Ահա 1928 թվականի հունվարի 8-ին Թիֆլիսի Հայարտանը տեղի է ունենում Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի նիստը, որտեղ զեկուցումով հանդես է գալիս Աղասի Վարդանյանը: Վերջինս իր զեկուցման մեջ1 անդրադառնում է Սուրխաթյանի և Սուրեն Երզնկյանի դեմ Վանանդեցու և Ն. Զարյանի այն մեղադրանքներին, թե իբր նրանք տարբերություն չեն դնում մանրբուրժուական և պրոլետարական գրականության միջև, թե մանրբուրժուական միջավայրում չի կարող զարգանալ պրոլետարական գրականություն և այլն: Վարդանյանը համաձայն չէ այս մեղադրանքներին և նկատում է, որ եթե Սուրխաթյանը քննադատում է Զարյանին ու նրա ընկերներին, չի նշանակում, թե չի ընդունում պրոլետարական գրականության գոյությունը, և ճիշտ է, նա գնահատում է Չարենցին, բայց Վանանդեցին որտեղից է հնարել, թե Սուրխաթյանը երազում է հեգեմոնիայի դերում Չարենցին տեսնել: Վարդանյանը երկար կանգ է առնում Չարենցի շուրջը տարածված մեղադրանքների վրա: Նա թվարկում է 1923-1927 թթ. Չարենցի գրած պոեմները, բալլադները, վեպը և ավելացնում. «Ո՞վ կարող է ասել, որ Չարենցն այս պատկառելի գործերով չի ցուցադրել ոչ միայն իր տաղանդի զարգացումը, այլև իդեոլոգիական նվաճումները, չնայած որ նա աշխատել է մի շարք վերին աստիճանի ծանր և աննպաստ պայմաններում»: Վարդանյանը հարց է տալիս՝ «Ինչո՞ւ է պայքար հայտարարված Չարենցի դեմ Երևանում: Ինչո՞ւ են փորձ անում զրկել նրան պրոլետգրողի կոչումից և ովքե՞ր են այդ զրկողներն իրենք»: Նա թվարկում է հատկապես Վանանդեցու կողմից Չարենցին հասցեագրված մեղադրանքները՝ նշելով աղբյուրները (հիմնականում տպագրվել էին «Գրական դիրքերում») և մեղադրանքի տեսակները, այն է՝ Չարենցը չի զտվել ազգային հակումներից, հեղափոխական երգերի մեջ անգամ չի ազատագրվում մանրբուրժուական հոգեբանությունից, մեծ կոլեկտիվի աշխատավորական մասնիկը չէ, ապրում է դեռ ներքին անհատական պաթոսով և այլն: Որո՞նք են փաստարկները, հարցնում է զեկուցողը և պատասխանում՝ սայաթնովյան տաղերը և «Ես իմ անուշ…»-ը: Արդեն տիրապետող մտայնության համաձայն Ա. Վարդանյանը պիտի որ քննադատեր այդ բանաստեղծությունը, բայց նա մեղմորեն է մոտենում խնդրին՝ չփորձելով արդարացնել Չարենցին այդ մեծարժեք բանաստեղծության համար: «Իհարկե, պրոլետգրողին վայել չեն այդ տողերը, բայց կարծում ենք, որ Չարենցին, այն էլ 20 թ. Չարենցին կարելի է ներել այդ մի քանի աշուղական չափազանցրած տողերը, մանավանդ որ ինքը ևս վաղուց հրաժարվել է այդ տողերից և հավակնություն էլ չունի իրեն ժառանգական պրոլետգրող հռչակելու»,- իր ելույթում ասում է զեկուցողը: Վարդանյանն ավելին չէր էլ կարող ասել, այլապես ազգայնականի պիտակը պիտի իր վրա առներ: Բայց Վանանդեցու «ցուցակը» շատ երկար էր և ընդգրկում էր նաև «Կապուտաչյա հայրենիք»-ն ու «Դանթեական առասպել»-ը: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է սեփական հայրենիքը սիրողին մեղադրել այդ սիրո համար, բայց ժամանակն էր այդպիսին, և չափազանց ցավալի է, որ պատմության մեջ պարբերաբար, գուցե տարբեր անունների տակ, բայց կրկնվում են ժամանակներն իրենց նույնանման բովանդակությամբ: Այս հարցում զեկուցողը, որ ակնհայտորեն պաշտպանում է Չարենցին, ուրիշ մարտավարություն է ընտրում, այս անգամ էլ Չարենցի գործերին զուգահեռ թվարկում Ա. Վշտունու, Ն. Զարյանի (վերջինիս գնդապետ Մազմանյանին նվիրված բանաստեղծությունն է հիշատակում) ստեղծագործությունները և վճռականորեն հայտարարում. «Եվ ո՞վ կասի, որ մեր երիտասարդ գրողները հարյուր տոկոսով պետք է ազատ լինեին ազգայնական ազդեցություններից: Բայց երբ հիշում են Չարենցի մեղքերը, ապա պետք է հիշել և իրենց մեղքերը»: Վարդանյանն անցնում է հակադարձ մեղադրանքների: Զարյանը, Վշտունին, Վանանդեցին – Չարենցի համեմատ ուլտրաազգային գրողներ են հատկապես այն առումով, որ «Չարենցը երբեք մեր դեմ չի պայքարել, իսկ Զարյանները պայքարել են ամենասուր կերպով: Ահա ճշմարտությունն այս «ազգային» հարցում»,- այս հարցի վերաբերյալ իր վճռական խոսքն է ասում զեկուցողը: Բայց պրոլետգրողները ջանք չէին խնայել Չարենցի «մեղքերը» բազմապատկելու գործում: Հաջորդ «մեղքը» սիրային երգեր գրելն էր: Չզարմանանք և չմոռանանք, որ հեղափոխականները այդ թվականներին սերը համարում էին քաղքենիական զգացմունք, ըստ այդմ՝ ստացվում էր, որ ազգայնական լինելուց բացի Չարենցը նաև քաղքենի է (դա համարվում էր մանր բուրժուայի բնորոշ գծերից մեկը): Վարդանյանը հիշատակում է Վանանդեցու՝ Չարենցին նվիրված գրքից (էջ 58) այս միտքը. «20 թվին և հետագայում Չարենցը գրում է նաև երգեր՝ նվիրված «տիկինների ապակե մատներին», «էմալե պրոֆիլներին» և այլն»: Այս հիմար մտքին հեշտ էր պատասխանել, և Վարդանյանն ասում է. «Այո, գրել է Չարենցը նաև սիրային երգեր, բայց ի՞նչ մեծ մեղք է գործել այդ Չարենցը, մանավանդ որ այդ մեղքով տառապել են բոլորը»: Նա օրինակներ է բերում Վշտունուց («Ջեննաթի փերուն» – Քո կուրծքը ճերմակ կաթ է…»), Աբովից («Ինչո՞ւ է կորսետդ բանտել ծիծերդ ծնծղա..») և այլն: Տարբերությունն այն է միայն, որ Չարենցն ավելի շնորհքով է երգել: Չարենցի վերջին մեղքերից մեկն էլ համարվում էր ֆուտուրիզմը, կիզակետում «Պոեզոզուռնա»-ն էր: Վարդանյանն իր ասելիքը շարունակում է ընտրած մեթոդով, այն է՝ ոչ այնքան պաշտպանել ու բացատրել Չարենցին, որ, ենթադրվում է, պետք է հասկանալի լիներ բոլորին, այլ՝ նույն «մեղքերը» ջանասիրաբար բացահայտում է Չարենցի ընդդիմախոսների ստեղծագործությունների մեջ՝ օրինակ բերելով Վշտունու «Հուզանք ու զանգ», Աբովի «Դանակը բկին» ժողովածուները: Վերջիններս փաստ չունեին Չարենցին մեղադրելու: «Եթե ուզում եք ճիշտ իմանալ,- ասում է Վարդանյանը,- այդ բոլորի մեջ ու ամենապրոլետարականը Չարենցն է և ոչ թե Վշտունին կամ Զարյանը և վանեցի մի քանի այլ պոետներ»: Վարդանյանը նկատում է, որ Չարենցին քննադատողների վախն այն է, որ Չարենցի շնորհքը կարող է մյուս պրոլետգրողներին ստվերի մեջ թողնել, բայց ինքն այդ անկարելի է համարում: Խոսելով մյուս գրողների՝ ըստ էության «Նոյեմբերականների» (առանց նրանց խմբակցությունը շեշտելու) սայթաքումների մասին՝ հիշեցնում է Մահարու խոսքերը. «Չի սայթաքում միայն նա, ով չի քայլում, բայց սղոցել բազուկներ և մատներ, որոնք կառչել են հեղափոխության, այդ անթույլատրելի է մեր օրերում»: Թեև ուղղակիորեն վերջին հարցը ուղիղ իմաստով Չարենցին չի վերաբերում, բայց արժե այստեղ անդրադառնալ դրան: Խոսքը վերաբերում է գրողների և քննադատների տարբերությանը, նրանց միջև անջրպետ դնելուն և, ըստ էության՝ այս պահանջը հիշեցում էր «դիրքականներին», որոնք իրենց դիրքերում չեն. «Մարքսիստական քննադատությունը պետք է վճռաբար արտաքսե իր միջից ամեն տեսակ պահանջկոտություն (npeтенциозное), կիսագրագիտություն, կոմունիստական ինքնագոհ մեծամտություն», բայց գտնում է, որ «Գրական դիրքեր»-ի քննադատները «ոտից մինչև գլուխ պրետենցիոզ են և կիսագրագետ»: Նկատի ուներ Դաբաղյանին ու Վանանդեցուն: Ըստ «Պրոլետար» թերթի տեղեկատվության տվյալների՝ ելույթ ունեցողները (անունները հիշատակված էին) համամիտ էին Վարդանյանի հայտնած մտքերին:
Չարենցի թե՛ բարեհաճ, թե՛ թշնամաբար տրամադրված քննադատները ակնդետ հետևում էին նրա նոր գործերին՝ փորձելով դրանցում գտնել իրենց դիտարկումների ապացույցները: Արտասահմանյան ուղևորությունից և հայացքների որոշակի բեկումից հետո Չարենցի նկատմամբ բացասաբար տրամադրված շատերի համար դժվար էր բանաստեղծին «թարմ» մեղադրանքներ վերագրել, բայց երբեմն Չարենցի բուռն վարքագիծը տալիս էր դրա հնարավորությունը: 1927 թ. Չարենցի բանտարկության մասին ավելի սուր արտահայտվեցին դաշնակցականները, իսկ Անդրկովկասի հայկական մամուլը հիմնականում անդրադարձավ նրա «Հիշողություններ ուղղիչ տնից» ստեղծագործությանը: Թվում է, թե Չարենցի բանտարկությունից հետո նրա ստեղծագործության նկատմամբ ևս կարող էր բացասական վերաբերմունք դրսևորվել, բայց մենք հանդիպում ենք հակառակ փաստի: «Պրոլետար» թերթի 1928 թ. 151-րդ համարում Ա. Մ. ծածկանունով անձը տպագրում է «Եղիշե Չարենց-Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» վերնագրով գրախոսություն, որտեղ կանգ չառնելով գրողի՝ այնտեղ գտնվելու հանգամանքների վրա՝ կարևորում է հայ գրականությունը նոր, մինչ այդ չկիրառված թեմայով ընդլայնելու փաստը: Նկատում է, որ մինչ այս հայ գրականությունը երբեք կանգ չի առել քրեական աշխարհը պատկերելու վրա, մինչդեռ ռուս հեղինակներից ոչ միայն Դոստոևսկին, այլև Չեխովը, Տոլստոյը և այլ գրողներ մեծ ավանդ ունեն այս բնագավառում: Գրախոսը գտնում է, որ այս առումով Չարենցը մեզ մոտ մի խոշոր բացառություն է, և դրա «վրա կանգ չառնելը համազոր կլիներ գրական կարճատեսության և հանցանքի»: Գրախոսը վերանում է Չարենցի՝ բանտում հայտնվելու փաստի չարաշահումից և կարևորում է հայ գրականությունը նոր մոտիվներով հարստացնելու հանգամանքը: Չարենցի «Հիշողություններ…»-ում հոդվածագիրը կարևորում է և՛ բովանդակությունը, և՛ հեղինակի մարդասիրությունը, թեմայի թարմությունը, կերպարների կենդանությունը և այլ դրական հատկանիշներ: «Դեպքերի և տիպերի բազմանկյունի հատվածակողմի օգնությամբ դուք նույն միջոցին տեսնում եք հեղինակի խոր մարդասիրական վերաբերմունքը դեպի ընկածները, դեպի կորածները, որոնք, ինչպես վկայում է ինքը հեղինակը, քաղցր տխրություն են պատճառում իրեն»: Այդ տխրությունը, այնուամենայնիվ, ըստ գրողի՝ օպտիմիստական է, որովհետև նա հավատում է, որ եթե քրեական տիպը անգամ «ռեցիդիվիստ» է, «վերջին հաշվով ակամա զոհն է հասարակական դեռ անկազմակերպ հարաբերությունների», և այդ հարաբերությունների նորմալացման պարագայում կվերանան այն պատճառները, «որոնց զոհն է գողը, մարդասպանը, ավազակը, վատնիչը, բռնաբարողը»: Գրախոսը կարևորում է Չարենցի կերպարակերտման արվեստը, հատկապես շեշտում է Ուղղիչ տան պետի կերպարը. «Կենդանի, պատկերավոր և հափշտակող նկարագրությամբ Չարենցը մեզ տալիս է Ուղղիչ տան պետի կերպարը, որը եզակի է ոչ միայն մեր, այլև ամբողջ ռուսական գրականության մեջ: …Պակաս գեղեցիկ և գեղարվեստական չեն զանազան տիպերի նկարագրությունները՝ Լազգին, Անուշը, մեր Հաջին, Միհրանը, Միխոն, Կարոն և Բաղդասարը»: Կարևորվում են նաև հեղինակի հոգեբանական դիտողությունները, ազատությունից զրկված բանաստեղծի կողմից ազատ կյանքի արժևորումը և այլն:
Գրախոս Ա. Մ.-ն (Հ. Սուրխաթյանը) Չարենցի հիշյալ գործը համարում է «խոշոր նվաճում և անվիճելի հաղթանակ»: «Հետհոկտեմբերյան հայ գրականություն» աշխատության մեջ Սուրխաթյանը շարունակում է միտքը. «Ահա ուղղիչ տան կենդանի պատկերը, նկարագրված տաղանդավոր դիտողի ձեռքով»: Գտնում է, որ գիրքն ունի ինչպես գրական, այնպես էլ քաղաքական արժեք: Տպավորությունն այնպիսին է, որ Թիֆլիսի մտավորականների վերաբերմունքը Չարենցի նկատմամբ շատ ավելի մեղմ է, քան բանաստեղծի մերձավոր շրջապատինը:
- Զեկուցումն ամբողջությամբ տպագրվել է «Պրոլետար» թերթի 1928 թ. 12-րդ համարում:
- «Եղիշե Չարենցը իր ժամանակի գրաքննադատության նշանակետում» մենագրությունից:
