Գրականության մեջ վաղուց է դրսևորվել հանուն արդարության մղվող քաղաքացիական պայքարի պատկերումը: Դա պատմականության կարևոր չափանիշ է և բացահայտում է, թե գրականությունը որքանո՛վ է արդիական ու ճշմարիտ: Դժվար է հավատալ այն գրականությանը, որն առհասարակ առաքելություն չունի:
Նորագույն շրջանը հարուստ է լայնածավալ երկերով, որոնք ներկայացվել են նաև Նոբելյան մրցանակի, ինչպես Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն», Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնը», Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպը և այլն: Պատմական պոետիկայի գերակա խնդիրներն են գրողի վարպետության բարձր մակարդակը, այլընտրանքային աշխարհայացքը, պատմական շրջադարձի պատկերի համապարփակությունը, մշակութային տևողության ազգային-տարածական գիծը: Որպես համակարգ՝ այն ձևավորվել է նորագույն դարաշրջանի ակունքներում, ապա հաջողությամբ տեղափոխվել է մի պատմաշրջանից մյուսը:
Ասվածի վկայումն է արդի հայ գրականությունը: Պատմության պրոբլեմատիկայի ուշագրավ արտահայտում ենք հայտնաբերում Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» վիպասքում՝ հրատարակված մեկ տարի առաջ:
Պատմական ճշմարտության վերհանումը Ս. Մկրտչյանի գեղարվեստական նպատակներից է, թեև գրողն ինքն էլ հուսահատության պահերին ներշնչում է անկարելին. «Եվ ընդհանրապես, ձեռք քաշիր դասական հեղինակներից ու նրանց հերոսներից: Ձեռք քաշիր ու գնա դեպի հողը»… Ժխտումը հաստատման հակադրույթն է և գոյություն չունի առանց նրա: Սա, առաջին հերթին, արձակագրի ակնածանքն է վեպի ժանրային հարաբերությունների կարգավորման հանդեպ, որոնք ներքուստ կարևոր են այնքանով, որ չեն կարող գործառվել` առանց բարոյական արժեքի:
Դեռևս 2013 թ. «Մերկ ինչպես Ադամը» գրքի «Երևանյան քրոնիկներ» բաժնում Մկրտչյանը մատնանշում է ազատության գաղափարին ձուլված գիտակցության հիմնախնդիրը, վերջինիս գեղարվեստական արտահայտման հրատապությունը: Նախապայմանն այն է, որ ժամանակակից աշխարհը պատմական մեծ իրադարձությունները վերաիմաստավորելու անհրաժեշտություն ունի, որքան էլ այդ իրադարձությունները ցավոտ լինեն:
Հայի մենթալ կառուցվածքում արձակագիրն առանձնացնում է խիզախության հատկանիշը, որը քաղաքացիական հասարակության վերածննդի հիմքն է: Նախորդ քաղաքական ռեժիմի իշխանության՝ քառորդ դարից երկար շրջափուլը նա գնահատում է որպես «չիրականացած հնարավորությունների ընթացք»: Եվ դա բացարձակ ճշմարտություն է. ժամանակի մարդը նսեմացված էր: Բնականոն է անգամ, որ մարդասիրության գաղափարն աստիճանաբար նահանջում էր. «Ես՝ հազար սերունդ ազատս՝ ազատների մեջ, և ամոթից գլխահակս՝ անազատների դիմաց, ես՝ չօտարվածս, իմ մի բուռ մնացած ու իր փոքրիկ շահը ուրիշի գլխից գերադասող աշխարհից խռոված երկրի, ես՝ հավերժական ճամփորդս իմ հավերժական երկրի հավերժական երթի, անուղղելի մարդասերս… որ երբեք ոչինչ չի ցանկացել ու ցանկանում անձամբ իր համար, մոլորված եմ այսօր ու թևաթափ, թեև…»,- գրում է նա:
Այս տրամաբանության սահմաններից դուրս չեն նաև 2013 թ. հրատարակված գրքի հարցադրումները, թե աղբակույտի վերածված կյանքի համար ինչո՞ւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում, և որո՛նք են, ի վերջո, ժողովրդավարության փլուզման պատճառները:
Ամեն ինչ անհամեմատ դյուրին կլիներ գեղարվեստական իմաստավորման առումով, եթե վիճարկման առարկան չլինեին սերունդների կյանքի իրավունքն ու դրան սպառնացող աշխարհաքաղաքական վտանգները:
Նշյալ հայեցակարգով են գրված նաև արձակագրի վերջին շրջանի ուշագրավ պատմվածքները՝ «Հողը» (2017 թ.), «Անանունը» (2018 թ.), «Մենք և մենք»-ը (2017 թ.):
«Այրված կենդանակերպ» վիպասքը բաժանված է իմանենտ կազմված երկու գրքից: Ս. Մկրտչյանի երկը գծագրում է քսաներորդ դարի հայոց պատմության աղեղը՝ սկսած թուրքական հպատակությունից, եղեռնից, բոլշևիզմից ու կոլեկտիվացումից, ստալինյան բռնաճնշումներից, հայրենական պատերազմից, մինչև գեոֆիզիկական սեյսմիկ ցնցում, որը «տուն տանելու փոխարեն թողեց բաց երկնքի տակ», անկախության համազգային շարժման հրաբխային ժայթքում և քիչ ուշ էլ՝ ազգային արժեքների տարբեր շեղումներ:
Պետք է ընդգծել, որ աշխարհակործան իրադարձությունները «թունավորել էին նրա հարազատ մոր մանկության քաղցրիկ տարիները», ում էլ՝ տիկին Վիկտորյային, հեղինակային ստորագրությամբ ընծայված է սույն գիրքը: Տիկնոջ կյանքի ձայնը, որ հնչում է էթնիկ ամբողջության կերպար Մարիամի մեջ, պատմական երկը դարձնում է հայ մարդու ընկալած բարոյականության օրենսգիրք: Վիկտորյան իրական կյանքում ապրեց իննսունհինգ տարի՝ խորհրդանշելով դարի տևողությամբ հայ մարդու ահռելի ողբերգությունը: Դարը, ինքնին, որպես հանգրվան՝ հայ ոգու էությունը բնորոշող միավոր է, որը և պարտադրում է հայոց աշխարհն ու մշակույթը գիտակցել որպես օբյեկտի՛վ ոգու գործունեության արդյունք:
Վերադառնալով խորհրդային տարիների իրականությանը՝ Ս. Մկրտչյանը հասաստում է, որ այդ տասնամյակներին խորացել էին պետականության՝ մեր ազգային գիտակցության թերությունները, և մենք պսևդոպետությունն ընդունել էինք որպես պետություն՝ առանց իմաստային տարբերակման: Հոգեբանորեն ու բարոյապես հիմնավորված է նաև պատերազմը հաղթող հերոսի վերլուծությունը: Ելնելով նրանից, որ արձակագիրը հայրենական պատերազմը դիտարկում է որպես ընտանեկան-ավանդական հարաբերությունները փլուզող պատմական օբյեկտիվ գործընթաց, նրա Վարդանը, որն անցել էր ամբողջ պատերազմը, «ուրիշ» մարդ է՝ պարանորմալ վիճակում տևականորեն գտնվող և բնազդին ենթակա (պատերազմն էլ, ըստ Ֆրոյդի, բնազդ է), երբ գաղափարականը և ընտանիքի բարոյականը նրա հոգում վերջնականապես ջախջախվել են նույնիսկ երկրորդ աշխարհամարտի փառահեղ հաղթանակի պայմաններում: Պատերազմի ճիվաղի ստվերը շարունակում է ապրել հոգում՝ Վարդանին շեղելով ավանդական փոխհարաբերությունների բնականոն ընթացքից: Որպես հետևանք՝ նա աստվածամոր սրբապատկերով Մարիամի ուսերին է թողնում դավաճանության ցավը, անչափահաս երեխաներին, իր ծնողներին…
Վիպական սյուժեն և պատումը, սակայն, համադրված են գեղարվեստական յուրօրինակ հատկանիշի հետ, որն անվանում ենք ասքայնություն: Սա վերջավոր համակարգ է՝ առանձին բաղադրիչներով և մտածողության այլ սահմաններում: Պետք է ընդգծել, որ ասքային ձևը, ի սկզբանե, պայմանավորված էր պատկերման լայնածավալ նյութով, հարյուրամյա ժամանակի՝ որպես ցիկլի ընգրկմամբ, ինչպես նաև պատմողի կերպարով, որն էպիկական ժամանակի հանդեպ հոգեբանական հեռավորություն ունի: Յու. Լոտմանը գրում է. «Ասքի առաջին պահանջը բնագրի տարողության ընդարձակումն է: Ասքը պահանջում է հիշողության կոդավորված իրականություն: Վիպասքի տիպը ենթադրում է ցիկլիկ-ասքային ժամանակ, տիպիկ ասքային մտածողություն»: Ասքայինի ուշագրավ փաստարկումներից է Մարիամի ծննդի պատումը՝ հատկապես այն վճռորոշ դրվագում, երբ Զարուհի հարսը մերժում է Աստծու պարգևած կյանք-պտուղը. «Խելագարնե՛ր, այս տանը տղաներ էին պետք, տղամարդի՛կ, իսկ սրանք, ա՛յ քեզ բախտ, մի գլուխ աղջիկներ, հա՛ աղջիկներ, արդեն երրորդը` կես տարում… Ինքն էլ աղջիկ ունի, ի՛նչ օգուտ այդ աղջիկներից, երբ տան տղամարդիկ պակասում են օրը օրին»: Վիպականորեն պատճառաբանված է դեկտեմբերյան մի ցուրտ օր նորածնից ազատվելու վճիռը. «…Արագ մոտեցավ հեռավոր պատի տակի քարե գռին, որի մեջ ջուրը ամառվա շոգին էլ էր սառցասառը լինում: Երեխան ցնցվեց, ու կինը զգաց այդ ցնցումը…»: Ո՞րն էր ճիշտը և ո՞րը՝ սխալը, եթե ճիշտն ու սխալը միայն որոշակի ժամանակում ու որոշակի պայմաններում են ընդունելի: Մարիամը, այնուամենայնիվ, հրաշքով ապրում է: Կարելի է որոշակի դյուցազներգական գիծ տեսնել պատկերի հիմքում, մանավանդ, որ հրաշքի գեղարվեստական նախադրյալը պաշտամունքային ծագում ունի: Ղ. Ալիշանը վկայում է, որ հնում մարդիկ կանգնում էին ջրի բնական տարերքի առաջ ու աղոթում` որպես բանական հզոր ուժի` նրանից բարություն աղերսելով: Նշյալ վարքային դրսևորումը դիցաբանականի գեղագիտության արտահայտումն է Մկրտչյանի երկում, որը վիպասքին հաղորդում է փառաբանական ծիսակատարության ներուժ: Կարևոր հարց է նաև, որ նույն գիտակցությամբ օժտված է պատմողի կերպարը:
Անաչառ է Յու. Լոտմանը, երբ գրում է. «Ասքն անհրաժեշտ է դառնում հատկապես այն բանի համար, որ նա միևնույն իրականության այլ մոդել է առաջարկում, նույն տեքստի այլ ընթերցում, այլ ձևանմուշ»:
Ստեղծագործության գրական գյուտերից մեկն էլ, այսպես կոչված, կոլեկտիվ հիշողության հատուկ մեխանիզմի կիրառումն է: Մետամիավորի առանձնահատկությունն այն է, որ արդյունքում պատմությունն է գնահատում իրադարձությունները, փաստերը, և ոչ թե առանձին անհատը՝ թեկուզև երկրի ճակատագրով մտահոգը: Պատմության անիվն այնպես է պտտվում, որ նա երևա ամբողջությամբ՝ հիմնավորելով հայոց նորագույն քաղաքակրթության հետ ժողովրդի էթնիկ գիտակցության կապը: Այլ է, սովորաբար, վեպում, որին բնորոշը էպիկական ժամանակն ու օբյեկտիվ մտածողությունն են: Պատահական չէ, որ վեպի տեսաբանները պատկերման հիմնահարցը քննում են ասքայինի համեմատությամբ հակագիծ տեսանկյունից. «…Պատմավեպերը ի զորու չեն լիովին արտացոլել բուն իրականությունը», «…վեպում գործող անձը տարբեր է պատմական անձից, իրական կյանքի մարդուց», «նա չունի կյանքի ամբողջական ընթացք» և այլն:
Փոխնմանատիպ հարցադրումները վկայում են էպիկական ժանրի այլ մոդելի գոյությունը: Եվ, առհասարակ, դիրքորոշումների տարբերությունն ապահովում է որոշակի ճեղքում՝ առ վիպասքային ճշմարտություն, որի պատկերային համակարգի բնութագրման համար էական է նաև մշակութային-տարածական գծի գեղարվեստական մարմնավորման հարցը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հասկացությունը:
Մեզ համար բավական կլինի նշել, որ կոնկրետ բնաշխարհն ապահովում է մարդու՝ բացառապես կոնկրետ տիպ: Մարդկության հնագույն բնակավայրերից մեկը՝ Գյումրին, իբրև փիլիսոփայական և կենցաղագրական ամբողջություն, պայմանավորում է հայ մարդու ինքնատիպ տեսակի ենթագիտակցությունը, վարքի նորմերի բազան և մտածողությունը: Ասորեստանցիները երկրի բնիկներին անվանում էին քիմեռներ` «գիմիռ» (այստեղից էլ` Գյումրի անվանումը): Բնիկները էթնիկ քաղաքակրթության դրոշմն ունեին և հնավանդ բնույթ: Վերջիններիս հոգեբանական գերակա գծերը պատվախնդրությունն ու հպարտությունն են, նրանց հատուկ է փակ մշակութային գործունեության սխեման և, որպես այդպիսին, տևական են ու կայուն: Վիպասքում լիարյուն պատկերված են նախնյաց կենցաղն ու կեցությունը, ընտանեկան ավանդույթները, նիստուկացը, մտածողության ու կոլորիտի նրբերանգները: Այս տեսանկյունից լիովին հիմնավորված է հայոց մեկդարյա պատմության հետ Ալեքսան տղամարդու գերդաստանի ընթացքը: Նախահայրը հայ մեծ վիպասան Րաֆֆու «Խենթը» վիպակի տանուտեր Խաչոյի նմուշօրինակներից է: Երեսունականներին նա մեղադրվել է կուլակության, «հայրենիքի թշնամիների» դասակարգին պատկանելու և այլ մեղքերում: Աքսորվել է, բայցև դստերը կնության չի տվել նորաթուխ գյուղխորհրդի նախագահի բոլշևիկ ազգականին, ինչը վկայում է, որ Ս. Մկրտչյանն ավելի խորությամբ է զբաղվում մարդկային վարքագծի առանձնահատկությունների քննությամբ՝ դրանք համարելով տոհմի ցուցիչ:
Կարելի է հավելել, որ Գյումրին վիպասքի գլխավոր կերպարներից է, որը պաշտող արձակագիրը նշանակալի ստեղծագործական եռանդ է ցուցաբերում տոհմիկ քաղաքակրթությունը բնորոշելու, նրա ոգու տիեզերական կառուցվածքը վերլուծելու, հիշողության անփոխանցելին մեկնելու համար:
Այսպիսով, Ս. Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» վիպասքն արծարծում է հայ ժողովրդի պատմական գոյության հիմնահարցը, տոհմի և ընտանիքի գերակա կատեգորիան, հասուն կնոջ և տղամարդու՝ սերնդի հանդեպ գիտակից ու պատասխանատու փոխհարաբերության փիլիսոփայությունը, նաև՝ հայ ազնվական տեսակի շարունակականության խնդիրը՝ ազգային արժեքները աղճատող աշխարհաքաղաքական գործընթացների հանդեպ: Ազատության և անկախության վերաբերյալ քաղաքացիական վերլուծող ու քննադատող հայացքն առաջնորդում է վիպասքի հեղինակին դեպի ազգի հավերժության հանգրվան, որի գաղափարին նա հակված է անմնացորդ:
Գեղարվեստական նորույթը նաև երկի ժանրի ամբողջացումն է՝ դրանից բխող կերպարային, պատումային, սյուժետային, գաղափարական կապերի ու օրինաչափությունների համամասնությամբ:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Литературоведение и наука, Вопросы литературы, 1967:
Յու. Լոտման, «Միֆ, անուն, մշակույթ», Ստեփանակերտ, 2012 թ.:
Р. Вейман, История литературы и мифология, Москва, 1975:
Ս. Մկրտչյան, «Այրված կենդանակերպ», Երևան, 2017 թ.:
Ս. Մկրտչյան, «Մերկ ինչպես Ադամը», Երևան, 2013 թ.: