Բայց պիտի գրեմ մեծը առավել,
Որպեսզի պատմվի և ապագայում:
Մատյան ողբերգության Բան ԼԵ, Ա 218
2025 թվականի տարեմուտի օրերին լույս է տեսել Հակոբ Հարությունի «Է վանքի կոչնակը» գիրքը, որն աներկբա, ինքնամեկնումի տրամաբանությամբ հաստատուն ու աներկչոտ շարունակում է 2014 թվականին հրատարակած «Կապույտ հազ» գրքի ոգեղենության ընթացքը: Ակամայից հիշեցի, որ Ռոզա Հովհաննիսյանը, անդրադառնալով «Կապույտ հազ» գրքին, իրեն հատուկ դիպուկ բնորոշմամբ նկատել է, որ վեպի գլխավոր հերոսը հայի ոգին է: Այդ ոգին է, որ դադար չունի և միշտ արթուն է պահում ազգային լինելիության գենը, ինչը բնականորեն և գեղարվեստորեն հարստացած յուր դրսևորումն է գտել «Է վանքի կոչնակը» գրքում իբրև անհատի և հասարակության փոխհարաբերությամբ ամբողջացած կյանք, որը լույսի փորձություն է. «Գիրը հոգու լուսնահետքն է: Նրա պեծկլտանքի մեջ է աշխարհի կենսաիմաստասիրությունը, որ մարդու դեգերումներն է անհայտից անվերջ, ուր գենի ինքնապահպանման դիմադրությունը՝ կյանքը, արժևորվում է ժամանակով»: «Է վանքի կոչնակը» գիրքը «նսեմացած գենի վերահաստատման հոգեգիր է», անպաճույճ շարադրված եղելությունների վավերացումներ, ասել է թե՝ այն իրականության մասին է ողջ էությամբ ու նկարագրով` սկսած կենցաղայինից ու առօրեականից, վերջացրած հոգևորով ու մտավորով, անշուշտ, նաև՝ երազայինով: «Կապույտ հազի»-ի վերջնամասում մի պատկեր կա. «Նստած եմ մայթին: Ակունքներիս էի գնում, հասա մանկությանս, դադար առա»: «Է վանքի կոչնակը» շարժում է այդ դադարը և մեկ անգամ ևս ավետիս է տալիս, որ անսկիզբ ու անվերջ է արյան խորհուրդը իբրև աշխարհը պահող լույս:
Կարծում եմ՝ գիրքը չի վրիպի գրականագետների աչքից, իսկ մինչ այդ շատ սեղմ փորձեմ ներկայացնել գրքի մի քանի հատկանիշներ:
Գիրքը ժանրային սահմանափակումներից դուրս: Սլավի-Ավիկ Հարությունյանը «Արվեստի նշանագիտական սահմանները» աշխատությունում գրում է. «Եթե հարցին մոտենանք մշակութաբանական տեսանկյունից, ապա ժանրի խնդիրը արվեստի, և արվեստում սահմանների՝ սահմաններ դնելու և սահմաններով զատվելու խնդրի մասնավոր դրսևորումն է»: Հակոբ Հարությունի ստեղծագործությունը, որը մասնավորի ու ընդհանրականի ամբողջություն է, կառուցիկ ու տրամաբանված է և բովանդակությամբ ձևաչափված, բայց միաժամանակ ոչ մի ձևով սահմանափակված չէ: Ի վերջո, չի կարելի մոռանալ, որ գիրը մարդն է ստեղծում և ժանրերի հիմնավորումը մարդու նաև բնույթի մեջ է. «…մարդը իրեն դրսևորում է գործողություններում, արարքներում՝ մասնակցելով այս կամ այն իրադարձությանը, կամ ընդունում է կյանքը՝ ոչ թե արարքներ գործելով, այլ` ապրելով իր կյանքը որոշող իրավիճակը» (Լ. Տիմոֆեև): «Է վանքի կոչնակը» գրքում կենսաիմաստասիրության ծիրում կենսապատումի ավիշով համադրված և միմյանց սահուն ագուցված են հրապարակախոսությունն ու հուշագրությունը, էսսեն ու գրականագիտությունը, փաստավավերագրությունն ու պատմվածքը, որոնք իրար հաջորդում են «պատումը պատումի մեջ» տրամաբանությամբ, որն ապահովում է ասելիքը գրքի ինտերտեքստի դինամիկ շարժային խաղով. «Այսպես էլ ապրում ենք՝ տրված գոյաբանական խաղին, որը մեկ սահմանային հայելախաղ է, մեկ՝ փողոցով երթախաղ, մեկ՝ հիշողության կորստախաղ, մեկ էլ՝ պահմտոցի անմեղ-մեղավորի, ու այսպես շարունակ, անվերջ խաղեր, խաղեր տալն է դարձել քմայքը հայկական ժամանակի»:
«Է վանքի կոչնակը» գրքի տեքստին բնորոշ է բանաստեղծականությունը: Հակոբ Հարությունը բանաստեղծ է, և բանաստեղծական լեզվամտածողությունը ինքնաբերաբար փոխանցվել է նրա արձակին, ինչը ասելիքին հաղորդել է զգայական և հուզական պոտենցիալ էներգիա և նպաստել «Է վանքի կոչնակը» գիրքը շնչավորելու քնարաէպիկականությամբ: Մեկ-երկու մեջբերումը թերևս ավելի դիպուկ ու ցայտուն կարտահայտեն հեղինակի բանաստեղծական արձակը: Ահավասիկ. «Ժամանակից մի կողմ եմ քաշվում, որ կողքից նայելով վիճակիս՝ հասկանամ ի վերջո ես–իս գոյությունը: Լսում եմ պատուհանի շշնջոցը: «Բոլորն իմ մեջ են, բայց ինձնից այնքա՛ն հեռու»: Խաղաղվում եմ, մնում ես ու ես: Ի՜նչ լավ է, կարող եմ հանգիստ երազել, երազել ու… սիրել… Սիրում եմ աշխարհիս անցյալի խուտուտը՝ երակներովս հոսող, սիրում եմ սրտիս տրոփյունը՝ կյանքի իմաստն ավետող, սիրում եմ թռիչքը, որ վերադարձ ունի, հակառակ դեպքում` ի՞նչ բան է ՝ անհայտությո՞ւն, մոռացո՞ւմ… գուցե անե՞ծք՝ երբևէ նորից հող չդառնալու…
Իրականության մեջ են թռիչքի ու վայրէջքի խենթություններս, որոնք աչքերը երկնքին պահած անուրջիս հավիտենական ծիծաղ – թևաբախումներն են: Ծիծաղս խնդուներես թախիծն է հիշողության, որ լուսախոսքի նման բարբառում է. «Բարին քո բացած ակոսում է ծիլ տալիս, ամո՜լ եզ ջան»: Այնինչ ինձ թվացել է՝ հասկացել եմ իմաստությանը, որ ոչինչն է, և ուրախացել վերջապես, որ ոչինչն եմ վայելում՝ ինքս ինձ դատարկելով»: Կամ այս բանաստեղծական կտորը. «Համոզված եմ՝ Միկրոյի դաշտերի ամենամեծ հմայքը քարքարոտ բլրակներին հանդիպող թափանցիկ-թափանցիկ, մեղմ կապտականաչավուն երանգով, արծաթաթավիշ թոփուզն է՝ փշե- ձիգ հպարտությամբ, գնդաձև, ասեղաճառագ, միաժամանակ փափուկ, երկինք պարզած գլխով, որ պերճանքի խորհուրդն է բյուրեղացրել իր մեջ՝ հորդորելով ինձ ամենուր փնտրեմ ԹՈՓՈՒԶ գեղեցկուհուն։ Մեկ անգամ իրիկնաժամին, երբ ափերս առանցքող կյանքի գծերը փաթաթվել էին նրան ու ասեղնաբուժում էին ապրումի խոհս, լսել եմ նրա իմաստուն շշնջոցը քամուն. «Լավ կնոջ փուշը փափուկ է, միջուկը՝ քաղցր»:
Գրախոսականի ձևաչափից ելնելով՝ բավարարվենք այս մեջբերումներով, որոնք հստակ բացահայտում են Հակոբ Հարությունի արձակի մտազգայական վերձիգությունը:
Ընդհանրակականը համատեքստ: «Է վանքի կոչնակը» գիրքն ունի կառույցային ողնաշար, որը հենված է ընդհանրական համատեքստին: Գրքի ոչ մի պատում դեկորատիվ նկարագրական բնույթ չունի և բոլորովին պատահականորեն չեն հայտնվել տեքստի համապատասխան տեղում և պատմության ժամանակահատվածում, քանի որ դրանք են գրքի գրական կառույցի անհրաժեշտ դետալները, որոնցից յուրաքանչյուրը մի աշխարհ է բերում՝ գրքի ասելիքը հարստացնող: Ահա ինչու առաջին հայացքից այդքան նեղանձնական խոսքը այդքան անանձնական է ընկալվում գրքում, տրամաբանության ծիրում էլ անհատականը դառնում ընդհանրական, ուր գերադիր են համամարդկային չափանիշները: «Սթափվեցի, երբ դիմացս մարդ տեսա: Բարևից ու մի երկու բառ փոխանակելուց պարզվեց, որ եկեղեցու պահակն է՝ Ռոբերտը: Սկզբում կարծեցի՝ միամիտ մարդ է, բայց ընթացքում խոսքիս մեջ մի բան չհավանելով՝ վրա տվեց.
– Խելքիդ տեր կանգնի, էս աշխարհը յոթ երես ունի:
– Չհասկացա, մա՞րդը, թե՞ աշխարհը:
– Խեղճ մարդն ի՞նչ անի, էս աշխարհն է յոթ երեսով,- ձախ աչքը կկոցելով և աջ աչքով գլխարկի տակից սևեռուն նայելով՝ ինքնավստահ ասաց նա»:
Մեջբերեմ մորս կարճ խոսքերից մեկը, անշուշտ, որպեսզի ասելիքս բովանդակեմ ևս մեկ նպատակաշեշտ օրինակով. «Արտասահմանում չորս զավակ ունեցա, մեկ օր գլխի ցավ չունեցա, Հայաստանիս մեջ գլխուս ցավեն ազատում չունիմ»:
Վավերագրության տրոփող քրոնոտոպը: Հակոբ Հարությունի քրոնոտոպի նուրբ զգացողությունն է, որ եղելությունների վավերագրումը` որպես պատումներ, նրանց շնորհել է գեղարվեստի որոշակի մակարդակ` հստակ զատելով լրագրությունից և, այսպես ասած, դեպքերի լոկ շարադրանքից, ինչի արդյունքում կայացել է հեղինակի գեղարվեստական գիրը. «1965 թվականի դեկտեմբերի 15-ն էր: Տակառի պես ուռուցիկ, ցուրտ, մեկդռնանի ավտոբուսի սառցակալած ապակիների միջից նշմարվում էր աչքերիս համար անսովոր ճերմակություն… Ամենուր ճերմակ, ճերմակ, ճերմակ ձյուն…
Մայրս՝ վախվորած աչքերով ու ձեռքերում «բուխանկա» հաց, ես՝ անոթի: «Բուխանկայից» մի կտոր կտրեց դժվարությամբ, պարզեց ինձ: Կիսաեփ էր, ծամելուց կպավ ատամներիս ու կուլ չգնաց:
Այսքանն եմ հիշում հրազդանյան առաջին օրից, երբ հայրենադարձների խմբի հետ մեր Ղասաբյանների ընտանիքը հասավ Հրազդան և տեղավորվեց Միկրոշրջանում»: Ժամանակի և տարածության գեղարվեստական ընկալումը այս փոքրիկ (պատահականորեն վերցված) հատվածում, չոր տարեթիվն ու իրականությունը վերածելն է գեղարվեստական պատկերի, գեղարվեստի արժեքի: Բերեմ մի ուրիշ օրինակ ևս, որը նույնպես խիտ զգայականով, մեջդ տարբեր զուգորդումներ ծնող պատկեր է. «Հրազդանում Ամանորի տոնածառի տակ դեղնամոխրագույն մեծ շուն էր կապած, ժողովուրդը նրա անունը Ձմեռ պապ էր կնքել, ա՛յ, հենց այս շունն է տեսիլվում ինձ որպես մանկությանս Ձմեռ պապ: Սովետ, սովե՜տ… դու անցար-գնացիր, ես կամ, բայց արի տես՝ իրականում դու կաս, ես չկամ, ու երբ սկսում եմ որոնել ինձ, գտնում եմ քո դժնդակ զնդանը չափչփելիս, որտեղ Միկրո կա, տոնածառ կա, հոկտեմբերիկ ու պիոներ, կոմսոմոլ ու կոմունիստ, ամեն ինչ կա, անգամ հնէաբան դառնալու երազանքս և «փափախ» կոչվող գողության ձևը, որի համար քեզ ոչ ոք չի մեղադրում, ու արարքդ տուն պահող ճարպկություն է համարվում, որ կարծես Հայաստանում հավերժ է ու «օրհնյալ»:
Վերջնախոսք: Հակոբ Հարությունի «Է վանքի կոչնակը» գիրքը անկասկած փնտրողը կունենա, քանի որ այն կյանքից է գալիս ու կյանքի մասին է, պատմությունից է գալիս ու պատմության մասին է, մարդկանցից է գալիս ու մարդու մասին է: Գրքի ամենակարևոր հատկանիշը նաև այն է, որ հեղինակը ոչինչ չի հորինում՝ հարազատ մնալով եղելությունների ճշմարտություններին, թեկուզ նա խոստովանում է, որ ունի անսպառ երևակայություն. «Գնաց, հեռացավ աշխարհից ախպար Հարութը, սակայն անիմանալի ձևով ինձ՝ իր որդի ախպար Հակոբին, փոխանցեց երևակայությամբ աշխարհը գրկելու իր ունակությունը, որ մտմտամ ու կարողանամ տանել ժամանակի և տարածության մեջ կյանքի վերուվարը՝ իրականի ու անիրականի կոտորակում, որի համարիչն ու հայտարարը բնազանցությամբ իրար հետ հաճախ տեղերով փոխվում են»:
Կարծում եմ՝ կոչնակ-գրողի գրի ընթացքը տևական ու անկախ է, քանի որ հեղինակը գրում է. «Վհատված չեմ, ուղղակի տարիների ծանրությամբ թեթևատես եմ դարձել այնքան, որ կարծում եմ՝ ինձնից հեռացողները ավելի ճիշտ են, քան ինձ մոտեցողները: Առերևույթ թվում է՝ նույն սնամեջ անոթն եմ, արարումը ինչպես գալիս, այդպես էլ անցնում է միջովս՝ չսպասված քամու պես, գիշերները՝ իբրև լուսնահաչ, ցերեկները՝ հանիրավի, արձակված ձայն, կույրի ձեռնափայտի պես այս ու այն կողմ խփվող և միշտ վերաչափագրվող աշխարհի բարոյականության մեջ»:
Հարկավ, այս գիրքն ուսումնասիրելու ու նրա մեջ խորանալու ընդարձակ տարածք ունի: Ընդունենք իսկությունը, որ «Է վանքի կոչնակը» գիրքը արդեն իրողություն է, կա, սկսել է ապրել իր ինքնուրույն կյանքը, մաղթում ենք նրան կարդացվող գիրք լինելու բարեբախտություն:
Հ.Գ. «Վարագույրը մի կողմ քաշեցի: Կավե ծաղկամանի մեջ ձիթենու շիվ է, որի կոնքից մի ճյուղ՝ մանր տերևներով, վերընձյուղվել է: Աչքերս արագ-արագ թարթում եմ ու փակում: Այդպես եմ անում, երբ հարկ է լինում սթափվել: Չէ՜, իրականություն է, առջևումս ավետաբեր ձիթենու շիվն է, տղաս՝ Ավետիսը, իր առաջնեկի ծնունդին Մեղրիից բերել, դրել է պատուհանի գոգին, ու ինձ թվում է՝ ավանդապաշտ հայացքս է կանաչել կյանքիս շարունակականությանը, որ ասես Երուսաղեմում տեսածս անապատի արևախանձ չորությունից պոկված ձիթենիների միրաժասյուք կենսաշարժն ունի: Ձեռքս տանում եմ ձիթենուն այնպես, ինչպես արել եմ Ավետիսի անդրանիկ որդուն, երբ առաջին անգամ գիրկս եմ առել ու հասկացել, որ տոհմիս ջրհեղեղ անցած տապանը հայտնվել է պատմական Վարժնունիքի տարածքում՝ նորաշեն Հրազդանում, իսկ հիմա տիեզերքի խորությանը ժպտացող ձիթենու շիվը նաև մեղադրանքի խնկարկում է հիշողությանս մեջ սոսափող Գասապենց աղբյուրի տխրամած թզենու թախծե կարոտով, որ դեռ հնչում է ունկերումս՝ իբրև Չնքուշի Սուրբ Կարապետ եկեղեցում ասված վերջին աղոթք՝ Հայր մեր»:
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
