Վերջապես երբ ենք խելքի գալու / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ   

 Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է Հայրենիքը  կորստյան  մատնում, քան եկած թշնամին:

                                                                                                                                                      Խրիմյան Հայրիկ

Ապազգայնության, հույսներս մեզ վրա չդնելու, օտարամոլության, խեղճության ու վերջապես օտարին ծախվելու հատկանիշներն այնքան են խորացել մեր մեջ, որ ազատվելով Ռուսաստանի կապանքներից` արդեն երեք տասնամյակից ավելի է` չենք կարողանում ուշքի գալ, ինքնություն ձեռք բերել։ Պայմաններն, իհարկե, նպաստավոր չեն, բայց մենք պետք է մեջներս ուժ գտնենք, ուժեղանանք, կարողանանք ազատվել դարերի ընթացքում ձևավորված ու ամրացած զգացողություններից։ Ի՞նչ է նշանակում հույսն ուրիշի վրա դնել, մտածել, նույնիսկ հավատալ, որ ուժեղը մեզ տիրություն կանի, մեզ իր թևի տակ կառնի, մեծ եղբայրը կամ ծնողը կլինի։ Վերջապես պիտի հասկանա՞նք, որ յուրաքանչյուր ազգ, պետություն քայլն անում է իր պաշտպանության ու նյութական բավարարվածության համար։ Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, Եվրոպան կամ Ասիան, նույնիսկ մեր հարևաններ Ադրբեջանն ու Թուրքիան անհանգստանան, մտածեն մեր ֆիզիկական ու տնտեսական ապահովվածության համար։

Պիտի վերջապես հասկանանք, որ դա մասնատում է մեզ, բաժանում համարյա թշնամական մասերի։ Եվ փոխանակ միավորվելու, ուժեղանալու, արտաքին վտանգավոր ուժերին դիմակայելու, միմյանց դեմ ենք դուրս գալիս, միմյանց նկատմամբ թշնամանում։ Հիմա ֆեյսբուքում  և նույնիսկ իրական կյանքում դաժան կռիվ է գնում  նման ազգադավ, ազգակործան, սխալ մտածողությամբ հայ մարդկանց միջև։ Մեկը, իրեն իսկական հայ համարելով և ինքն իր ասածին հավատալով, ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Նորից եմ կրկնում՝ այդ ո՞նց եղավ, որ Ռուսը  (ռուսն էլ մեծատառով) «իբր» թե մեզ չի օգնել, դարձել է դավաճան, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները, որ մեր 18 տարեկան տղաների վիզն են կտրել, դարձել են բարեկամ, ո՞նց է այդպես լինում։ Հիմա ե՞ս եմ ռուսամետ, թե՞ դուք՝ դավաճան»։

Սա ի՞նչ մտածողություն է։ Պարզապես երկուսդ էլ դավաճան եք։ Ով իր ազգին թողած` ռուսին կամ թուրքին է միանում, հույսը դնում է ուրիշի վրա, դավաճանում է իր ազգին։ Ճիշտ է, տարբեր ազգերը տարբեր ձևով են վնասում մեզ, բայց բոլորը ուղղորդվում են սեփական շահերով, և բոլորը վարվում են այնպես, ինչպես ընդունակ են։ Թուրքը թուրք է, նա ունի հակառակորդի հետ վարվելու իր եղանակը, ռուսը՝ իր, Եվրոպան՝ իր, Ամերիկան՝ իր։ Մի խոսքով, սեփական շահերից ելնելով՝ բոլորը վերացնում են այն արգելքները, որոնք խանգարում են իրենց լիարժեք գոյությանը։ Յուրաքանչյուրն իր ձևով։

Պարզապես մեր բախտը չի բերել, միշտ էլ երկու կողմից ունեցել ենք հարևաններ, որոնց խանգարել է մեր գոյությունը։ Պատմությունն այդպիսին է։ Ներկա ժամանակներում էլ Թուրքիան ու Ռուսաստանն են։ Թուրքիային պետք է մեր պատմական տարածքը, նա եկվոր է, պիտի տեղավորվի, ինչին խանգարում ենք մենք։ Ռուսաստանն էլ, չնայած երկրագնդի ցամաքի մեկ վեցերորդն իրենն է, բայց պետք է իջնի հարավ, ցամաքում խորանա. այդպես են պահանջում նրա ազգային շահերը։ Այդ երկուսի ազգային ծրագրերի իրականացմանը խանգարել և խանգարում  ենք մենք։ Բնականաբար, պետք է վերացվեինք նրանց ճանապարհից կամ այնքան թուլանայինք, որ մեր գոյությունը չխանգարեր նրանց ծրագրերի իրականացմանը՝ յուրաքանչյուրն իր եղանակով։ Եթե թուրքերը պարզապես ցեղասպանություն իրականացրին ու մեկ տարվա ընթացքում  լուծեցին իրենց հարցը, ապա ռուսները, նույնիսկ թուրքերի հետ պատերազմի մեջ լինելով, նրանց միջոցով իրականացրին հայերի վերացումն այն տարածքներից, որտեղ  ծրագրվում էր բնակեցնել կազակներին և դարձնել ռուսական կայսրության տարածք։

Եթե Ռուսաստանը չմիջամտեր և չվերացներ Վանի շրջանում ստեղծված պետականությունը, գուցեև այն ամրանար, ուժ հավաքեր, և մենք այսօր այնտեղ կլինեինք՝ անկախ պետականություն կունենայինք այնտեղ։ 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ հարմար պահ էր ստեղծվել,  ռուսներն ամեն ինչ արեցին, որ մենք չկարողանանք օգտվել  և վերագտնել մեր անկախությունը։ Երբ թուրքերը, խայտառակ պարտություն կրելով ապստամբած Վանի հայերից, թողեցին Վանը, և հայերին հաջողվեց ստեղծել սեփական պետականության սաղմերը, ռուսական կայսրությունն անմիջապես վրա հասավ և, հայերին խաբելով, ամեն ինչ արեց, որ կործանի այն։ Ռուսական բանակը, իբր օգնության հասնելով, ստորաբար երեք անգամ կազմակերպեց Վանի բնակչության արտագաղթը Արևելյան Հայաստան/Երևան և ոչնչացրեց հայ  ժողովրդի դարավոր երազանքի սաղմերը։ Ինչպես միշտ, սակայն դարձյալ ի՛ր ձեռքով բացահայտորեն չարեց դա, խորամանկորեն զինում էր քրդերին, հնարավորություն ստեղծում  նույնիսկ թուրքերի համար, որովհետև հայերը պահանջատեր էին, երազանք ու ծրագիր ունեին ազատագրման և անկախ պետականության վերականգնման։ Նաև հույս ունեին, որ ռուսները կկատարեն իրենց խոստումը՝ կնպաստեն անկախություն ձեռք բերելու պայքարին, բայց դա Ռուսաստանին ձեռք չէր տալիս։ Թուրքին Վանից վռնդած և ժամանակավոր պետական գոյություն ստեղծած Վանի իշխանությանը վերջ դնելու համար պայքարեց ոչ միայն թուրքը, որն այդ ժամանակ ուժասպառ էր եղել, այլև Ռուսաստանը։

Ռուսական բանակը, իբր օգնության հասնելով հայերին, ոչնչացրեց հայերի դարավոր երազանքի իրականացման սաղմերը, ու դարձյալ  թուրքերի նման բացահայտորեն չոչնչացրեց հայերին, բայց ոչնչացրեց Վանում ստեղծված պետականության սաղմերը։

«Ռուսիո ճանկերի մեջ միլիոնավոր հայեր են խեղվում, և նա ինչպե՞ս պիտի ազատագրի արևմտահայությանը։ Ռուսն ամեն գալով հայոց օգնությամբ իր հարցերը լուծելով՝ մեզ նվեր է թողել, այն է՝ մահմեդականների կատաղությունը հայոց հանդեպ… Եվ եթե այսօր թուրքն ու քուրդը հայոց մարմինն են հոշոտում, ապա Ռուսիան խեղում է հայոց մարմինն ու հոգին։ Մի՞թե պատմական անչափ փորձերե ու փորձանքներե հետո, տակավին կարելի է հույս դնել Ռասիայի վրա» (Մկրտիչ Փորթուգալյան, 1895 թ.):

«…Թղթերի վրա Վանի էվակուացիայի վերաբերյալ ոչ մի հրաման չհայտնաբերվեց։ Ես միանգամայն ստույգ պարզեցի, որ զորքերի հրամանատար Վորոնովն այդպիսի հրաման չի տվել։

– Միանգամայն  ճիշտ է,- արդեն փոքր-ինչ շփոթված ասաց  նահանգապետը,- այդպիսի հրաման չի եղել։

– Այդ դեպքում ինչո՞ւ  ամբողջ բնակչությունը տեղահան եղավ ու գաղթեց հյուսիս։ Ճամփին քանի՛սը հիվանդացան, վիրավորվեցին ու զոհվեցին։ Ըստ ձեռքի  տակ եղած տվյալների՝ ամբողջ ճանապարհը նորից հակասանիտարական վիճակում է, ամենուրեք դիակներ են թափված, զորքին վտանգ է սպառնում։ Ինչո՞ւ հեռացավ բնակչությունը։ Եթե հրաման չի եղել, ուրեմն ստեղծվել է այնպիսի տրամադրություն, որ հեռանալու անհրաժեշտություն է ստեղծվել։

– Ա՜յ հենց այդպես էլ եղել է,- ընդհատեց Տերմենը,- նրանք չէին կարող չհեռանալ։

– Ինչո՞ւ…

– Որովհետև, չնայած էվակուացիայի հրաման չկար, բայց գեներալ Վորոնովը բոլոր զորքերը հանեց Վանից։ Դրանով ասպատակության հնարավորություն էր ստեղծվում  և բնաջնջվելու հնարավորություն էր սպառնում բնակչությանը»:- Սերգեյ Գորոդեցկի, «Վերջին ճիչը», էջ 480։

«…Ես Տրապիզոնում երեխաների հավաքման գործով էի զբաղվում։ Ես այդտեղից երկու շոգենավ  ուղարկեցի՝ ամեն մեկում հազարից ոչ պակաս երեխա։ Այդ մասին արժե ինչ-որ ժամանակ պատմել։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Դուք գիտեք, որ անցած տարվա վերջում Տրապիզոնի հայերն ապստամբություն են բարձրացրել։

– Ինչպես այստեղ,- գոչեց  Փախչանը։

– Այո, ճիշտ նույնը,- համաձայնեց  Շտեյնգոֆը,- չնայած այնտեղ գործող անձինք ավելի անպաշտպան էին։ Ես կարծում եմ, թեև դուք մասնակցել եք, բայց ամեն ինչ չէ, որ գիտեք նաև Վանի ապստամբության մասին։ Գրավելուց երկու ամիս առաջ, նկատի առեք, երկու ամիս առաջ, Միխայլովյան ամրացած շրջանի, այսինքն՝ Բաթումի հրամանատար գեներալ Լյախովը, ֆիլյուժնիկների (փոքր առագաստների նավապետ) միջոցով կապ հաստատելով դաշնակցականների հետ, հայտարարեց, թե ռուսական նավատորմիղը ծով է դուրս գալիս՝ Տրապիզոնը գրավելու, իսկ ռուսական բանակը շարժվում է Ճորոխի և Օրթլիի լեռնանցքներով։ Գեներալ Լյախովը Տրապիզոնի հայերին համառորեն համոզում է անմիջապես ապստամբություն բարձրացնել` օգնություն խոստանալով ծովից և ցամաքից։ Հայերը, վստահ լինելով, որ նավատորմիղն ու բանակը գալիս են, ապստամբություն բարձրացրին, սակայն ռուսական նավատորմիղն ու բանակը չեկան։

Հույն վաճառականների մասնակցությամբ հայերին օղակի մեջ առան և հազարի չափ կոտորեցին։ Ամբողջ բազմություններ ուղարկեցին, իբր թե Սամսունի կողմերում բնակեցնելու համար, բայց ճանապարհին ոչնչացրին։ Այդպես արեցին նաև Վանից այնտեղ ուղարկվածներին։ Դրանից մոտավորապես երկու ամիս հետո, երբ արդեն Տրապիզոնում  հայ չկար, եկան ռուսական նավատորմիղն ու բանակը։ Ահա այդ տեղամասերում ռուսական գեներալների քաղաքականության բացարձակ սխեման» (Սերգեյ Գորոդեցկի, «Վերջին ճիչը», էջ 527-529)։

Այսպես ՝ Թուրքիան և Ռուսաստանը… Իսկ Եվրոպա՞ն, որ այսօր աշխատում է դուրս մղել Ռուսաստանին և, իբր թե, իր պաշտպանության տակ վերցնել հայ ժողովրդին։ Ֆրանսիան ու Անգլիան միշտ էլ աչք են ունեցել Կովկասի ու Կիլիկիայի վրա։ Քսաներորդ դարասկզբին, երբ Թուրքիան, ստորաբար խաբելով ու գայթակղելով, կարողացավ հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացնել, Եվրոպան, առիթն օգտագործելով, տարածքներ էր  ցանկանում իրենով անել, իսկ Կիլիկիայի հայերը համախմբվել էին՝ ցանկանալով պաշտպանվել ցեղասպանությունից, նրանց ձեռք մեկնեց Ֆրանսիան։ Եվ ինչ եղավ վե՞րջը… Նույն խաբեությունը։ Հայերը հերոսական ինքնազոհաբերությամբ կռվեցին թուրքի դեմ` զարմացնելով ոչ միայն ֆրանսիացիներին, այլ` նույնիսկ  թուրքերին։ Սակայն վերջը նույնն էր, ինչ եղավ ռուսական ճակատում՝ երբ իրավիճակը փոխվեց, նրանք լքեցին իրենց հետ դաշնակցած հայերին, նույնիսկ զինաթափեցին, որ չկարողանան կռվել թուրքերի դեմ կամ գոնե պաշտպանվել։

Հիմա, այս լուսավոր դարում, մեր մի զգալի մասը նույնիսկ հույս է կապում ցեղասպանություն իրականացրած թուրքերի հետ։ Դա կա՛մ գիտակցված դավաճանություն է, կա՛մ անթույլատրելի տխմարություն։  Թուրքիան կոնկրետ ազգային ծրագիր ունի, ինչի  իրականացմանը խանգարում  է մեր գոյությունը։ Նա դրա համար 20-րդ դարասկզբին գազանաբար իրականացրեց 1,5 միլիոն հայերի Եղեռնը, բայց քանի որ չկարողացավ հասնել իր վերջնական նապատակին, միշտ առիթ է փնտրում  վերջնականորեն լուծելու այդ խնդիրը՝ Ալթայներ հասնելու համար։ Թուրքերը  չեն քնում, միշտ մտածում են, միշտ հարմար առիթ են փնտրում։ Հիմա էլ մեծ Թուրքիան, օգտագործելով փոքր թուրքիային (Ադրբեջանին), աշխատում է իրականացնել այդ ծրագիրը, ինչին դարձյալ  խանգարում է մեր գոյությունը։ Ու քանի որ ժամանակն այնքան էլ հարմար չէ, որ նոր եղեռն կազմակերպի, աշխատում է կեղծ բարեկամություն հաստատել։ Ու մենք մոռանում ենք երեկ կատարած նրա անմարդկայնությունը։ Ադրբեջանը թուրքի ու հրեայի միջոցով հայաթափեց Արցախը։ Երեսուն տարի գող կատվի նման մարաղ մտած՝ սպասում էր հարմար պահի, ուժ էր հավաքում։ Իսկ մենք, որ 1994 թվականին կարող էինք վերջնականորեն ջարդել նրան, հիմարաբար կանգնեցինք կես ճանապարհին, նույնիսկ մեզ հարմար պայմանագիր չկնքեցինք։

Իսկ ո՞ւր էին մեր բարեկամներ Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան, երբ Ադրբեջանի թուրքերը մեզ դուրս էին վռնդում  հազարամյա Հայրենիքից` Արցախից։ Թալան ու սպանություն էին կազմակերպում Թուրքիայի ու Հրեաստանի օգնությամբ։ Պետք չէ հավատալ սուտ ու կեղծ գաղափարախոսություններին, սուտ բարեկամությանը։ Աշխարհում տիրում  և կարգավորում է ուժը։ Այդպես եղել է միշտ և այդպես է հիմա։ Վերջապես պիտի հասկանա՞նք, որ  այս աշխարհում ոչ ոք մեր անկեղծ բարեկամը չի կարող լինել, յուրաքանչյուրը պայքարում է իր շահերի համար։ Պետք է ճիշտ քաղաքականություն ունենանք գոնե հիմա, երբ վերջապես մեր պետականությունը վերականգնել ենք։ Մեր յուրաքանչյուր քայլը միտված պետք է լինի պետականության ուժեղացմանն ու կայունացմանը, երկրի ինքնապաշտպանությանը։ Այսօր Իսրայելը, լինելով նույնպես փոքրաթիվ բնակչությամբ փոքր պետություն, իր խորամանկ ու հեռատես քաղաքականությամբ այնքան է հզորացել, որ կարողանում է ոչ միայն պաշտպանել իրեն, այլև միջամտում  ու կարգավորում է իրենից բազմաթիվ անգամ մեծ ու հզոր երկրների հարաբերությունները։ Ժամանակին մենք էլ հզոր էինք, աշխարհում հրամայական դեր ունեինք մարդկության կարևոր խնդիրների լուծման հարցում։ Բայց ավելորդ մարդասիրության և բարության, անմիաբանության ու հավատի պատճառներով հասանք ներկա վիճակին։

Հիմա փոքրացել, թուլացել, դարձել ենք խոցելի ու անզոր մեր սխալ մտածողության պատճառով։ Վերջապես պիտի հասկանանք, որ միայն մենք ենք մեր երկրի ու պետության պաշտպանը։ Հույսն ուրիշի վրա դնելը միշտ տանում է կործանման։ «Տեր փնտրող ժողովուրդը միշտ էլ մնալու է ծառա»,- ասել Անգլիայի հզոր առաջնորդ Ուինստոն Չերչիլը։ Կյանքը մեզ դարերի ընթացքում բազմաթիվ օրինակներ է տվել, բայց մոռանում ենք, խելքի չենք գալիս։

«Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը» (Եղիշե Չարենց)։

Հիմա էլ բաժանվում ենք մասերի, նույնիսկ թշնամանում իրար դեմ, նույնիսկ միանում թշնամու բանակին, ջարդվում ու ոչնչանում։ Կյանքը մեզ դարերով դաս է տվել, բայց չենք սովորում այդ դասերը… Վերջապես պիտի այդքանից հետո հասկանանք, որ փրկությունը միայն ու միայն միասնության մեջ է։

«Ամենայն հայ, եթե միայն իր ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ» (Անդրանիկ Օզանյան)։

Մեր ազգերի մեծերը միշտ էլ գիտակցել են, բայց, դժբախտաբար, միասնականության բերել հաջողվել է հազվադեպ և կարճ ժամանակով…

Մեր ազգային ողբերգության հիմնական պատճառն անկախ, ազգային ընդհանուր մտածողության, կազմակերպության բացակայությունն է։ Դարեր ու դարեր այդ դերը մնացել է իշխանության կամ եկեղեցու ուսերին, բայց ո՛չ իշխանությունն է կատարել դա, ո՛չ եկեղեցին։ Ազգն ազատ ու ապահով գոյության համար պետք է ունենա այդ կազմակերպությունը, որը կղեկավարի ոչ միայն ժողովրդին, կապահովի նրա միասնությունը, այլև նրա իշխանությանն ու հոգևոր կառույցերին։ Ազգը պիտի ունենա՛ ազգային, անփոփոխ, անբեկանելի ծրագիր, և այն պետք է լինի իր համար ամենակարևորն ու ամենասրբազանը։ Այդ ծրագիրը պետք է լինի միշտ, ժամանակին ու իրավիճակին հարմար, ազգին պահի արթուն, միասնական ու աննվաճ։

Ժամանակն է, որ միավորվենք, ընդունենք ու սիրենք միմյանց գոյությունը։ Հիշենք, որ ստեղծվել ենք որպես հարազատներ, որպես մի ընտանիք։ Լինենք մի ընտանիքի նման, ոչ թե բաժան-բաժան։ Միասնությունն ուժ է։ Եթե լինենք միավորված, կլինենք աննվաճ, և շատերը կգան մեզ միանալու։ Միայն միասնությունը կարող է փրկություն բերել։ Հակառակ դեպքում այս փոքրիկ Հայրենիքն էլ կկորցնենք, ու վերջապես կգա մեր ցավալի կործանումը, ինչպես մեր հասակակից ազգերինն ու պետություններինը։ Մեզնից էլ կմնան փշրանքներ, ինչպես մեր ժամանակակից, հզոր պետություններ ունեցող ազգերից շատերինը։