Հողի դողն ու մեր դառը հացը / Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ժամանակ  առաջ  ուկրաինացի   որոշ հրատարակիչների արտառոց է  թվացել   մեր անվանի  արձակագիր Լևոն  Խեչոյանի «Հողը  դողում է»   պատմվածքը՝ իր  վերնագրով ու   հաճախակի  շեշտվող այս բառերով. «հողը   դողում է ոտքերիս տակ»: Խեչոյանի գործերի ուկրաիներենի նվիրյալ թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանն իր հուշերում ներկայացրել  է, թե ինչպես են առարկել իրեն՝ ասելով. «Հողը չի  կարող դողալ, կարող է միայն ցնցվել»: Նրանց անհաղորդ էր պատերազմի եռքից  տառապյալ    մարդու ու վտանգված իր հայրենիքի մեկտեղված  սրտխփոցի՝  ուժերի  գերլարումից առասպելական դարձած դիմակայումը:

Հիմա, Ուկրաինայում մոլեգնող պատերազմը երևի սարսափի բոլոր համազարկերով հասկացրել է ոչ  միայն տարակուսող  հրատարակիչներին, այլև այդ երկրի բոլոր բնակիչներին, թե  ցավից ինչպես կարող է հողը  դողալ:

Իսկ Խեչոյանի այս գործի  մասին  շատ է խոսվել  ոչ  միայն  մեզանում: Այն թարգմանվել է մի շարք  լեզուներով: Հաճախակի  մեջբերվող «հողը   դողում է  ոտքերիս  տակ» միտքը պատմվածքում նկարագրվող դրամատիկ դեպքերին՝ առավել ուժգնություն, խոսքին խաղաղության տենչանքի  հնչողություն  է հաղորդում: Ասես ողջ  երկրագունդն է դողում պատերազմի  հարվածներից ու բերած  արհավիրքներից: Գրականագետների  գնահատմամբ՝ այն հայ գրականության՝ արցախյան պատերազմի մասին   գրված  լավագույն  գործերից է: Լևոնը արցախյան  առաջին  պատերազմի կամավորներից էր՝ Հրազդանի  ջոկատի կազմում: Մարտական  գործողությունների հետագիծը բավականին լայն է՝ Արաքսի  ափից  մինչ  Օմար: Պատերազմը  նրա գրչին նոր, հզոր  երակ է  հաղորդել՝  երևացնելով հրաշալի գործեր՝  վեպ ու պատմվածքներ:

Ցավոք,  պատերազմը նաև  խարխլել է նրա առողջությունը, և տաղանդավոր գրողը  վաղաժամ է հեռացել  կյանքից: Սրտի կսկիծով ասենք. իսկ  նրա պես քանի՞- քանիսն են  պատերազմից վերադարձել չերևացող վերքերով՝ չիմանալով, որ  պատերազմն արդեն դաժանորեն  բուն է  դրել իրենց  մարմնում:

Հիմա, հայրենակորստից հետո, մի հրաշք լիներ, մեր ազատամարտի բոլոր  նահատակները  բացեին իրենց աչքերն ու տեսնեին, թե իրենց սիրելի Արցախի հետ ինչպես  վարվեցին: Գուցե նրանց  ցասումն ու բողոքն արթնացնի   այս երկրի «պանծալի ազգային ջոջերին»..

Իսկ  մեր  հողն  այսօր էլ  դողում է, ինչպեսև՝  մեր սիրտը: Փոխադարձաբար, միմյանց կորցնելուց: Թշնամու ոտքի  կոխան  է դարձել  մեր  հայրենիքը՝ հազարամյակների պատմությամբ, կորսված հաղթանակով ու հպարտությամբ: Համայն հայության հայրենիքն էր Արցախը, իսկ  նրա կորուստը  ևս համայն հայությանն է: Ինչ անլուր տառապանք ասես, որ  չկրեցինք, միայն թե չկորցնեինք մեր  տունը, մեր ամեն ինչը: Եվ այդ ամենը՝ տասնամյակներ  շարունակ: Մեր  հայրենիքն այնքան փոքրիկ էր, որ սահման ու  թիկունք  հասկացությունները շատ  պայմանական էին բոլոր պատերազմների ժամանակ: Ո՞ւմ է հիմա հետաքրքիր, որ առաջին պատերազմի տարիներին Ստեփանակերտի, շրջկենտրոնների փողոցներն ամեն օր արյունոտվում էին, որ  սարսափ ֆիլմերին  գերազանցող տեսարաններն անպակաս էին՝ թշնամու հրետանու հարվածներից, ռումբերի պայթյունից: Ո՞ւմ են  հետաքրքիր  սովից ու ցրտից, օրավուր  ահագնացող տագնապներից  դաժանորեն շրջադարձվող  մեր ապրած տարիները: Թանկ  ու անդառնալի են մեր կորուստները: Սևազգեստ կանանց, որբերի ու սգավորների  մոլորակ էր  դարձել  Արցախը: Բայց ոչ՝ թևաթափ, այլ՝ արյան գնով ձեռք  բերած  հաղթանակով ապրելու, իր  հողն ամուր  պահելու  անսասան կամքով: Բայց այս ամենը ո՞ւմ է հետաքրքիր, սիրտ փոթոթող մանրամասներն անգամ ինքներս չենք ուզում վերհիշել: Բայց դրանցից  յուրաքանչյուրում մի նվիրական  նշխար  կա՝ մեզ ապրեցնող ու  մարդկային մեր կերպարանքը պահող: Ամենադժնի  ժամանակներում անգամ միմյանց կարողանում էինք սատարել, օգնության ձեռք  մեկնել՝ ապագայի հույսով:

Առաջին պատերազմից հետո ասում էինք՝ բազում զրկանքների արդյունքում ազատվեցինք թուրքից, մաքրեցինք մեր մի բուռ  դարձած Արցախը: Միացանք Մայր հայրենիքին: Ու նաև  ասում էինք, որ  այլևս ոչ  մի  պատերազմի  զրկանքների ուժ  չենք ունենա դիմանալ:

Չգիտեինք, որ դեռ պիտի գային 2016, 2020, 2023 արյունոտ թվականները: Չգիտեինք, որ առաջին պատերազմի որբերը պիտի հասակ առնեին՝ հայրերի  փոխարեն մարտի նետվելու համար: Չգիտեինք, որ նորից ու  նորից պիտի  տառապեինք՝ ցմրուր, միայն թե՝ մնայինք մեր Արցախում: Եվ որ ամենասարսափելին է, չգիտեինք, որ ազատագրական  պայքարի, կենաց – մահու մաքառման  երեք տասնամյակը հատելուց հետո կկորցնենք  ամեն ինչ:

…Փախստական  արցախցիներիս  հասցեին ինչ  ասես, որ չենք լսում: Շատ շատերն են գիտակցում արցախակորստի  հրեշավորությունն ու ճակատագրականը՝ Մայր  հայրենիքի անվտանգության համար: Հաճախակի ենք լսում՝ շնորհակալ եղեք, որ փրկվել եք: Եթե փրկվել ենք, ապա ինչո՞ւ  է մեր  հացն այսքան  դառը…

Արցախի  կարոտը… մինչև  երկինք հասնող ու  ոչնչով չամոքվող  մեր  կարոտը միայն կարող  է ուժ առնել և տունդարձի ճամփա  բացել…