Կա՞ որևէ զգայուն ընթերցող, որը Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքում մոռանա մանուշակ ծաղկի՝ այնքան խոսուն կերպավորում լինելը: Իհարկե, ոչ: Ահա այդպիսի ներգործուն բնապատկերներ ենք տեսնում Արտակ Վարդանյանի երեք պատմվածքներում, որոնցից մեկը՝ «Վարդագույն թթենին», իմաստուն մտքերի հրաշալի սյուժետային շարադրանք է՝ անմոռանալի ու դաստիարակչական: Պատահական չէ, որ այն զետեղվել է Աշոտ Գալստյանի ու Թամարա Թովմասյանի կազմած V դասարանի «Մայրենիի» խելացի ընթերցարան գրքում:
Գնահատելի է, որ պատմվածքը նվիրվել է ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հիշատակին:
Պատմվածքում գործողությունները պտտվում են հսկա, հինավուրց թթենու շուրջ, որը երկար տասնամյակներ իր առատ բերքով ոչ միայն սնունդ, այլև գործնական ու կիրառական նշանակություն է ունեցել գյուղացիների համար: Եվ մի օր հինավուրց ու սիրված թթենին ուժեղ քամուց կործանվում է, սակայն այնպես, որ չի վնասում շրջապատի շինություններն ու մարդկանց: Ավելին, նրա բնից ու հզոր ճյուղերից առաջացած վառելափայտը ընտանիքը վառում է յոթ տարի: Գեղեցիկ է նաև պատմվածքի եզրափակիչ հատվածը. «Ծառերն էլ են մարդկանց նման: Աշխարհ են գալիս, բարի գործեր անում ու մահանում: Եվ անգամ մահից հետո էլ նրանց հիշում են մարդիկ…»:
Բոլորովին զարմանալի չէ, որ վաղնջական ժամանակներում մարդիկ նաև ծառերի, թփերի, ծաղիկների մեջ տեսել են ապրող ու շնչող ոգի: Չմոռանանք, որ XII դարում Մխիթար Գոշը աշխարհում առաջինը (բնորոշումը ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Մակլերինն է- Ա. Դ.) լայնորեն իր առակների գործող անձեր դարձրեց Հայաստանի ծառերը, պտուղները, բույսերն ու սերմերը՝ նշելով նրանց լավագույն հատկանիշները:
Հիշենք նաև, որ հայ քրմերը պաշտում էին Մեծ Հայքում ու Կիլիկյան Հայաստանում շատ տարածված սոսի ծառը, որն ապրում է մինչև 5000 տարի, ու նրա տերևների սոսափյունով գուշակում էին եղանակը: Հիմա էլ Արցախում դեռ կանգուն է այն սոսի ծառը, որը կապվում է Ավարայրի մեծ նահատակ Վարդան Մամիկոնյանի անվան հետ, ու ես 20-ից ավելի մարդկանց հետ կանգնել եմ դռների չափ բացվածք ունեցող ծառաբնի մեջ:
Արտակ Վարդանյանը «Լամբադը» պատմվածքում այդ անունով եզակի ծառի մեջ դնում է մարգարեություն: Լամբադը՝ այդ տարաշխարհիկ ծառը, դարձել էր գյուղի զարդն ու հմայքը: Սակայն գյուղի մռայլ պատկերները և ճնշող ապագան սկսում են շատ արագ ծերացնել ծառը. «Լամբադը խաղողի փարթամ ու լայնարձակ այգիների, դեղձի, ծիրանի ու տանձի պուրակների փոխարեն արդեն ապագայի ցամաքող աղբյուրները, չորացած-գորշացած այգեստանները, անխնամ փողոցները, ավերված եկեղեցիներն ու ջարդոտած խաչքարերն էր տեսնում…»:
«Երջանկության բույրը» պատմվածքում գործող անձ է դառնում Սիտա անունը կրող ծառատեսակը, որը բերված էր Մեքսիկայից, ու նրա ծաղիկները հրաշալի բույր ունեին: Այդ ծառը կարելի է պահել նաև տնային պայմաններում, ու պատմվածքի հերոսները, շնորհիվ տանը ծաղկած ծառի, վերագտնում են իրենց կորցրած սերը: Երջանկության վերահայտնվելը զգում է նաև Սիտա ծառը. «Այդ գիշեր Սիտան իմացավ, թե որքան գեղեցիկ է մարդկային երջանկությունը, որին հասնելու համար այնքան տառապում և այնքան պայքարում են մարդիկ: Կյանքում առաջին անգամ ինքը նույնպես երջանիկ զգաց իրեն, քանզի իր շնորհիվ էր եկել սպասած այդ երջանկությունը»:
Արտակ Վարդանյանի այս երեք պատմվածքները շնչում են դեպի բնությունը մարդու ունեցած սիրով, որի շնորհիվ կյանքը դառնում է առավել գեղեցիկ: Ամբողջ աշխարհը գիտի, որ մարդիկ ձգտում են տեսնել Հավայան կղզիները, որոնք ունեն դրախտային շքեղություն ունեցող ծաղկած ծառեր ու թփեր: Տեղացիները ծառերին ու ծաղիկներին վերաբերվում են ինչպես մենք փոքր երեխաներին՝ խոսում են նրանց հետ, փայփայում ու խնամում:
Արտակ Վարդանյանն իր այս պատմվածքների ներգործուն ասելիքով մարդու մեջ արթուն է պահում բնության նկատմամբ այնքան կարևոր հոգատարությունը, որը, ցավոք, ոչնչանում է ռումբերի հարվածների ներքո:
