ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ - ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ / ԴԱՎԻԹ  ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՉարենցԳուրգեն Մահարի«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից

Գ. Մահարու անունը նորագույն շրջանի հայ գրականության պատմության մեջ Ե. Չարենցի կողքին է:
Հայ հանրային, անգամ գրական գիտակցության մեջ նա դեռևս չի գրավում իր արժանի տեղը, որովհետև ասպարեզի վրա չէ երկերի ամբողջական, գիտական հրատարակությունը: Մահարու շա՜տ արժեքավոր նյութեր՝ գեղարվեստական և քննադատական էջեր դեռևս ցրված են 1917-1969 թթ. մամուլի էջերում, բացառյալ աքսորի 1937-1954 թվականները:
Տարիներ շարունակ գրական և մերձգրական շրջանակներում արծարծվել է Գ. Մահարի-Պ. Սևակ առնչության հարցը: Խորացած անտեղյակություն ու չարամտություն է Մահարուն ուղղել Սևակի դեմ: Երկրորդ աքսորից վերադառնալուց հետո մինչև մահը (1954-1969 թթ.) Մահարին եղել է Պ. Սևակի պոեզիայի ջերմ պաշտպանը, որովհետև հանձին Սևակի, Մահարին տեսավ 1937-ին ընդհատված գրական գործի շարունակությունը: Գրական կյանքի ընկած բարոյականությունը, որ տնօրինել ու տնօրինում են գորշ միջակությունները, իրենց ապահովությունը չվտանգելու համար, մշտապես դիմում են փորձված ձևերի՝ իրար դեմ են լարում տաղանդավոր մեծերին: Այդպես եղավ նաև այս դեպքում: Մինչդեռ նրանց գրական դաշինքը պետք է լիներ ժամանակի խարիսխը՝ նետված իրականության մութ ու պղտոր ջրերի մեջ:
Գ. Մահարի-Պ. Սևակ ծանոթությունն ու մտերմությունը կայացել էր դեռևս 1947 թ. օգոստոսին՝ առաջին աքսորից Մահարու վերադարձից հետո: Ըստ Մահարու ինքնակենսագրության՝ նրան սիրով «գտան» երիտասարդ բանաստեղծները, որոնց մեջ էր նաև Պ. Սևակը («Երկերի ժողովածու», հ.1, 1966, էջ XIII):
Որպես այդ տարիների գրական առնչության արտահայտություն՝ Մահարու ֆոնդում պահպանվել է Սևակի «Քարտաշը» անտիպ պոեմը, որը հրապարակվեց միայն վերջերս (տե՛ս «Հայոց լեզու և գրականություն» ամսագիր, 2007, թիվ 3-4, էջ 90-107): Պոեմը Սևակը գրել է 1947 թ., բաղկացած է 402 տողից: Պոեմը Մահարուն է տվել Սևակը՝ կարծիքի: Պոեմի լուսանցքներին պահպանվել են շատ դիպուկ նշումներ: 1949-ին վրա է հասել Մահարու երկրորդ աքսորը, և Սևակի ձեռագիրը մնացել է Մահարու թղթերի մեջ:
1954-ին, երկրորդ աքսորից վերադառնալուց հետո, նորոգվել է ավագ գրողի և երիտասարդ գրողի գրական բարեկամությունը: Այդ տարիներին Պ. Սևակը թեև Մոսկվայում էր, բայց կապը հայ գրական կյանքի հետ երբեք չթուլացավ: Ամենևին երկրորդական չէ այն տվյալը, որ 1954-1969 թվականների ընթացքում Մահարին Սևակին անդրադարձել է ավելի, քան տասը հրապարակման մեջ՝ լինի գրախոսություն, գրական ակնարկ թե որևէ հոդված պոեզիայի մասին:
Պահպանվել են Պ. Սևակի շատ ջերմ ու սրտառուչ նամակները՝ հասցեագրված Մահարուն: Այդ նամակները ընդգրկում են «Մարդը ափի մեջ» ժողովածուի հրատարակության նախապատմությունը և ավելորդ չեն մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից:
Ավելացնենք նաև, որ Մահարին այդ գիրքը վերցրել էր խմբագրելու համար, թեև գրքի պաշտոնական խմբագիրը ինքը չդարձավ: Հավանաբար այս ընթացքում ծագել են տարաձայնություններ, ինչն արտահայտվել է Մահարու «Մնայուն հաղթանակներ և ժամանակավոր պարտություններ» գրախոսության մեջ:
Նամակի մեջ Պ. Սևակը գրում է «Նահանջ երգով» շարքի ստեղծման մասին և ավելացնում.
«Երանի թե մոտդ լինեի ու կարդայի:
Սիրելի Գուրգեն խան.
Ալբերտից (Արիստակեսյան՝ Դ. Գ.) իմացա, որ գիրքս արդեն վերցրել ես պետհրատից:
Սրտանց շնորհակալ եմ փութաջանությանդ համար:
Ինքդ գիտես, թե որքան կարևոր է ինձ համար ինչպես քո կարծիքը, այնպես էլ դիտողություններդ:
Այնքան կարևոր է, որ ահա, չսպասելով մեր հանդիպմանը, որ տեղի կունենա մոտ մեկ ամսից հետո, ուզում եմ նեղություն տալ ու խնդրել.
– Հենց որ հոգնած լինես և այլ բան անելու անտրամադիր՝ մի երկու տողով ասա.
– Ո՞նց էր: Ի՞նչ տպավորություն ունես: Մանրամասն դիտողություններդ կարող ես հետաձգել ի հանդիպում:
Գրկում եմ քեզ պինդ և համբուրում այն շրթունքներով, որոնց մի ռուս աղջիկ շատ դիպուկ է բնորոշել՝ չՈսՏՔՌ խոսքով:
Միշտ քո Պարույր: (25.III.61, Մոսկվայից Երևան):
«Գուրգեն խան, սիրելի՛, սիրելի՜՜՜
գիրքս քո ստորագրությամբ էլ չտպեցին-հետաձգեցին 62-ին:
Նույնը՝ Համոյի հետ:
Ինչո՞ւ՝ չհասկացանք:
Նաիրու (Ն. Զարյան՝ Դ.Գ.) հոբելյանն անցավ սառն ու պաշտոնական:
Քո հոբելյանը կլինի շուտով և… սըրտառուչ բառերի փնտրտուք չի լինի…
Սիրելի,
Սիրելի,
Սիրելի
Գ. Խան I
Քո Պարույր II
(Չմոռանալով Պարույր I Սկայորդուն)» (24.VI.61, Լենինգրադից Երևան):
Բայց ահա հաջորդ նամակը գրված է համեմատաբար սառն ու պաշտոնական.
«Սիրելի ընկեր Մահարի,
Երեկ ստացա Ձեր նամակը և շատ ուրախացա: Իսկապես շատ ուրախացա: Երբ ամեն օր տեսնում ես մեկին, որին շատ ես հարգում ու սիրում, մի տեսակ չես գնահատում, բայց, այ, արդեն մի ամիս է, ինչ բացակայում եք, և նամակը մեծ, մեծ ուրախություն է պատճառում: Ուրախանալու ոչինչ չկա: Ամեն օր լսում ես, որ այսինչը մահացել է: Չենք էլ հասցնում ցավակցություններ հասցնել: Չնայած չէի ուզում տխուր լուր հաղորդել, բայց ստացվեց: Հիմա Ձեր հերթն է: Հույս ունեմ, որ անպայման կգրեք:
էնպես եմ ուզում այս րոպեին ուրախանալ Ձեր հանաքներով: Դե, ինչ արած, կսպասեմ:
Ջերմ, ջերմ համբ…երությամբ Ձեր Սևակ (20.5.64, Երևանից Պալանկա)»:
Վերջին նամակի մեջ սառնություն կա, ինչը պայմանավորված է «Մարդը ափի մեջ» ժողովածուի մասին Մահարու տպագրած գրախոսությամբ՝ «Մնայուն հաղթանակներ և ժամանակավոր պարտություններ» («Գրական թերթ», 1964, թիվ 4, 24 հունվար): Թերթի խմբագիրը Վ. Դավթյանն էր: Գրախոսության ամբողջական տարբերակը լույս է տեսել «Նոր-Դար» ամսագրում՝ Գ. Աճեմյանի համակողմանի ծանոթագրություններով (2004, թիվ 1-2, էջ 75-99):
Պ. Սևակի գիրքը լույս է տեսել 1963-ի տարեմուտին, Մահարին գիրքը գրախոսել է 1964 թ. հունվարի 10-16-ին, տպագրվել է հունվարի 24-ին՝ Պ. Սևակի ծննդյան օրը: Այս արագությունը պայմանավորված է նրանով, որ, ինչպես երևում է Պ. Սևակի նամակից, Մահարին այն նախապես վերցրել էր կարդալու-գրախոսելու-խմբագրելու նպատակով: Գրքի խմբագիրը ոչ թե Մահարին է, այլ հրատարակչական մի անուն՝ Հ. Այվազյան, որովհետև, ինչպես տպագրված գրախոսությունն է վկայում, ունեցել են ստեղծագործական բնույթի տարաձայնություններ: Դա միանգամայն բնական է և գրական: Այո՛, Մահարին, շատ բարձր գնահատելով գիրքը («Մնայուն հաղթանակներ…»), անում է նաև բազմապիսի դիտողություններ («…ժամանակավոր պարտություններ»), որոնք միշտ չէ, որ բխում են Պ. Սևակի գեղագիտությունից, ինչը բացահայտորեն ակնհայտ է դարձնում, որ նրանք տարբեր սերունդների և տարբեր մտածողության ներկայացուցիչներ են: Բայց սա միանգամայն ազնիվ վիճակ է՝ հեռու գրական նենգությունից ու ստորություններից: Սակայն ամեն ինչ սրանով չավարտվեց, խոսքը շարունակելու համար ձայնը տանք Աբրահամ Ալիքյանին, որի՝ Մոսկվայից Մահարուն հասցեագրած նամակները պահվում են Երևանի գրականության և արվեստի թանգարանի Մահարու ֆոնդում:
«Պեյրութից, բժիշկ Փափազյանից նամակ ստացա, Արձանագրում եմ նամակից քո «Գիշեր»-ին վերաբերող մասը: Կուզե՞ս Սևակի գրքի մասին գրածն էլ արձանագրեմ:
«Պ. Սևակի «Մարդը ափի մեջ» գործը շատ տկար էր, շատ դյուրությամբ գրված… Մեկ-երկու կտորեն զատ, որոնք մեկ բանաստեղծության նյութ կը պարունակեն, կրկնություններ են՝ մնացյալը կարելի էր չտպել, մնացյալը պետք է պահվեր դարակին մեջ վերանայվելու և կոփելու համար զայն, զանոնք: Հետո ի՜նչ աճպարարություններ: Ասիկա մեր բոլորի կարծիքն է»» (22.V.64):
«Ինչո՞ւ պիտի խաբեմ քեզ Սևակի մասին բժիշկ Փափազյանի գրածի կապակցությամբ: Տարօրինակ է թվում ինձ քո կասկածամտությունը: Ի՞նչ է, այդ ո՞ր օրվանից իմ գրածին հավատալու համար դու բնագրի պետք ունես» (3.VI.64):
«Այստեղ լուրեր են տարածում – չգիտեմ ովքեր – իբր թե ես քեզ դրդում եմ Սևակի դեմ: Հասկանո՞ւմ ես – ես քեզ դրդե՜մ, կարծես դու բնավ անհատականություն ու անձնական կարծիք չունես: Հետո իբր թե պետք է եղեր աչք փակել Պարույրի և այլոց բանաստեղծությունների վրա: կՏՊցՎՈպՔՖ, ի՜նչ սրբություն Պարույրը, ի՜նչ սրբապղծություն ես ու դու: Այս ի՜նչ մարդիկ են Մահ (Մահարուն դիմում էր Մահ ձևով՝ Դ.Գ.), այս ի՜նչ ստրկամտություն է, չեմ հասկանում: Գո՞ղն էլ սուրբ…
Ի դեպ, «Քուրայի» («Քուրա»-ն գաղտնագիր է, պետք է հասկանալ «Բագին», որը խորհրդային տարիներին արգելված էր՝ Դ.Գ.) գրախոսականը «Մարդը ափի մեջ»-ի մասին գտնում է, որ գրքի մեկ հինգերորդ մասը ձախողանք է, հազիվ երեսուն կտոր կդիմանան դատումի» (23.VI.64):
«Սիրելի՛ Մահ,
Եվ դեռ ասում ես, թե ես քեզ չեմ դրդում Պարույրի կամ այլոց դեմ: Սրա մեծագույն ապացույցը երեկվա «Գր[ական] թերթի» էջերում գտնվող բաց նամակդ է Ստեփանին (Ալաջաջյան՝ Դ.Գ.) (12.VII.64):
Մահարու բաց նամակը Ստեփան Ալաջաջյանին ունեցել է քննադատական բովանդակություն:
«Տեսա մեկի ձեռքին Սևակի հանգատուն – «Զանգակատունը», վերահրատարակված: Տեսա նաև, աչքիս զարկավ, որ Կ. Զարյանից թռցրած «Հողմերի ֆուգան» պատկերը դարձել է «Հողմերն անսահման» – տափակություն սևակյան: Չգիտեմ, թե մյուսներն ինչ է դարձրել: Սիրտ չկա զբաղվելու: Հուսահատեցնող թիփ է» (8.VI.67):
«Սևակյան սևհոգությունները կմնան իրենց կամ չեն մնա, մի օր ջրի երես դուրս կգան: Մի՛ մտածիր դու կամ մտածիր նո՛ր գործերիդ մասին՝ թեկուզ «Քաջ Նազարի»(19.VI.67):
Ակնարկում է Պ. Սևակի աննպաստ կեցվածքը «Այրվող այգեստաններ»-ի վերաբերյալ, ինչն այլ խոսակցության նյութ է և դուրս է այս հոդվածի շրջանակներից:
Հաջորդ նամակում Ա. Ալիքյանը շարունակում է. «Լսել եմ շատ հավաստի աղբյուրներից հետևյալը. Պ. Սևակը քեզ հալածում է նրա համար, որ դու իբր թե ինձ հետ հոդված ես գրել իր բանաստեղծությունների մասին և տվել ես «Լիտ[երատուրնայա] գազետա»: Համագումարյան օրերին նրանց ամբողջ խումբը Թոփչյանի իմաստուն ղեկավարությամբ աշխատել է ամեն կերպ «հայտնաբերել» այդ չեղյալ հոդվածը և կասեցնել: Այս մասին ինձ պատմող անձնավորության ներկայությամբ Թոփչյանը հատուկ զանգ է տվել Կ. Սերեբրյակովին, խնդրելով, որ նա ջանք չխնայի և անպատճառ «ձախողեցնի» այդ հոդվածի լույս ընծայումը: Իսկ Պ. Սևակը դերասանական ձևով ասել է Թոփչյանին, թե, Էդվարդ Ստեփանիչ, ախր ինչո՞ւ եք անհանգստանում, կարիք չկա այս զանգին և այլն: Թող տպեն իրենց հոդվածը, որպեսզի ես հնարավորություն ունենամ ամեն ինչ ջրի երես հանելու և նրանց դասը տալու:
Ահա, սիրելի Մահ, քո գրքի դեմ հանված խաչակրության շարժիչ զսպանակներից մեկը: Անշուշտ, այս պատմության մեջ նողկալին ոչ այնքան Սևակն է, որքան Թոփչյան կոչեցյալ …եղուկ արարածը, նա, որ բանագողություններին ծանոթանալուց հետո ինձ պաշտոնապես հայտարարեց, թե ինքը խըստիվ կխոսի Սևակի հետ և թե կարիք չկա «մեր կեղտը օտարի տաշտում լվանալու» (սա իր արտահայտությունն է): Եվ այս բոլորից հետո այսպիսի ջանադիր պաշտպանություն սևակյան ոճրագործության:
Այս ամենը լսելուց հետո միայն զղջալով զղջացի, որ ժամանակին ես չգրեցի ու չտպեցի այդ բանագողությունների մասին: Հիմա ուշ է, հիմա ոչ ոք չի տպի նման հոդված վարչության անդամի դեմ:
Եվ մտածել, թե Թոփչյանը ինձ ու քեզ տեսավ համագումարյան օրերին: Փոխանակ այս կողմ, այն կողմ ընկնելու, չէ՞ որ կարող էր մեզանից հարցնել այդ մասին և այդպիսով փակել Սևակի սև բերանը: Ի՜նչ նողկանք, Աստվա՜ծ իմ» (30.VI.67):
«Ի դեպ, այդ թերթի («Գրական թերթ»՝ Դ.Գ.) այն համարները, որ կարդացել եմ ցայժմ, ինձ հանգեցրին այն եզրակացության, որ նոր խմբագիրը (Միքայել Շաթիրյանը՝ Դ.Գ.) Պարույր Սևակյան մանկլավիկ է: Ամեն համարում՝ խնկարկում: Սքանչելի լոզունգ է, չէ՞ – «մեր առօրյան արտացոլող գործեր ստեղծենք «Անլռելի զանգակատան» արժեքով»: Վա՛յ առօրյա» (23.I.68):
Ինչպես ակնհայտորեն երևում է այս և այլ նամակներից, Աբրահամ Ալիքյանը սրված զգացողություններ է ունեցել Պ. Սևակի հանդեպ, ազդեցությունների ու նմանությունների անդրադարձով դիտարկել նրա «Մարդը ափի մեջ» ժողովածուն և այդ մասին հայտնել Մահարուն:
Սակայն Մահարին հոդվածով հանդես չի եկել, առավել ևս՝ հոդված չի՛ ուղարկել «Լիտերատուրնայա գազետայի» խմբագրություն: Եվ երբ այդ մասին սխալ լուրերը տարածվել են, մեկ անգամ չէ, որ նա բանավոր ու գրավոր հայտարարել է՝ ասե՛ք Պ. Սևակին, որ այդպիսի բան չկա:
Վահագն Դավթյանին հասցեագրած «14.06.1967» թվակիր նամակում Մահարին գրում է. «Այստեղ ես իմացա, որ Մոսկվայում Պարույրը, չգիտեմ ինչ պրովոկատորից լսել է, որ ես «խՌՑպՐՈՑցՐվՈÿ չՈջպՑՈ»-ին հոդված եմ տվել նրա դեմ՝ քեզ հայտնի հին, մեռած խնդրի մասին: Այդ հոդվածում ես ցանկացել եմ «ոչնչացնել» Պարույրին, և որպեսզի նա «չոչնչանա», հավարը հասցրել են Թոփչյանին, նա էլ վերցնի ու զանգ տա «խ.թ.»-ին, թե՝ ի սեր Ալլահի այդ հոդվածը չտպեք… արմանք-զարմանք՝ «խ.թ.»-ում նման բան անգամ չկա.
Ասա այդ փչացածին (Պարույրին), որ ես փչացած չեմ, որ ես մեռած գործերով չեմ զբաղվի, որքան էլ նա վնասի ինձ ուղղակի կամ անուղղակի կերպով: Ասա, որ նա փառքով հարբած է և դադարել է ճանաչելուց իր բարեկամներին և թշնամիներին, ասա, որ հարբեցումից հետո կգա «պախմելիան» և նա շատ բանի համար կզղջա և կափսոսա:
– Ասա՛…»:
Հնարավոր է, որ Մահարու թղթերի մեջ գտնվեն այս հարցին վերաբերող գրառումներ կամ նրան տրամադրված նյութեր: Գ. Աճեմյանը «Այրվող այգեստաններ» վեպի ծանոթագրությունների մեջ այդ կապակցությամբ գրում է. «Մենք չենք ուզում անդրադառնալ Մահարու անտիպ հոդվածին, որի վերջին մասը կառուցված էր մոսկվայաբնակ բանաստեղծ Ա. Ալիքյանի ֆրանսիական բանաստեղծներից տողացի թարգմանությունների վրա՝ հեռավոր կամ մոտավոր նմանություններով Սևակի բանաստեղծությունների հետ» (Գ. Մահարի, «Այրվող այգեստաններ», աշխատասիրությամբ Գ. Աճեմյանի, Ե., 2004, էջ 647): Ուրեմն՝ բանը հասել է «հոդվածի», որն «անտիպ» է:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Մահարին ժամանակին այն չտպագրեց: Դեռ ավելին՝ «Այրվող այգեստաններ»-ի հանդեպ բացասական դիրքորոշման դեպքում անգամ ոչ միայն չմտաբերեց այս հոդվածը, այլև շարունակեց իր հրապարակումների մեջ դրական վերաբերմունքով անդրադառնալ նրան: Ահա սա՛ է Մահարին՝ գրականության իսկական տերն ու պահապանը:
Այդ «անտիպ հոդվածը» բնականորեն մի օր կպագրվի: Դա հետաքրքրական է այնքանով, որքանով պետք է լրացնի խոսակցությունը և փակի շրջանակը: Բայց իրողությունն այն է, որ Մահարին գրախոսել է Պ. Սևակի գիրքը և նրա հետ ունեցել բաց, ուղղակի գրական զրույց:
Ինչ վերաբերում է Պ. Սևակի գրական կապերին ու ազդակներին, ապա այդ ամենին ես անդրադարձել եմ իմ «Պարույր Սևակ: Կյանքը և ստեղծագործությունը» (Ե., 2001) մենագրության մեջ, որի մի առանձին գլխում՝ «Թռչող նետի ուղղությունը», քննարկված են բանաստեղծի գրական առնչությունները հայ (Նարեկացի, Յարճանյան, Վարուժան, Չարենց) և օտար (Մայակովսկի, Էլիոթ, Դարիո, Չանգմարին, Մեժելայտիս) գրողների հետ: Այս կապերի մեջ Պ. Սևակը երևում է որպես ավանդույթի ոսկե շղթան շարունակող և արդիականությանը միտված բանաստեղծ:
Սևակագիտությունն անցել է բավականին լուրջ ճանապարհ, չմոռանանք, որ նրա ընտանեկան պահոցի ծրարները դեռ բացված չեն, իսկ դրանք շատ հարցերի կպատասխանեն: Ու թեև Սուրեն Աբրահամյանն անգոսնում է սևակագիտության մեծ ձեռքբերումները (տե՛ս նրա «Սևակագիտության արդի հարցեր կամ բանաստեղծության գիտությունը» հոդվածը, «Գրական թերթ», 2008, թիվ 15, 2 մայիս), այդուամենայնիվ, դա կարելի է համարել գիտական սթափության և շրջահայացության պակաս, նրան բացատրել, որ դա այդպես չէ ու անցնել առաջ, որովհետև դեռևս հսկայական գործ կա անելու:

One thought on “ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ - ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ / ԴԱՎԻԹ  ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։