ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆ – 100 «ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԵԶԻ» ՀԱՎԱՏԱՎՈՐ ՊԱՀԱՊԱՆԸ/ Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Պոլսահայ անվանի արձակագիր, թատերագիր, լրագրող-հրապարակագիր, «Մարմարա» օրաթերթի երկարամյա (1967-2025) գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը, իր ձևակերպմամբ, «Հայ բանաստեղծութեան պարտէզի» հավատավոր պահապաններից էր: Ապրած մեկդարյա բովանդակալից կյանքի մեծ մասը նա անմնացորդ նվիրել է հայրենի գրականության ու լեզվի, մշակույթի, ազգային-հասարակական կյանքի հանգուցային, խորքային երևույթների քննությանն ու լուսաբանությանը: Հիրավի, ինքնատիպ են նրա պատմվածքների և պիեսների մի քանի ժողովածուները, «Առաստաղ» վեպը, որոնց համար տարբեր ժամանակներում նա արժանացել է Հայրենիքի ու Սփյուռքի  մի շարք ազգային ու պետական բարձրագույն մրցանակների: Այդ շարքում ուշագրավ են, մասնավորապես, տասնյակ հատորներ կազմող «պտոյտ»-ները «Հայոց լեզուի բառարանին», «Հայ գրականութեան քուլիսներուն», «Հայ գրականութեան պարտէզին» մեջ: Մանավանդ վերջինը, որն ընդգրկում է 1982-ից հետո տարիներ շարունակ «Մարմարա»-ի էջերում հրապարակած «Յուշատետր» խորագրով խոհա-իմաստասիրական նոթերը: Ի դեպ, նման ինքնօրինակ ձևաչափով հանդես գալու շարժառիթը եղել է իր մի երազը («Երազ տեսայ»)՝ Հայ բանաստեղծության պարտեզի մեջ Բայրոնի ու Շիրազի հանդիպման մասին. «Գիշեր մը, երազիս մէջ տեսայ անգլիացի բանաստեղծ Պայրընը եւ մեր Յովհաննէս Շիրազը, քով քովի, ուս ուսի, գրեթէ ձեռք ձեռքի,- գրում է նա:- Դրախտանման պարտէզի մը մէջ կը քալէին իրարու հետ զրուցելով: (…) Հասկցայ որ երազը հրաւէր մըն էր մտնելու մեր բանաստեղծութեան պարտէզէն ներս (ընդգծումները մերն են – Պ.Դ.)»[1]: Այդ հոդվածներում՝ փոքրածավալ անդրադարձներով, Ռ. Հատտեճյանը քննում է հայ բանաստեղծության պարտեզի անմահ «բնակիչների» երկերն ու տողերը՝ Նարեկացուց, աշուղներից, Սայաթ-Նովայից մինչև արևմտահայ, սփյուռքահայ նշանավոր բանաստեղծներ, հանճարեղ Թումանյան, Իսահակյան, Չարենց… Հատորի նախաբան խոսքում («Այս գիրքին էջերը բանալէ առաջ») ընդգծում է, որ  այն «գիտական ուսումնասիրութեան մը կամ գրականութեան պատմութեան մը յաւակնութիւնը չունի» (7): Պարզապես իր նպատակն է՝ «արուեստասէր մարդոց ցոյց տալ թէ որքա՜ն հարուստ ու որակաւոր է հայ բանաստեղծութիւնը, թէ զուր տեղ չէ որ մեր ականաւոր բանաստեղծները անմահացած են իրենց մէկ կամ երկու կամ քանի մը ամէնէն յատկանշական գործերով, որոնք կրնան մրցիլ միջազգային համբաւի տէր բանաստեղծներու հետ»: Միաժամանակ, «յուսահատօրէն զարմանալի է» գտնում, որ «մեր գրադարաններուն սա կամ նա անկիւնէն յանկարծ կը յայտնուին մեզի անծանօթ մնացած բանաստեղծներ, որոնք այնքան հրաշալի տողեր ունին որքան ունեցած էին մեր ամենամեծ բանաստեղծները»: Ահա թե ինչու, ըստ Հատտեճյանի, «Ժողովուրդի մը համար պատիւ է ունենալ այսքան որակաւոր ու ներշնչեալ բանաստեղծներ: Բայց այդ պատիւը կը կրկնապատկուի, կը քառապատկուի, եթէ ժողովուրդը կ’անդրադառնայ այդ բանաստեղծներուն արժէքին եւ տէր կը կանգնի անոնց վաստակին»: Ընդգծելով, որ «Այս գիրքը քիչ մըն ալ գրի առնուած է այդ նպատակով», հնչեցնում է իր կարևորագույն պատգամը ներկա և ապագա սերունդներին՝ «Տէ՛ր կանգնինք մեր բանաստեղծութեան պարտէզին եւ չարտօնենք որ այդ պարտէզը տակաւ ամայանայ՝ այցելուի ու պարտիզպանի բացակայութեան հետեւանքով» (8):

Նման ազգասիրական ու վճռական տրամադրությամբ հայ գրականության պարտեզը մտած գործիչը, բնականաբար, ուներ նաև այդ պարտեզի ամեն մի ծառն ու թուփը գնահատելու իր սկզբունքները, չափանիշները: Այլ խոսքով՝ կարևորագույն այն հարցերի պատասխանները, թե՝ ի՞նչ է գրականությունը, բանաստեղծությունը, բանաստեղծի ներաշխարհը: «Գրականութիւնը ընդհանրապէս գեղեցիկ բանի մասին խօսելու արուեստ է,- գրում է Հատտեճյանը:- Եւ գրականութիւնը երկու մայր սեռերէ կը բաղկանայ: Արձակ ու բանաստեղծութիւն»: Ընդ որում՝ «Արձակը գեղեցիկ բանի մասին խօսելու արուեստ է: Բանաստեղծութիւնը գեղեցիկ բանի մասին գեղեցկօրէն խօսելու արուեստ է» (29): Ինչ  վերաբերում է «գրականութիւնը հին բաները նոր ձեւով ըսելու արուեստ մըն է» դրույթին, ապա, ըստ նրա, «կրնանք թէ՛ հաւատալ, թէ չհաւատալ: Որովհետեւ եթէ մէկ կողմէ ճիշդ է որ հին բաները նոր ձեւով ըսելը արուեստ  մըն է, միւս կողմէ սխալ է թողուլ այն տպաւորութիւնը՝ թէ գրականութիւնը այլեւս իր նիւթերը չորցուցած, սպառած է եւ այսօր ստիպուած է խօսիլ միայն հին բաներու մասին»: Եվ գրող-վերլուծաբանի տեսակետը շատ հստակ է՝ «Ո՛չ: Գրականութիւնը տակաւին չէ կրցած ու երբեք ալ պիտի չկարենայ սպառել իր նիւթերը, որովհետեւ եթէ կեանքը դէպի անհուն կ’ընթանայ կ’երթայ, եթէ կեանքը վերջ չունի, կեանքի նիւթերն ալ կ’ընթանան նոյն զուգահեռին վրայ եւ վերջ չունին» (29-30):

Ռոպեր Հատտեճյանի համար կարևոր սկզբունքներից մեկն էլ մտքի և հույզի, բանականության և զգացմունքի հարաբերակցության պարզաբանումն է: Ըստ այդմ, նրա համոզմամբ, «Բանաստեղծութիւնը չի սորվեցներ: Միայն կը յուզէ: Բայց կը յուզէ, եթէ գտնէ հոգի մը որ պատրաստ է յուզուելու: Կը գտնէ՜ զայն: Կը գտնէ: Քսան հոգիի, յիսուն հոգիի մէջէն կը գտնէ գոնէ մէկ հոգի որ պատրաստ ըլլայ իր սիրտը բանալու բանաստեղծութեան»: Բայց տրամաբանական է նաև կասկածը՝ «Իսկ եթէ չգտնէ՞»: Այնուամենայնիվ, անհանգստանալ պետք չէ, քանի որ այս պարտեզում պատահական ծառեր չկան, և, ուրեմն, որոնողը «Կը սպասէ: Որովհետեւ ուշ կամ կանուխ անպայման մէկը  պիտի գայ ու պիտի զարնէ բանաստեղծութեան դուռը: Ու բանաստեղծութիւնը պիտի բանայ իր դուռը, ներս պիտի առնէ այդ այցելուն ու պիտի յուզէ զինքը: Երկու ընտրեալներու հանդիպում մըն է այս, որովհետեւ եթէ բանաստեղծը ընտրեալ է, նոյնքան ընտրեալ է նաեւ ան որ կը յուզուի բանաստեղծութենէ մը» (17): Հետևաբար՝ «գրականութեան մէջ նիւթը չէ՛ որ այնքան կարեւոր է, այլ զգայնութիւնը: (…) Զգացումը գեղեցկութեան ջնարակն է: (…) Բանաստեղծութիւննե՛րն են որ մեզի կը յիշեցնեն թէ ի՛նչ կը նշանակէ զգայնութիւնը» (30): Ճշմարիտ այս դիտարկումը Հատտեճյանը հիմնավորում է հենց իր՝ որպես ընթերցողի օրինակով: «Երբ գրադարանէս վար կ’առնեմ այժմ երկնքի կապոյտին  խառնուած բանաստեղծի մը մէկ գիրքը ու հոսկէ հոնկէ քանի մը տող կը կարդամ, ես կը զգամ որ այդ տողերուն մէջ բան մը սիրտս կը տաքցնէ,- գրում է նա:- Այդ տաքութիւնը միայն բանաստեղծութեան գեղեցկութենէն չէ որ կուգայ, այլ կուգայ երկնքին կապոյտին խառնուած մէկու մը շունչը զգալէ, անոր հետ հաղորդուելէ: Կը հասկնամ որ այն ինչ որ զգացեր է բանաստեղծը, չէ անհետացեր իրեն հետ, մնացեր է այստեղ ու դարձեր է մեր երկրագունտին մէկ մասնիկը, բաշխուելու համար ո՛վ գիտէ քանի հազար հոգիներու միջեւ» (31-32):

Գրականագիտության մեջ հաճախակի է խոսվում արվեստագետի լուսավոր ներաշխարհի մասին: Կարող է տպավորություն ստեղծվել, թե, ուրեմն, միշտ երջանիկ է գրողը, բանաստեղծը: Բայց չէ՞ որ կան նաև դժբախտ բանաստեղծներ, որոնք, թերևս,  «աւելի մեծ թիւ կը կազմեն քան երջանիկները»: Ռ. Հատտեճյանի տեսակետը, սակայն, այստեղ նույնպես միանգամայն հաստատուն է՝ «Բանաստեղծին ներաշխարհը միշտ լուսաւոր է: Թերեւս դժբախտ, բայց լուսաւոր: Թերեւս հրկիզուած ու աւերուած, բայց լուսաւոր»: Որովհետև՝ «…բանաստեղծին խօսքը իրականութեան մէջ «խօսք» չէ, այլ «երգ» է: (…) Իր այդ ներսի լույսն է որ դէպի դուրս կը յորդեցնէ բանաստեղծը, որպէսզի լուսաւորէ նաեւ ուրիշներու ներաշխարհը» (35): Այս իմաստով, նրա պատկերավոր ձևակերպմամբ՝ «Բանաստեղծը լապտեր մըն է, ուր որ ալ կախեն զինքը: (…) Աւելի՛ն, ամէն գրող, ամէն մտաւորական, ամէն արուեստագէտ, ամէն փիլիսոփայ լապտեր մըն է, (…) Այս մարդիկը իրենց ներաշխարհին լոյսը կ’առնեն ո՛չ թէ արեւէն կամ ելեկտրական լապտերէն, այլ իրենց ծնունդէն, (…) իրենց ներքին մտածումներուն ու զգայնութիւններուն այրումէն: Որքան կ’այրին, այնքան կը լուսաւորուին ու կը լուսաւորեն: Հոգիին լոյսն է ան, եւ արտաքին լոյսէն անկախ, այդ լոյսն է որ լուսաւոր կը պահէ բանաստեղծին ներաշխարհը»: Հետևապես, գրողի միակ մտահոգությունն է՝ «Չըլլայ որ մարի այդ լոյսը: Այն ատեն է որ իրական խաւարը կը տիրէ բանաստեղծին ներաշխարհին մէջ: Ու այդ խաւարը այն ատեն բանաստեղծին ըսել կուտայ այնպէս ինչպէս կ’ըսէր խեղճ Մեծարենց.

Ցնծագին գիշերն է լոյս ու լուսին՝//Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի» (36):

Ռոպեր Հատտեճյանի քննաբանության ծիրում է նաև գրական երկու կարևորագույն ժանրերի՝ արձակի և բանաստեղծության, նմանությունների ու տարբերությունների խնդիրը: «Երբեմն կը խորհիմ: Ես ինծի հարց կուտամ: Գրականութեան ո՞ր ձեւն է որ աւելի ուժեղ ու յստակ կերպով, աւելի հարազատ կը փոխանցէ յուզումի մը ջերմութիւնը: Արձա՞կը, թէ բանաստեղծութիւնը»,- գրում է նա, խոստովանելով, որ այդ հարցումի պատասխանը չի կարողացել գտնել (18): Բանն այն է, որ, ըստ նրա,  յուրաքանչյուրը նախ ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ՝ «Արձակագիրը այն երաժիշտն է որ լաւ կը ճանչնայ իր նուագարանը ու անսխալ կերպով կը նուագէ անոր վրայ: Բայց բանաստեղծը այն երաժիշտն է որ ո՛չ միայն անսխալ կը նուագէ իր նուագարանին վրայ, այլ նաեւ նոր մեկնաբանութիւն մը կուտայ իր նուագած  կտորին» (21): Սակայն քիչ չեն նաև նմանությունները՝ «Արձակը չես գիտեր ինչով մը յանկարծ բանաստեղծութիւն կը դառնայ,  որ անոր մէջ մենք չենք իսկ նշմարեր արձակունակ լեզուն»: Եվ, այնուամենայնիվ՝ «… մենք մեր գլխարկը կը հանենք բանաստեղծութեան առջեւ» (20):

Ռ. Հատտեճյանի համար կարևոր է ոչ միայն գրականության պարտեզի բնակիչների ստեղծագործության ամբողջությունը, այլև առանձին երկերն ու նույնիսկ հատվածները, տողերը: Նրա համոզմամբ,  «Ամէն բանաստեղծ ունի իր (…) գեղեցկագոյն նմոյշները…» (44): Եվ նա առանձին վերնագրերի տակ վերլուծում է Մեծարենցի, Վարուժանի, Թեքեյանի, Լ. Շանթի, Չարենցի և այլոց՝ երբեմն նույնիսկ մեկ կամ երկու տողից բաղկացած բանաստեղծական այդ նմուշները: Ընդ որում, անկեղծորեն խոստովանելով, թե «… ես որևէ բանաստեղծութիւն, մինչեւ իսկ ութ տողնոց բանաստեղծութիւն անգիր չեմ գիտեր: Միայն թէ հարիւրաւոր բանաստեղծութիւններէ տողեր, այդ բանաստեղծութիւններուն գեղեցկագոյն կամ ամէնէն բնորոշ տողերը քանդակուած են մտքիս մէջ» (48): Հիմնավորելու համար ասվածը, բերում է Թեքեյանի «Եկեղեցին հայկական», Գ. Պեշկոթյուրյանի «Սրինգ», Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», Պատկանյանի «Մայր Արաքսի ափերով», Ն. Ռուսինյանի «Կիլիկիա», Միք. Նալբանդյանի «Մեր հայրենիք՝ թշուառ, անտէր» և բազմաթիվ այլ բանաստեղծությունների ու տողերի օրինակները:

Այդ ամենից հետո շատ արդիական է նաև հարցը՝ իսկ «Չկա՞ն տաղանդաւոր բանաստեղծներ ալ, որոնց այսօր անունն անգամ չենք գիտեր, որոնցմէ այսօր ոչինչ կը յիշենք, եւ որոնք սակայն գրած են գոնէ քանի մը տողեր, որոնք կը հաւասարին ամէնէն սիրելի բանաստեղծի մը ամէնէն սիրելի քանի մը տողերուն»: Պատասխանը դարձյալ անվերապահ հաստատական է՝ «Անպայման կան: Եւ մոռցուածներու այդ քանի մը տողերը չեն կրցած կեանքի կոչուիլ, չեն կրցած տեղ մը գրաւել մեր գրականութեան պատմութեան մէջ»: Ուրեմն, ո՞րն է պատճառը: Բանն այն է, ասում է Հատտեճյանը, որ «Անմահութեան արժանի ամէն տող անպայման անմահութեան պատմուճան չի հագնիր: Բախտը կրնայ  զայն հրել դէպի մոռացումի անդունդը»: Այդ իմաստով, ըստ նրա, «Մեր գրականութեան  մոռացութեան անդունդին  խորը ո՛վ գիտէ ինչեր կան, որոնք հոն ինկած են, հակառակ որ արժանի էին վերը՝ մեր մէջ մնալու» (60-61): Այլոց թվում բերում է նաև «մոռցուած հսկայ»-ներից մեկի՝ Եղիա Տեմիրճիպաշյանի՝ «Ո՜վ իմ Աստուած, Արարչութիւնդ ալ հինցաւ» տողը (112-113):

Ռ. Հատտեճյանը մեկ առ մեկ վերլուծում է ծառի, կռունկի, արագիլի, ծիծեռնակի խորհրդանշական կերպար-պատկերների կենսավետումը հայոց բանաստեղծության անտառի մթնոլորտում: Նշելով, որ «Ծառը անբացատրելի յաճախանութիւն մը ունի մեր բանաստեղծներու մտքին մէջ,» (100), այդ ամենը մեկ առ մեկ ներկայացնում է Ինտրայի, Իսահակյանի, Իգնա Սարըասլանի, Խրախունու, Զահրատի և այլոց ստեղծագործությունների օրինակներով: «Կ’արժէ որ մէկը նստի ու ուսումնասիրէ միայն ծառին յաճախանքը, միայն ծառին ներկայութիւնը հայ բանաստեղծութեան պարտէզին մէջ,- գրում է նա: – (…) Բայց այստեղ, եկէք, առանց որ մենք ալ բանաստեղծ դարձած ըլլանք, ըսե՛նք որ այդ ծառերէն ոմանք նոյնինքն մեր բանաստեղծներն են, որովհետեւ մեր բանաստեղծներէն շատեր ցանկացին միանալ ծառի մը, կամ, բանաստեղծական առումով՝ նոյնանալ ծառի մը հետ, առնուազն ժամանակին դիմաց ծառանալ, ծառ դառնալ. Իգնա Սարըասլանին բառերով՝ «յաւերժութեան ծառ դառնալ» (103): Եվ ապա՝ ամենից նվիրական խորհրդանիշներից մեկի՝ հայ մոր մասին. «Մեր բանաստեղծութեան պարտէզին մէջ կայ անկիւն մը որ կարծես պանթէոն մըն է՝ նուիրուած հայ մօր: Ինքնին հրաշալի պարտէզ մըն է ան՝ պարտէզի մը մէջ ուրիշ պարտէզ, կամ անսահմանութեան մէջ ուրիշ անսահմանութիւն» (124): Ընդգծելով, որ «Հայ բանաստեղծին համար մայրը յաւերժական թէմա է, ներշնչման աղբիւր» (127), բերում է Իսահակյանի, Վարուժանի, Տերյանի, Չարենցի, Համաստեղի, Պ. Սևակի, Շիրազի և այլոց հանրահայտ բանաստեղծությունների վկայությունները: Ընդ որում՝ մի գեղեցիկ համեմատությամբ՝ «Չարենցի այս նախադասութիւնը («Մայր իմ անուշ ու անգին»-Պ. Դ.) արձագանգ կը գտնէ շատ հեռուներէն, Համաստեղէն, որ հայրենի իր երկիրը թողլով կարօտի գրականութիւն մշակեց Ամերիկայի մէջ: Համաստեղ ու Չարենց այնքան իրարու չէին նմաներ, որքան իրարու չեն նմանիր հրաշունչ բոցը եւ զուլալ ջուրը: Բայց հակադիր երկու աշխարհներու այս երկու գրողները մայրական սիրոյ կամուրջով իրարու կը կապուին, իրարու հետ կը բաժնեն նոյն զգացումները» (129):

Շարունակելով  պատկերավոր համեմատությունների շարքը՝ Տերյանի, Մեծարենցի, Զարիֆյանի և այլոց բանաստեղծության ինքնատիպ հատկանիշների թվում Հատտեճյանը նշում է երաժշտականությունը, իսկ, ահա, Զահրատը՝ «այն հանճարեղ բեմադրիչն է որ իսկապէս պար կը սարքէ մեր լեզուի բոլոր բառերուն համար եւ այդ պարով կը ստեղծէ կախարդական աշխարհ մը» (94):

Հայ բանաստեղծության էական հատկանիշների թվարկումը, իհարկե, պակասավոր կլիներ առանց Հայրենի եզերքի անկրկնելի համն ու հոտը ներկայացնող նմուշների: Այս իմաստով, վերլուծաբանը հիշում է «… շատ սիրելի բանաստեղծի մը, Համօ Սահեանի քանի մը քնքուշ տողերը: Ան իր հայրենի երկրի Որոտան գետի սիրահարն էր: Որոտան անունը որքան քաղցր կը հնչէր անոր տաղերուն մէջ: Ամէն անգամ որ կը կարդամ այդ տաղերը, բանաստեղծական յուզումը կը յամակէ ամբողջ հոգիս…» (27): Ապա բերում է նաև Ռ. Պատկանյանի, Զուլալ Գազանճյանի, Պ. Սևակի և այլոց օրինակները:

Վերլուծականներում ինքնատիպ բնորոշումներ կան նաև հայրենիքի, հողի, կյանքի ու մահվան, հավերժության խորհուրդների, «հայոց հոգու», «երազի ու հրաշքի», «քարի ու խաչքարի» և բազմաթիվ այլ էական հարցադրումների վերաբերյալ:

Եվ, իհարկե, Հատտեճյանի համար գրականության մեջ անփոխարինելի դեր ունի «Մեծասքանչը» ՝ հայոց լեզուն: «Բանաստեղծութիւնը լեզուի վրայ կատարուած երաժշտական յօրինում մըն է, բառերու ու զգացումներու վրայ կատարուած ոսկերչութիւն մըն է…» (20), գրում է նա: Եվ դարձյալ՝ «Հայոց լեզուն հայ ժողովուրդին թիւ մէկ հարստութիւնն է: Ան կուգայ բոլոր նիւթական եւ բարոյական հարստութիւններէն առաջ, մշակութային բոլոր թանգարաններէն ու յուշարձաններէն առաջ: Ան այն առաջին գանձն է զոր պիտի փրկենք ամէն վտանգի եւ հրդեհի առջեւ» (161):

Եվ այսպես՝ ո՞րն է սփյուռքահայ կամ պարզապես հայ գրական-մշակութային կյանքի ռահվիրաներից մեկի՝ Ռոպեր Հատտեճյանի բուն եզրակացություն-պատգամը. այն, որ «…այս պարտէզը սովորական պարտէզի չի նմանիր: Անգամ մը ծաղկած է, այլեւս կը մնայ: (…) Մարդիկը կ’անցնին կ’երթան, պարտէզը կը մնայ: Եւ քանի որ կը մնայ, օր մը անպայման մարդիկ դարձեալ կը սկսին մտնել հոնկէ ներս: (…) Փառք ու պատիւ բոլոր այն բանաստեղծներուն, որոնք մեր ժողովուրդը ազնուացուցին իրենց արուեստով ու ներշնչումներով» (336):

Վերջապես, իբրև ավարտ՝ «Կ’արժէր որ ամէն Կիրակի, Ս. Պատարագի ընթացքին, Պատարագիչ մը իր սովորական աղօթքին մէջ յիշեր նաեւ մեր գրականութիւնը եւ ըսէր.

Տէ՜ր, փրկէ ազգս հայոց,

Եւ պահէ. պահպանէ պարտէզը՝ ազգիս»…

[1]  Հատտէճեան Ռ.  «Յուշատետր – 39 («Պտոյտ մը հայ բանաստեղծութեան պարտէզին մէջ» , Իսթանպուլ, տպագր. Մարմարա-Մուրատ Օֆսէթ, 2000, էջ 12-13: Այսուհետև հատորի էջերը կնշվեն տեքստում: Մեջբերումներում բոլոր ընդգծումները մերն են – Պ. Դ.: