ԱԳՆՈՏՈԼՈԳԻԱ ԿԱՄ ԿԻՍԱՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՏԱՐԸ/ Գևորգ ԳԻԼԱՆՑ

Չնայած քաղաքական եռուն, և անգամ՝ պայթյունավտանգ ժամանակներին, չես կարող գործդ մի կողմ դնել ու ամենագետի դեր ստանձնած՝ «քաղաքագետ» խաղալ։ ՄՇՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ մտավորականի կերպարը, եթե այն ընդունենք իբրև AVATAR, ավանդույթի ուժով է մեզ փոխանցվել։ Մտավորականի նման դիրքորոշումն արդարացված է լոկ հզոր մամլիչ համակարգեր ունեցող մեծ և տոտալիտար երկրներում, իսկ փոքր, առավել ևս երերուն համակարգեր ունեցող երկրում անընդհատ նման դիրքորոշում ունենալը չափազանցված է։ Լինես իշխանությանը մշտական ընդդիմադիր թե համակիր, հիմնական մոտեցումը, ըստ իս, պիտի լինի հետևյալը.

  1. եթե դրական բան կա արված, ուրեմն, կա՛, պետք չէ նսեմացնել, կամ պատկերավոր ասած՝ գառան գլխին գայլի մորթի քաշել (հակառակն էլ չպետք է անել՝ գայլին գառան մորթի հագցնել).
  2. եթե խոստումներ կամ գործողություններ կան, որոնք չեն կատարվել, պետք է ո՛չ միայն «քլնգել», այլև հրապարակային պարսավանքի ու բողոքի գործողությունների միջոցով պարտադրել իրականացնել դրանք, փոխել ընկալումն ու մոտեցումը և այլն.
  3. արտաքին և ներքին սպառնալիքների առկայությունը չի նշանակում, որ դրանցից որևէ մեկը պետք է ստվերի մյուսին։ Մեկով մյուսն արդարացնելը ոչ միայն անիմաստ է, այլև անթույլատրելի.
  4. մենք շատ հաճախ ենթադրություններ ենք անում, կամ վերլուծում ենք՝ ելնելով միայն տեղեկատվական և լրատվական բաց դաշտում առկա փաստերի ոչ ամբողջական ծավալից։ Եվ երիցս ճիշտ էր վաղամեռիկ ընկերս, երբ ասում էր, թե կիսաճշմարտությունն ավելի հզոր, ավելի ահարկու և ավելի զազրելի զենք է, քան բացարձակ սուտը։

Այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել, բայց քանի որ հասանք իմ կողմից թիրախավորած կետին՝ կիսաճշմարտությանը, ապա ասեմ, որ աշխարհն այս մասին մտածել է, անգամ գիտակարգ է ստեղծել, որը կոչվում է ԱԳՆՈՏՈԼՈԳԻԱ։ Այս մասին իմանում ենք մի բառարանից, որը կոչվում է «21-րդ դարի մշակույթի բառարան», որտեղ ներառված են արդեն այս դարում ի հայտ եկած երևույթների և նորաբանությունների բացատրությունը, ծագումը և այլն… Նման բառարան ստեղծելու գաղափարը ծնվել է Ռուսաստանում, մասնակցել են բազում երկրների բանասերներ, փիլիսոփաներ, լեզվաբաններ և այլն։ Բառարանը թարգմանվում է հայերեն և արդեն այս տարի կդրվի հայ ընթերցողի սեղանին… Մարդիկ արդեն սկսել են «փորփրել» 21-րդ դարի ստեղծած ու լեզուների մեջ դեռևս լիովին չամրապնդվածը, իսկ մենք դեռևս՝ «Հողատու, թալանչի, մարդասպան, դավաճան, համբալ…»: Ահա մի քանի օրինակ այս բառարանից, և, իհարկե, առաջին հերթին՝ ԱԳՆՈՏՈԼՈԳԻԱ-ի և ԱՎԱՏԱՐ-ի մասին։

Ագնոտոլոգիա (պարադոքսալ եզր, որը ստեղծվել է իրար հակադիր իմաստներ ունեցող մասերի միավորումով, հունարեն άγνοια ՝ «չիմացություն» և γνώση «իմացություն») – երիտասարդ, կայացման ընթացքում գտնվող գիտակարգ է, որն ուսումնասիրում է տգիտության ու մոլորությունների ստեղծման, պահպանման և տարածման ալգորիթմները՝ նպատակ ունենալով դիմակայել այդ քաոսածին և հակամարդկային երևույթներին։ Այդ պատճառով էլ այն հանդիսանում է հատկապես կարևոր ուղղություն մետաճանաչողության՝ ճանաչողության համակարգի հիմնական սկզբունքների և դրանց կառավարման ձևերի դեպքում։

Նոր գիտակարգը, ինչպես նաև դրա անվանումն առաջարկել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ն. Պրոկտորը իր «Պատերազմ քաղցկեղի դեմ. ինչպես է քաղաքականությունը ձևավորում մեր իմացությունն ու չիմացությունը քաղցկեղի մասին» գրքում (Robert N. Proctor. “Cancer Wars: How Politics Shapes What We Know and Don’t Know about Cancer”. 1995)։

Ագնոտոլոգիայի ուշադրության կենտրոնում այն մեխանիզմներն են, որոնք խոչընդոտում են գիտելիքի կուտակմանը, ճշգրտմանն ու տարածմանը, սկսած գիտական կառուցակարգերի ներփակությունից մինչև գաղափարա-քաղաքական քարոզչություն (պատմության զեղծարարություններ, ընտրողների համակրանքի մանիպուլյացիաներ ընտրություններից առաջ և այլն) և տարատեսակ այլ ապատեղեկատվության տարածում՝ պայմանավորված տնտեսական և այլ պատճառներով։

Դեռևս սուրբ գրքերի մեջ է հիշատակվում մինչև Աստծո խոսքի հայտնվելը եղած տգետ և խավար ժամանակների մասին։ Այսպես՝ Ղուրանում բազմաթիվ անգամ հիշատակվում է Իսլամին նախորդած վաղնջական բռի տգիտության՝ Ջահիլի ժամանակների մասին (արաբերեն՝ «բռի, տգետ»)։ Տգիտության ցուցիչների մեջ հիշատակվում է, օրինակ, անմեղ նորածինների զոհաբերությունը։

Աշխարհի բազմաթիվ մշակույթների մեջ ձևավորվել է իմացության՝ իբրև «լույսի» մասին այլասացական պատկերացում, որով, օրինակ, անվանել են Լուսավորության դարաշրջանը Եվրոպայում (les Lumi՛res բառացի նշանակում է ճրագներ, կանթեղներ, անգլերեն՝ Enlightenment, գերմաներեն՝ Aufkl՛rung՝ լուսավորություն)։ Համապատասխանաբար տգիտությունն ընկալվում է իբրև «խավար» և ծնում է համապատասխան զուգորդումներ և ձևակերպումներ, այդ թվում՝ «աբսկուրանտիզմ» եզրը (obscurans՝ մթեցնող),  խավարամտությունը, որը ենթադրում է լուսավորության, գիտության ու գիտատեխնիկական զարգացման մերժում։ Այդ ամենը հանգեցնում է թյուրըմբռնման, թե տգիտությունը հեշտ հաղթահարելի խնդիր է, և «պետք է ուղղակի ավելի վառ լուսավորել չորս բոլորը»։

Ժամանակը ցույց տվեց, որ «խավար» կողմը դիրքերը չի զիջում, և տգիտությունն ամբողջովին արմատախիլ անել չի հաջողվում։ Այն նորանոր ձևեր է ընդունում։ Առաջանում են տգիտության ստեղծման և տարածման նոր մեթոդներ, որոնք հաճախ խարսխված են հենց գիտական հենքի վրա («թշնամուն հարվածելով իր իսկ զենքով»)։ Ավելին, մինչև վերջին տասնամյակները տգիտության մասին գիտության բացակայությունը խոսում է հենց տգիտության՝ ակնառու և երկարակյաց լինելու մասին։

Վաղուց հայտնի է այն հսկայական տարբերությունը նրանց միջև, ովքեր գիտեն, որ իրենք թերուս կամ տգետ են, և նրանց, ովքեր չգիտեն իրենց տգիտության մասին։ «Իսկական գիտելիքն այն է, երբ գիտակցում ես քո տգիտության սահմանները»,- ձևակերպում է Կոնֆուցիոսը։ Սոկրատեսը, Պլատոնի վկայությամբ, առաջարկել է առավելագույնս կոշտ ձևակերպում. «Ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ»։ Գյոթեն «Ֆաուստում» գրում է այն մասին, որ ուսում ստանալը միշտ չէ, որ ազատում է տգիտությունից ու հիմարությունից. «Բայց այդ ամենի հետ մեկտեղ,//Ես կայի ու մնացի հիմար»։ Կա նաև շատ կարևոր օրինաչափություն, որը հայտնի է Չարլզ Դարվինի գրառումից. «Ինքնավստահությունը ամենից հաճախ ծնվում է տգիտությունից, ոչ թե գիտելիքից»։ Եվ XXI դարի շեմին Դարվինի պնդումը գիտականորեն  հաստատվեց, ինչը ագնոտոլոգիայի զարգացման կարևոր քայլերից մեկը դարձավ։ Սոցիալական հոգեբաններ Դեյվիդ Դաննինգն ու Ջասթին Կրյուգերը (David Dunning, Justin Kruger, 1999) փորձնական ճանապարհով ապացուցեցին, որ գիտելիքների ցածր մակարդակ և այդ պատճառով էլ իրենց սխալները չգիտակցող մարդիկ հակված են իրենց գիտելիքների և ունակությունների գերագնահատման, և հակառակը։ Հատկանշական է, որ իրենց ուսումնասիրության համար (որն այժմ հայտնի է իբրև Դաննինգ-Կրյուգերի էֆֆեկտ), հեղինակներն արժանացել են ըստ էության ծաղրական, բացահայտման արդյունքների միտումնավոր արժեզրկման Շնոբելյան մրցանակի (նույն ինքը՝ Հականոբելյան մրցանակ), որը լրջորեն խորհելու տեղիք է տալիս…

Պատմական ավելի լայն համատեքստում ագնոտոլոգիան առանձնապես արդիական է դառնում հետճշմարտության դարաշրջանում, երբ ապատեղեկատվության մեթոդներն ավելի կատարյալ են դառնում՝ գործածելով գիտական հիմնավորումներ։ Հնարավոր է, որ ագնոտոլոգիան դառնա XXI դարի կարևորագույն գիտակարգերից մեկը։

 

ԱՎԱՏԱՐ

Ավատար, avatar, авата՛р, авата՛ра – հնդկական ծագման բազմիմաստ եզր, որը կապված է այլընտրանքային աշխարհների ընկալման հետ (որը հիմնական հասկացություններից մեկն է դարձել XXI դարում՝ կապված վիրտուալ իրականության զարգացման հետ) և նշանակում է այս կամ այն սուբյեկտի արտացոլման պրոեկցիան (վերածնունդներ, համբառնում, շնորհանդես և այլն) այլ աշխարհի վերաբերյալ։

Տարբերվում են եզրի երեք պատմական շերտ և գործածման երեք մակարդակ.

  1. աստվածության գոյության ձև հինդուիզմում։ Ավատարը, սանսկրիտում՝ avat՛ra, նշանակում է «հայտնություն», «էջք», աստվածության հայտնվելը կամ էջքը երկիր երկնքից։ Հիմնականում գործածվում է Վիշնու աստծո հետ կապված։ Վերին անմահ էությունները հայտնվում են երկրի վրա ավատարների ձևով, որպեսզի օգնեն մարդկությանը՝ վերականգնելու հավասարակշռությունը բարու և չարի միջև մեծ չարիքի ու անարդարության ժամանակներում։ Այդպես հին հնդկական «Մահաբհարթրա» էպոսում Վիշնուն ընդունում է տարբեր էությունների ավատարներ՝ կարապի, ձիու, ձկան, կրիայի, մարդառյուծի, թզուկի և մարդկանց։ Ամենապաշտված ավատարը հանդիսանում է Կրիշնան։
  2. Սուբյեկտի ներկայացումը վիրուալ աշխարհներում. ավատարը, անգլ.՝ avatar,- վիրտուալ անձ է, որի հետևում օգտատերը ներկայանում է համակարգչային խաղերի, սոցիալական ցանցերի և վիրտուալ այլ իրականության մեջ։ Առաջինն «ավատար» եզրն առաջարկել է օգտագործել ամերիկացի ֆանտաստ գրող Նիլ Սթիվենսոնը «Ձնահեղեղ» վեպում (Neal Town Stephenson. “Snow Crash”. 1992), որը գիտաֆանտաստիկայի ամենահաջողակ մարգարեություններից մեկը դարձավ ապագայի ցանցային տեխնոլոգիաների առումով։

Ավատարն օգտագործվում է կերպարների/ֆիգուրների կերպավորման համար։ Ավատար եզրն էկրանին շարվող կերպարիկների վերաբերմամբ առաջին անգամ գործածվել է Lucasfilm Commodore 64 Habitat համակարգչային խաղում։ Այժմ ավատարը կերպավորվում է սոցիալական ցանցերի օգտանշանից մինչև համակարգչային խաղերի շարժանկարային պերսոնաժ։ Թոմ Բոելստրոֆը ավատարը Second Life խաղում համարում է իբրև «մարդկանց վիրտուալ կերպավորում» կամ, ավելի ճշգրիտ, օգտատերերի (Tom Boellstorff. “Coming of age in Second Life: An anthropologist explores the virtually human”. Princeton, NJ: Princeton University Press. 2008)։

Մելիսա Դե Զվարտը (Melissa De Zwart) և Դեվիդ Լինդսին (David Lindsay) սահմանում են ավատարը իբրև «օգտագործողի ցանկացած առցանց-ներկայացում», ներառյալ էկրանային անունները, տեքստային նկարագրությունը և եռաչափ պատկերները։ Դե Զվարտն ու Լինդսին դուրս են գալիս վիրտուալ սահմաններից՝ ընդլայնելով ավատար հասկացությունը ցանկացած իրական ժամանակում ընթացող խաղի համար, լինեն դրանք սեղանի, թե այլ տեսակի։

Աշխարհի՝ իբրև դիմակահանդեսի դասական մետաֆորը (Հենրի Ֆիլդինգ, Henry Fielding) օգնում է նկարագրել վիրտուալ աշխարհների մշակույթը, որոնց մասնակիցները թաքցնում են իրենց դեմքերը դիմակների հետևում։ Ավատարը դառնում է ցանցային անհատականության կերպավորում, որը ցանցային խաղերի մասնակցելիս և խաղակիցների հետ հաղորդակցվելիս մասնակիցը «հագնում է» հաղորդակցման ժամանակ։ Որոշ մասնակիցներ կարող են օգտագործել տարբեր ինքնանույնացումներ՝ հաստատելով բազմանույնականության պոստմոդեռնիստական թեզը, թեև շատերը պահպանում են իրենց մշտական ավատարը, անունը և նույնականացումը։

Ավատարները գործածվում են այն հիմնավորմամբ, որ դրանց տեսանելի կերպարները մեկնաբանվում են բոլոր մշակույթների մեջ՝ ջնջելով ազգային, տարիքային, ռասսայական և այլ տարբերությունները։ Այնուհանդերձ, ինչպես ցույց են տվել հետազոտողներ Տոմակո Կոդան ու Թորու Իշիդան (Tomoko Koda, Toru Ishida etc.) ավատարների զուգահեռ ընկալումների մասին ուսումնասիրությունների մեջ (2009), ավատարների դիմախաղի մեկնաբանման մեջ մշակութային պատկանելությունն էական ազդեցություն ունի։

Խաղացողի (օգտատիրոջ) և ավատարի հարաբերություններում հարցեր են առաջանում մարդկային ինքնության և անհատականության կոնցեպտների առումով (Ryan Pumroy. “Rethinking the Avatar”. 2013)։ Ինտերնետ տեխնոլոգիաների մեջ մարդկային արարումները ավատար-դիմակներով բնակեցնում են համակարգչային խաղերի և սոցիալական ցանցերի աշխարհները։ Ավատարի ընդունումը թույլ է տալիս օգտագործողին համակարգչային իրականության մեջ ըստ իր ցանկության փոխել  իր արտաքին տեսքն ու որակները, փոխել սեռը, տարիքը։ Ավատարը հնարավորություն և տարածություն է ընձեռնում տարանջատվելու իր նախնական սոցիալական ինքնությունից։ Ընդ որում, հնարավոր են օգտատիրոջ կողմից ավատարի վերահսկման տարբեր դեպքեր՝ սկսած ամբողջական վերահսկումից մինչև անհատի ինքնության շարունակում կամ լրիվ անկախ այլընտրանքային անհատի ստեղծում։ Միրոսլավ Ֆիլիչակը (Miros՛aw Filiciak) վերլուծելով այդ «հիպերինքնությունը»  (2003)՝ պնդում է, որ «ավատարները փախուստ չեն սեփական «ես»-ից», այլ՝ ավելի շուտ՝ ցանկություն և հնարավորություն ինքնարտահայտվել ֆիզիկական սահմանափակումներից անդին, դրանք պոստմոդեռնի նյութականացված երազանքն են»։

  1. Մասսայական մշակույթի կանոնական կերպար։

Ավատարը («Avatar») ամերիկա-բրիտանական էկոլոգիական ուղղվածության կինոֆիլմ է, որը 2009 թվականին նկարահանել է Ջեյմս Քեմերոնը, տիեզերական ֆանտաստիկայի ժանրում։ Հարցազրույցի ժամանակ Քեմերոնը պատասխանել է «ավատար» տերմինի իր մեկնաբանության մասին հարցին. «Դա հնդկական աստվածներից մեկի մարմնացումն է։ Այս ֆիլմում դա նշանակում է, որ ապագայում մարդկության ստեղծած տեխնոլոգիաները կկարողանան մարդկային գիտակցությունը տեղափոխել հեռավոր մարմինների մեջ, կենսաբանական մարմինների»։ Եթե հինդուիզմում ավատարը աստծո ֆիզիկական կերպավորումն է՝ իբրև երկրի վրա գտնվող մարդ, ապա «Ավատար» ֆիլմում դա մարդու գիտակցության վերապրումն է այլ քաղաքակրթության ներկայացուցչի մարմնում։

Արդի զանգվածային գիտակցության մեջ «Ավատար» ֆիլմը դարձել է ավատարի կոնցեպցիայի գեղարվեստական կերպավորման դասական օրինակ (հետագա հոգեբանական կերպափոխմամբ), իբրև իրականության փոխարկում այլընտրանքային իրականության։

 

ՔՈՓԻԼԵՖՏ

Քոփիլեֆտը, copyleft, авторское лево, կամ ձախ-հեղինակային – նորաբանություն է, որն առաջացել է մտավոր սեփականության իրավունքների վերիմաստավորման արդյունքում, համակարգչային ծրագրեր ստեղծողների միջավայրում։ Հեղինակային իրավունքների պաշտպանության copyright  բառի հականիշն է։ Քոփիլեֆտի կոնցեպտի ստեղծողը համարվում է ամերիկացի ծրագրավորող Ռիչարդ Սթոլմանը՝ ազատ ծրագրային ապահովման հիմնադիրը։

Ի տարբերության քոփիրայթի, քոփիլեֆտը ենթադրում է մտավոր սեփականության օբյեկտի (ծրագրեր, պաշարների շտեմարաններ, գեղարվեստական ստեղծագործություններ) հեղինակի իրավունքի փոխանցում այլ օգտագործողների՝ դրանց հետագա անվճար օգտագործման, կատարելագործման, մշակման և տարածման համար։ Գրաֆիկորեն քոփիլեֆտը պատկերվում է իբրև շրջանակի մեջ ներառված լատինական «C» տառի շուռտիպ, որն ընդգծում է քոփիրայթի հետ հակադիր կապը։

Դժվար չէ նաև նկատել, որ քոփիլեֆտ բառը, որ բաղկացած է «copy»` պատճեն, կրկնօրինակ և «left»` ձախ բառերի համադրությամբ բառախաղից։ Փնտրելով ազատ ծրագրային ապահովման համար համապատասխան հասկացություններ՝ հեղինակը փոխել է copyright բառի երկրորդ մասը left` ձախ բառով։ Դա արտացոլում է նաև ազատ ծրագրավորման և մտավոր սեփականության ազատ օգտագործման կողմնակիցների հայացքները և անգամ նույնացվում է ցանցահենային հարթակների հետ։

Copyleft-ից առաջ փորձ է արվել  շրջանառության մեջ դնել copywrong-ը, որն, ըստ էության, copyleft-ի հոմանիշն է, բայց հնչողությամբ wrong-ը նշանակում է «ոչ ճիշտ», սխալ, ինչը կորցնում է բառախաղը։ Հենց այդ պատճառով էլ լեզուն այն չընդունեց։ Բացի այդ, լեզուների մեջ ընդունված է «աջը» համարել ճիշտ, իսկ «ձախը»՝ դրան հակադիր, ինչն ընդգծում էր հանրույթի սկզբունքերն ու պահում էր բառախաղը։

Ավելի լայն մշակութային առումով քոփիլեֆտի ծնունդը կապված էր պոստմոդեռնիստական հասկացությունների մեջ բնօրինակի և պատճենների վերիմաստավորման հետ, երբ հեղինակները զուգորդումներ ու ծավալուն մեջբերումներ էին անում այլ ստեղծագործություններից, որը XX դարավերջին արդեն իսկ բնական էր համարվում։ Դրան մեծ չափով նպաստեց նաև համացանցի և արագ պատճենող սարքերի լայն տարածումը։