Ի նշանավորումն հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (տնօրեն` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյան) և Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանը (տնօրեն` Անի Եղիազարյան) լույս են ընծայել «Թումանյանը և Վրաստանը» (ԵՊՀ հրատ., 2019, 258 էջ) և «Հովհաննես Լուսեղեն» («Հովանես Նաթելի», Թբիլիսի, վրաց., 2019, 126 էջ) գրքերը:
Հայերեն ժողովածուն բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ներկայացվել են Հովհ. Թումանյանի` Վրաստանին և վրաց ժողովրդին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները, ուղերձներն ու այլևայլ գրություններ: Երկրորդ մասում ընդգրկված են Թումանյանի` վրաց իրականության հետ գրական, ստեղծագործական, անձնական ու ընտանեկան կապերի և հարաբերությունների մասին վրաց գեղարվեստական խոսքի, արվեստի, գիտության, հասարակական ու ազգային գործիչների հուշերը, հոդվածները, գրախոսությունները, ակնարկները, բանաստեղծությունները, նամակները, հեռագրերը, բացիկները, երկտողերը և այլն: Վրացական արխիվներից, մամուլի էջերից, գրողների տուն-թանգարաններից, տարբեր հրատարակություններից ու անհատներից հայթայթած գրությունների զգալի մասը, ինչպես վկայում է կազմողը և թարգմանիչը, շրջանառության մեջ դրվում և լույս է տեսնում առաջին անգամ: Հետաքրքիր, ճանաչողական արժեք ունեցող այդ գնահատականները հնարավորություն են ընձեռում խոր ու հստակ պատկերացում կազմել վրաց մտավորականների ու ժողովրդի հետ հայ մեծ բանաստեղծի առնչությունների, առավել լիարժեք` նրա մարդկային, քաղաքացիական նկարագրի ու հասարակական գործունեության մասին:
«Թումանյանը և Վրաստանը» հագեցված է տարբեր ժանրի, բնույթի ու բովանդակության տասնյակ աշխատանքներով` առաջաբան, թումանյանական 25 հոդված ու բանաստեղծություն, վրացի հեղինակների ավելի քան 30 լուսանկար, կենսագրական հակիրճ տեղեկություններ, ծանոթագրություններ և 11 բանաստեղծություն` նվիրված մեծ գրողին:
Հայերեն և վրացերեն տարբերակները, որ գրեթե ամփոփում են նույն նյութերը, հուշում են, թե հայ մեծ բանաստեղծի ստեղծագործություններն ինչպես են մեկնաբանել և գնահատել վրաց գրականության և արվեստի, ինչպես նաև գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչները:
«Հովհաննես Լուսեղենը» վրացալեզու հանրությանն է ընծայվել Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍ նախարարությունների, Վիրահայոց թեմի (առաջնորդ` Տեր Կիրակոս վարդապետ Դավթյան), Վրաստանի գրողների միության (նախագահ` Մաղվալա Գոնաշվիլի), Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի (տնօրեն` Անի Եղիազարյան) նախաձեռնությամբ և գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնութամբ:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Վրաստանի ԿԳՄՍ նախարարության հանդիսությունների սրահում 2019 թ. դեկտեմբերի 11-ին, հայ և վրաց պետական պաշտոնյաների, մտավորականության և հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ժողովածուները կազմել, առաջաբանները գրել, ծանոթագրել և հրատարակության է ներկայացրել ԵՊՀ ՀՀԻ հայ-վրացական հարաբերությունների բաժնի վարիչ Հրաչիկ Բայրամյանը:
Սեփ. լրտ.