ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆ

ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆԽոր ցավով տեղեկացանք, որ կյանքի 86-րդ տարում Բեյրութում (Լիբանան) մահացել է ճանաչված գրող, հրապարակագիր, խմբագիր, հրատարակիչ, մշակույթի և հասարակական գործիչ, 1996 թ. Հայաստանի գրողների միության անդամ Արամ Սեփեթճյանը։
Ծնված լինելով 1934 թ. Կիլիկիայի Ալեքսանդրեթ քաղաքում, մի քանի տարի անց ծնողների հետ տեղափոխվել էր Բեյրութ, ուր և հետագայում ծավալել էր իր ակտիվ ազգային, գրական-մշակութային գործունեությունը՝ ակտիվորեն աշխատակցելով սփյուռքի և հայրենի գրական մամուլին («Շիրակ», «Կամար», «Խօսնակ», «Պայքար» ևն), հանդես գալով արձակ, գրականագիտական և հրապարակագրական արժեքավոր գործերով, հրատարակելով շուրջ մեկ տասնյակ ժողովածուներ։ Այդ թվում՝ «Կեանքի կարօտով» (պատմվածքներ, 1969), «Ողջակէզ» (վիպակ, 1978), «Ես սեւ եմ, բայց գեղեցիկ» (վիպակ, 1985), «Հող եւ մորմոք» (ժողովածու, 2001, Երևան), «Ժամանակայոյզ խոհեր» (2005) և «Ձայներ լռութեան մէջ» (2014) հրապարագրական, «Բանաստեղծութիւնը տագնապի ընդմէջէն» (2009) և «Գրական հանդիպումներ» (2014) գրականագիտական գրքերը։
Արամ Սեփեթճյանը ՀԳՄ համագումարներին, տարբեր համաժողովներին ու կարևոր միջոցառումներին իր ներկայությամբ՝ ակտիվորեն մասնակցում էր նաև հայրենիքի գրական կյանքին։ 2014 թ. Հայաստանի գրողների միությունում նշվել է Արամ Սեփեթճյանի ծննդյան 80-ամյակը։
Ճանաչված ու սիրված գրողի, ազգային ու մշակութային գործչի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆԻ ԼՈՒՍԱՒՈՐ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Հեռաձայնը գուժեց Պէյրութից Սփիւռքի աւագագոյն արձակագիր, հրապարակախօս, քննադատ, խմբագիր Արամ Սեփեթճեանի մահը։ Կեանքից հեռացաւ Վահէ-Վահեանի սերնդի ու գրական զարմի վերջին մոհիկան գրագէտներից մէկը՝ իր հետ տանելով պատմութիւն, յիշողութիւն, ազգային ճանաչողութեան ու ըմբռնումի աւանդական եւ ոչ աւանդական սերմերը։
Իր գրական առաջին յայտը արձակում խոստումնալից էր եւ գրական մայրուղի մտնելու բարձր յաւակնութիւն. նախ, 1951-ի Յունուարին Բոստոնի «Պայքար» օրաթերթի 5-րդ, 6-րդ, 7-րդ համարներում Արմէն Հրաչ ծածկանունով հրատարակել է առաջին պատմուածքը՝ «Մեղայ Քեզ, Հայրենիք» խորագրով: Երեսուն տարեկան էր Արամը, երբ հրապարակ իջաւ ինքնահաստատման գրքով՝ դնելով ընթերցողի սեղանին սիրոյ եւ սիրուն շաղախուած տխրութեան անպաճոյճ, ինչպէս ինքն էր ձեւակերպել, օրագրային ուրուագծումներով առանձնացող պատմուածքների ժողովածուն՝ «Անլոյս գիշերներ» (Պէյրութ, 1964):
Արամ Սեփեթճեանը կիլիկեան Ալեքսանդրէթից էր։ Չորս տարեկան էր, երբ քաղաքական յայտնի ճնշումների տակ հայութեան ստուար զանգուածը, այդ թւում եւ Սեփեթճեանների ընտանիքը, մեծով ու փոքրով, հեռացաւ ծննդավայրից եւ մէկընդմիշտ հաստատուեց Պէյրութում։ Յաճախեց Պուրճ Համուտի Նոր Մարաշ թաղի Ազգային «Ս. Քառասուն Մանկանց» վարժարան (1948)։ Այնուհետեւ նրան կարելի էր տեսնել ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան բարձրագոյն վարժարանում, Պէյրութի առեւտրական եւ տեխնիկական գիտութիւնների ուսումնական հաստատութիւնում, նաեւ Լոնդոնի Ճարտարագիտութեան եւ հողաչափութեան ինստիտուտում (1970)։ Ճանաչողական հարուստ կենսափորձ եւ մարդկանց հոգու խորութիւնը թափանցելու յատկանիշ ձեռք բերեց Արաբական Ծոցի երկրներում, Նիգերիայում եւ աֆրիկեան ցամաքի այլ երկրներում։ Դրանք գեղար­ուեստական մարմնաւորում եւ վաւերական հոգեբանական լիութիւն ստացան պատմուածքներում եւ յատկապէս «Ես սեւ եմ…, բայց գեղեցիկ» վիպակում (1985)։
Աւելի վաղ Արամ Սեփեթճեանը լրացրել էր հայագիտական իր ուսումը ՀԲԸՄ «Երուանդ Հիւսիսեան» հայագիտական կրթական հաստատութիւնում՝ արդէն վերջնականապէս կողմնորոշուելով դէպի լրա­գրութիւն եւ գրականութիւն։ Իրար ետեւից լոյս տեսան նրա «Կեանքի կարօտով» պատմուածքների ժողովածուն (1969), ինչպէս նաեւ «Ողջակէզ» (1978), «Հող եւ մորմոք» (2001) վիպակները։
Գրական կեանքը Ա. Սեփեթճեանի համար յորձանքի աղբիւր էր. մասնակցում էր ջիղով, համահայկական որոնումներով հաստատում իր ըմբռնումը, ինչպէս դիպուկ կոչել էր ինքը իբրեւ «երէկի ժամանակագրութիւն»։ Դրանք «Ժամանակայոյզ խոհեր» (2005) էին, լիբանանեան քաղաքացիական պատերազմի եւ դրան արձագանգ հիւրընկալ գաղթօջախի գրական անհանգստացնող ելեւէջի՝ «Բանաստեղծութիւնը տագնապի ընդմէջէն» (2009) մտահոգութիւններ։ Դրանք ուսանելի «Գրական հանդիպումներ» էին Սփիւռքի եւ հայրենիքի օրախնդիր մշակութային հարցադրումների շուրջ, որոնք իր գրադարանի ճակատագիրն ամփոփող եւ գրական ճանապարհի ընկերների հետ երթի շարունակականութիւնն էին (2014), որոնք ուղղակի շարունակութիւն գտան նոյն տարին լոյս տեսած «Ձայներ լռութեան մէջ» հատորում։ Պատրաստել եւ հրատարակել էր, գիտական ծանօթագրումներով հարստացրել Վահէ-Վահեանի նամականին՝ «Բանաստեղծին սիրտը» խորագրով։
Դարասկզբից եղել է Լիբանանի գրական համախմբումի հիմնադիր անդամ:
Աւելացնենք, որ դեռ 1991-ից նա հիմնադրել էր «Սիփան» հրատարակչատունը, խմբագրել ՀԲԸՄ «Խօսնակ» ամսագիրը (1991-2006), եղել «Շիրակ» հանդէսի (1967-2004), «Կամար» պարբերական ամսագրի խմբագրակազմերի անդամ (2005-2020), աշխատակցել է Սփիւռքի եւ հայրենի հանդէսներին՝ բերելով իր անհանգիստ խառնուածքը ազգային գրական կեանքի՝ իր համար հոգեհարազատ յորձանքին։
Գրական ամբողջական հետագիծ թողեց Արամ Սեփեթճեանը՝ մարդը, քաղաքացին եւ, ի հա՛րկէ, գրողը: Եկող սերունդը, վստահ ենք, իր պարտքը կը հատուցի գրողի ստեղծագործական ժառանգութեան իմաստաւորման ճանապարհին:
Սուրեն ԴԱՆԻԷԼԵԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։