Պրոֆ. Ազատ Եղիազարյանի՝ «Մի քանի խոսք Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի և առհասարակ ակադեմիական հրատարակությունների մասին» երկմաս և ընդարձակ վերնագրով հոդվածը «Գրական թերթի» 2022 թ. ապրիլի 15-ի 11-րդ համարում կարդալիս նախ մտածեցի` գրականագետն ինքն էլ Հովհ. Թումանյանի երկերի ակադեմիական 10 հատորյակը վերահրատարակող խմբագրական խորհրդի անդամ լինելով՝ մեր գրականության շահերից ելնելով՝ արտահայտել է իր ազնիվ մտահոգությունը։ Սակայն պարզվում է, որ նրա հոդվածը չունի վերնագրի երկրորդ մասը ներկայացնող շարադրանք և գերազանցապես գրվել է մեր՝ իր կարծիքով «սխալները» գրական հանրությանը մատնացույց անելու դիտավորությամբ։ Մենք էլ, չուզելով, դարձանք ակամա պատասխանող. անտեղյակ ընթերցողն այլապես կկարծեր, թե գրականագետն ասում է միայն ճշմարտություններ, իսկ մենք էլ առանց փաստերի հայտարարություններ ենք արել և մեր ենթադրությունները վերագրել Թումանյանին։
Թերթի նախորդ համարում լույս տեսավ նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վ. Դևրիկյանի՝ «Դիտողությունների սպասումով» արձագանքը։ Վերջինս գիտականորեն ցույց է տվել Ա. Եղիազարյանի երկու դիտողությունների արմատական սխալները, ուստի՝ չենք անդրադառնում դրանց։ Կարող էինք և առհասարակ չպատասխանել Ա. Եղիազարյանին, եթե Վ. Դևրիկյանը շրջանցած չլիներ որոշ խնդիրներ և «թախանձագին խնդրելով» նրանից նոր դիտողություններ չսպասեր։
Ա. Եղիազարյանը հիշում է երջանկահիշատակ երկու թումանյանագետների՝ երկի բնագիրը հրատարակության պատրաստած Ա. Ինճիկյանին և հանդեսի գլխավոր խմբագիր Էդ. Ջրբաշյանին։ Մեզ էլ է հիշում որպես «խմբագրության աշխատակցի», բայց ո՛չ պատասխանատու քարտուղարի, որը մասնակցել է Թումանյանի այդ երկի բոլոր քննարկումներին ու խմբագրման ընթացքին, ամեն պատկերի, անգամ բառի քննությանը, անձամբ լսել հիշյալ գրականագետների կարծիքները և նրանց խորհրդով ինքն է լուծել գլավլիտի ու տպարանի հետ կապված խնդիրները (մյուս աշխատակիցները գործուն մասնակցություն չեն ունեցել)։
Բայց ահա Ա. Եղիազարյանը բերում է ոչ թե անմիջական, այլ ծանոթագրողի գրառած մեր խոսքը և առարկում. «Ի՞նչ հիմքեր կան այդպիսի անառարկելի հայտարարություն անելու համար, որտե՞ղ են այն փաստերը, որոնք գայլի մեջ ցուցադրում են Նիկոլայ ցարին և աղվեսի մեջ՝ Լենինին։ Չկան այդպիսի փաստեր»։
Պատասխանենք՝ կան և հենց Թումանյանի ստեղծագործության մեջ։ Տեսնել է պետք, և Վ. Դևրիկյանը տեսել է դրանք։
Ա. Եղիազարյանի հոդվածից քիչ է մնում այն տպավորությունն ստանանք, թե հանձին երբեմնի կոմսոմոլի ու բոլշևիկյան մտածողությամբ կուսակցական աշխատողի, Եղիշե Չարենցին մինչև վերջերս (գուցե հիմա էլ) «Հեղափոխության երգեհոն» որակողի՝ հայտնվել է Վ. Ի. Լենինի մերօրյա դատապաշտպան. հասե՛ք, Լենինն ու հեղափոխությունը վտանգի մեջ են…
Մենք էլ ենք պնդում, որ գեղարվեստական պատկերը, ստեղծվելով կենսական որոշակի հիմքով, չի նույնանում նրա հետ, այլ դառնում է համանման երևույթների ընդհանրացում։ Եվ ամեն ընթերցող գիտի, որ Թումանյանի ստեղծագործության, նաև այս երկի հիմքը, իրոք, 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին տասնամյակների հայ ողբերգական իրականությունն է՝ շաղկապված արևմտահայության ու արևելահայության վրա համիդյան, երիտթուրքական և ցարական բռնաճնշումների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, Հոկտեմբերյան հեղափոխության, 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի՝ Լենին – Աթաթուրք կամ թուրք – բոլշևիկյան բարեկամության խայտառակ պայմանագրերի ու ԽՍՀՄ կազմավորման հետ, որոնց հետևանքով Հայաստանի պատմական տարածքների, հայության արյան ու ոսկորներիի վրա ստեղծվեցին ներկայիս Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ ողբերգական իրադարձությունների ականատեսն էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանը և դրանց է արձագանքել։ Մենք հենց սա՛ ենք ասել։
«Փաստ» ու «հիմք» պահանջող մեր «դատախազին» պիտի ասենք նաև, որ թե՛ Ա. Ինճիկյանը, թե՛ Էդ. Ջրբաշյանը հրաշալի գիտեին թումանյանական երկի կենսական հիմքերն ու գրության շարժառիթները, բայց չէին կարող ասել ու գրել։ 1972 թ. մարտին նրանք այս երկի մասին խոսում էին կիսաշշուկ և շուրջը նայելով՝ հանկարծ մեկը չլսի՜։ Իսկ նա, ով Ա. Ինճիկյանի զրույցները չի լսել, թող մտածի՝ ինչո՞ւ էր նա այս երկը գրության ճիշտ ժամանակից՝ 1922 թվից հեռացնում և համարում մինչև՛ 1917 թ. կատարված իրադարձությունների արձագանք։
Գոնե լավ է՝ չի կասկածում, թե Կկուն էլ բնազրկված, ձագերին կորցրած, եղեռնազարկ հայ ժողովուրդն է, բայց թող մտածի նաև՝ Լենինն իր գլխավորած հեղափոխությամբ ո՛ւմ տապալեց, եթե ոչ Նիկոլայ ցարի ինքնակալությունը։ Աղվես – Լենինը հեղափոխությամբ տապալեց Գել – Նիկոլային և զավթեց իշխանությունը։ Սա՛ է պատկերել Թումանյանը։
Իսկ այն փաստական հիմքերը, որ Ա. Եղիազարյանն է պահանջում, ո՛չ Թումանյանն է ուղղակի մատնացույց արել, ո՛չ էլ նրա մեկնաբանները։ Գեղարվեստական պատկերի մեջ դրանք անշո՛ւշտ կան, նկատել է պետք։ Թումանյանն ինքը հո չէ՞ր բացահայտելու իր այլաբանությունների անմիջական հիմքերը, մասնավոր փաստի և գեղարվեստական պատկերի համապատասխանությունները։ Եղիազարյանը խոստովանում է, որ ինքը նման բան չի գտել Թումանյանի այդ շրջանի հոդվածներում, նամակներում։ Բայց հո Թումանյա՛նն է գրել մեր «խաբված ժողովրդի», «էստեղ մեզ, դրսում ուրիշներին զարմացնող» մեր այն «ջահիլների» մասին, ովքեր փոխանակ գաղափարը մտցնելու իրենց գլուխը, գլուխներն են խոթում գաղափարի մեջ և այդպիսով դառնում «ոչ թե գաղափարական, այլ գաղափարագար»։ Իսկ ովքե՞ր էին 1917 թ. հունվարի 15-ին գրված հանրահայտ քառյակի «նոր ընկերն» ու «հին ցարը» (որը խորհրդային հրատարակիչները իրենց պաշտոնը կորցնելու վախից ցար-ը ցավ էին դարձրել՝ աղավաղելով բոլշևիկ և ցար հակադրությունը, որոնց արանքում «հոգնել» էր բանաստեղծը)։
Այդ շրջանում 1917 թ. փետրվարյան ու հոկտեմբերյան հեղափոխություններից բացի՝ ուրիշ հեղափոխություն չի եղել. ուրեմն՝ սա՛ էլ է որոշակի։ «Բանը հո գելը չի, այլ գիլությունը»,- ընդհանրացնելով գրել է Թումանյանը։ Աղվեսը հեղափոխություն էր անում, որ «Վերանա մեր աշխարհից Գիլությունը միանգամից»։ Պարզ բանաձև է. «գիլության» հիմքը Գելն է, «աղվեսության» հիմքը՝ Աղվեսը։ Ա՛յս ենք մենք ասել։ Փաստը գլավլիտի պաշտոնյան 1972 թ. տեսել էր, գրականագետ պրոֆեսորը 2022 թ. չի ուզում տեսնել։ Հիմա ի՞նչ դուրս եկավ, մե՞նք ենք ընդհանրացված պատկերի իրական հիմքերը հորինել ու վերագրել Թումանյանին։
Խմբագրական խորհրդի անդամն «արդարանում» է, թե ծանոթագրության մեջ մեզնից մեջբերումը տպվել է առանց իր գիտության։ Դա մեր մեղքը չէ, իհարկե, բայց ինչո՞ւ է նա Թումանյանի հրատարակության մասին հոդված տպագրել առանց խմբագրական խորհրդին տեղյակ պահելու, չէ՞ որ ծանոթագրությունը, մեր լրացումով հանդերձ, տպագրվել է մնացած 16 անդամների և հատորի գլխավոր խմբագիր Վլ. Կիրակոսյանի համաձայնությամբ։
Այսքանից հետո մի հարց ենք ուղղում պրն Եղիազարյանին. գիրքը տպագրվել է 2018 թ.։ Անցած չորս տարիների ընթացքում տարբեր առիթներով մենք հանդիպել ենք տասնյակ անգամներ։ Մի՞թե չէր կարելի դրանցից մեկում այդ կասկածները միասին պարզել։ Եվ հետո, «Անբուն Կըկուն» երկի մասին մենք գրել ենք ընդարձակ ուսումնասիրություն, որի ամբողջական տարբերակը լույս է տեսել 2021 թ. «Գրական հանգրվաններ, Դ» գրքում (էջ 449-470)։ Ինչո՞ւ մեր ամբողջական ուսումնասիրության մասին չգրեցիք, այլ ուրիշի ծանոթագրության մեջ ներառված մեր խոսքի պատառիկի մասին Ձեր դիտողությունը հանրությանը ինքնավստահ ու անակնալ ներկայացրիք «Գրական թերթում»։ Ձեր քաղաքական կուռքի՞ն էինք ակամա դիպել, թե՞ սրտի քնքուշ լարերին…
Իր վերջին հոդվածներից մեկում Ա. Եղիազարյանը հանրային քննարկման էր ներկայացրել մի հիմնահարց՝ այսօր պե՞տք է արդյոք գրականագիտությունը։ Պատասխանում ենք՝ այո՛, պետք է և հատկապես իր՝ Ա. Եղիազարյանի համար։