Նվիրվում է Հովհ. Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին
Հովհաննես Թումանյանը 100-տարի առաջ՝ 1923 թ. մարտին, Մոսկվայի հիվանդանոցում՝ մահվան անկողնում բժիշկ Վասիլի Գազովին հարցնում է. «Что такое человек»։ Բժիշկը, պատասխանում է՝ «Ничего»։ Բանաստեղծը հակադարձում է. «Человек – это все…»։ Քաղցկեղի ցավերից տառապող մահամերձ բանաստեղծը վերահաստատում է մարդու մասին իր պատկերացումները. նա մեծ հումանիստ էր, և նրա համար մարդը բարձրագույն արժեք էր։ «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լիներ համեմատել Մարդ կոչումի հետ… Մարդկային կյանքում մարդն է ամեն բան, և ամեն գործ ու գործունեություն բխում է նրանից։ Նա աղբյուրն է»։ Սակայն «Մարդն ամեն ինչ է…» ասելով՝ բանաստեղծը նկատի ուներ ոչ միայն «անարատ մարդուն»՝ կատարելությանը, որն անիրական է, և որին միայն ձգտել կարելի էր, այլև վատին, հանցագործին, դավաճանին, «գազան-մարդուն», որոնցից բխում էր միայն չարիք (Չարն էլ է միշտ ապրում անմեռ), և որոնց դեմ բանաստեղծը պայքար է մղել ամբողջ կյանքում, պայքարել է որպես գրող, որպես հայագետ, որպես շարքային զինվոր, որպես մշակույթի ու ազգային գործիչ, որպես Հայկական հարցն աշխարհին ներկայացնող քաջարի մարտիկ, որպես պատգամախոս, որի դասերն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ են մեր ժողովրդին։
Թուրքն ու թրքությունը
100-125 տարի առաջ մեր ժողովուրդն անցնում էր նույն արհավիրքների միջով, ինչ այսօր։ Նույն դարավոր թշնամին էր, նույն կործանարար ձեռագիրը։ Այո՛, Թումանյանը խաղաղասեր էր, մեծ հումանիստ, նույնիսկ ցեղասպան մի ամբողջ ազգից երախտագիտության զգացումով էր առանձնացնում այն թուրքերին, ովքեր հայերի կյանք էին փրկել, սակայն նա հրաշալի գիտեր, որ պատերազմներ միշտ են լինելու ոչ միայն հայի և թուրքի, այլև բոլոր ազգերի միջև, որ «Հաշտ ու խաղաղ մարդկությունը» միայն պատրանք ու երազ է (Լիներ հեռու մի անկյուն…), որ երբևէ «Չի լինելու ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր»։ Այսօր քաղաքական որոշ շրջանակներ Թումանյանին մեղադրում են սպիտակ դրոշ պարզելու համար, ոմանք էլ բանաստեղծին արժանացնում են թուրքերի հետ «եղբայր» լինելու «պատվին», նրա «սպիտակ դրոշը» դրոշակ դարձնում՝ արդարացնելու այն, ինչ կատարվում է այսօր։ Կամ դա միտում է՝ Թումանյանի անառարկելի հեղինակությամբ արդարացնելու իրենց «թուրքական կողմնորոշումը», «հայրենիքի հանձնումը», կամ բխում է չիմացությունից։ Թուրքի բարբարոս էությանը բանաստեղծն առերեսվել էր անձամբ դեռ 1905-06 թթ. դուրս գալով նրանց դեմ՝ պարզելով ոչ թե ու ոչ այնքան սպիտակ դրոշ, որքան՝ կարմիր։ Վերջերս շատ քաղաքագետներ և պարզապես վերլուծաբաններ, համոզելու համար, որ չի կարելի հանձնել հայրենիքի մի մասը՝ հուսալով, որ թշնամին դրանով բավարարվելու է, հիշում են «Չարի վերջի» հիմար կկվին և հարցնում. «Ուր է մեր ագռավը»։ Սպիտակ դրոշը Թումանյանի ձեռքերում չէր կարող հանձնվելու ու զիջելու խորհուրդ ունենալ։ Նրա ազնվական տոհմի, ապուպապերի անունը ահ ու սարսափ է ներշնչել հարևան թուրքերին։ Այդ մասին ստեղծվել են բազմաթիվ լեգենդներ, իսկ Խաչատուր Աբովյանն իր «Վերքում» Լոռու ձորերի Աստված Հովակիմին (բանաստեղծի պապի՝ Հովհաննեսի հայրը) ներկայացնում է էպոսի դյուցազուններին բնորոշ գծերով։ Անգամ նրա ձայնը լսելիս «հարյուր թուրքի լեղին ջուր կկտրեր»։ Իսկ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։
Բանաստեղծն ամենևին էլ միամիտ չէր. նա հասկանում էր, որ եթե թույլ ես ու անզեն, ապա ո՛չ խաղաղություն կլինի, ո՛չ հաշտություն։ Բազմաթիվ աղբյուրներ հերքում են միայն սպիտակ դրոշ տանելու 70-ամյա քարոզչական թեզը։ Նույն գաղափարն առկա է նաև գրողի գեղարվեստական երկերում. «Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն… նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք» («Քաջերի կյանքից»)։ Բանաստեղծին իր պապերն էին սովորեցրել, որ թուրք հարևան ունեցողը պետք է քնի «թուր թվանքը բարձի տակին», և նույնիսկ գերեզման մտնի «թուր թվանքով», որ քարն էլ իմանա՝ «ով ա իրան տակին թաղած»։ Այս իրողության վկան և արձանագրողը դարձյալ Խ. Աբովյանն է։ Թումանյանը «թուր ու թվանքով» է գնացել այն օրերին Կովկասի թաթարների դեմ։ Նա հրաշալի էր ճանաչում մեր դարավոր թշնամուն՝ թուրքին, և երազում էր, որ մի օր «երանի իրենք ազատվեն թրքությունից ու աշխարհներ ավերելու սովորությունից»։ Լավ գիտեր թուրքի բնավորությունը. «Թուրքերը… հանգիստ չեն թողնում գողություններով... և հակված են ավազակության»։ Մյուս կողմից ընդգծում էր, որ թուրքը միայն արժանի հակահարվածը ստանալուց հետո է նահանջում. «Գազան թուրքերը կատու են դառնում Լոռու ձորերով անցնելիս», որովհետև այնտեղ անպակաս են եղել հայ իգիթներն»։
Բանաստեղծը տարբեր առիթներով անդրադարձել էր թուրքերին ու Թուրքիային՝ նկատելով, որ «Արևելքը երբեք չի ունեցել էսքան վայրենի, էսքան անկուլտուր ու անարժան մի ներկայացուցչություն…. Թուրքական գերիշխանությունից հետո Արևելքը և խավարն ու բարբարոսությունը դարձան հոմանիշ հասկացողություններ»։ Անիում տեսնելով հուշարձանների վրա թուրքական բարբարոսության հետքերը՝ դրանց հեղինակներին անվանում է «անբան-անասուններ»։ Բացի կործանարար էությունից, Թումանյանն ընդգծում է թուրքի քաղաքակրթական մակարդակը, ստեղծագործելու անընդունակ լինելն ու այլ ազգերից մշակութային թալանը. «Նա ոչ միայն չստեղծագործեց ու ոչ մի հանճարեղ բան չտվեց աշխարհքին, այլև դրսից չընդունեց ոչինչ և չմշակեց։ Միշտ մնաց սուրը ձեռքին ավերող։ Եվ եթե արգելենք նրան իսլամ ընդհանուր անվան տակ զարդարվելու պարսիկ, արաբ կամ հնդիկ հանճարների անուններով, կմնա մեջտեղը կանգնած, իր նորմանդական մերկությամբ՝ ձեռքին միշտ արյունոտ սուրը»։
Ազգային բյուրոյի նիստում լսելով ականատեսի պատմությունը այն մասին, թե ինչպես են երեխային մորթել, արյունը լցրել բաժակի մեջ ու տվել մորը, որ նա խմի սուլթանի կենացը՝ Թումանյանը պարզապես հիվանդանում է. մի քանի օր անց ծնվում է «Դժոխքի հանդեպ» բանաստեղծությունը։ Այստեղ թուրքը ներկայանում է որպես մարդկության ամոթ (Սարսափի պիտի աշխարհ բովանդակ// Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,//Որ մարդ է ծընվել մարդու նըմանից)։ Հայ ժողովուրդը բազում արտաքին թշնամիներ է ունեցել, բայց նրանցից ոչ մեկը չի դարձել այնպիսի համազգային ողբերգության հեղինակ, ինչպես թուրքը, և ոչ մի բանաստեղծ այնպես չի նետվել հայոց վշտի օվկանի մեջ, այնպես չի զոհաբերվել աղետյալ գաղթականության ու որբաշխարհի հոգսերը թեթևացնելու և բազում այլ համազգային նշանակության գործեր իրականացնելու համար, ինչպես Թումանյանը։ 1905-06 թթ. ազգամիջյան ընդհարումների պահին նա ձևավորել էր հեծյալ զինված խմբեր և ոչ միայն սպիտակ, այլև կարմիր դրոշով էր գնում թուրքի դեմ, զենքին տիրապետելու մրցույթներ էր անցկացնում, ինքն էլ հրաշալի հրացանաձիգ էր։ Նույն շրջանում նրան, Խրիմյան Հայրիկի օժանդակությամբ, հաջողվել է ռուսական զորքը՝ Ալեքսանդրապոլի «Սևերսկի գունդը», օգտագործել հայության ինքնապաշտպանության նպատակով։ Անդրկովկասի ռազմական մինիստր (Վրաստանի ներքին գործերի նախարար ) Նոյ Ռամիշվիլու թիվ 5227 հանձնարարականով 1918 թ. մարտի 20-ին Թումանյանի տրամադրության տակ է դրվում 50 անձից կազմված զորամաս՝ թուրքերի դեմ կռվելու։ «Ուզում ես ճչալ. Ո՞ւր եք դուք, ժողովրդի բարեկամներ, սոցիալիստներ և ոչ սոցիալիստներ ամեն տեսակի և կուսակցության»,- վրդովվում էր Թումանյանը, զենք էր բաժանում Ղարաքիլիսայում ու լինելով Հայթուրքական բյուրոյի (նպատակը հաշտեցումն էր) փոխնախագահ՝ 1918 թ. մայիսի 16-ին հայ ժողովրդին զինված պայքարի կոչ էր անում. «Ամեն տեղից ձեզ է նայում հայ ազգի աչքը… Հավաքվեցե՛ք մեր մութ անտառների նման, կանգնեցե՛ք անսասան մեր սարերի նման, կրա՛կ թափեցեք և զարկեցե՛ք մեր սարերի կայծակների նման… Թող թշնամին էլ տեսնի, աշխարհքն էլ… Սպասում եմ ձեզ»։ Մյուս կողմից նա դիմում է Չխենկելիին՝ զինված օգնություն ստանալու ակնկալիքով։ Զենքի դիմելով էր արտաքին դաշնակից որոնում, դիմում Ս. Գորոդեցկուն, ակնկալում Ռուսաստանի վերադարձը։ Նրան հակադարձում էին, թե Ռուսաստանը վատն է և ամեն ինչ իր շահի համար է անում։ Թումանյանը պատասխանում էր. «Ուրախացիր, որ նրա շահը համընկնում է քոնի հետ»։
ԱրԵՎմտյան
կողմնորոշման մասին
Պատմությունը ցույց տվեց, որ Թումանյանն իրավացի էր, երբ արտաքին կողմնորոշումը պայմանավորում էր «Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը» ժողովրդական իմաստությամբ։ Նույն վերնագիրն ունեցող հոդվածում բանաստեղծը գրում է. «Ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում…»։ Թումանյանը մեղադրում էր նրանց, ովքեր հույսը դնում են արևմուտքի վրա, հիշեցնում էր պամության փորձը. «Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։ Նրանք պետք է մեզ ստիպեին, որ լինեինք ավելի զգույշ, զգաստ, շրջահայաց ու իմաստուն»։ Նրանց, ովքեր արևմուտքում էին փրկություն որոնում, բանաստեղծն ասում էր. «Գոնե հիշեին, թե դեռ իրենց նախորդ մտավորականները գնացել են էդ հեռու բարեկամների դռները, որոնք միշտ ամենատագնապալի մոմենտներին մի պատասխան են տվել, թե չենք կարող ձեզ օգնել… Հին ժամանակներից սկսած մինչև Կարաբեքիրի հարձակման առիթով դաշնակից պետությունների պատասխանը, թե չենք կարող ձեզ օգնել»։ Թումանյանը խորհուրդ էր տալիս՝ չխանդավառվել Գլադստոնի «կրակոտ ճառով», մի քանի ֆրանսիացիների «կամ այլ եվրոպացիների համակրական ֆրազներով»։ Հետագայում Պ. Սևակը կասի. «Ոչ Գլադստոնը, ոչ Վիլսոնը չխանգարեցին»։ Թումանյանն ինքն այդ եզրակացությանը եկել էր եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումների ընթացքում, անձամբ էր նրանց առջև բարձրացրել Հայկական հարցը և ստացել պատասխան, որ չե՛ն օգնելու, և տեսել էր, թե ինչպես նրանք ամեն անգամ հիշատակում են Անդրանիկի անունը և խնդրում օգնել, որ նա չխանգարի «խաղաղության» հաստատմանը։ Բաթումի պայմանագիրը կնքելիս դրա համաձայնությունը տվել էին նույնիսկ ՀՀ ներկայացուցիչները մեր դարավոր թշնամուն, որը միշտ պահանջում է հայ հերոսների ու հայրենասեր գործիչների մեկուսացումն ու պսակազերծումը։ Մինչդեռ Թումանյանը տարբեր ազգերի դիվանագիտական ներկայացուցիչների՝ և՛ գերմանական պատվիրակության նախագահ, գեներալ Ֆոն Կրեսի, և՛ ավստրիացի Գ. Ֆրանկելշտեյնի, և՛ անգլիացի հյուպատոսի, և՛ ֆրանսիացի հյուպատոս Դյուռուայի, և՛ Հունաստանի դեսպանի ու այլոց հետ հանդիպումներում համարձակորեն պաշտպանում էր զորավար Անդրանիկին և թուրքերի վարքագծով ու քաղաքականությամբ հիմնավորում Անդրանիկի ու հայ ժողովրդի զինված լինելու, այսինքն՝ ինքնապաշտպանության իրավունքը։
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՎՐՈՊԱՆ
Առաջին աշխարհամարտի տարիներին Թումանյանն իր զայրույթի ձայնը բարձրացրեց «քաղաքակիրթ» Եվրոպայի դեմ, հավասարության նշան դրեց վայրագությունների ընդունակ եվրոպացու և ողջ աշխարհին իբրև բարբարոս հայտնի թուրքի միջև։ «Ներեցեք մեզ, ո՜վ քրդեր, ո՜վ թուրքեր,- հեգնում է բանաստեղծը,- որ 1878 թվականին մենք գնացինք Բեռլին ու գանգատվեցինք ձեր կատարած կողոպուտների, բռնաբարումների, սպանությունների, հրդեհների ու ավերումների դեմ՝ ձեզ անվանելով բարբարոսներ ու գազաններ, իսկ նրանց՝ մարդասեր դատավորներ։
Սակայն էսօր… գերմանացու ձեռքով գնդակահար եղած գյուղացիների վերջին գալարումների հետ…, աչքերը հանած, լեզուները կտրատած մարդկանց կսկիծների ու անեծքների հետ, Լուվենի գրադարանի հրդեհի կարմիր լույսի տակ, Ռայմսի տաճարի ավերման դղրդյունի մեջ ստիպված ենք սրտի բեկումով խոստովանելու մեր միամտությունը և ձեզանից ներողություն խնդրելու էն խտրության համար, որ դրել ենք ձեր ու քաղաքակիրթ մարդու մեջ»։ Այս խոսքերը Թումանյանը գրել է 1914 թ. սեպտեմբերին, երբ Թուրքիան նույնիսկ դեռ պատերազմի մեջ չէր մտել։ Վիթխարի էր գրողի հիասթափությունը «քաղաքակիրթ» Եվրոպայից, որն իրեն ավելի վատ էր պահում, քանի գազանը։ «Թերևս ազնիվ կլիներ ներողություն խնդրել և գազաններից, որ մարդկային էս բոլոր վայրագություններն անվանել ենք «գազանություն», և գուցե շատ իմաստուն ու տեղին կլիներ էս ամենի դեմ գնալ գանգատվելու նույնիսկ էն շներին, որ անընդունակ են էս տեսակ արարքների»։ Բանաստեղծի համար եվրոպական լուսավորության մեջ այլևս «ոչ աստվածային շունչն է տիրում, ոչ մարդկային խղճմտանքն է թագավորում», քանզի եվրոպացիների համար «Մոսուլի նավթն» ավելին արժեր, քան մարդկային կյանքերը։ «Ինքնամոլությունից հարբած» Գերմանիան նույնիսկ բարեկեցիկ Բելգիայի բնակիչներին դարձրել է «Մուշի հայ գաղթականներ»։ 1918 թ. մայիսի վերջին՝ Ղարաքիլիսայի անկումից հետո, Սանահինի կայարանում բանաստեղծը խնդրում է գերմանացի սպայից տրամադրել գեթ մի վագոն՝ երեխաներին ու կանանց Թիֆլիս տեղափոխելու համար, մերժվում է. «գերմանա-թուրքական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս» որևէ փոխադրամիջոց հատկացնել հայ երեխաներին։ Բանաստեղծն հենց այդ պահին արձանագրում է. «Քաղաքակիրթ բարբարոսները շատ ավելի վտանգավոր են»։
Թումանյանը քաջ գիտեր, որ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», բայց հուսահատություն չէր սերմանում՝ հիշեցնելով, որ «միշտ ուժեղից ուժեղը կա»։ Նա հաղթության զլխավոր գործոն համարում էր ինչպես զենքն ու զորքը, այնպես էլ կռվողների հոգևոր ուժը. «Մի ուժ կա, որ տկարին դարձնում է հզոր, և հաղթություններ է ապահովում ու սխրալի գործեր։ Դա ժողովուրդների ոգևորությունն է»։
Մահվան օրը՝ 100 տարի առաջ, մարտի 23-ին, Թումանյանը արտաբերեց իր կյանքի վերջին նախադասությունը՝ «Ղոչա՛ղ կացեք»։ Չվհատվելու, «Ղոչաղ լինելու» թումանյանական պատգամը, նրա «Էսպես չի մնա» իմաստությունը այսօր էլ արդիական է և ուսանելի։ Ինչպես կասեր Պ. Սևակը. «Չսովորել Թումանյանից՝ նույնն է, թե ինքնասպանություն գործել»։
Այնուամենայնիվ, ինքը՝ Ամենայն հայոցը, կասկածի տակ է դնում աշխարհի մեծ հումանիստների խոսքի ազդեցությունը մարդկության վրա. «Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ»։ Առայժմ այդպիսի մի «շքեղ զարդարանք է» մեզ համար Թումանյանը՝ Մեծ իմաստունը, ամենահայն ու Ամենայն հայոց բանաստեղծը։