2008 թ. փետրվարի 22-ի լուսաբացին մի երկու ժամ էր մնացել: Մեկնելու էի ԱՄՆ` Ֆրեզնո, որտեղ Մեծ Հայի` Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությունը պիտի դառնար սարոյանական տարվա մեկնակետը: Տաքսու վարորդին խնդրեցի գնալ Մաշտոցի պողոտայով: Նա չթաքցրեց զարմանքը` Օրբելի փողոցից օդանավակայան ավելի մոտ է ու հարմար: Աննկատ (իր կարծիքով) թոթվեց ուսերն ու միացրեց հաշվիչը: Քաղաքը քնած էր: Լուռ էր: Բայց երբ մեքենան Բաղրամյանից թեքվեց պողոտա` Լռությունը Ձայն ստացավ, իսկ Ազատության Հրապարակից տարածվող միասնական, հսկայական մեկ սրտի բաբախյունը միայն գրողական երևակայություն չէր, հավատացեք: Խնդրեցի մեքենայի ընթացքը դանդաղեցնել: Հայելու միջից վարորդի զննող հայացքը մեղմացավ` բաց պատուհանից փորձում էի տեսնել, չէ՛, ոչ թե վրանները, այլ ներսում քնածներին… Երբ Հրապարակը մնաց հեռվում, վարորդը հարցրեց.
– Հավատո՞ւմ եք, որ մի բան կփոխվի…
– Իսկ դո՞ւք ինչ եք կարծում,- հերթական անգամ համոզվեցի, որ հարցին հարցով պատասխանելը պատասխանից խուսափելու լավագույն միջոցն է:
– Էդ անտեր իշխանությունը շատ քաղցր բան է…- անորոշ ձգեց նա, ու մեր լռությունը ձգվեց մինչև «Զվարթնոց»:
Օրեր անց, երբ օվկիանոսից այն կողմ, օտար հեռուստաալիքները ցուցադրում էին մարտադաշտ հիշեցնող, սպանդանոցի վերածված Քաղաքիս փողոցները` հիշում էի անծանոթ վարորդի խոսքն ու ինձ, որ չբարձրաձայնեցի ընդվզումս` «Բայց ինչ-որ սահման կա, որից այն կողմ անցնելն անհնա՛ր է»: Նայում էի մահասարսուռ կադրերն ու փորձում ինձ հավատացնել, որ իշխանությունը շատ քաղցր բան է, ու հանուն նրա մարդկային կյանքերը դառնում են ոչինչ…
Մարտի 4-ի լուսաբացին չկարողացա օդանավակայանից տուն հասնել Մաշտոցի պողոտայով. զրահամեքենաներն ու զինվորական հագուստավորներն էին որոշում` ով ուր գնա: Մեքենան սլանում էր ամայացած փողոցներով, ու դա օրեր առաջվա Քաղաքը չէր. արյունոտ ու վիրավոր` թաքնվել էր իր մեջ: Վիրավոր ու վիրավորված: Այդ ժամին ես դեռ չգիտեի, որ կանցնի վեց տարի, իսկ տասը զոհվածների մահվան ստվերները չեն հեռանա Քաղաքի երկնքից, ու չեն կարող հեռանալ, քանի դեռ այդ նույն Քաղաքում անպատիժ ապրում են նրանց մահվան մեղավորները…
Հ.Գ. Համացանցում տեսանյութ է տեղադրված. Լվովում «Բերկուտի» հատուկ ջոկատայինները ծնկի եկած` ներում են հայցում հրապարակում հավաքվածների լուտանքների ներքո… Ուկրաինային դեռ շատ փորձություններ են սպասում, բայց զոհվածների մահվան ստվերները երկար չեն սավառնի Կիևի երկնքում…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ