ՊՈԼԻՏԻԿ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ԼԱՅՆԵԶՐ ԳԼԽԱՐԿԸ / Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և զբաղվելու ցանկություն էլ չունեմ։ Դա իմ գործը չէ, ավելի ճիշտ՝ դա ինձ երբեք չի հետաքրքրել։

Հարցեր չտալ։ Հիմա «ինչուներ»-ի տեղը չի։ Միշտ էլ համոզված եմ եղել, որ այդ, այսպես կոչված, քաղաքականությունը, մարդու տուն քանդող բան է, դեռ երկրի մասին չեմ խոսում: Ուզում եմ ասել՝ նման դեպքեր էլ են լինում։ Սխալ մարդ, սխալ տեղ։ Էլի նույն խորհուրդս` հարցեր չտալ, պատասխան չի լինելու։

Չեմ թաքցնում, գայթակղելու փորձեր եղել են, այն էլ՝ բավականին շատ: Հաճախ` թաքուն խոստումների գույնզգույն կապոցների տեսքով։ Ծիծաղելի էլ է հիշելը։ Պատկերացնո՞ւմ եք հիմա իմ վիճակը` քանդված-ավերված-տապալված, սուտ։ Մարդիկ կա՞ն, չէ՞, չեն հասցնում մի կուսակցության կուռ շարքերում գտնվելուն հարմարվել, շրը՜խկ, տեսնում ես` մի ուրիշ, հնարավոր է հենց հակառակորդ կուսակցության շարքերում։ Չէ, չեմ ասում՝ ոչինչ չեմ հասկանում, շատ էլ լավ հասկանում եմ, ուղղակի չեմ հարմարվում, մի տեսակ տհաճ է, չնայած ասում են՝ սովորության խնդիր է, պարզապես հարկավոր է հարմարվել ու ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա… Հո դրանից աշխարհը փուլ չի՞ գալու։ Ամեն մարդ ինքն է իր տերը, կուզի՝ կապրի, չի ուզի՝ կկանգնի ամենաբարձր շենքի կատարին և ներողություն խնդրելով տիրոջից` իհարկե, եթե քիչ թե շատ հավատում է էն վերևում գտնվողին, թրը՜խկ, ուղիղ սալահատակ փողոցի ամենապինդ տեղը… ողջ մնալու ոչ մի հնարավորություն։ Թքած` ով ինչ է ասելու… Ո՞ւմ է դա հետաքրքիր։ Նորից եմ խնդրում, հարցեր չտալ։ Սակայն ընդհանուր, այսպես, որ վերցնում ես, լավ չէ, կարելի է ասել նաև՝ ծանրորեն մտահոգիչ է։ Իրավունքը՝ իրավունք, բայց մարդը եղել է, և մարդը չկա։ Այնպես որ, հենց էն գլխից ես բարձր-բարձր շենքեր փնտրելու ցանկությունից հազարավոր կիլոմետրերի հեռավորություն եմ պահել, այդ նույն պոլիտիկների բառապաշարով՝ դիստանցիա… Բա՜ ոնց, ախպեր ջան… Այնքա՜ն գործ կա անելու, էլ դու՝ սուս։ Ինձ մոտ, օրինակ, դեռ երեխա ժամանակներում են ասել, որ գրելն է լավ ստացվում, ես էլ ինձ իրավունք չեմ վերապահել չհավատալ ասողներին ու մինչ հիմա լավ-վատ գրում եմ, չնայած էլի ասում են, որ այնքան էլ վատ չի ստացվում, մեկ-մեկ էլ ոգևորված, իբր ինքս ինձ գերազանցում եմ գրելու գործում։ Այսպես էլ կարելի է մեկնաբանել՝ մի քանիսից վատ, բայց, հաստատ, մի քանիսից էլ լավ… Այդպես չեղավ, ասեմ իմանաք, շենքի տեղը գիտեմ… Բավականին էլ գեղեցիկ շինություն է, ճարտարապետական ժամանակակից լուծումներով և, ամենակարևորը, համապատասխան բարձրությամբ…

Քանի անկեղծությունս բռնել է, թաքուն մի բան էլ ասեմ, էդ քաղաքականություն կոչվածը, հատկապես մեր կողմերում, մի տեսակ ձգող, տանող, ցավացնող բնավորություն ունի։ Մարդ արարածը կարող է նույնիսկ չհասկանալ էլ, թե ինքն ինչպես հայտնվեց նրա, չգիտեմ` ճանկերում ասե՞մ, թե՞ ծնկներին, կամ, երբ մի բան հասկանում է, վերադառնալն արդեն ուշ է լինում, անհնար, ոչ մի ցանկություն։ Մեռած վիճակ։ Հարցեր չտալ։ Եվ խաբված մարդու սիրտը փոփոխություն է տենչում, ճամփորդություն, նոր տարածքներ, նորանոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր խոստումներ ու նոր առաջարկություններ։ Ես, օրինակի համար եմ ասում, չեմ մեղադրում, ընդհակառակը, նախանձում էլ եմ, երանի տալիս, մեկ-մեկ ցանկանում նմանվել նրանց, թեպետ երբեք դա ինձ այդպես էլ չհաջողվեց։ Գիտե՞ք ինչու, ասեմ, որովհետև, իմ խորին համոզմամբ, ես չեմ տիրապետում մարդկային հարաբերությունների նուրբ, հաճախ անտեսանելի, անշոշափելի արվեստին, որովհետև ամենաճակատագրական պահերին տեսողությունս էլ է ինձ դավաճանում, լսողությունս էլ, էլ մարդկանց առաջնորդելու, ինչ-որ տեղ հասցնելու անկարողությունից չեմ խոսում։ Իմն էլի մնում է գրիչը։ Չնայած այսպես շարունակելու դեպքում, մի պահ անգամ չեմ կասկածում, նա էլ է ինձնից հրաժարվելու։ Մտածում եմ, որ ինձնմանների կողքին երկար մնալը լրիվ անիմաստ է։ Մնան, որ ի՞նչ։ Օգո՜ւտը… Նման դեպքերում երևի հիասթափությունից ծանր բան գոյություն չունի աշխարհի երեսին… Այս դեպքում էլ փրկությունը միայն ու միայն բարձրահարկի կարմիր տանիքն է…

Քիչ էր մնում մոռանայի, երբ դեռ փոքր էի, ուզում եմ ասել՝ աշխարհից դեռ ոչինչ չէի հասկանում, մի տեսակ վախեցած ու պատկառանքով էի նայում մուգ կոստյումով, ճերմակ վերնաշապիկով ու փողկապով աշխատանքի գնացող մարդկանց։ Նրանց քայլքն էլ էր ուրիշ, հայացքն էլ… խոսքը, շարժուձևը, ձայնը։ Մեզ հետ նույն շենքում էին ապրում, բայց, թվում էր` մեզ հետ ոչ մի կապ չունեն, այլ մոլորակի բնակիչ էին, հեռու, ո՛չ նյութական։ Իսկ երբ բակում կանգնում էր ծառայողականը, պարտադիր՝ սև, փայլփլող ավտոմոբիլը, ես նախանձում էի, նախանձում էի հատկապես նրանց երեխաներին ու մտածում էի, որ ինձ երբեք, երբե՜ք չի հաջողվելու նմանվել նրանց։ Գիտե՞ք ինչու, ասեմ, որովհետև համոզված էի, որ նրանք շա՜տ խելոք են, շա՜տ կարդացած, շա՜տ, ո՞նց ասեմ՝ աշխարհ տեսած։ Եզակի, ընտրյալ… Զարմանալին հատկապես այն էր, որ նրանք բոլորն էլ իրար նման էին, և, թվում էր, հագնում էին նույն շորերը, կրում նույն կոշիկները, դնում նույն լայնեզր գլխարկը։ Եվ բոլորն էլ, հորս ասելով, իհարկե, կոմունիստ էին, բոլշևիկ։ Ոչ կոմունիստը միայն որմնադիր հայրս էր, հյուսն հորեղբայրս, փողոցներից օրվա կեղտոտ հետքերը հավաքող կանայք, մեր կողքի գարաժի պահակը՝ անփամփուշտ «թաքլուլան» ուսից կախ, նաև՝ ընկեր Պետրոսյանը: Ավելի ճիշտ, մի ժամանակ նա էլ էր կոմունիստ, բայց ընդամենը մի անգամ մարդու համարձակությունը մի քիչ բռնել էր, ասել էր՝ մեր էս երկրում ժողովուրդների բարեկամությունը մի քիչ խախուտ է, և նրան այդ մի կիսատ-պռատ նախադասության համար հեռացրել են հարազատ կուսակցության շարքերից… և նա դարձել է մեզ նման մեկը… Թեպետ տարիներ շարունակ ասում էին, որ նա կարող էր դառնալ քաղաքական մեծ գործիչ և մնացածի նման փայլփլուն ավտոմոբիլով գնալ աշխատանքի, աշխատավայրից վերադառնալ տուն։

Ինչքան հիշում եմ, կյանքի վերջին տարիներին նրա գեղեցիկ հագուկապից մնացել էր միայն արևահարված լայնեզր գլխարկը, որը նա, պետք է նշել, կրում էր ընդգծված, մի առանձնակի հպարտությամբ…

Վերջում մի բան էլ ասեմ, ամենևին չզարմանաք, ինձ թվում է՝ իմ՝ քաղաքական գործիչ չդառնալու պատճառներից մեկն էլ հենց լայնեզր գլխարկը գլխիս պահելու անկարողությունից էր…

Չնայած մի գլխարկի եղածն ինչ էր, որ ամբողջ ընտանիքով չկարողացանք դրա հարցերը լուծել, բնականաբար, հանուն երկրի ու ժողովրդի…

Հոդվածը գրվել է… բայց ի՞նչ նշանակություն ունի՝ երբ…