ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԽ ԱՐԱՄԱԶԴԸ․ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ -160

Այսպես է հայ ճանաչված գրող, Հայաստանի Առաջին Հանրապետության ազգային ժողովի նախագահ (1919 թվականից) Ավետիս Ահարոնյանին (1866-1948) բնութագրել Զապել Եսայանը։ Նրա ձևակերպմամբ արտահայտությունը այսօր վերածվել է նշանավոր հայ գրողին բնութագրող շրջասույթի։

Այս տարի լրանում է Ա. Ահարոնյանի ծննդյան 160-ամյակը, և այս առիթով ուզում ենք կրկին անդրադառնալ մեր գրականության պատմության մեջ նրա ներկայության իմաստավորմանը՝ կարևորելով գրողի և գրականության լավագիտակի ու մեկնաբանի,  մեր կարծիքով, մի քանի առավել նշանակալի ներդրումները ազգային գրական կյանքի գործընթացներում։ Նախ նշենք, որ Րաֆֆու մահվանից հետո (1888 թ.) Արևելահայ իրականության մեջ  ժամանակի հայկական մամուլում («Մշակ» թերթում) 1890-ական թվականներին նա նախապես հետևողականորեն իր պատմվածքներում և վիպակներում պատկերեց արևմտահայության կյանքն ու դաժան ճակատագիրը հատկապես 1894-96 թթ. հայտնի կոտորածներից հետո։ Իսկ այդպիսի ստեղծագործական աշխատանք կատարելու համար հիմք հանդիսացան իր ծննդավայրում՝ Սուրմալուի գավառի Իգդիրմավա գյուղում և վարչական կենտրոն Իգդիրում հայտնված հայ գաղթականների հետ շփվելիս, նրանց առաջին օգնությունը (նաև իր գործուն մասնակցությամբ) ցույց տալու ընթացքում՝ նրանց հետ կատարված ցավալի ու ողբերգական իրադարձությունների մասին լսածները վերածելով փոքրածավալ ու ընդարձակ գեղարվեստական պատումների։ Դրանք 1890 թվականին Մոսկվայում տպագրվեցին «Պատկերներ» վերնագրով ժողովածուում, իսկ 1902 թվականին՝ Թիֆլիսում «Խեղճերը» վերնագրով։ Այդ պատմվածքները ստեղծելիս նա թեև դեռ բարձր գրական վարպետության չէր հասել, բայց և այնպես դրանք ընթերցողների վրա առնվազն ցնցող տպավորություն գործեցին։ Մեծ եղեռնի նախերգանք հանդիսացած 1894-96 թթ. կոտորածներից մի կերպ փրկված և Սուրմալուի գավառ հասած տեղահան եղած ու մահվանից ազատված, սակայն դաժան ճակատագրի բերումով տանջված ու տառապած տարբեր տարիքի ու սեռի հայ մարդիկ էին դարձել նրա «Պուտ-ըմ կա՜թ», «Ֆալագ վուրղունի», «Նորածինը», «Փշուր ըմ խա՜ց» և այլ պատմվածքների գլխավոր կերպարները։ Երիտասարդ գրողն արդեն այս շրջանի իր արձակ երկերում գեղարվեստական ավելի լայն տարածքներում էր պատկերում արևմտահայության կյանքի ու նաև ոճրագործ թուրք ու քուրդ թալանչի-առևանգիչներին ու նրանց դեմ ընդվզող խիզախ հայ մարդկանց, ապագա ֆիդայական կռիվների մասնակցողներին բնորոշ հատկանիշներ ունեցող տղամարդկանց կերպարները, այս առումով տպավորիչ է ու ինքնատիպ «Բաշոն» (1896) պատմվածքի սյուժեն ու գլխավոր կերպարը։

Իսկ ահա գաղափարագեղագիտական հայացքները խորացնելու և հարստացնելու շրջանում՝ 1898 թվականից հետո, Շվեյցարիայի Լոզանի, ապա Փարիզի Սորբոնի համալսարաններում փիլիսոփայության, պատմության ու գրականության ասպարեզներում ձեռք բերած նորանոր գիտելիքների շնորհիվ նա ավելի մեծ վարպետություն դրսևորեց  «Ազատության ճանապարհին» (1906, Թիֆլիս) վերնագրով պատմվածքների շարքի երկերում։ Ստեղծագործական, գաղափարագեղագիտական նախասիրություններով նա թեև հակված էր նեոռոմանտիզմի ստեղծագործական սկզբունքների կողմը, այնուամենայնիվ գրող Ահարոնյանը հատկապես այս ժողովածուի պատմվածքները գրելիս  դրանց համար հիմք էր դարձնում ՀՀԴ հիմնադիր և «Դրոշակի» թերթի խմբագիր Ք. Միքայելյանի՝ նրան տրամադրած այն նամակները, որոնք Արևմտյան Հայաստանում 1880-90-900-ական թվականներին  տեղի ունեցած վավերական իրողությունների, դեպքերի ու մարդկանց մասին տեղեկություններ էին պարունակում։ Ահարոնյանը, իրական իրադարձությունները յուրովի իմաստավորելով, այդ շարքի պատմվածքներով, փաստորեն, մեր գրականության մեջ առաջին անգամ պատմվածքի ժանրի բնագավառում պատկերեց ժամանակի հայ հանրային ու քաղաքական կյանքի ամենատարբեր շրջանակների ուշադրությունը, ջանքերն ու եռանդը իր  վրա սևեռած ֆիդայական-հայդուկական պայքարի տպավորիչ ու ազդեցիկ իրադարձությունները։ Դրանք իրենց գաղափարագեղարվեստական արժանիքների շնորհիվ ըստ արժանվույն գնահատվեցին նաև ժամանակի գրականագետների կողմից, այդ թվում՝ դժվարահաճ Հակոբ Օշականի։ Խորհրդային տարիներին քանի որ Ա. Ահարոնյանը արգելված հեղինակ էր համարվում, ապա նրա ստեղծագործությունները, այդ թվում՝ «Ազատության ճանապարհին» ժողովածուն առավել համակողմանիորեն առաջին անգամ հանգամանորեն ու գիտականորեն ուսումնասիրվեց այս տողերի հեղինակի կողմից։ Նկատենք նաև հետևյալը. եթե Ահարոնյանը վերոհիշյալ տասնամյակներին ընթացած ֆիդայական պայքարը իր պատմվածքի ժանրով գրված ստեղծագործություններում առաջին անգամ պատկերեց, ապա դրան զուգահեռ նույն «Դրոշակ» պարբերականի էջերում ֆիդայական պայքարը և դրա մասնակիցների հերոսական ու քնարական կերպարները բանաստեղծությունների միջոցով առաջին անգամ հետևողականորեն ստեղծեց հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ Նա «Դրոշակում» տպագրված իր «Հայդուկի երգեր»  շարքի բանաստեղծությունները ստորագրում էր «Հայ գուսան»  ծածկանունով։

Ա. Ահարոնյանը  «Ազատության ճանապարհին» ժողովածուի պատմվածքներում իրական կենսադրվագները պատկերում էր  նեոռոմանտիկական ընկալումների միջոցով  վերաիմաստավորելով որոշակի գեղարվեստական միջավայրերում՝ առաջին պլան բերելով ժամանակի համար և ընդհանուր առմամբ  ազգային ու հասարակական, փիլիսոփայական ու գեղագիտական կարևոր նշանակություն ունեցող գաղափարներ ու պատկերացումներ։ Խորիմաստ էր գրքի ընծայագիրը. «Նրանց, որոնք խիզախ  կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև կյանքին փայլ տվին»։ Իսկ գիրքը բացող «Հարգանք քեզ» խոհի մեջ ամրագրում էր մի այնպիսի պատգամ՝ ուղղված հայ ժողովրդին, որի իմաստը մեր ազգի գոյապայքարը անվերջ շարունակելն էր՝ թշնամուն շարունակ հակահարված տալով, միայն այս դեպքում է, որ  նրա կարծիքով՝ նույնիսկ թշնամին հարգանքով կվերաբերվի մեզ. «Եվ այն ժամանակ, հավատա՛,- գրում է Ահարոնյանը,- նահատակ ժողովուրդ, արյունարբու թշնամիդ անգամ ծունկ կը չոքի ու կը կոչի ՝ «հարգա՜նք քեզ․․․»։

Եվ ահա այս ժողովածուի պատմվածքներից յուրաքանչյուրում արևմտահայության կյանքից վերցրած կենսադրվագների հենքի վրա նրբամտորեն գաղափարական առանցք է դարձնում աշխարհայացքային-իմաստասիրական, ազգային, հասարակական, անձնական-բարոյահոգեբանական հանգուցային նշանակություն ունեցող հիմնախնդիրներ։ Այսպես, օրինակ, «Խայը» պատմվածքում գլխավոր հերոսի՝ Նախոյի, նրա անձնական ճակատագրի  միջոցով հաստատվում էր այն փիլիսոփայական խորհրդածության ճշմարտացիությունը, որ ճակատագրի գոյությանը չպետք է հավատալ։ Հանգամանքներին հնազանդվելու փոխարեն հարկավոր էր սեփական ներուժի չափով ընդվզել անհատի, հայ մարդու հանդեպ իր հայրենիքում թուրքերի ու քրդերի կողմից գործադրվող ապօրինի բռնաճնշումների դեմ։

Ընդհանուր առմամբ գաղափարագեղագիտական նման հայեցակետից էր Ահարոնյանը պատկերում Արևմտյան Հայաստանի գավառներում ընթացող ֆիդայական կռիվները և դրանց մասնակիցներին։ Ազգային ազատագրական պայքարի այս ձևը իր  առավելություններով ու թերություններով  պարտադրված էր մեր ժողովրդին այս շրջանում, որքանով, որ այն գտնվում էր մի կողմից Օսմանյան Կայսրության (իր մեծ մասով) և մյուս կողմից Ռուսական Կայսրության տիրապետության տակ։ Նման բարդ կացության մեջ գտնվելով՝ այնուամենայնիվ, ազատատենչ հայ ժողովուրդը շարունակում էր պայքարի ուրույն ձևեր գտնել՝ թե՛  ազգային կուսակցությունների կողմից կազմակերպվելու տարբերակով և թե՛ անհատական ընդվզումների միջոցով։ Ու այդ տարբերակները յուրովի արտացոլվել են Ահարոնյանի պատմվածքներում, թեև գրողը նախապատվությունը տալիս էր ազգային կուսակցությունների (մասնավորապես ՀՀԴ-ի կողմից կազմակերպված պայքարի միջոցին)։ Գրողը չէր խուսափում ֆիդայական պայքարի նկատմամբ ժողովրդի մեջ եղած տարբեր հակամետ տեսակետներն արծարծելուց, բարոյահոգեբանական տարբեր դիրքորոշումներ ունեցող հերոսների պատկերելուց ևս։ Նման դեպքերում ձգտում է կյանքի հանգամանքների, անձնական դրդապատճառների պատկերման միջոցով համոզել իր հերոսին, որ առնվազն ֆիդայական պայքարը անհրաժեշտ է ոճրագործ, իր հարազատին բռնաբարող թուրք ու քուրդ տիրողներին պատժելու համար։ Այս մասին են «Պատիվը», «Արտը», «Էլ մի՛ աղոթիր» պատմվածքները։

Նեոռոմանտիկ Ահարոնյանը չի խուսափել, ավելին, կարևորել է ցույց տալ ֆիդայական խմբերի մեջ ներգրավված հայ երիտասարդների ներքին, բարոյահոգեբանական բարդույթները ևս, որոնք բացահայտել ու պատկերել է որոշակի գաղափարամիտություն դրսևորելով։ Հանուն հայրենիքի, հանուն անարդար կերպով նվաստացված, տառապող հայ մարդու մարդկային ու ազգային արժանապատվության համար կռվող ու զոհվող հայդուկները  նրա գրչի ներքո ստանում են նաև իդեալականացված հատկանիշներ։ Գրողի գեղարվեստական մտածողության տիրույթում նման մոտեցումն արդարացնում է իրեն նաև այն հանգամանքի շնորհիվ, որ ֆիդայիները կռվում էին արտասովոր պայմաններում։ Նրանք փոքրաթիվ խմբերով կռվում էին թշնամու՝ կայսրության պետական միջոցներով կազմակերպված, լավ զինված զինվորականների դեմ, կռվում էին՝ գիտակցելով, որ զոհվելու հավանականությունն ավելի մեծ է, բայց և այնպես գնում էին կռվելու, որովհետև երդվել էին  իրենց զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն հայ մարդու արժանապատվության։

Այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի։

Այնքան արտասովոր և առասպելական էին այդ սերնդի մարդիկ և իրենց գործերը, որ թեև այս վեպի ամբողջ նյութը իրական է, կատարված եղելություն, բայց ոմանց կարող է թվալ անիրական և հեքիաթային։

Այդ մարդկանց անուններն ու գործերը հյուսվել են լեգենդին, հեքիաթին, առասպելին և սերնդեսերունդ անցնում են բերնեբերան»,- այսպես է գրել «Ռանչպարների կանչ»-ի հեղինակ Խաչիկ Դաշտենցը վեպի «Խոսք հեղինակի» վերնագրված առաջաբանում։ Եվ հիմա ավելացնենք, որ նման կյանքով և գործունեությամբ ապրած հայդուկ ֆիդայիների կերպարները մեր գրականության մեջ Ա. Ահարոնյանն էր, որ առաջինը գեղարվեստորեն կերտեց պատմվածքի ժանրով գրած իր վերոհիշյալ ժողովածուում զետեղված երկերում։

«Կռվի դաշտում» (1900) պատմվածքում պատմվում է ժամանակին վավերական հիմքի վրա ստեղծված ֆիդայական խմբի մեջ գտնվող երկու իրար սիրող երիտասարդների մասին։ Այստեղ ֆիդայի երիտասարդն ու նրա սիրած աղջիկը թեև անանուն են, բայց և այնպես  նրանց մասին նկարագրված դեպքը հիշեցնում է Խանասորի արշավանքի ժամանակ (1897) անհայտ կորած ֆիդայի Կարոյի և նրա սիրած աղջկա՝ ուսուցչուհի Մարոյի ինքնասպանության մասին դեպքը։ Աղջիկը ինքնասպանություն էր գործել, որպեսզի Կարոն կռվի դաշտում մտահոգված չլինի սիրած աղջկա ճակատագրով և անձնվիրաբար կռվի թշնամու դեմ։ Հայրենասիրական զգացմունքների բուռն ապրումները այնքան ուժեղ էին այդ սերնդի երիտասարդների մեջ, որ հայրենիքին նվիրաբերվելու համար նաև այսպես էլ են մտածել և գործել։ Ֆիդայական պայքարի բնույթի ու նպատակների, ֆիդայիների բարոյական նկարագրի բացահայտման տեսանկյունից ուշագրավ է նաև  «Լուսաբացին» պատմվածքը։ Ֆիդայական կռիվներն այստեղ ներկայացված են ոչ թե որպես սոսկ թշնամուց վրեժ լուծելու միջոց, այլ՝ խմբի հայդուկապետի կերպարի միջոցով ընդգծվել է մարդասիրական մղումներով թշնամու դեմ կռվելու անհրաժեշտությունը։

Գաղափարագեղարվեստական արժանիքների տեսանկյունից ուշագրավ են նաև «Հազրեն»,   «Ջավոն»   «Վազրիկ» պատմվածքները։ Առաջին երկուսի մեջ հեղինակը պատկերել է արևմտահայ այն կանանց կերպարները, որոնք հանգամանքների բերումով տղամարդ ֆիդայիներին արժանի խիզախ արարքներով են աչքի ընկել։ Իսկ «Վազրիկ»-ում պատկերված է Վան քաղաքում մղված ազատագրական պայքարը թուրքերի դեմ, որի ընթացքում իր ներդրումն է ունեցել նաև պատանի Վազրիկը, վանեցի Գավրոշը, որը իր համարձակությամբ փորձում է օգտակար լինել թշնամու դեմ մեծահասակների մղած անհավասար կռիվներում։

Ուշագրավ են Ահարոնյանի վեպի և վիպակի ժանրերի ասպարեզներում որոշակի ձեռքբերումները, արևմտահայության կյանքը պատկերող «Ռաշիդ», «Մրրկի սուրբը», «Սև օրեր» վեպերը։ «Լռություն» վեպն ուշագրավ է իր ռոմանտիկական-սիմվոլիստական և սենտիմենտալիզմի աշխարհընկալումների  համադրություններով ստեղծված լինելու շնորհիվ։  Վեպի իր տեսակի շրջանակում այն ևս առանձնակի ուսումնասիրության առարկա  է դարձել մեր «Ավետիս Ահարոնյանի գեղարվեստական արձակը» (2013)  վերնագրով աշխատության մեջ։

Ա. Ահարոնյանը ապրեց և ստեղծագործեց նաև սփյուռքահայ գրականության ձևավորման և զարգացման շրջանում մինչև 1934 թվականին կաթվածահար լինելու պատճառով ստեղծագործելու ընդունակությունից զրկվելու պահը։ Սփյուռքյան շրջանի նրա գեղարվեստական ստեղծագործությունների շարքում հատկապես առանձնանում են «Ու փոքրիկ աղջիկը քրքջում էր» (1924) քնարական-հուշ պատմվածքը, «Ճամփորդը (Հայրենի զրույցներ)» (1926, Բոստոն) վիպակների ժողովածուն։ Առանձնակի հիշատակման արժանի է «Իմ գիրքը» գեղարվեստական ինքնակենսագրությունը կամ ինքնակենսագրական վեպը, որը առաջին անգամ տպագրվել է Փարիզում։ Այն բաղկացած է «Մանկություն» (1927) և «Պատանեկություն» (1931) մասերից։ Վերոհիշյալ արձակ երկերը թերևս իրենց հերթին խթանեցին սփյուռքահայ գրականության մեջ Համաստեղի շնորհիվ սկզբնավորված հուշագրական, գյուղագրական արձակի կամ կարոտի գրականության զարգացմանը։

Մեր կարծիքով՝ Ա. Ահարոնյանի գրական ժառանգության մեջ ուշագրավ այլ աշխատությունների շարքում արժեքավոր էջեր են նաև գրաքննադատական բնույթի «Րաֆֆի (մահվան 35-ամյակի առթիվ)» (1924) և «Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» (1930) վերնագրերով հոդվածները։ Առաջին հոդվածը տպագրվել է  Բոստոնում (ԱՄՆ) լույս տեսնող  «Հայրենիք»  ամսագրի 1924 թ. համարներից մեկում։

Ինչպես հայտնի է, այս և հետագա տասնամյակների ընթացքում արատավոր, գռեհիկ սոցիոլոգիզմի դիտանկյունից են ավելի հաճախ մեկնաբանվել Րաֆֆու ստեղծագործությունները, այդ թվում՝ նաև «Սամվել» պատմավեպը, այն խորհրդային տարիներին առաջին անգամ տպագրվել է 1940 թվականին։ Իսկ Ա. Ահարոնյանն իր հայրենիքում արգելված հեղինակ մնաց մինչև Խորհրդային Միության փլուզումը և Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումը (1993 թ.)։

Նախախորհրդային տարիներին ևս չենք հանդիպում հայ մեծ վիպասանի այս նշանավոր պատմավեպի մասին լուրջ ու ծավալուն հոդվածների։ Եվ ահա Ա. Ահարոնյանի վերոհիշյալ հոդվածում հայ և համաշխարհային գրականությանը լավածանոթ հեղինակը, ընդհանուր առմամբ Րաֆֆու մասին գրելով հանդերձ, առավել մեծ տեղ է հատկացրել «Սամվել» պատմավեպի մասին իր մեկնաբանություններին, որոնք այսօր էլ հետաքրիր են։ (Նկատենք, որ այս հոդվածին որոշակի քաղաքական նախապաշարումների հետևանքով չի անդրադարձել րաֆֆիագետ Ե․Պետրոսյանն իր՝ Րաֆֆուն նվիրված ծավալուն աշխատության Րաֆֆու մասին ուսումնասիրությունների պատմությունը ներկայացնող գլխում)։ Մինչդեռ հոդվածում Ահարոնյանը գրականագիտական  ողջամիտ ու որոշակի ընդունելի գիտական մոտեցումներով է վերլուծում պատմավեպը՝ ի տարբերություն իր ժամանակակից, հատկապես՝ խորհրդահայ գրականագետների։ Րաֆֆու վեպի գլխավոր հերոսի կերպարը մեկնաբանելիս ինքնատիպ զուգահեռներ է անցկացնում գրական արքետիպային կերպարներ Սոֆոկլեսի Էդիպ արքայի, Շեքսպիրի Համլետի հետ։ Այդպիսի առնչությունների մեջ դիտարկումն արդեն Րաֆֆու ստեղծագործական արժանիքները համաշխարհային գրականության դրսևորումների մակարդակով գնահատել էր նշանակում, որին րաֆֆիագիտությունը 1950-ական թվականների երկրորդ կեսին նոր պիտի լիարժեքորեն հասներ։

Դիպուկ և հետաքրքիր էր նաև Ա. Ահարոնյանի գրականագիտական մեկնաբանությամբ արձագանքը Կ․ Զարյանի «Տատրագոմի հարսը»  պոեմի կապակցությամբ գրած հոդվածում։ Նախ մի անգամ ևս հիշեցնեմ, որ Կ. Զարյանն իր այս պոեմը նվիրել է Ա․ Ահարոնյանին։ Վերջինիս անունը տպագրված է և՛ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում տպագրված պոեմի վերնագրից հետո, և՛ առանձին գրքով տպագրված տարբերակում։ Մինչդեռ խորհրդային տարիներին նրա անունը չէին տպագրում արգելված հեղինակ լինելու պատճառով։ (Նույն պատճառով նրա անունը վերնագրերին կից չէին տպագրում Դ. Վարուժանի ժողովածուներում «Պատգամավորներս» բանաստեղծության և «Հովիվը» պոեմի կապակցությամբ)։ Այս հոդվածը ևս ուշադրության արժանի է, քանի որ «Տատրագոմի հարսը»  պոեմի առաջին անգամ տպագրվելուց հետո մամուլում տարբեր մեկնաբանությունների ենթարկվեց գլխավոր հերոսներից հատկապես Սանայի կերպարը։  Հեղինակը մեղադրվեց պոեմում պատկերված արևմտահայության կյանքը լավ չճանաչելու մեջ և այլն։ Ահարոնյանը հանդես եկավ պոեմը քննադատողների դեմ ողջամիտ և հասուն կերպով գրված պատմական ու գրականագիտական մեկնաբանություններով։ Նա, պոեմի գաղափարագեղարվեստական արժանիքները բացահայտելով և գլխավոր կերպարների՝ Հովանի ու Սանայի ողբերգական կործանման բուն պատճառը ներկայացնելով, ընդգծում էր տվյալ ժամանակաշրջանում արևմտահայության Օսմանյան Կայսրության գերիշխանության տակ գտնվելու հանգամանքով։  Պատվասեր հայ տղամարդիկ  հարկադրված էին ֆիդայական խմբերով ազատագրական պայքարի դուրս գալ, ընդվզել իրենց ազգային ու մարդկային արժանապատվությունը ոտնահարող թուրք հարկահանների ապօրինությունների դեմ։ Իսկ կանայք պետք է դիմակայեին յուրովի՝ գնալով անձնական պահանջմունքների զսպման ու ինքնազոհաբերման։ Սակայն բոլորը չէ որ կարող էին այդպիսի հաստատակամություն հանդես բերել, իսկ ոմանք էլ (ինչպես պոեմում Սանան) կամա թե ակամա, սիրո պահանջի անզսպելի ցանկությունից մղված՝ հանձնվում է քուրդ երիտասարդին։ Իսկ կնոջ նման պահվածքը չէր կարող ներվել  հայ ֆիդայիների կողմից, և նրան դաժանորեն մահապատժի են ենթարկում՝ ստիպելով, որ նույնիսկ իր կնոջը սպանի նրա ամուսինը՝ ֆիդայի դարձած Հովանը։ Վերջինս սպանում է և խելագարվում։ Նման ողբերգական իրադարձությունների բուն պատճառն ահա Ա. Ահարոնյանն իր հոդվածում համարում է Օսմանյան Կայսրության մեջ արևմտահայության համար ստեղծված ծանր, անմարդկային շահագործմամբ պայմանավորված կացությունը։ Կարծում ենք՝ Ահարոնյանի նման մեկնաբանությունը հետագայում ևս նպաստել է Կ․ Զարյանի այս պոեմը ավելի համակողմանիորեն ու գիտական մոտեցմամբ վերլուծելուն։

Ա․ Ահարոնյանի անվան հետ է կապված նաև հայ գրողին նվիրված մի բացառիկ իրադարձություն։ 1930 թվականի մայիսի 10-ին Փարիզում՝ Սորբոնի համալսարանի դահլիճում, հանդիսավոր կերպով նշվում է նրա ստեղծագործական գործունեության 40-ամյակը։  «Բառիս բուն իմաստով Ֆրանսիայի գրական ողջ ընտրանին, քաղաքական ու պետական շատ գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ (ֆրանսիացի և հայ) մասնակիցը դարձան վտարանդի, աստանդական գրողի մեծարանքի  այդ հիասքանչ ցույցին։ Նիստը բացեց Հոբելյանական  կենտրոնական հանձնաժողովի  գործադիր մարմնի ատենապետ  Ն. Ադոնցը։ Այնուհետև  ելույթներ ունեցան ֆրանսիացի և հայ բազմաթիվ բանասացներ։ Երեկոն եզրափակվեց հոբելյանական ճոխ համերգով»,- գրել է ականատեսը։   Միջոցառումն անշուշտ ուներ նաև քաղաքական ենթատեքստ։ Եվրոպայի գիտական, մշակութային կենտրոն Ֆրանսիայի մայրաքաղաքում մեծարվում էր իր հայրենիքում՝ Խորհրդային Հայաստանում մերժված ու արգելված գրողը։ Իր խոսքում Ա. Ահարոնյանը, համեստորեն գնահատելով  սեփական գրական վաստակը, սահմանում է իր գրական դավանանքի մարդասիրական էությունը, արտահայտում մեծ հավատ դեպի ամայացած հայրենիք հայության դարձի հանդեպ։  «Ժողովո՛ւրդ Հայոց,- ասում է նա,- գիտակցիր, որ սպասման վիճակ է այս։ Հավատա՛, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը։ Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք վերադառնալու համար։ Մենք գաղութների մեջ պիտի դառնանք ամրապնդման և զորացման մեկ-մեկ ազդակներ մեր հայրենիքի համար, որ կա Արարատյան Աշխարհի մեջ։ Գիտցի՛ր, հայ ժողովուրդ, որ արժեք ես դու և խոսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին»։

Այսպիսով, կարելի է ավելացնել, որ Ա․Ահարոնյանի ստեղծագործական, գրական ու գրականագիտական ժառանգությունը ընդհանուր առմամբ նշանակալի ներդրում է մեր ազգային գրականության պատմության մեջ, որին  ճանաչված հայ գրողի հերթական հոբելյանական տարելիցի կապակցությամբ մենք  այստեղ անդրադարձանք համառոտ կերպով։

 

Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՀԳՄ պատվավոր անդամ