ԳԻՐԸ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ/ Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ 

                                          Ես մեղապարտս կստանամ և՛ կյանք,

                                          Ե՜վ երանություն՝ քավությամբ հանդերձ:

                                                   Մատյան ողբերգության  Բան ԻԵ, Դ

Գեղարվեստական գիրը մտորումների տանող գաղտնախորհուրդ է, որում սուզվելիս խորանում, խորանում ու այդպես էլ հատակին չես հասնում,  քանզի այն իրեն քաշող առեղծվածով անվերջ է ու երազող իրատեսին կլանված է պահում անծիր վայելչությունում: Նման ձգողական, սովորականի մեջ անսովոր միջավայր է Լևոն Ջավախյանի «Տուն գնացող արևը» գիրքը, որտեղ հայտնված  նարեկյան տարակուսանքով մտմտում  եմ. «Քո ուղեկցությամբ կմտնե՞մ արդյոք,//Լույսիդ խորանի խրախճանքի մեջ», թե՞ կվերադառնամ՝ չդիմանալով  սուզաճամփի խորությունների որոգայթներին, թեև արդեն գրքի անոտացիան հուշում  է ու նախազգացնում. «ՏՈՒՆ ԳՆԱՑՈՂ ԱՐԵՎԸ մեր դժբախտ ու դժգույն օրերի անդրադարձն է»: Վարանումս՝ վարանում, բայց ես չէ՞ որ գիտեմ՝ Լևոն Ջավախյանի միտքը միշտ էլ «հղիացել էր Աստծո հյուլեից», ու պատմվածք գրելը նրա համար աշխարհ վերարարելու պես երկունք է. «Պատմվածք էր ծնվում, պատմվածք, որ անցած-գնացածի աշխարհն է… Ես այդ աշխարհն էի արարում…» («Լռության ձայնը»): Ջավախյանը հարուստ կենսափորձ ունի ու լավ գիտակցում է, որ աշխարհի կատարյալը միշտ անկատար է, որին կարգավորելու մղումը նրա անդադրում կամքն է՝ ավելի լավ է ուշ, քան երբեք. «Տարիներ շարունակ միամիտ, ազատ, անկախ ու անկապ ապրում էի Երևանում և չգիտեի, որ աշխարհում շնողերեն կա, թեև հորով, մորով շնողնեցի եմ» («Շնողերեն» ), ու դարերը թևածալքին դրած «…Շնողնա լեզուն, որի բարբառի, բառ ու բանի մեջ անխաթար պահպանվում էր գրաբարը՝ «էբեր», «էրետ», «էդեր»… և նման այլ բառեր («Շնողերեն»), նրան որպես գրող հանգեցրել է «ինքնամեծար» խոստովանանքի. «Ես ինչ գրում եմ, հայերեն չի, շնողերեն ա, որովհետև մեր գյուղում մարդիկ ապրում են շնողերեն, տները կառուցված են շնողերեն, սարերը բարձրանում են շնողերեն, անտառը ծավալվում է շնողերեն, ջրերը հոսում են շնողերեն, նույնիսկ կովերն են բառաչում շնողերեն» («Շնողերեն»): Ահա թե ինչու, ինչքան էլ հեռացած է եղել արմատներից, միևնույն է, շնողերենը ձգում է ու ամրացնում նրան, ինչպես ինքն է գրում. «ցողունի պես շտկում մեջքս, ամեն կերպ նպաստելով ուղիղ կեցվածքիս» («Շնողերեն»), ինչը ինքնին վերադարձ է ակունքներին, ասել է թե՝ ներսն աղտոտած աշխարհի դիրտից ազատում:

Լևոն Ջավախյանը զարմանում է, երբ նկատում է. «Յոթ ամիս չէի գրում: Կարծում էի՝ վերջ, այլևս չեմ գրի: Բայց պարզվեց դեռ ապրում եմ»: Գրողի համար գրելն ապրել է նշանակում, որտեղ ազատ շնչում  ու արտաշնչում է լավն ու վատը. «Ես ուզում եմ ազատ շունչ քաշել, Աստծո շունչը՝ դավից, ցավից, դավաճանությունից, թույնից, կորուստներից, անկարողությունից, նարցիսիզմից, պաշտոնաբաղձությունից, պարտությունից, հայրենազրկումից, ստորությունից, ստորացումից, ստից, կեղծիքից, անամոթությունից, անխղճությունից, դեմագոգիայից, երեսապաշտությունից, անարդարությունից, խելագարությունից անդին…» («Տարեք ինձ հեռու»): «Տուն գնացող արևը» գրքի պատմվածքները թեև այս ամենին  հարազատ փոխադրություններ են՝ ինչ-որ չափով խմբագրված, սակայն պահպանված տեքստապատումների ենթատեքստերում ընդհանրակական եզրահանգումները։

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը հավասար զորություն ունի ինչպես քաղաքագրության, այնպես էլ գյուղագրության ոլորտում: «Տուն գնացող արևը» պատմվածքների ժողովածուն ինքնատիպ համադրումն է  այս երկուսի, հատկանշանական է, որ գրքում կա նաև հրապարակախոսական բաժին, ինչին այս անգամ չենք սևեռվի, քանի որ գրախոսության նպատակը Լևոն Ջավախյանի գրականության գեղարվեստական մտածողությունն է, որի առանցքը քրոնոտոպն է, ասել է թե՝ ժամանակի ու տարածության գեղարվեստականացումը, որը գրակերտվում է զուգորդումներով պայմանավորված մի տիրույթում, որտեղ ինքնաբուխ ծնված խոսքը տարիների իմաստությամբ է թրծված ու գալիս է զգայահարուստ ներըմբռնողականությամբ: Փորձենք ճեպանկարային հստակությամբ, գրքի վերնագրին հարիր՝ բաց երկնքի տակ,  մեկնել  Լևոն Ջավախյանի «Տուն գնացող արևը» գրքի պնդամեջք գեղարվեստագրի  շենշող շավիղը, որի կայացման համար, ըստ հեղինակի, «Հազար ու մի գործոն կա, բայց ամենակարևորը, ես կասեի, ռիսկն է, համարձակությունը, չտրորված ճանապարհով գնալու ունակությունը: Գրողը գրող չի, եթե իրենից հետո գոնե մի բացած շավիղ չի թողնում: Լավագույն գրողը գնում է հոսանքին հակառակ…» («Այն մասին, թե ինչպես դարձա գրող»), ինչը նպատակամետի տվայտանքն է, փնտրտուքի անդուլ պայքար, գտնելու լուսե մարդկայինի ճանապարհը, որում արժանապատիվ մարդու ինքնությունը ազատ է ու անկախ:

Լևոն Ջավախյանի քաղաքագրությունը: Քաղաքագիր Ջավախյանի գրիչը իրականությունից չկտրվածի  անկաշկանդ ոգևորությամբ շարժվում է «քաղաքակրթված» վերնիսաժյան միջավայրում աջ ու ահյակ,  թեկուզ  ամենահաս երևակայությունը հեռվից հեռու բազեի պես հետևում է նրան, միևնույն է, նա գերապատվությունը տալիս է ամպաթագ իրականությանը, որտեղ կայծակի զիգզագի պես հոսում է նրա թափանցիկ գրընթացը, որը ինքնապարպվող «պայթյուն է կարճ տարածքում»: Պատմվածքը Լևոն Ջավախյանի սիրած ժանրն է, որի փոքրիկ պատմությունների շրջանակում նա բացահայտում է առաջին հերթին իր, հետո էլ  աշխարհի համար այն, ինչը կարծես թե անտեսանելի էր, կամ էլ ուշադրությունից դուրս մնացած իր, կամ իրողություն էր. «Միամիտ էի, բթության հասնող դանդաղամիտ, ուշահաս և դժվար ըմբռնող, դյուրահավատ, ամեն ասածի հավատում էի այնպես, ինչպես հավատում էի մորս ասածներին: Շրջապատի համար այդ ձախորդ երեխան ընդամենը ուրախանալու առիթ էր, ծիծաղատեղի, իսկ ես ինձ զգում էի որպես վառվող ջահ, լույս,  կանչող ճանապարհ, որին բաց աչքով, բայց և կույր հավատով ձգտում էի» («Ճակատագրին ընդառաջ» ):

Քաղաքի հավաքակական կերպարը Լևոն Ջավախյանի գրականության մեջ, անշուշտ, Վերնիսաժն է՝ որպես քաղաքի փոքրիկ մոդուլ, որն  անթաքույց ամփոփում է քաղաքի չարն ու բարին ու ամենակարևոր ճշմարտությունը՝ իմաստասիրական «ոչինչը»: Ջավախյանը  կարողանում է ինքնատիպ կերպով «ոչնչից» հառնել տալ «ինչը»՝ գեղարվեստականացնելով այն  ժողովրդական կոլորիտային բառ ու բանով, առանց ճիգ ու լարվածության, ջավախյանական բնական, երբեմն էլ բնազանցականին հասցրած անմիջականությամբ ու հմայքով, որի գեղեցիկ դրսևորումն է ներդաշնակ աշխատող զուգորդումն ու գրողական ներըմբռնողականությունը: Այս երկուսի միասնությունն է «Տուն գնացող արևը» -ի գեղարվեստական զգայականը, շարժն ու ձևը: Լևոն Ջավախյանի գրականության գեղարվեստի պերճանքը ներըմբռնողականությամբ օրհնված տեքստ-ճամփան է, որից ածանցվում են զուգորդումների ազդակները՝ ասելիքի անակնկալ և ուրույն բացահայտմամբ. «Աշնան քամին, մեղմիկ, փչում էր դեմքիս: Առևտուր չկար: Ուշքս ու միտքս տեսածս ու լսածս էր: Ես Դավոն չէի, որ օր ու գիշեր ձայնասփյուռի պես շարունակ նույն բանն ասեի, բայց մեջիս եղածն էլ քիչ չէր դիմանալու համար: Ցնորվում էի: Տունը չէր կանչում: Լռվել էի ամայացող Վերնիսաժում: Մոտիկ հորիզոնից լուսնի ահռելի գլուխն է բարձրանում: Փրկություն կա՞… Միգուցե… Դունչս պարզել էի արծաթի պես պաղ ու արծաթադրամի պես կլոր, սպիտակ լուսնին: Կորստյան ցավ կար մեջս: Չէ՛, չէի արտասվում: Թվում էր, թե տափաստանում ոռնացող այն միակը ես էի: Ձայնս թախծալի ելևէջումով մղկտում – մղկտում ու ձգվում էր առ լուսին» («Լռության ձայնը»): Լևոն Ջավախյանի ճշմարտախոսության ու անկեղծության վկայությունը նախ և առաջ  լեզվամտածողությունն է, եթե գյուղագրության մեջ հենքը բարբառն է (Վենձ քարի գլխից դբա Վենձ ջուրը), ապա քաղաքագրության դեպքում՝ «ստոլիկի» առջև կանգնած գրողի արդի խոսակցական լեզուն, որոնք տեքստերի ծավալումներում մերանի պես  օգտագործված են  տեղին ու ժամանակին, ինչը պատմվածքներին հաղորդում  են  պատմաազգագրական արժեքով, քանզի ներկայացվում է քաղաքի և գյուղի կոլորիտը, նորն ու ավանդական միախառն. «…մեկ-մեկ խմողներ չե՞ն լինում… Պիվնոյը փակված ա լինում, բայց այնուամենայնիվ գալիս բռունցքով դախլեն թակում են… Ո՞վ իմանա, մին էլ տեսար մի-մի բակալ հաջողացրին… Հմի ես եմ, մտածում էի գնացած կլինես, բայց ասի, համենայն դեպս, դախլիդ դիպչեմ…» («Ամենաանհավատալին»):

Գյուղագրությունը: Եթե Լևոն Ջավախյանի քաղաքագրությունը ի վերջո հանգում է նրա քաղաքացիական կեցվածքից ածանցվող սուր հրապարակախոսությանը, ապա գյուղագրությունը Լևոն Ջավախյանը երազային կարոտով ու հավատով, մերկ բնության  սիրով է ողողված, և նրա համար կենցաղն ու հոգևորը չտարանջատած իրողություն են, ինչը գրողին սիրելի է երկրպագելու աստիճան.» Ես Աստծուց զատ՝ նաև երազներին եմ հավատում: Այնպես եղավ, որ երկուսին իրար հետ տեսա» («Գաղտնիք»): Իսկ երկուսի հանդիպման անեղծ վայրը Լևոն Ջավախյանի համար Լոռվա ձորն ու լեռնաշխարհն է: Ջավախյանը գյուղական շիտակ իմաստությամբ թրծված ժողովրդական բանահյուսությունից սնվող գրող է, նրա գիրը դարեր ակոսած գյուղի գլխատնից է գալիս՝ «թթից քաշած թունդ արաղի» արդար ոգով օծված, երբ ժամանակը արագագնա չէ ու անխաթար կրկնվող են երկրի պտույտի հետ գիշեր ու ցերեկ, երբ «դեպի լույսն էր վազում Գիքոյի երազը» ու մտածում, որ կաթով մեղքը կլվացվի, երբ ապրելն ու չապրելը հաջորդաբար, բայց ալարկոտ տեղափոխվում են անվրդով, սակայն իրականում գյուղի մարդը  մնում է խռովյալ ու մեկուսի՝ որպես չբարձրաձայնված ասելիքի  խաղաղ լռություն. «Ոչինչ չէր փոխվել: Նույն գյուղն էր, նույն տուն ու տեղը, նույն կենցաղը, միայն մարդիկ էին մի հանգի գալիս-գնում: Ժամանակը այստեղ կանգ է առել» ( «Անառակ սկեսրայրի սանձահարումը»): Ա՛յ հենց այս գյուղի, միամիտ մարդու  ճարպիկ անմեղությունն է, որ իր աչքերի լույսով ու արյան ավիշով է անցկացնում Ջավախյանը՝ տարրալուծելով իրար մեջ անձնականն ու համայնական-ընդհանրակականը, մեկնակետ ունենալով  գյուղական ժամանակի, տարիների փորձություններով և անաղարտ բնությամբ ձևավորված կենսաիմաստասիրությունը, որը եռառանցք՝ կենսականի, մտավորի, հոգևորի համակարգում պարզունակ մի կետ է («Փոքր մարդ էր, բայց մեծ արժանապատվություն ուներ, ասում էր՝ ես էլ ինձու գյորա մարդ եմ» ), որտեղ սկզբի ու վերջի, երկինքի, հող ու ջրի ձևն ու իմաստը ամեն դեպքում տեր ունի, որի կենացին պղտոր ջուր խառնելը դժվար էր, թեկուզ նա «Այլևս հոժար էր, եղածին անձնատուր, հաշտ ու խաղաղ…» («Շնողերեն»):

Գյուղական անուրջներից ոգի առածն է Լևոն Ջավախյանի փայփայած երազը, ինչը ներսում եղածն է՝ ազատագրված  դրսից, և համահունչ է բնության ելևէջներին, որը ժանյակահյուս քողի պես իջնում է նրա քնարական գրչի աչքերին իբրև հուզազգայական աշխարհ, երբ այն հոգեհմայորեն առերեսվում է իրականությանը. «Իսկ այն ափին դեռ անմոռուկներ էին ծաղկում՝ կապույտ թերթերով, դեղին գլխիկներով, սպիտակ առէջով… կապույտը կապույտի մեջ՝ երկնագույն ծով, որ արբունքի բույր ուներ, ծաղկուն օրերի վայելքը, կարոտի մորմոքը… Հիմա դա ո՞ւր է՝ թառամած կյանքի սարալանջին… Ա՛խ, օրե՜ր, օրե՜ր, օշինդրով խնկարկված, խինդ ու ծիծաղով լեցուն, կրքով, տռփանքով օծված, աստղերով զարդարուն… Թիթեռի կյանք՝ գույնզգույն թևիկներով, որ ծիածանվեցին թափ առան, թռան զրնգուն առավոտի մեջ… Եվ ի Սիրանույշ տեղ-տեղ գոհար, զմրուխտ, ադամանդ, սուտակ, լաջվարդ, մեղեսիկ ու շափյուղա տեղար, շաղվեր ու սփռվեր աշխարհի մեջ, սիրո արգանդում…» («Ընդմիջում»):

Վերջնախոսք: «Տուն գնացող արևը» գրքում հեղինակը վկայում է, որ «Թոթովախոս, ձեռքերս Աստծուն պարզած՝ մեծացել էի, փուշը ոտքիս տակ, ցավից թև առնելով, մանկության երազին հասնելու երազով… Մանկությունս սեր չէր, այլ՝ աշխարհին խառնվելու փափագ: Սարերից իջնող զուլալ ջրերի նման մի օր էլ ես խառնվեցի աշխարհին, նրա պղտոր ջրերին:  Էդպես ապրել սկսեցի ու էդպես մեծացա և ինչի՞ հասա… Ինչի էլ հասա՝ էդ սարերի զորությամբ ու կախարդանքով…» («Քարկոծե՜ք ինձ, մարդիկ»): Քաղաք թե գյուղ, զուլալ թե պղտոր ջուր, սարեր թե ձորեր, օդասուն  պարզությամբ երկինք, մեքենաների շարասյուն, լեռներից իջնող հոտ, հայի սրբության սրբոց ընտանիք ու այսպես շարունակաբար  ամեն բան արձակագրի համար ամբողջական մի հայրենիք – հոգեվիճակ է, որը ցնցող բառերով չափաբաշխված գիր է դարձնում ու փորձում  ժամանակի անգամ անհույս կաթվածահարին արթնացնել: Լևոն Ջավախյանի գիրը աշխարհի ժամանակում  հայ ծնունդով է իմաստավորված, թեկուզ հարաբերականորեն անըմբռնելի, անշոշափելի, անտեսանելի, աննյութական, բայց նրան ճակատագրորեն հլու է, ինչպես տուն դարձող անառակ զավակ. «Ուր էլ թռչեի, միևնույն է, վայրէջքը նույն տեղում էր»,- և նա շշուկով, կորստյան երկյուղի տագնապներում ասում է. «Ի՞նչ անեմ, չքնաղ իմ երկիր, թաշկինակի հանգույն պստլիկ աշխարհ՝ քեզ գրպանումս պահե՞մ, դնեմ սրտի՞ս, թե՞ աչքերիս…» («Աստվածն առաջ»): Գրողն էլ մարդ է ու շարունակվող կյանքում կանգնած է ճանապարհի ընտրության առաջ:  Այս երրորդության հարցականների տարափի տակ էլ վաստակաշատ գրողը  գրքից գիրք  իրենով անցնող  աշխարհ – ժամանակի հոգեթով կենսապատումն է գրում, ինչպես «Ամենաանկեղծ մարդը» տարաբնույթ տիրույթներում հայտնվելով, սկսած «Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը», որ անցնելով կյանքի միջերկրականը՝ «հիսունհինգ», խոսքը դարձնում է «Արծաթագիր» ու նախշագրում «Վերնիսաժ»-ի հորդացող անցուդարձի «Ծնկան ծերին» իր երկնատուր շնորհքը, մինչդեռ Շնողը հեռվից թե ներսից միշտ կանչում է՝ «Ետ արի», ետ արի, հանց « Տուն գնացող արևը»:

Հ.Գ.1  «Հուսահատ եմ, գրելը ոնց որ ավելորդ եմ համարում: Ախր, ամեն ինչ ասված է: Բայց էլի գրում եմ: Էսօր էլ գրեցի: Սա ընդամենը ցավի ճիչ է:

Լ. Ջ. 198

Հ.Գ.2  Ես անսասան նստած եմ իմ տանը: Գովքի կարիք չունեմ: Դատարկ սեղանով էլ կարող եմ քեֆ անել, քանզի պատմվածքներս իմ քեֆը բերում են: Էսօր իմ օրն է: Մի պատմվածք էլ ծնվեց: Այսօր ես եմ շքահանդեսի տերը: Իմ դուռը բաց է և՛ եկողների, և՛ գնացողների համար:

Լ.Ջ.

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ