«Գրական թերթի» այս համարում պիտի լիներ արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 75-ամյակին նվիրված հոբելյանական էջը: Բայց վրա հասավ անսպասելի ու ցավագին բոթը… Իսկ նրան և նրա վաստակած գրական հունձքին նվիրված գրչընկերների Խոսքերը՝ ազնիվ ու անկեղծ գնահատանք, այդ պահին սրբագրում ու էջադրվում էին…
Խմբագրական իմ երկարատև գործունեության ընթացքում նման ծանր, աննկարագրելի հոգեվիճակում չէի եղել. օրեր առաջ հեռախոսազրույց ունեցանք, ու եթե մխիթարություն է՝ Արտակին հայտնեցի սպասվող հաճելի ու մի քիչ էլ արդեն իրեն հայտնի անակնկալի մասին… Ու դժվարին մտածումից հետո որոշեցի ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ գրողի, պարկեշտ մտավորականի Հիշատակը հարգել՝ անփոփոխ թողնելով նրան նվիրված ԷՋԸ: Որովհետև ավարտվել է նրա կյանքի երկրային Ժամանակը, բայց նրա գրական ժառանգությունը ի՛ր Ժամանակն ունի՝ շարունակվող ու ապրեցնող… Եվ Արտակի կենդանության օրերին՝ նրա ստեղծած գրական աշխարհի մասին ասվածը այսօր արդեն նոր իմաստ ու նշանակություն ունի:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Զարմանում էի՝ տեսնելով Արտակի խիստ ծանրաբեռնված աշխատանքը և դրան զուգահեռ՝ գրական բոլոր ժանրերում՝ չափածո, արձակ, հրապարակագրություն, թարգմանություն, առատ գրական գործունեությունը, չհաշված գիտական աշխատանքը, ատենախոսության պաշտպանությունը ԳԱԱ լեզվի ինստիտուտում:
Այդտեղ էլ սկիզբ առավ գրչի մարդկանց մեր ընկերությունը:
Նախնյաց թանկ բնօրրան Նախիջևանի բառը, գույնը, մեղեդին ամուր այն հենքն էին, որոնց հիմքի վրա հիշողության, կարոտի և սիրո իր գրականությունն էր կերտում Արտակը՝ հոգու խորքում պահած Վիշապասարի, հայրենի Ազնաբերդի պատկերներն ու հիշատակները, որոնք ամփոփված են շուրջ երկու տասնյակ գրքերում:
Իսկ երբ լույս տեսավ այսօր արդեն խղճուկ մի գյուղի վերածված հայոց հինավուրց Ագուլիս քաղաքում ծնված հարևան երկրի գրողի «Քարե երազներ» վիպակը, Արտակ Վարդանյանն առաջինը թարգմանեց հայերեն` այնպես տաք, հարազատ ու ճշմարիտ ներկայացնելով հայրենի եզերքը, նրա անմոռաց միջավայրը։
Ամբողջովին մշակույթի, գրի ու գրչության մարդ էր Արտակ Վարդանյանը, որ դեռ շատ ասելիք ու անելիք ուներ։
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Մեր պատմական հայրենիքի չնաշխարհիկ հատվածներից մեկում՝ Նախիջևանի Ազնաբերդ գյուղում ծնված ու մանկությունն այնտեղ անցկացրած զգայուն երիտասարդը պարտք էր զգում մոռացությունից փրկել և ներկա ու ապագա սերունդների համար վերակենդանացնել իր խլված Հայրենի երկրի ամեն-ամեն ինչը՝ պատմությունը, ժայռի պես ամուր մարդկանց ու տաղանդավոր արվեստագետների կերպարները, բարբառը, երգերը, ավանդույթները, տոհմիկ անձնանունները, գեղեցկությունները, անգամ՝ յուրատեսակ կերակրատեսակները․․․ Եվ դա նա անում էր զավակի նվիրումով, ճգնավորի տքնանքով, գիտնականի խորագիտությամբ, իսկական մտավորականին հատուկ զուսպ ու համեստ պահվածքով։
Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ
