ԿԱՅԱՑՈՒՄ. «ԵՍ ԶԻՍ ԵՂԱՅ» / ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ  – 140

«Հարսեեր… աչքերնիդ լո՜յս»:

Հակոբ Մնձուրի

Ի տարբերություն սփյուռքահայ մի շարք հեղինակ­ների, որոնք հայոց մեծ կորուստը ջանացին ամոքել հոգևոր հայրենիքի և անցած-գնացած քաղցր հուշի գաղափարով, Մնձուրին այլ ելակետով մոտեցավ խնդրին որպես գոյ, որ­պես անանց իրականություն, որպես ապրող եզերք՝ վեր­ստեղծելով և շարունակելի դարձնելով այդ երկիրն ու նրա մարդկանց ֆիզիկական կյանքը: Եվ նրանք շարունակեցին ապրել՝ դառնալով «Կապոյտ լոյսի» Ցորնիկին Գիրգոր, Նուռ մամ կամ Շիրին, «Արմտանի» Վերիգեղի տեր-Պողոս, Շեխ կնիկ կամ Կոստան, «Կռունկ ուստի՞ կուգաս»-ի Տյուկե մամ, Վահան Սըլոյան կամ Ոսկեհան քեռի, նաև հենց ինքը՝ Մնձուրին՝ իր «Տեղեր ուր ես եղեր եմ» հուշ-կենսագրականով և հարյուրավոր այլ պատմվածքներով: Մի գրականություն, որ լեցուն է գրողի բառով՝ «հայրենաբաղձիկ» հույզերով և հեռուներից լսվող կանչ-արձագանքներով: Մնձուրու այդ գրականության մեջ պատկերվող կյանքն այնքան իրական ու կենդանի է, որ դուրս է ժայթքում բոլոր անկյուններից: Եվ, եթե կուզեք, այդ ոչ թե Մնձուրին է գրում նրանց մասին, այլ՝ այդ մարդիկ են հառնում ու հյուսում Մնձուրու պատմությու­նը, խոսում ու զրուցում նրա հետ:

Այդ ամենի խթանիչը իր ժողովրդին պատուհասած դառը ճակատագիրն էր, հայրենի երկրի նկատմամբ ունե­ցած անանց մորմոքը, գրականության հանդեպ փայփայած սերը, իր համերկրացիների ապրած օրերի նկատմամբ տա­ծած զգացումները, որոնք ամեն պահ հառնում էին նրա առջև որպես կենդանի իրականություն՝ իրենց բոլոր մանրա­մասնություններով:

Այդ երկրի ու այդ մարդկանց կյանքի անբաժանելի մասն էր կազմում պանդխտությունը: Հայ կյանքի այդ չարիքի վերաբերյալ Մնձուրին գրել է տար­բեր առիթներով (այդ մասին նա շատ է խոսում մանավանդ «Տեղեր ուր ես եղեր եմ» գրքում): Գրողի՝ այդ թեմայով գրված առաջին գործը 1920 թ. Կ. Պոլսի «Ոստան» հանդեսում տպա­գրած «Աւետիս»1 պատմվածքն է, որը նրա լավագույն ստեղծագործություններից մեկն է՝ գրված գեղարվեստական մեծ վարպետությամբ, և ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ այն հնչեց որպես յուրատեսակ ավետիս հայ ընթեր­ցողին, հեղինակի հաստատուն մուտքը դասական գրակա­նություն, և որտեղ հրաշալի են պատկերված 19-րդ դարա­վերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ գյուղի իրական կյանքը, պանդխտության հետևանք հայ ընտանիքի կացու­թյունը, իր պանդուխտին սպասող հայ կնոջ հույզերն ու ապրումները: Ընդամենը մի քանի էջից բաղկացած այս պատմվածքը հոգեբանական հուզիչ մի պատկեր-պատմություն է և այնքան գրավիչ, որ նրա մասին խոսելիս, ցանկու­թյան դեպքում անգամ, հնարավոր չէ շատ հեռանալ հեղի­նակային պատումի մանրամասներից, քանի որ հեղինա­կային շարադրանքը դրսևորում է այն էական գեղարվես­տական բարձր որակները, որ այդուհետ հատկանշական էին դառնալու Մնձուրու ստեղծագործությանը:

1970-ական թվականներին խոսելով Մնձուրու մասին՝ նրա «Սիլա» պատմվածքի վերաբերյալ Հրանտ Մաթնոսյանը իրավացիորեն գրել է. ««Սիլան» գլուխգործոց է: Այդ պատմվածքը պիտի կարդալ, վերաշարադրանքով պատկերացում չի տրվի:… «Սիլան» պիտի կարդալ ու դարձյալ կարդալ2:

Առանց վարանման կարելի է ասել, որ Մնձուրու «Աւե­տիս» պատմվածքը նույնպես «պիտի կարդալ»: Պատմված­քում Մնձուրին մարդկային թաքնաթաքուն ապրումների հարուստ ու ամբողջական աշխարհ է ներկայացնում, հայ կնոջ ու հայ ընտանիքի ճակատագրի որքան ընդհանրաց­ված, այնքան էլ առանձնահատուկ մի պատմություն:

Առհասարակ, մնձուրիական գրականությունն իր գե­րակշիռ մասով, այսպես ասած, նկարչական է, որտեղ մեծ տեղ են գրավում արմտանյան կյանքին ու կենցաղին բնորոշ իրադարձություններ, գյուղական առօրյայի աննշմարելի երևույթներ, բնաշխարհային գեղեցկություններ, մարդկային ճակատագրի, մտածումների և զգացողությունների գողտրիկ դրսևորումներ: Մնձուրին իր պատումի ընթացքը հաճախ է կառուցում հերոսների փոփոխական հոգեվիճակների, հոգե­բանական ապրումների վրա: Այս առումով էլ «Աւետիս» պատմվածքն ամբողջովին ընթանում է հերոսուհու՝ Սաթենիկի ներաշխարհում տեղի ունեցող հույզերի, զգացմունք­ների ու մտածումների հենքով:

Պատմվածքը պատկերում է պանդխտության հետ կապված իրողություն, և կարելի է ասել, որ այն գրողի հե­տագայում գրած «Սիլա» պատմվածքում շարադրված իրադարձությունների յուրովի նախապատմությունն է: «Սիլայում» Մնձուրին պատկերելու էր տուն ու տեղից տարիներով կտրված Սըլոյանի կյանքի ընթացքը Ստամբուլ կոչված մեծ քաղաքում և նրա իրական վերադարձը՝ «սիլա» կատարելը՝ տունդարձը հայրենի գյուղ, իր հարազատների ու ընտանիքի գիրկ:

«Աւետիսում» Մնձուրին գրում է «թիկունքի», այսինքն՝ գյուղում մնացածների մասին, մասնավորապես՝ երկու երե­խա և սկեսուր ունեցող մի կնոջ մասին, որի ամուսինը պան­դուխտ է այդ նույն Ստամբուլում3:

Գյուղական ամենօրյա ծանր աշխատանքը ծանրացած է Սաթենիկի վրա, որին ավելացած են երկու փոքրիկ երե­խաների ու ծեր սկեսրոջ խնամքն ու հոգսը. «Այդ օրը այ­գիները պիտի երթար նորեն: Այգիները փորելու ատենն էր»:

Թեև վաղ առավոտ է, սակայն Սաթենիկն արդեն «թե­րացել» է, ուշացել: Սկեսուրը վառել է օջախը, եկեղեցի գնա­ցել, իսկ ինքը. «Վա՜յ գլխուս,… ես պառկեր, քնացեր եմ»: Սա­թենիկն արագ հագնվում է, խաչակնքում, «Հայր մերը» ա­սում, ոչխարներն ու այծերը տանում հովվին հանձնում, խոտ ու հարդ լցնում մսուրի մեջ: Մեծ Պահքն էր. հացի հետ աղ դրած սամիթ է ուտում, հագնում կանացի տրեխները, մեջքին կապում ճաշի կապոցը. «Հիմա կազմ ու բոլորովին պատրաստ եղաւ: Փեշերը եւ գօտին ժողված, գոյնզգոյն գուլ­պաներով, … բահն ու փեթատը շալկած աշխատանքի գացող հարս մը դարձար (ընդգծ.- Ա. Ա.): Նա արթնացնում է իր երեխաներից մեծին. «…տանը, դրանը նայէ, … ղուրպնա՜կ ըլլամ, հարսնի՜կը մատաղ»: Դուռը ծածկում, ճամփա է ընկնում դեպի իրենց այգին՝ նախորդ օրվա կիսատ թողած գործը շարունակելու:

Այգիները տարածված են աղմկոտ գետի երկու ափե­րին: Ամենուր մարդիկ են աշխատում: Պատկերը հրապուրիչ է՝ ծաղկած նշենիներ, որ «Նուրբ ու անուշ վարդագոյն ծաղիկներով քօղքուեր էր», պատի տակ աճած ծնեբեկներ, առ­վի եզերքին բուսած բամբուսիկներ, հողի մեջ իջնող ու բարձ­րացող և արևի շողերից փայլատակող փետատներ (բրիչներ. – Ա. Ա.), քրտինքի կալյակներ… Սաթենիկն աշխատում է արազ-արագ՝ լի եռանդով: «Թռչնիկ մը յանկարծ, բոլորովին դեղին փետուրներով եկաւ, իր խիստ փոքրիկ կտուցը Սաթենիկին ուղղելով այգիին պատին վրայէն քանի մը ան­գամ ճռուողեց, աս լսեց, ու թռչնիկը թռավ» (ընդգծ. – Ա. Ա.): Նույն պահին Արմտանի այգիների պահապանը՝ Սերոպ աղբարը, ասես «կարոտների հրեշտակի տեսք» առած, ձեռ­քին բիր, արևաճաճանչ «հսկայ քարի մը գագաթից» ձայն է տալիս. «-Հարսնե՜ր… աչքերնիդ լո՜յս… հարսներ…

– Ըստընպոլւո՛ր է եկեր, Ըս-տը՜ն-պո՜լ-ւոր. ..»:

Գյուղի, հարազատների, ծնողների, երեխաների և մա­նավանդ երիտասարդ կանանց (Մնձուրու բառով՝ հարսների) համար կարոտների, սպասման ու երջանկության այղ ավետիսը այն փայփայված և տենչալի լուրն է, որ ամենքի սիրտն է «թառուվառ» անում: Եվ քանի որ այդ երազ աշխար­հում, ինչպես Համաստեղն է վկայում. «Զարմանալի մտերմութիւն մը կար սուրբերու, աստղերու և գիւղացիներու միջեւ»3 – դաշտ ու այգում աշխատողները հարցնում են. «- Ո՞վ են, ո՞վ…»:

Տրված անունների թվում է և Խանումենց Վահանը՝ Սաթենիկի նշանածը4:

«Սաթենիկի սիրտը բան մը եղաւ …Տաքութիւն մը պտտեց մարմինին մէջ, փեթատը ինկաւ ձեռքէն…»:

Լուրը ստանալուց հետո, ենթադրելի է, որ ինչպես Սաթենիկը, այնպես էլ մյուս վերադարձողների հարազատները գյուղ պիտի շտապեին: Բայց «բոլոր այգիներուն մէջ հարսները նորէն» սկսում են աշխատել: Ավելին, նույնիսկ այդ մասին չեն էլ խոսում միմյանց հետ:

Սաթենիկը ևս վերսկսում է աշխատանքը, բայց նախ­կին ոգևորությունը չկա, ուժերը պակասում են, ականջնե­րում տրված ավետիսն է՝ «հարսնե՜ր»: Ե՞րբ պիտի իրիկուն լիներ…, որ ինքը տուն գնար: Մեծ Պահք էր, ճաշին այգինե­րում աշխատող կանանց հետ նա ուտում է աղ դրած սամիթ, հաց ու ընկուզամեջ: Ուրիշները չեն խոսում, ինքն էլ ամա­չում է խոսել «ստամբոլավորների» մասին: Շատ է ցանկա­նում, բայց չի կարող տուն գնալ, քանի որ կան չգրված օրենք­ներ, գյուղական ադաթներ ու… այլոց կարծիքներ. «Նշա­նածն եկեր է, չի կրնար կայնել… պիտի ասեին»: Նա շարու­նակում է աշխատանքը: Որքա՜ն գրավիչ էր այգին, պատի տակ բուսած բամբուսիկն իր մանուշակի թերթիկներով ասես իրեն էր նայում, ինչ-որ բան ասում: Ամե՛ն, ամե՛ն բան նրան սկսում է գեղեցիկ թվալ, բայց աշխատում է «թուլօրէն»: Նորից միտքն է ընկնում դեղին թռչնիկը, որ եկել էր «բան հասկցնելու»: Ինչ լավ պիտի լիներ, եթե տուն գնար, վայրկ­յան առաջ տեսներ նշանածին, այգու գործը կարող էր և վաղը ավարտել: Այդքան տարիներ հեռուներում գտնվող իր ամուսինը հիմա այնքա՜ն մոտ էր, ո՞վ գիտի, որքա՜ն է փոխ­վել, որքա՜ն կարոտել, իսկ ինքը չի գնում, չի համարձակվում գնալ: Օրվա մի պահի տեսնելով, որ սիլաճիավոր ունեցող հարևան այգու տերերը հավաքեցին իրենց գործիքները և մեկնեցին, ինքն էլ է համարձակություն ձեռք բերում և որո­շում «երթալ». «Գործիքները շալակեց, ճամբա ելաւ»: Սաթե­նիկը հասնում է Կարմիր քարի բարձունքը, չի էլ նկատում, որ արդեն մոտեցել է գյուղին: Մտքերը տանջում են. շիկնում է, վարանում: Մտքին նույն հարցն է. ի՞նչ պիտի մտածեին գյուղում. «…չէ կրցեր կենալ, որ իրիկուն ըլլայ, վազեր եկեր է»:

Հիմա երևի թե տունը լցվել է «բարի գալուստ» մաղթող բազմությամբ, սկեսուրը՝ գործի անցել, դռան սեմին հյուրեր է ընդունում ու ճանապարհում: Ամուսնուն տեսնելու փափա­գը գնալով սաստկանում է, որքա՜ն կուզեր լսել նրա ձայնը, թեև գիտի, որ մինչև գիշեր չլինի, մարդիկ չգնան, ինքը չի կարող տեսնել ու խոսել իր «նշանածի» հետ, նրանից ստա­նալ նվերներ, բերած «պահենի զգեստներ», զարդեր, վերջա­պես՝ տարիներով փայփայված իր կարոտն առնել, բայց հեռվից նրա ձայնը լսելն էլ մեծ բան էր: Ողջ ճանապարհի ընթացքում նրա մեջ ելևէջում են օրվա իրադարձություննե­րը՝ ավետիսը, հարցումները…: Մնձուրին գրավիչ է պատ­կերում նրա հոգեկան կացությունը:

Մտածումներով ու վարանումներով լեցուն՝ Սաթենիկը գյուղ է մտնում: Այգուց հավաքած ծաղիկների մի մասը նա տալիս է աղբյուրի մոտ խաղացող երեխաներին: Սա­թենիկն ամբողջովին կլանված է ամուսնու հետ հանդիպման անրջանքներով, ներքուստ ցնծում է, ինքնիրեն անընդհատ ժպտում, ո՞վ գիտե, գուցե մտածում նաև առաջիկա գիշերվա մասին…: Չէ՛, պահք էր, ամուսիններն իրավունք չունեին խախտելու: Մնձուրին գրում է, որ եթե մեկը հանդիպեր, ան­պայման պիտի հարցներ. «Հանըմ աղջնակ, ինչո՞ւն խնդալն է ատ»:

Սաթենիկի տղաները վազում են մորն ընդառաջ, ուրախացած վերցնում ծաղկեփնջի մնացած մասը: Ահա և տունը: Ներս է մտնում բակ, հավատացած, թե հանդիպելու է մեծ բազմության, սկեսրոջը, որ հյուրասիրության սեղան է բացել, տեսնելու է նշանածին՝ նստած սեղանի ճակատին…:

«Մարդ չի կար, տանը դուռը փակ էր»: Երեխաների աղ­մուկից տնից դուրս է գալիս սկեսուրը և սրտնեղած ու դժգոհ դիմում հարսին, թե ինչու դեռ կոչնակից երկու ժամ առաջ հարսը տուն է եկել, կիսատ թողել աշխատանքը, «Ճանը՛մ հարսնուկ, … ճահը՛մ աղջնակ…, ըս ո՞ր ատենւան գալ է…»: Ամե՛ն, ամե՛ն բան՝ սպասում ու տենչանք, երազանք ու բաղ­ձանք փլուզվում է մի վայրկյանում. «Սաթենիկ կը լռէր, չէր գիտեր ինչ ըսելը, շփոթեր էր»: Նրա մեջ դեռ հնչում էին պա­հապանի խոսքերը. «Հարս-նե՜ր. աչքերնիդ լո՜յս…», այգինե­րում աշխատողների հարցումները, գետի ձայնը, ոսկեգույն մեղվի «եղանակումը» ծաղիկների շուրջ, վառվռում էր ծաղ­կած նշենու տեսքը՝ «վարդագոյն ծաղիկներով… հարս եղած», մտքում էր այն դեղին թռչնիկի այցը, որ առտուն «ճռուողեր էր…» և հիմա չկար…: Սաթենիկի լուսալից աչքերում այժմ մեծ հուսահատությունն էր տիրապետողը: Չէ՛, արցունքներ չկային, արցունքները՝ աղմկոտ գետի նման «յորդուն», ներսում էին՝ հոգու մեջ՝ մեծ-մեծ՝ քարե: Հիմա նորից «պահք» էր, պահքից ավելի մեծ մի հուսախաբություն, պահք ոչ միայն ուտելիքի, այլև՝ հույսերի, զգացմունքների, սպասված ուրախության, սիրասուն սիլաճիին տեսնելու հրճվանքի, նրան սիրո ու քնքշանքի խոսքեր ուղղելու պահք. «…ղուրպընա՜կ ըլլամ, հարսնի՜կը մատաղ»:

Մեծ հարազատություն կա Սաթենիկի և հետագայում գրված «Ըստամպոլ» պատմվածքի հերոսուհի Դշխուի միջն: Իրենց ամուսիններին տեսնելու կանացի հույզերն են, որ փոթորկում են նրանց ներաշխարհը, նաև թաքցնել տալիս արթնացող զգացմունքներն ու ամաչեցնում: Բայց եթե երկ­րորդի համար իրականություն են դառնում սպասումներն ու բաղձանքները, առաջինի համար այդպես էլ երազանք են մնում՝ թռչնիկի «դեղին փետուրներով» եկած և հուսախա­բության «թևերով» թռած:

Պատմվածքում դեպքեր, գործողություններ չկան, առավել ևս՝ բախումներ: Միակ «իրադարձությունը» զառիվայրի վերևից հնչող ավետիսի կանչն է: Բայց այդ լուրը փոթորկում է այգիներում աշխատողների հոգիները, նրանց մղում սպասումների ու երազանքների աշխարհը, ծնում տարիներով թաքնված մտածումներ, գիշերներով փայփա­յած զգացմունքներ արթնացնում, իսկ Սաթենիկի պարագա­յում՝ նան ներաշխարհի փլուզում առաջացնում:                                                                   .

Այս պատմվածքից հետո Մնձուրին Ստամբուլի մա­մուլի զանազան օրգաններում տպագրելու էր բազում լա­վագույն գործեր, բայց այս պատմվածքը, գրված դեռևս ստեղ­ծագործական վաղ շրջանում, ապացույց էր դառնալու, որ հենց ի սկզբանե գրականություն էր մտել մի մեծ գրող, որի «գլուխն» արդեն «թուխ ամպերին էր հասեր»:

 

  1. «Ոստան», Կ. Պոլիս, 1920, թիւ 14, էջ 565-570:
  2. «Գրական թերթ», Երևան, 1976, 12 նոյեմբերի («Հեռացող աշխարհի առաքյալը»):

3.Պանդխտության մասին Մնձուրին հետագայում գրել է նաև «Մեր մայրերը», «Հայան հարսիկին Մուշեն», «Ես ձեզի մեր պանդխտութիւ­նը կը պատմեմ» և այլ գործերում:

  1. Համաստեղ. Երկեր, հ. Ա, 1966, «Համազգային մատենաշար», Ինքնակենսագրական, էջ ԺԳ:
  2. Ըստ ընդունված կարգի՝ կինը իրավունք չուներ ամուսին կամ էրիկ անվանել իր կողակցին:

 

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ