողություններով, կարոտի ծնունդը կարոտի հիշողություններով, անձրևի ծնունդը անձրևի հիշողություններով և այդպես շարունակ: Սակայն, այնուամենայնիվ, նոր ծնունդը հին մահվան շարունակությունն է, և բանաստեղծն էլ խոհականորեն է գնում կյանքի ու մահվան շուրջը մտորումներին: Այդ արդեն առավել բացահայտ է «Կրկներեւոյթ» ում (1998, Բեյրութ): Այստեղ բանաստեղծն անգամ դիմում է տիեզերական խոհի վարպետի` Ավետիք Իսահակյանի օգնությանը:
«Հեռու անտառում ծաղկում է հպարտ,
Ցնծում է զվարթ այն կաղնին հիմա,
Որ պիտի դառնա դագաղս մի օր»,- գրում է վարպետը:
Բանաստեղծ Վարանդն ահա չափավորում է իր խոհերից դուրս թռչող բառերն ու տողերը, նրանցով գնում կյանքի ու մահվան հավերժական միավորմանը տանող գաղափարին:
Գուցէ պատկերը տեսել եմ պատին,//Օրհնել վրձինը արւեստագէտի…://Գուցէ նստել եմ իր ճիւղի ճօճին,//Երբ որ եղել եմ երեխայ չնչին…//Ախ, ո՞ւր է հիմա ծառն այն, որ պիտի//Մի օր վերածւի դագաղիս փայտին.//Որտե՞ղ է կանգնած, խմբո՞ւմ ծառերի,//Գուցէ միայնակ ու կարօտով լի… «Ախ, ո՞ւր է հիմա…»
Կյանքի ու մահվան անխուսափելի միավորման մեջ, սակայն, կա բանաստեղծին անհանգստացնող մի ուրիշ խնդիր: Մտորումները նրան տանում են մարդկային վեհ կերպարով հավերժությանը հանձնվելու կարևորությանը: Նա չի վարանում ասելու, թե պատրաստ է զարկվել ձախ կողմի սրտից, միայն թե աջը միշտ խոսուն մնա: Չէ՞ որ աջ ձեռքն է մարդկանց ձեռք սեղմում, աջով են երդվում, ապագան կերտում, խաչակնքում ու աջով աշխատում: Եվ ոչ միայն դա.
Երբ որ թանաքս կապում երակիս,//Ու արիւնով եմ երկնում երգ, ապա//Ես հաւատում եմ` //Աջ կողմում սիրտ կայ:
Այսպիսին է սփյուռքահայ բանաստեղծ Վարանդի պահվածքը մարդկության առաջ: Նա կարողանում է տրտմության պարգևած թախիծն ու տառապանքը վեհորեն բազմեցնել գեղեցիկ ապարանքում.
Դղեկս լացում էր անձրեւով ու աշունով,//Ո՞վ էր զարկում մի պատռւած խոնաւ դափ,//տերեւաթափ//ծառի ճիւղով…// Ո՞վ: «Ակն ընդ ական»
Վարանդը կարողանում է նաև լույսը քամել թախծից, արևահամ գինու թասով երգել լուսե շեղբը արեգակի, հուրը սիրո և բաժանման պահերի մեջ լսել հևքը բարևների: Ամենից լավ ինքն է ասում իր մասին.
Ինձ որոնեցէք//Այն հեքիաթի մէջ, որը պատմում են//Երեխաներին://Ինձ որոնեցէք,//Երբ պարտութիւնից յետոյ ժպտում էք,//Ժպտում էք կեանքին:
Այդպես էլ հանդիպում ենք նրան իր «Ընտրանի»-ում: Այնտեղ «Փրփուրից մրուր» նա ինքն է` մանկան պարզությամբ ու անընկճելի ոգով: