Ըստ Պլատոնի ՙՊրոտագորաս՚ երկխոսության՝ ՙԾանի՛ր զքեզ՚-ը հին Հունաստանի ՙյոթ իմաստունների՚ (մ.թ.ա. 6-րդ դ.) համատեղ մտորումների պտուղն է: Երկար բանավեճի արդյունքում նրանք եկել են այս ճշմարտության և սա գրել են Դելփիքի տաճարի պատին: Կոչվում է նաև ՙԴելփյան պատգամախոսների պատվիրան՚: Հին աշխարհի փիլիսոփաներից մեկն էլ այս միտքը զարգացրել է այսպես. ՙՃանաչի՛ր ինքդ քեզ, և դու կճանաչես աստվածներին ու տիեզերքը՚: Բայց թե ի՜նչ ճանապարհ պետք է անցներ այս պատվիրանի նվիրյալը, միայն ինքը կարող էր իմանալ իր քաջարի, դժվար քայլքի ընթացքում:
Մի պատեհ առիթով, երբ դեռ ինձ չէր այցելել Հրաչ Թամրազյանի՝ իմ թանկ ընկերոջ արվեստի մեջ խորամուխ լինելու երջանիկ միտքը, ասել եմ, որ նրա բանաստեղծությունները պետք է կարդալ առավոտյան ժամերին, երբ օրը դեռ մաքուր մի էջ է, որ չգիտես և չես ուզում իմանալ, թե ինչեր են գրվելու նրա վրա առաջիկա ժամերին: Իսկ առավել թափանցելու ու վայելելու համար հասկացա, որ առավոտը քիչ է, պետք է օրեր, ամիսներ, գուցեև ավելի երկար ընկղմվել հսկա այս միստիկ երևույթի մեջ…
Ծաղկաձորի ստեղծագործական տանը կա մի շրջան, երբ գրողը լիարժեք առանձնության ու լռության մեջ կարող է մտորել ինչի մասին ուզի, գուցեև որսա իրեն ու բոլորին անհրաժեշտ շատ գաղտնիքների բանալիներ, որոնք տրված են եղել, սեղմված են եղել գրադարակներիդ մեջ և համբերությամբ սպասել, թե երբ ես ձեռքդ առնելու մեծ զորություն, մեծ թաքնագիտություն պարունակող գրքերը, որ ընկերներդ տարիներ շարունակ նվիրել են քեզ…
Ուզում եմ հիշել, թե այս նյութեղենացած քենի, իրարահայհոյության, չհայտարարված, բայց վաղուց ավերներ գործող պատերազմների գալարապտույտում ուղեղիս ծալքերից ե՞րբ դուրս սահեց Պլատոն անունը և ինչու, և ի՞նչն էր պատճառը, որ անպայման ուզեցի մի պատուհան-ժամանակ գտնել` վերհիշելու համար հին մեծ մտածողի ՙքարանձավի տեսությունը՚: Թե նեղսրտության ի՞նչ աստիճանի վրա էի, երբ գրադարակից ինձ ձայն տվեց, գրեթե հրամայական, բայց խանդաղատանքով կանչեց Հրաչ Թամրազյանի ՙՆերաշխարհը՚…
Սակայն այս անգամ այն ձեռքս առնելով՝ ինձնից այլ լարում էր պահանջվում… և, պարզվում է, այլ ասելիք կար այնտեղ: Մանավանդ որ Թամրազյանի՝ սրա հետ թիկունք թիկունքի տված մյուս գիրքը՝ՙ ՙԳրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը՚, իմաստուն մորուքազարդի միջից միայն ժպտում էր… Ու հենց այդ ժպիտն էլ երևի տարավ ինձ Հրաչ Թամրազյանի, Նարեկյանների, Պլատոնի, Դիոնիսիոս Արեոպագացու, Դավիթ Անհաղթի ՙինքնարարման ծեսի՚, ՙԱստվածային վայրէջքի և վերառաքման՚, զարմանքի, հիացումի, աղոթքի միստիկական բավիղներով: Մի անգամ ևս, առանց միտք սողոսկող, խցանող աղմուկների, լսելու, որ ՙԱմեն ինչ կատարվում է ըստ ներքին մարդու՚, ՙհանուն ներքին մարդու՚: Եվ տեսա, թե ինչ պաշտամունքով, ինչ համոզվածությամբ է Հրաչ Թամրազյանը պեղել 1000 տարի առաջ ապրած իր նախնիների և 2600 տարի առաջ ապրած հույն փիլիսոփաներից հենց ուղիղ իրեն հասցեագրված ուղերձները:
Եվ մեր ժամանակակից բանասիրական միտքը դեռ չի անդրադարձել գիտնական Հրաչյա Թամրազյանի և բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի նույնաղբյուր մտասլացումներին: Եվ թե ինչպես կարող էր ՙՆերաշխարհը՚ առատորեն սնված չլինել նարեկյան նորպլատոնականների բերք ու բարիքի առատ դաշտերից:
Բայց չէ՞ որ Թամրազյանի նախորդ գրքերում չկան ներսուզումն ու ներհայեցողությունն այս չափերով: Ուրեմն, սա մի նոր նյութ է, մի նոր կյանք, բանաստեղծի ու փիլիսոփայի մի նոր համաձուլվածք: Բայց չէ՞ որ նախորդ գրքերում բանաստեղծն այլևս չէր գտնում մխիթարություն. ՙքաղաքը կույր՚, ՙքաղաքն անողոք՚, ՙկռնատ աստղերը՚ պարպել էին նրա հոգին և կարծես թե տեղ էին նախապատրաստում այս զորեղ, այս նորովի հայտնաբերված ՙիրական աշխարհի՚ (պլատոնական ըմբռնումով), այս միանգամայն այլ դիտվածք պահանջող ապրումի, նոր կենսական իմաստության համար:
ՙԾիրն անպարագիծ ու անպարփակ է-/Քո ապրած կյանքում ծվեն առ ծվեն/ Պիտի այլ կյանքի պաշար հավաքես՚:
Ահա դեռ ճանապարհի սկզբում է քնարական հերոսը, նայում ու ոչինչ չի տեսնում, բայց արել է քայլը…
Մեր ներաշխարհի ճամփորդը մենք ենք,//Ու տանում է մեզ այդ հորձանքն անհուն,//Ուր նրանով ենք մենք աշխարհ եկել,//Ու նրանով ենք դանդաղ հեռանում://Այդ է գաղտնիքը մեծն նույնության,//Որ թաքնված է մեր մեջ, մեր ներսում,//Մենք հավերժորեն նրան ենք հյուսված,//Բայց մենք նայում ու ոչինչ չենք տեսնում:
Ակներև է, որ այս տողերում բանաստեղծն արդեն պատրաստ է ջնջելու կյանքի ու մահվան սահմանները… համաձայն է ՙներաշխարհի ճամփորդը՚ լինել, ՙդանդաղ հեռանալ՚ նրանով: Արդեն հայտնաբերել է այս երկուսի՝ կյանքի ու մահվան ՙմեծն նույնություն՚ լինելու գաղտնիքը: Այնուհետև բանաստեղծը, գիտնականը, փիլիսոփան իր այս գրքում, որ ըստ էության` մի համահյուսվածք պոեմ է բանաստեղծական տարերքի, էքստազի, գեղեցիկի բոլոր հայտնի ու անհայտ դրսևորումներով, պիտի պատկերի դեպի ներաշխարհ իր մուտքն ու իր միստիկական ապրումների հարահոսը.
Ու մենք չգիտենք ու չենք իմանա//Ի՞նչ անդունդների մեջ է խորանում,//Ի՞նչ անուն ունի գաղտնիքն արարման,-//Այսպես ձգվում է շղթան օրավուր,//Որ սերունդներն իրար է հյուսում,//Ու օղակում է գալիք ու անցյալ.-//Ի՞նչ անդունդների մեջ են ներսուզվում// Ժամանակները արդեն հուշ դարձած:
Բանաստեղծը այս ճանապարհով գնալու ու հասնելու է մինչև ՙդաշինք ԱՍՏԾՈ հետ՚: Սա է այն մեծագույն հայտնագործությունը, որ կարող է անել ճշմարիտ ուղուն զինվորագրված անհատը՝ նյութական աշխարհում այլևս որևէ մխիթարություն, հանգրվան, նավահանգիստ չգտնող հոգին: Եվ հենց այս ներաշխարհում է, որ կապվում են, կապված են հին ու նոր մարդկային հասարակությունները, նրանց փիլիսոփայությունը՝ Պլատոնից մինչև Հրաչ Թամրազյան:
Հր. Թամրազյանը մեծ զոհաբերում պահանջող և հոգին ՙորպես լույս՚ գտնելու այս ուղին գտել է նախ Նարեկյանների ուսմունքում, մասնավորապես` Գր. Նարեկացու արվեստում ու հասկացել, որ իրեն է տրված հազարմյակ անց նրանց ժառանգորդը դառնալու իրավունքը. ՙՀոտոտել արնոտ հետքերը կենաց,//Ապրել իբրև վերք և սպեղանի,//Վաղ առավոտյան քնից վեր կենալ,//ու հեղվել օրվա զոհասեղանին՚: (ՙՍպեղանի՚): Այս բանաձևումը հնարավոր է գտնել ինչպես համաշխարհային, այնպես էլ մեր գրականության մեջ, բայց բացառապես և մինչև վերջ (ՙմինչ ի մահ») դրանով ընթանալու համար պետք է ընտրյալ լինել և օժտված լինել ԱՍՏԾՈ մեծագույն շնորհով: Հրաչը ինչպե՞ս կարող էր հրաժարվել իրեն վստահված այս առաքելությունից, երբ ամեն ինչ ավելի քան հստակ էր: Պետք է խորանար ինքն իր մեջ, բացեր հունը բոլոր նրանց համար, ովքեր չեն կարող ապրել առանց բարու, գեղեցիկի, արդարության, բնության, սիրո կայծը փնտրելու: ՙՈւ հանուն անհայտ այն անունների,//Որ մնալու են ընդմիշտ անանուն,//Ես դուրս եմ գալու կյանքի հուներից,//Ու ներաշխարհի մեջ եմ խորանում՚:
Սա բանաստեղծի համար եղել է այն շրջանը, որ միմյանց հաջորդող օրերի, նույնիսկ նույն օրվա ընթացքում ծնվել է կյանքի որոշիչ գիծը բռնելու և այնուհետև այն երբեք բաց չթողնելու վճռականությունը: ՙՈւ խավարն է մեր խորքը պաշարել,//Որից մեր կենաց լույսն է արարվում,//Մենք թափառում ենք, ու ներաշխարհն է//Մեր հոգիների բնօրրանն անհուն՚: Եվ նույն՝ 2012 թվականի փետրվարյան ցուրտ մի օր` մեկը մյուսից հետո գրված երկու բանաստեղծություն: (Տեսնես շաբաթվա ո՞ր օրն է եղել դա):
Ներաշխարհը գաղտնիքն ինքն է՝//Ծածկված մեգով խորհրդավոր.-//Ինքնարարման թաքուն մի ծես,//Բայց ինչո՞ւ ենք մենք անհաղորդ//Ինքներս մեզ ու սուզվել ենք//Քարերի պես մեր խորքերում՝//Ինքնարարման տանջալի ծես-//Ինքնակործան մեր օրերում:
Խոսելով Գր. Նարեկացու ՙմեծ նախորդների՚՝ Խոսրով Անձևացու, Անանիա Նարեկացու մեկնությունների, խրատաբանական, աստվածաբանական երկերի մասին` Թամրազյանն ասում է.ՙԱյս երկերում հստակորեն նշվում է միստիկ կենցաղավարության, հոգևոր ընթացքի ուղին, որով ներանձնացյալը ներքին մաքրագործման, հոգևոր առաքինություններին տիրապետելու և ներքին աղոթքի միջոցով մոտենում է կատարելատիպին՝ նմանվում է ԱՍՏԾՈՒն՝ ըստ մարդկային հնարավորությունների՚: Իսկ ըստ Դավիթ Անհաղթի` ՙՀիացածն ինքը ձգտում է էլ ավելի նմանվել Հարացույցին՚:
Պլատոնի ՙՔարանձավի տեսության՚ և ՙՆերաշխարհի՚ կապը ընդգծված ի հայտ է գալիս մի շարք բանաստեղծություններում. Որ քարանձավի ձև ունի հոգին,//Ես դա գիտեի-կյանքը քարացած//Քեզ է նայում իր ակնդետ խորքից,//Օ, միակնանի ոգու քարանձավ:
Կամ՝ Ես արդեն ինքս իմ մեջ եմ պեղում//Կյանքի խորշերը – մի շրջված անցյալ,//Որը կերտել է կյանքը հեղհեղուկ,//Օ, մեր անթեղված ոգու քարանձավ:
Այս և մի շարք այլ բանաստեղծություններ հենց ամբողջությամբ ՙքարանձավի՚ տեսությունից են բխում ու խորանում են դրա մեջ: Սրանք կարծես հրավեր են դեպի ներաշխարհ, դեպի պլատոնյան քարանձավ: Բանաստեղծն ինքը մեկ անգամ ևս հայտնաբերել է այդ աշխարհը և քայլ առ քայլ խորանում է նրա մեջ: Այո՛, Քարանձավը տիեզերքն է:
ՙՈւ լսում ես քայլերդ ներաշխարհով քայլելիս՚: Սա արդեն ոչ թե տեսիլք է կամ խաբկանք, այլ` իրականությունն ինքը: Հետո գալիս է ՙհայելու՚ գաղափարը: Այսինքն՝ դու քեզ տեսնում ես այնտեղ՝ ներաշխարհում: Ուրեմն, քարանձավը քեզ ընդունել է: ՙՆերաշխարհն է երազներում մեր շրջում//Ու համբուրում ոտնահետքերը ՏԻՐՈՋ՚:
Ուրեմն, սա այն տարածքն է, որտեղով գուցե երբեմն, գուցեև միշտ անցնում է Տիեզերքի ՏԵՐԸ: Ի՜նչ հրաշագործ պատկեր է, բառերի մեջ ամփոփված ի՜նչ վերափոխություն. ՙՈւ մակաղում է քո ներսում հանգիստ//Կյանքի պատկերը ինքն իրեն հիշող»:
Քանի՜-քանի անգամներ է արդեն ներխոկման (մեդիտացիայի) ընթացքում, դեպի տարաշխարհ էքստատիկ տեղափոխման մեջ գտնվող բանաստեղծը ծանուցում մեզ անհայտ, անհնարին թվացող հույզերի կարևորությունը. ՙՈր տիեզերքներ արարվեն քո մեջ//Առասպելներով պարզ մարդեղության,//Որ ներաշխարհդ խելահեղորեն//Ծաղկի քո արյան համաստեղությամբ ՙՆերաշխարհ՚): Խոսելով Դիոնիսիոս Արեոպագացու՝ աղոթքն իբրև ՙՄերձակա աստվածաբանություն՚ տեսության մասին` Հ. Թամրազյանը մեկնաբանում է. ՙԸստ Դիոնիսիոսի՝ առաջին հերթին և միշտ աստվածաբանությունը աղոթքից է պետք սկսել: Նա աղոթքը համարում է ՙմերձակա՚, անմիջնորդ աստվածաբանություն, որի միջոցով ձգտելով Աստծուն` մերձենում և միանում ենք Նրան՝ ոչ թե Նրան ձգելով դեպի մեզ, այլ` բարձրանալով առ Նա՚: ՙԻսկ մեզանից նրանք, ովքեր և միանում են Նրան, հաստատվում են այնտեղ՝ բանական աշխարհում՚:
Այսպիսով, ամեն մարդ իր հոգում կրում է աստվածայինի սաղմը (այսպես է նաև արևելյան ուսմունքներում) և բարոյական մաքրագործմամբ կարող է հասնել հնարավոր աստվածանմանության: Սակայն ՙԽիստ ասկետիզմն անգամ իր արտաքին դրսևորումներով չի կարող ապահովել մարդու փրկությունը, երբ չի ուղեկցվում ներքին հոգևոր ինքնակատարելագործմամբ՚ (ՙԳր. Նարեկացին և նորպլատոնականությունը՚. Անանիա Նարեկացու դրույթները վերլուծելիս՝ Հ.Թ.):
Հ. Թամրազյանի բանաստեղծական արվեստը կատարելագործվում է ոչ միայն ժամանակով իրեն մոտ գեղագիտության, գիտելիքների պաշարով, այլ՝ միջնադարի, այսինքն՝ ակունքներից եկող տեսությունների ու ստեղծագործությունների՝ պաշտամունքի հասնող էքստատիկ ուսումնասիրությամբ: Եթե այս գեղագիտությունն իր շարունակությունը չէր գտնելու հայ հետագա բանաստեղծական ու փիլիսոփայական մտքի մեջ, կմնար որպես մի քարաժայռ կամ աղե արձան, որի հետևանքը կլիներ մեր հետադարձ, ոչ մի մեծ բան չխոստացող հայացքը:
Ինչպիսի սիրով, բարությամբ, գեղեցիկով, արդարությամբ, հիացումով տոգորված էին հարթում աշխարհի մեծագույն հումանիստները մարդու համար դեպի իսկական երջանկություն տանող ճանապարհը: Եթե Պրոմեթևսը իր մեծ զոհողության գնով կրակը իջեցրեց երկնքից, ապա Պլատոնը, նրա հետևորդները, Քրիստոսը, նորպլատոնականները, Հրաչ Թամրազյանը, ընդարձակելով մարդկային կարողությունների սահմանը, ուզում են, որ մարդն ինքը խոյանա դեպի լույսը՝ ձգտի աստվածանմանության և դառնա լույսի որդի՝ իր մարդկային կարողությունների չափով: Հրաչ Թամրազյանի բանաստեղծական ուղին ողբերգական լինելով` երբեք ողբ չէ կամ (ինչպես և նարեկացու ՙՄատյանը՚) ողբ է հանուր մարդկության համար և նախնական անապականության հասնելու հերոսական հրավեր մարդ արարածին: ՙՔնի- արթնության անհուն անձավում,//Ուր սերունդներն են հղանում վաղվա,//Որ սերմանված են վաղուց անցյալում,//Ուր գալիքների սերմերն են թաղված,//Որ չունեն մի այլ իղձ կամ ցանկություն,//Այլ` գոյանում են հենց կյանքի առթիվ-//Հանուն առկայծող այս երջանկության,//Հանուն բռնկվող այս ակնթարթի… Այստեղ մի քանի ուրախ նոտաներ ենք լսում և այն էլ՝ ՙքնի և արթնության միջակայքում՚, այն էլ՝ ներկա ժամանակով: Մյուս բանաստեղծությունն էլի ուրախալի ավետում է.ՙՈւ բնակալած ծառերն են ծաղկում,//Ու ճյուղավորվում մեր հոգու հողում,//Ու կենաց ծառն է սաղարթ արձակում,//Ու կենաց ջուրն է նրանց ողողում: Բայց սա դեռ միայն նշանակում է, թե գտնվել է գաղտնիքի թելը:
ՙՀոգևոր տարփանքը, հափշտակությունը, բերկրանքը, պայծառացումը գերագույն նպատակ էր համարվում միստիկ հայեցողի և արվեստագետի համար՝ իբրև աստվածայինին մերձենալու, նրա ոլորտները թափանցելու, նրան միախառնվելու միջոց՚ (Հ. Թամրազյան ՙԳր. Նարեկացին և նորպլատոնականությունը…՚: Հ. Թամրազյանի այս մեկնաբանությունը միանգամայն համընկնում է նրա որդեգրած, սեփականած մտածելակերպ-մեթոդին:
Մենք թափառում ենք ժամանակի մեջ,//Բայց կայանում ենք ժամանակից դուրս,//Ու միևնույնն է՝ լինել-չլինել,//Մենք չենք գոյության կայաններն ընտրում…
Հ. Թամրազյանն իր պոետիկ փիլիսոփայական աշխարհայացքով փնտրում է ելքը քարանձավից, որ ինքնըստինքյան հերոսականություն է. …Թող այդպես լինի՝ երբ հանկարծ տեսնես,//Որ ամայի է քո շուրջն ու անմարդ,//Ու վերջին միտքը թող լինի քեզ հետ՝//Որ հարաշունչ է աշխարհը համայն: Այս հար ածանցը բնորոշ է Թամրազյանի ամբողջ պոեզիային: Նա հարահոս է և գրածներն էլ այդպես՝ հարասություններ… Նա հզոր կամք է գործադրել դուրս գալու համար միջնադարյան սխոլաստիկայի բերած հոռետեսությունից (որի հետքերը դեռ այժմ էլ ջնջված չեն, ու այլ կերպ չէր կարող լինել), որ վերաբերում է մեզ տրված միակ կյանքը ճիշտ, աստվածային կանոններով ապրելուն և վեր հանելու այն ամբողջ լուսավորը, որ կար մեր միջնադարյան երգիչների մեջ: Չէ՞ որ նրանք և Հրաչը լիարժեք ՙԼույսի որդիներ՚ են:
Թող այդպես լինի, ու թող քեզ թվա,//Որ ներաշխարհում անցորդ չես մի կույր,//Որ դու անցյալում կտեսնես նրանց,//Որ քեզ կտեսնեն նրանք գալիքում…
Խորապես ուսումնասիրած լինելով Անանիա Նարեկացու, Դիոնիսիոս Արեոպագացու արվեստաբանական սկզբունքները, աստվածաբանական գիտելիքը` Հ. Թամրազյանը ոչ թե առաջնորդվել է դրանցով, այլ` կարծես ի ծնե տիրապետում էր դրանց: Սա է պատճառը, որ նրա մեջ էքստատիկ խմորումներն ու պոռթկումները բնական են այնքան: Բանաստեղծելիս նա կարծես մոռանում է անտիկ աշխարհի, միջնադարի բոլոր սահմանումները, քանի որ արդեն ձուլվել է դրանց: Արդյունքում ստացվում է մի բոլորովին նոր ու գերազանց համաձուլվածք:
Եթե ՙՆերաշխարհով՚ տարվելիս մեր աչքը վրիպեր Թամրազյանի գիտական խորախորունկ քերթություններից, ապա միանգամայն անհարկի կդառնար այն ընթերցելը: Գուցե նույնիսկ ենթագիտակցորեն վայելեինք դրա երաժշտության հմայքը (Հ. Թ.-ի տաղաչափությունը, ներքին ու արտաքին կշռույթները, պատկերավորման միջոցները… մի ամբողջ ուսումնասիրության նյութ են): Կարող էր անգամ, ների՛ր ինձ, իմ սիրելի ընկե՛ր, Հրաչ, գեղեցիկ սեթևեթանք թվալ տեղ-տեղ…
ՙԳրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը՚ աշխատության ՙԲանաստեղծությունն իբրև աստվածային ներշնչանք և խոսքի զորության արվեստ՚ ամփոփիչ գլխում Հր. Թամրազյանը, մինչև Նարեկացուն անցնելը, մանրամասն վերլուծում է Դիոնիսիոս Արեոպագացու աստվածաբանական համակարգի մեջ աստվածային ներշնչանքի և ներգործուն հոգևոր սկզբի, արարչագործության շղթայի մեջ նրա խաղացած դերը: ՙԵվ այս միեղեն, միասնական աստվածաբանության մեջ շեշտվում է մարդկային խոսքի, իմաստության, հանճարի նշանակությունը՝ աստվածային շնորհներ, որ հաղորդակից են դարձնում խորհրդապաշտ անհատին բանական տիեզերքին, աստվածային էությունների աշխարհին, աստվածային գիտությանն ու իմաստնությանը՚:
Իսկ սա արդեն Հրաչյա Թամրազյան բանաստեղծն է.ՙՏիեզերքը իրար է կապում//Ու հանգուցում է հոգիներն համայն…//Մեր երազները այնտեղ են ապրում,//Այնտեղ մեր կյանքը հոգի է համակ… Կամ Ու սերունդներին իրար է կապում//Հնչերգի նման սուրբ պատարագի//Միաձուլվում են այդ արձագանքում//Բյուր սերունդները որբ ու տարագիր: (ՙԽորան՚): Եվ կամ, Ու շոշափի՛ր գալիքը,//Ու այդ շեմից ներս մտիր,//Ու ճանաչիր ինքդ քեզ,//Ու հյուրերին քո նոր տան://Այնքան ջերմ ու հարազատ,//Այնքան նման են իրար//Այս եզերքում կարոտի՝ //Իբրև եղբայր, իբրև քույր…
Ամենակարևորն է, որ այս տիեզերական առնչություններ պարունակող գիտելիքին՝ որպես արարման բանալի, հասու դառնա խորհրդապաշտ անհատը: Իսկ ո՞վ է նա… Իհարկե, սովորական մահկանացուն չի կարող հաղորդակցվել բացառիկ շնորհներ պահանջող այս իմաստությանը: Նրա վրա պետք է դրված լինի Աստվածային կնիքը: Զուր չէ, որ ՙՆերաշխարհը՚ սկսվում է հենց ՙԿնիքը՚ վերնագիրը կրող բանաստեղծությամբ, որի բնաբանն է Տերյանի այս երկու տողը.ՙԿիզում է քեզ մի հուր կնիք,//Մի հմայող ու հին խոստում՚: Իսկ սրանք արդեն Թամրազյանի տողերն են.ՙՄեր մարմինները մեղրամոմի պես//Այդ թափառական կնիքն են կրում,//Ու դու չես կարող անհաղորդ լինել,//Երբ քո մեջ գալիք կյանքն է կրկնվում՚:
Իմ այս գրառումը միայն մի չնչին անդրադարձ է դեռ Հրաչյա Թամրազյանի հարասություններին, որով համարձակվել եմ հրավիրած լինել երիտասարդ և վաստակաշատ բանասերների ուշադրությունը: Քանի որ դեռ վիթխարի հետազոտական աշխատանք է պահանջվում այս մեծ բանաստեղծի տաղաչափական արվեստը, փիլիսոփայական բացահայտումները, նրա երազների տեսությունը, ներխոկումները, պանթեիստական երևակումները նաև նրա զարմանալի կյանքը ըստ արժանվույն ուսումնասիրելու և գնահատելու համար:
Եվ քանի որ ես գիտնականի հավակնություններ չունեցող գրող եմ ընդամենը և ընթերցող, քանի որ հանճար չեմ, այլ՝ հասարակ մահկանացու, և ինձ տրված չէ ԱՍՏԾՈ ստեղծած աշխարհը իմ երազածի չափ լայնահուն տեսնել ու զգալ իր անսահման գեղեցկությամբ, պետք է երջանիկ լինեմ, որ եղել է, կա իմ ժամանակակիցը, իմ մտերիմ ընկերներից մեկը, որ ունեցել է այս պայծառացումները, իսկ ես փոքրիշատե հաղորդակից եմ դարձել դրանց մեր օրերի մեծ բանաստեղծի հոգու շռայլության և վեհության շնորհիվ:
