Տարիներ առաջ էր՝ Խորհրդային պետության վերջին տարիներին, նոր էին բացվել երկաթե վարագույրերն ու դարպասները, և երկրից դուրս գնալ էր լինում: Գործընկերուհիս Սիրիա էր գնում: Հարցրեց. «Քեզ ի՞նչ բերեմ արտասահմանից»: Խնդրեցի. «Եթե Եփրատի ափ գնաս, խնդրում եմ, ինձ համար քարի մի կտոր բեր»: Բերեց: Մինչև հիմա այն պահում եմ, առիթով-անառիթ վերցնում-դնում եմ, ենթագիտակցաբար ուզում եմ ինչ-որ խորհրդավոր պատմություն լսել, բայց քարերն այդպես էլ լուռ են մնում: Կամ քարերն են համրացել, կամ ես եմ խուլ, կամ այդ քարերն էն գլխից էլ խուլ են եղել, և ես եմ ինքս ինձ համոզել, թե պատմական հայրենիքից բերված յուրաքանչյուր քար, ամեն մի մասունք պիտի խոսի ինձ հետ: Ինձ բան չի ասում նաև նախկին աշակերտիս բերած հուշանվերը Վանից: Որքան փորձում եմ, ո՛չ Ախթամարա վանքի աղոթքի կանչն եմ լսում, ո՛չ էլ Վանա ծովի մրմունջը… Եվ իմ կամքին հակառակ խռովում եմ Վանա լճից, Եփրատից, ապուպապերիս հայրենիք Բասենի Ազատ գյուղից ու համանուն գետակից: Ներսումս եռում, եռում և այդպես էլ չի եփվում հարցը և նրա պատասխանը՝ ինչո՞ւ:
Մտածում եմ՝ մենք երազող ժողովուրդ ենք երևի: Հավանաբար մեր պատմական ճակատագիրն է մեզ այդպիսին դարձրել: Աչքներս միշտ դուրսն է: Նախ դեպի մեր պատմական հայրենիքը, հետո` դեպի օտար երկրներ, հետո` առ «Մեծ եղբայրը» մեր, հետո` օտարի հետ կապված մեր սպասումները… Թվում էր` հենց անկախանանք, ավելի գործնական և առավել իրատես կդառնանք, կփորձենք գոնե ինչ-որ չափով պնդացնել Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը, բայց մենք դյուրահավատ ժողովուրդ ենք, հավատում ու վստահում ենք օտարներին: Զարմանալի է, բայց հաճախ ավելի շատ, քան ինքներս մեզ: Չգիտես ինչու, հավատում ենք, թե նրանք պարտք ունեն մեր հանդեպ: Ախր մենք հին ու ազնվազարմ ժողովուրդ ենք, ախր մենք… Նոյը, Արարատը, Գառնին, Խորվիրապը, մեր Գեղարդը, Գեղարդավանքը… Երևի դրա պատճառը այն է նաև, որ մենք ինքներս լավ չենք ճանաչում մեզ, հաճախ իրականությունն ու երևակայականը խառնում ենք իրար:
Երբ Արցախյան շարժումն սկսվեց, ու հայ ժողովուրդը անկախության դրոշ բարձրացրեց Հրապարակում, հիշում եմ՝ մի պրոֆեսոր հարթակից լուրջ դեմքով համոզում էր. «Մենք հսկայական բնական հարստություններ ունենք, բավական է թեկուզ «Ջերմուկը» շշալցենք միջազգային չափանիշներին համապատասխան, վաճառենք դրսում, և վալյուտան կհոսի Հայաստան»: Տարիներ անց շշալցեցին, վաճառեցին, բայց չգիտեմ՝ տարադրամ հոսե՞ց Հայաստան, թե՞ չէ: Կամ եթե հոսեց՝ ո՞ւմ գրպանը: Մի ուրիշ երազող համոզում էր, թե որ արտահանելու ուրիշ բան չունենանք, մեր ուրցը կհավաքենք, ուրցի մշակովի դաշտեր կհիմնենք, ըմպելիք կպատրաստենք, կարտահանենք, ու աչքդ բարին տեսնի… Անցել են տարիներ ու տասնամյակներ, ուրցն այդպես էլ վայրի ու անխնամ աճում է, ըմպելիք չի դառնում, շշերը չի լցվում, ու մենք մնում ենք առանց նրա բերած զնգուն ոսկու: Հետո «Արմենիկումը» եկավ: Աշխարհն ի բաց հայտարարեցինք, թե գտել ենք ՄԻԱՎ-ՁԻԱՀԻ (կամ հասկանալի լեզվով ասած՝ սպիդի) բուժումը: Ադրբեջանի նավթը շուտով կվերջանա, իսկ մեր «Արմենիկումը»… Հետո մեկը համոզում էր, թե բազալտից թել կստանանք… Բազալտի պաշարները Հայաստանում գրեթե անսպառ են, թելը կարտահանենք ու… Չգիտեմ՝ գործարան կառուցեցին, թե չէ, չգիտեմ՝ թել ստանում են, թե չէ, չգիտեմ՝ էդ թելն արտահանում են, թե չէ… Հետո Հայաստանի ռազմավարական կարևորություն ունեցող գործարաններն ու մյուս ենթակառուցվածքները հանձնեցինք Ռուսաստանին՝ հույս փայփայելով, թե ռուսները դրանք կաշխատեցնեն, ոտքի կհանեն մեր տնտեսությունը, որ մենք մեր ձեռքով էինք քանդել: Հույս փայփայեցինք, սակայն այդ գործարանները մինչև օրս էլ փակ են՝ կողպեքը դռներին կախած: Մտածեցինք մեր բնության մասին, փակեցինք «Նաիրիտը», իսկ «անգետ չինացիները» այդ գործարանի սարքավորումները տարան, մեր օգնությամբ հավաքեցին իրենց մոտ: Մենք մեր ձեռքով մեր երկրի կենսական երակները հանձնեցինք ուրիշին և… Հիմա ասում ենք, թե օտարը պիտի գա, մեր երկրում մոտ կես միլիարդ դոլարի ներդրում կատարի, մեր պոչամբարներում եղած սիլիկոնը, թե այլ նյութեր օգտագործի ու կիսահաղորդիչներ արտադրի: Հարց է առաջանում՝ օտարն ինչո՞ւ է գալիս: Մեր գեղեցիկ աչքերի համա՞ր: Չէ, շահի հոտ է առել, ոսկու հոտ ու գալիս է, բայց արդար լինենք. օտարն ինչ ազգի էլ որ լինի, աչքերի ու մաշկի ինչ գույն էլ ունենա, օտար է և գալիս է իր շահի համար, գալիս է տանելու և ոչ թե տալու համար: Իսկ մե՞նք… Մենք գոնե այնքան խելք պիտի ունենանք, որ կարողանանաք տալու հետ նաև վերցնել նրանից: Ի՞նչ: Տեխնոլոգիաներ, որակյալ կադրեր, նորագույն գաղափարներ… Դարեր շարունակ մեզնից տարել են: Առաջին հերթին մեր գենը, մեր խելքը, մեր արագ հարմարվելու ընդունակությունը: Մենք պետական կառավարիչներ ու քաղաքական գործիչներ ենք տվել օտարին, Հնդկաստանից մինչև Եգիպտոս ու Ավստրալիա, ԱՄՆ-ից մինչ Ռուսաստան ու այլ երկրներ մեր ազգակիցները աչքի են ընկել: Քաղաքական գործիչներ են եղել ու գյուտարարներ, գիտնականներ ու նշանավոր բժիշկներ, զորավարներ ու արվեստի նշանավոր գործիչներ… Նրանցից ոմանք պահպանել են իրենց ազգանունը, իրենք ընդունել են իրենց հայ լինելը, իսկ ոմանք նույնիկ դա չեն պահպանել: «Այսինչյանը Նոբելյան մրցանակակիր է»,- հպարտանում ենք տեղի-անտեղի: Դառնամ ու ասեմ՝ հա, նրա ցավն էլ տանեմ, բայց մեզ ի՞նչ: Նա հայ է, ես ուրախանում եմ նրա համար, բայց մեզ, մեր երկիրն նրա հայ լինելն ի՞նչ օգուտ է տալիս անունից բացի: Ժամանակը չէ՞, որ մերոնք մեր երկրում մնան ու աշխատեն իրենց ու մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար: Քանի՞ գեներալ ու քաջ զինվորական ենք տվել տարբեր երկրների՝ սկսած Ֆրանսիայից մինչև Խորհրդային Միություն ու ԱՄՆ… Նրանց ո՞վ է հիշում: Կամ ասենք թե հիշում են, հետո ի՞նչ:
Մի ցավալի բան պիտի պատմեմ: Երեկ հին ծանոթիս հանդիպեցի: Տեսա՝ աչքերը խամրած են: «Ի՞նչ է եղել»,- հարցրեցի: «Մի քանի օր առաջ եղբորս որդուն թաղեցինք,- ասաց,- երեսունմեկ տարեկան էր: Ի՜նչ տղա էր: Զոհվեց»: «Որտե՞ղ»,- հարցրեցի: Ամեն զինվորի զոհվելն իմ մաշված սրտի միջով եմ անցկացնում, ու սիրտս կծկվում է մի տեսակ: Այս անգամ էլ սիրտս ծակեց: «Ե՞րբ,- էլի հարցրեցի ծանր լռությունը մի կերպ խախտելով,- որտե՞ղ»: «Ռուս-ուկրաինական պատերազմում»,- ասաց: «Ախր ինչի՞»,- դուրս թռավ սրտիցս: «Եսիմ, Ռուսաստանում էր ապրում: Էնտեղ էր մեծացել: Հավաքագրել, տարել էին ճակատ»: «Գնացել էիր Ռուսաստա՞ն»: «Չէ, բերեցին, էստեղ թաղեցին»: Ես այլևս ոչինչ չասացի նրան, բայց մինչև հիմա մտածում եմ ու չեմ հասկանում: Հա, հանգամանքների բերումով տղան ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, իր հայրենիքն է համարել այդ երկիրը, զոհվել է նրա համար: Եթե այդպես է, ինչո՞ւ չի թաղվել այն հողում, որի համար տվել է իր ջահել կյանքը: Հայաստանը հայրենիք է, ճիշտ է, բայց գերեզմանոց չէ: Ես ցավում եմ այդ երիտասարդ հայի համար, ցավակցում եմ նրա ծնողներին ու հարազատներին, բայց… չեմ հասկանում նրանց:
Օտարին ծառայելու գլխավոր պատճառը, թերևս, եղել է այն, որ պետություն չենք ունեցել: Հիմա ունենք, սակայն հիմա չունենք պետական մտածողություն, չունենք ընտրանի՝ էլիտա իսկական իմաստով: Չունենք քաղաքական էլիտա, չունենք կուսակցական էլիտա, չունենք մտավորական էլիտա, գիտական էլիտա չունենք, չունենք… չունենք… չունենք… Եվ վերջապես՝ հոգևոր էլիտա չունենք: Հոգևորականներ ունենք, որոնց մի մասը շատ լավն է, բայց ունենք երկփեղկված եկեղեցի: Քաղաքականապես պառակտված ազգ ունենք, պառակտված եկեղեցի, և այդ պառակտումը ինձ խոր ցավ է պատճառում: Ասում են՝ ժողովրդավարությունը մաքրում է ժողովրդին, ասում են՝ ժողովրդավարությունը միավորում է, բայց մեզ մոտ այդպես չէ: Նշանակում է՝ ինչ-որ սխալ բան կա մեր ժողովրդավարության մեջ: Կամ ինչպես մեծ Սարոյանը կասեր. «Ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է»: Ո՞ւր է գաղափարը, որի շուրջը համախմբվի ազգը, ո՞ւր է այն Մեկը, որը պիտի համախմբի ազգը և նրա ներուժն օգտագործի ի՛ր երկրի, ի՛ր պետության համար:
Մենք հասել ենք այնտեղ, որ գնում ենք Էջմիածին, այնտեղ հոգևորի շղարշի տակ երկուստեք քաղաքական գաղափարներ ենք արծարծում, քաղաքական պայքարի մի մաս ենք դարձնում եկեղեցին ու ոտքով հարվածում ենք Մայր տաճարի դռանը: Ի՞նչ է սա, եթե ոչ սրբության ոտնահարում: Չգիտեմ, հասկանո՞ւմ ենք, որ հոգևոր ու քաղաքական առաջնորդի սխալն ու մեղքը տարածվում է նրա ժողովրդի վրա: Պատահական չէր, որ հնում քահանայապետը նախ զոհ էր մատուցում սեփական մեղքերի համար, հետո նոր մտնում էր Սրբության Սրբոց: Սա ես չեմ ասում, «Աստվածաշունչ» մատյանն է ասում, կարծեմ, «Երկրորդ օրինացում», իսկ մարգարեներից մեկը նկարագրում է, թե ինչպես է տեսիլքի մեջ տեսել, որ Աստծո Զորությունը Իսրայելի ժողովրդի մեղքերի պատճառով հեռանում է Տաճարից… Մտածելու բան է, չէ՞: Հիմա մեր եկեղեցին պառակտված է, և երկու թևերն էլ հանդես են գալիս Աստծո անունից: Մի թևը հանուն Աստծո պահանջում է բարենորոգումներ, գտնում է, որ ինքը դրանով կատարում է Աստծո կամքը: Իսկ մյուս թևն իր անկապտելի իրավունքների ոտնահարում է տեսնում դրա մեջ, դա համարում է հարձակում Աստծո և նրա Եկեղեցու դեմ: Եվ ցավն այն է, որ այդ թևերից և ոչ մեկը չի հիշում հասարակ հավատացյալին, որի ուսերի վրա է կանգուն մնում եկեղեցին: Գուցե չի հիշում նաև, որ եկեղեցին Քրիստոսի խորհրդանշական մարմինն է, և եկեղեցու գլուխը ոչ թե կաթողիկոսն է, այլ՝ Հիսուս Քրիստոսը: Հարց է առաջանում. դեկտեմբերյան այդ երեկոյան Քրիստոսը որտե՞ղ էր և կողմերից ո՞ր մեկի կողքին էր կանգնած: Իմ կարճ խելքով, այդ օրը Քրիստոս և ոչ մեկի հետ չէր, քանի որ Աստված խաղաղության Աստված է, համերաշխության Աստված: Քրիստոսն այնտեղ է, որտեղ սեր կա ու համերաշխություն, որտեղ խաղաղություն կա: Հակառակության իշխանն ուրիշ է, և նա է կանգնած ցանկացած պառակտման թիկունքում: Սա ես չեմ ասում, էլի Սուրբ Գիրքն է ասում: Հո պատահական չէ՞, որ Սուրբ Պատարագի ժամանակ պատարագիչ հոգևորականը Խորանից բազմիցս խաղաղություն է բաշխում մասնակիցներին ու ներկաներին:
Այսօր մեր մի թաշկինակի չափ տարածք ունեցող երկրում բազում «փրկիչներ» են ի հայտ եկել, որոնցից ամեն մեկն իր ճշմարտությունն ունի: Հաստատ չգիտեմ էլ, թե նրանցից ով ում ճշմարտությամբ է առաջնորդվում, բայց մի բանում համոզված եմ. մենք մեղքի մեջ ենք ազգովին, և Աստված մեզ չի լսի, մինչև չապաշխարենք ազգովին: Սա շատերի համար անհավանական հեքիաթ է թվում, իրենց հավատացյալ համարող մարդկանց կրոնական զառանցանք, բայց ճշմարտությունը միշտ որքան ակնառու, նույնքան էլ անհասանելի ու անհավատալի է եղել շատերի համար:
Խոսքս ավարտելուց առաջ ուզում եմ մի բանի մասին էլ ասել: Ընտրություններից դեռևս մի տարի առաջ բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքականությամբ զբաղվողները թևերը քշտած «մեյդան» են ընկել: Ու նրանց թիկունքում մեծամասամբ օտարներն են: Ո՛չ չափազանցնում եմ, ո՛չ էլ խտացնում եմ գույները: Միջոցներ չեն խնայում ու գրգռում են ժողովրդին: Քաղաքական պայքարի կիզակետում է հայտնվել եկեղեցին, մի քանի եպիսկոպոսներ հայտնվել են բանտում: Բորորը գիտակցում են, որ օրեցօր խորանում է հասարակությունը բաժանող անդունդը: Խանդակը օրեցօր վերածվում է վիհի: Եվ այդպես մինչև հունիսի յոթը: Հարց եմ տալիս՝ հետո՞: Որևէ մեկը մտածո՞ւմ է, թե հունիսի յոթին, Աստծու դրած կարգով, հետևելու է հունիսի ութը, և ուզենք թե չէ, բոլորս ապրելու ենք այս երկրում: Հետո իրար բարև-բարի լույս չե՞նք ասելու, միասին չե՞նք ուրախանելու հարսանիք անելիս ու լաց չե՞նք լինելու սգի ժամանակ: Բանակի քեֆ չե՞նք անելու, ծնունդ ու կնունք չե՞նք անելու: Թե՞ ապրելու ենք բաժան-բաժան, ամեն մեկս՝ մեր խրամատում: Պետք չէ մոռանալ, որ այս խառնակ աշխարհում ամեն երկիր, ամեն պետություն, ամեն ժողովուրդ առաջնորդվում է ի՛ր շահերով: Պիտի հասկանա՞նք վերջապես, որ մենք էլ մեր շահերը պիտի պաշտպանենք և գործենք ըստ մեր շահերի:
Թուլացնում ու քանդում ենք հայոց պետականության առանց այն էլ չամրացած հիմքերը, թեև բոլորս էլ լավ գիտենք, որ թշնամանքով թշնամանքը չես վերացնի, և իզուր չի ասված. «Արյունը արյունով չեն լվանում: Լվանում են ջրով»: Իմ կարծիքով՝ մեր նախնիները սա ասել են ազգակցի արյան մասին և ճիշտ են ասել:
***
Այսօր նորից նայեցի Եփրատի ափից բերած սպիտակ ու ողորկ քարերին, վերցրեցի ու դրեցի Վանից բերած հուշանվերը և ուզեցի խոսել նրանց հետ: Սրտիս մեջ ելավ ու լիճ կապեց իմ չտեսած էրգրի կարոտը, բայց հետո սառը բանականությունը հուշեց. «Նախ եղածը պիտի պահել-պահպանել և հասկանալ պիտի, որ կառավարություններն անցողիկ են, երկիրն ու պետությունը՝ հավերժ, և ցանկացած հունիսի յոթի միշտ հաջորդում է հունիսի ութը»:
Հիշեցի նաև ժողովրդական մի այլ ասացվածք. «Միսն ուտում են, բայց ոսկորը չեն գցում»: Այս ասողը թերևս նկատի ունի, որ ցանկացած դեպքում իրար միս ուտելիս, պետք է հիշել, որ մենք բոլորս նույն գենն ունենք, նույն միսն ու ոսկորը, նույն ազգի ու երկրի զավակներն ենք, և բոլորս հայրենասեր ենք համարում մեզ: Ուրեմն, ուզենք թե չէ, պիտի խնայենք իրար, որպեսզի ապրի երկիրը Հայոց և այդ երկրում ապրենք մենք ու մեր զավակները:
23- ը դեկտեմբերի 2025 թ.
16-ը հունվարի 2026 թ.
