ՀԱՅ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ ԵՐԿՈՒ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լյուդվիգ-Կարապետյան

Այդ վայրի լեռնէդ ի վայր
Ջուրն ի շինուդ մէջն անցանի
Թուխ մանուկ մի դուրս ելեր,
Զձեռքն ու զերեսն է լուացեր…
Դարձեր ի ջուրն հարցմունք արեր.
– Ջուր, դու ի յո՞ր լեռնէն կու գաս,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ…
Միջնադարյան հրաշագեղ ժողովրդահյուս երգն է՝ «Մանուկն ու ջուրը», որ շարունակության մեջ «կարկաչում» է նույն սքանչելի ելևէջներով և մեզ է հասել նաև Թումանյանի մշակմամբ: Փոքրիկ տղան լեռնաղբյուրից ակունքված առվակին խնդրում է, որ մի պահ կանգ առնի, խաղա իր հետ: Ջուրը նրան պատասխանում է, որ ինքը ժամանակ չունի, շտապում է ներքև՝ պարտեզի տունկերը ջրելու, «որ տակը խոտ բերի գառին», «որ հաւք երկնից եղանակեն», արևախանձ դաշտերին կյանք պարգևի, որ ծլի ու ծաղկի, մարդկանց բերք ու բարիք պարգևի:
Այդ երգի կենարար, լեռնաբուխ «պաղ ու անուշիկ» ջրի նման, մայր գրականության փոքրիկ զավակը՝ հայ մանկագրությունն էլ, սնվելով բանահյուսական ակունքներից և քայլ առ քայլ զորանալով՝ անցել է դարավոր ճանապարհ և միջնադարյան մեր մեծերի՝ Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, ապա և՝ Խաչատուր Աբովյանի, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, նաև խորհրդահայ ու ժամանակակից մանկագրության երևելիների և այլոց ջանքերով, նրանց ստեղծած չափածո ու արձակ մնայուն արժեքներով դարձել հայ մանկանց ու պատանիների սերունդների անբաժան ուղեկիցը, նրանց կրթության, հոգևոր դաստիարակության, նրանց աշխարհաճանաչողության անփոխարինելի մասնակիցը:
Այս զգացողությամբ էլ պատիվ ունեմ այս պլենումի ամբիոնից խոսք ասել նոր դարասկզբի անցած տարիներին ընդհանրապես մեր մանկագրության, առավելապես՝ նրա արձակագրական ճյուղի ձեռքբերումների, ցավերի ու տագնապների, զարգացման միտումների և առնչվող այլ խնդիրների մասին:

ՄԵՐ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԾԵՐԱՑԵԼ» Է
Ասել են, թե «երեխաների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի համար, միայն թե՝ ավելի լավ»: Այդ սկզբունքով են ստեղծագործել մեր մանկագրության երևելիները: Նաև ասել են և ասում են, թե երեխաների համար, մանավանդ արձակ ստեղծագործություններ, պետք է գրել հասուն տարիքում, երբ առավել խորությամբ ես իմաստավորում մանկանց սերունդների կյանքը, երեխայի հոգեբանությունն ու մտածողությունը: Թեև մասամբ վիճարկելի, բայց սա էլ ճշմարտություն է: Վիճարկելի, որովհետև Թումանյանը, Աղայանը, էլի շատերը իրենց լավագույն մանկական գործերը գրել են բավական երիտասարդ տարիքում: Մեր նորօրյա ճանաչված մանկագիրներից շատերը՝ նույնպես: Բայց խնդրի էությունն ուրիշ է: Ժամանակակից մանկագրությունը չափազանց «ծերացել» է, այս բառի իսկական իմաստով: Եթե, իհարկե, հաշվի չառնենք նաև երեխաների համար ստեղծագործող՝ համեմատաբար երիտասարդ մեկ¬երկու «մեծական» գրողների ներկայությունը:
Եվ չգիտեմ ինչքան երկար պիտի սպասենք, մինչև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի «Բողբոջ» գրական ստուդիայի «Առաջին ծիլեր» ժողովածուում տեղ գտած պատանի ստեղծագործողները (գոնե նրանցից մեկ¬երկուսը) վստահ քայլերով գրականության դռնից ներս մտնեն, մինչև ՀԳՄ «Ցոլքեր» հանդեսում, ինչպես նաև «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Կանչ» պարբերականներում մեկ¬մեկ «հայտնվող» երեխաները մեծանան, հասուն գործեր ստեղծեն (չէ՞ որ հենց նրանց էջերում են իրենց առաջին գործերով հանդես եկել համարյա մեր բոլոր երևելի գրողները՝ Ստեփան Զորյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Վախթանգ Անանյան, Խաժակ Գյուլնազարյան, էլի շատերը), մինչև… ե՞րբ տեղի կունենա այդ հասունացումը, արդյոք ինչքա՞ն սպասենք և հուսանք, որ մեր գրական «մանկական ընտանիքը» կունենա արժանի համալրում: Մերօրյա ճանաչված մանկագիրների ծննդյան տարեթվերն այսպիսի «տեսք» ունեն. ամենատարեցն անցել է 80¬ի սահմանը, «ամենաերիտասարդը»՝ 50¬ի… Ահա և ամենը: Մի խոսքով, մեր «ծերացած» մանկագրության վաղվա օրը վտանգի տակ է: Չունենք արժանի հերթափոխ, եղածն էլ չենք կարող գոնե բնորոշել «միջին սերունդ» անունով:
Իսկ ի՞նչ են այսօր մանուկ ու պատանի ընթերցողներին մատուցում մեր «կենդանի» գրողները իրենց ստեղծագործություններով, ի՞նչ և ինչպիսի՞ պատասխաններ են տալիս նրանց հուզող հարցերին, ինչպե՞ս են արձագանքում մեր կյանքում քսաներեքամյա անկախությամբ պայմանավորված շրջադարձային փոփոխություններին, մանկանց ու պատանիների նոր սերունդների հոգեբանության ու մտածողության փոխակերպությունները արդյո՞ք մեր մանկագրության մեջ նույնպես որոշակի շարժերի տեղիք չեն տվել… Հարցերը շատ են, իսկ պատասխանները…

Ի՞ՆՉ «ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴ» ԵՆՔ ԱՅՍՕՐ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Հայ երեխային ժամանակներով պայմանավորված ճշմարիտ «հոգևոր սնունդ» տալու պատվիրանը Հովհաննես Թումանյանն է տվել, և ինքն էլ իր հանճարեղ ստեղծագործություններով օրինակ ծառայել մեր բոլոր երևելի մանկագիրներին: Փոխվում են ժամանակները, սերունդներն են փոխվում, և ամեն սերունդ իր ժամանակի ճշմարիտ «ձայներն» է ուզում ունկնդրել՝ նաև գեղարվեստական, տվյալ դեպքում՝ մանկապատանեկան իսկական գրականության համանվագում:
Այս պարագայում՝ մանկական գրողի համար թերևս ամենակարևորը ժամանակի մեջ երեխայի մտածողության և հոգեբանության ճիշտ ընկալելն ու ճշմարիտ երևակելն է: Այո՛, փոխվել են ժամանակները, մանկանց սերունդների մտածողությունն ու հոգեբանությունն է էապես փոխվել, բայց մեր առանձին մանկական գրողներ դեռ չեն իջել «հին սայլից» և փորձում են այսօրվա երեխային նորից «կերակրել» ծիտիկների ծլվլոցներով, տիկնիկների «բայ¬բայներով», աքլորների «ծուղրուղուներով»:
Այո՛, ժամանակները փոխվել են, փոխվել է նաև այսօրվա երեխայի մտածողությունն ու հոգեբանությունը, թմբուկ¬շեփորային ծնծղաներով անհնարին է նրան «հոգևոր սնունդ տալ», մղել ընթերցանության, առանց այն էլ գիրք¬ընթերցող խաթարված կապի վերականգնման դեռևս ապարդյուն փորձերի մեր ժամանակներում: «Եթե ուզում ենք երեխայի մեջ ինչ¬որ բան փոխել, առաջին հերթին մեր ներսը նայենք՝ արդյոք փոխվե՞լ ենք հենց մենք՝ կյանքում և երեխայի մեջ մեր գրվածքներով ինչ¬որ բան փոխելու համար»,- Վախթանգ Անանյանն է խորհուրդ տվել՝ ասես ձայնակցելով չեխ հոգեբան Կարել Յունգին…
Եվ, այնուամենայնիվ, ժամանակակից երեխայի մեջ ինչ¬որ բան փոխելու, նրան բարության, ազնվության, մարդկային մյուս մնայուն արժեքների ոգով տոգորելու նպատակով են լույս աշխարհ գալիս մեր ճանաչված մանկական առանձին գրողների նոր արձակ տարաժանր ստեղծագործությունները:
Ամենից առաջ մենք նկատի ունենք ստեղծագործական իրենց նշանակալից արժեքներով «մանկագրության մոլորակում» մնայուն հետագիծ թողած և այսօր էլ մանուկ ու պատանի ընթերցողներին նոր գրքերով ուրախացնող ավագ ու միջին սերնդի գրողներին: Անվանի բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի հայտնությունը մանկապատանեկան արձակի դաշտում վաղուց ի վեր նշանավորվել էր «Ճյուղը կոտրած խնձորենին», «Վահագնի», «Զորավար կաղնին» գրքերով՝ ծնված անցած դարի 70-80¬ական թվականներին՝ «պատերազմական մանկության» ճշմարտացի, կոլորիտային արտապատկերումով՝ ճանաչողական¬ դաստիարակչական ներհուն հետագծով: Իր իսկ գրողի մանկությունն էր, որ զուգադիպեց Հայրենական պատերազմի նաև թիկունքում, լեռնային գյուղի մանկանց հոգևոր աշխարհում թողած ավերածություններին: 2004¬ին Սարգսյանը կրկին «վերադարձավ» «մանկության արահետ»՝ նույնանուն արձակ ժողովածուով՝ նորօրյա սերնդին ավանդելով հուսո, հավատի, ամենադաժան ժամանակներում անգամ դիմակայելու, մարդկային մնայուն արժեքներին փարվելու, արժանապատիվ կեցության դասեր՝ ընթերցողի մեջ պատվաստելով ոգեղեն այն ծառի արմատները, որ ակունքվում են անցյալից ու ներկայի միջով ձգվում դեպի ապագա:
Ի դեպ, այս նույն թեմայի այլ շերտերով՝ պատերազմի տարիներին թիկունքում մի բակում ապրող երեխաների կենսապատումը իր, ստեղծագործական տարերքին բնորոշ՝ հումորային¬երգիծական ու ցավագին շեշտադրումներով հետաքրքիր վիպակ («Շարժվող բեկոր») 2010¬ին հրատարակել է Կարլոս Եղիազարյանը:
Բնապաշտական ոգեղեն տարերքով, հայրենի Լոռվա բնաշխարհի ու նրա մարդկանց հանդեպ անսահման սիրո ու խոնարհումի զգացումներով են հյուսված մեր մանկապատանեկան արձակի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Հրաչյա Մաթևոսյանի՝ Հրաչօյի պատմվածքների ու զրույցների իրար հաջորդած գրքերը՝ «Արեգակնաճաճանչացողապայծառափայլատակություն», «Լքված ջրաղացը», «Էս մի բուռն էլ թռչուններին», «Հացկտարին»: Մանկական բանաստեղծության արահետում մնայուն հետագիծ թողած Ղուկաս Սիրունյանն էլ 2013¬ին ընթերցողներին ներկայացավ իր հերթական արձակ «Կակտուսի սերը» պատմվածքների և հեքիաթապատումների գրքով, որին նախորդել էին «Տորք Անգեղը մեր մեջ», «Կորած բանալու երգը», «Տառափնջիկ» (վերջինիս համար նա արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան «Լավագույն գրքի» մրցանակի), «Այծն ու կայծը» ժողովածուները: Սիրունյանը, իրոք սիրուն, հետաքրքրաշարժ, պատկերավոր ոճական հյուսվածքով է երևակում փոքրիկների ներաշխարհը, նրանց փոխհարաբերությունները, կենդանական աշխարհի ու բնության գույների ու ձայների զգայուն ընկալումները:
Այսօրվա երեխայի մտածողության ու հոգեբանության մեջ հետաքրքիր շերտեր են ներկայացրել դարասկզբի անցած տարիներին գրած իրենց արձակ ստեղծագործությունների նոր ժողովածուներում նաև Ռոլանդ Շառոյանը, Ալիս Հովհաննիսյանը, Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Նաիրա Համբարձումյանը, Գոհար Նիկողոսյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ռոզա Եղիազարյանը և ուրիշներ: Հուսով եմ՝ ելույթ ունեցողները իմ բացթողումները կլրացնեն՝ այլ գրողների ևս հիշատակելու առումով:
Խստապահանջ և մանրախնդիր լինելու դեպքում, այս և չհիշատակված մի շարք այլ գրողների գրքերում էլ կարելի է գտնել առանձին ստեղծագործություններ, որոնք «ճիշտ, իսկական» մանկագրության չափանիշների մեջ այնքան էլ չեն տեղավորվում, առկա են երեխայի մտածողության ու հոգեբանության պարզունակ ընկալումներ: Սյուժեն հաճախ հյուսվում է արհեստական, կեղծ, «մանկամտական» լեզվով ու ոճով, ինչը չի կարող չվանել մանուկ ու պատանի ընթերցողներին:
Արձակագրական ամբողջ մանկական «բերքի» մեջ առանձնանում են հատկապես Էդվարդ Միլիտոնյանի իրական¬ երևակայական հեքիաթապատումները՝ հեքիաթ¬վիպակների, արկածապատումների, պատմվածքների, զվարճալի պիեսների «տեսականիով», որոնց հասցեատերը, գրականության մեջ իր խոսքերով, «հրաշքներ, խիզախություն, բարություն փնտրող մանուկներն ու պատանիներն են»: Երեխաների մտածողությունն ու հոգեբանությունը պատկերախոս տարերքով երևակող, բանաստեղծական բազմաթիվ ժողովածուների, «Վահագն վիշապաքաղի արկածները», «Հնարամիտ բադի ճամփորդությունը», «Չիպո», «Երազանք ասպետի արշավանքը», «Արքայադուստր Թարսինեն» հեքիաթ¬վիպակների հեղինակը 2012¬ին ընթերցողներին ներկայացավ միանգամից երկու գրքով՝ «Սատանի կամուրջը» պատանեկան վեպով ու «Կատուն և ուրվականը» ժամանակակից հեքիաթ¬վիպակով… Երկուսն էլ իրականի և երազայինի, անցյալի և ներկայի տեսլապատկերների ինքնատիպ համադրումով, ոճական յուրօրինակ հյուսվածքով մանուկ ու պատանի ընթերցողներին տեղափոխում են իրական հեքիաթների զարմանալի մի աշխարհ, որտեղ ճանապարհորդելիս մանուկ ու պատանի ընթերցողները սովորական երևույթների մեջ անսովորը տեսնելու-բացահայտելու ունակություններ են ձեռք բերում, ճանաչողական¬իմացական¬դաստիարակչական «դասեր» են ունկնդրում՝ առանց բարոյախրատական քարոզների… Սա հենց այն գրականությունն է, որ մենք առանց վերապահումի կարող ենք առաջարկել ժամանակակից երեխային, նրա «հոգուն և մտքին» ճշմարիտ սնունդ տվող գրականություն է:
Մեր ժամանակներում Էդվարդ Միլիտոնյանը այս ժանրերի բեռը մենակ չի տանում: Մի քանի տարի առաջ վաղամեռիկ տաղանդավոր արձակագիր Ռաֆայել Նահապետյանը մանուկ ընթերցողներին պարգևեց միանգամից երեք հրաշալի հեքիաթ¬վիպակ՝ «Անջո հեծանիվը», «Անջո ֆուտբոլի գնդակը», «Անջո ոստիկանության սերժանտը»: Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» հեքիաթ¬վիպակի երկու հրատարակությունն էլ լավ ընդունելություն գտան: Հրաչյա Մաթևոսյանի «Գունավոր փոքրիկ Ջեքսին» վիպակն էլ ժանրի բնապաշտական շերտերը երևակող հետաքրքիր ստեղծագործություն է: Այս ժանրերի դրամատուրգիական եզակի ստեղծագործություններ են Վան Արյանի «Վերադարձի գաղտնիքը», «Երջանկության նետը», «Արևորդիներ» մանկական պիեսները, Ռուբեն Մարուխյանի, Սուրեն Մուրադյանի տիկնիկային պիեսները:

ԱՅԴ ԱՄԵՆՈՎ ՀԱՆԴԵՐՁ…
Եվ, այնուամենայնիվ, այդ ամենով հանդերձ, մեր ժամանակակից մանկական արձակում բաց տարածքները շատ են:
Մանկության մոլորակում մեր մանկագիրներից շատերը միայն ճերմակ հեքիաթ, ձյունե ծաղիկ, կապույտ լճակներ ու բարի կախարդներ են տեսնում: Բայց չէ՞ որ այդ մոլորակում կան տագնապներ, կան մութ ամպեր. երեկ՝ Արցախում, այսօր՝ աֆրիկյան երկրներում, Սիրիայում, աշխարհի այլ զուգահեռականներում ռումբերի պայթյուններից, ահաբեկչություններից, աղետներից ու քաղցից երեխաներ են զոհվում: Մեր մանկագրությունում այս առումով հատկապես ճերմակ տարածքը մեծ է: Պակասում են քաղաքացիական-հայրենասիրական պաթոսը, կոմունիստական միագաղափարաբանությամբ պարտադրված լենինապատումի, հոկտեմբերիկական-կոմերիտական թմբուկ-շեփորային ծնծղաների աղմուկներից շղթայազերծված մանուկ սերնդին նոր ժամանակների «նշանները» բացելու-ներկայացնելու վարպետությունը, անտարբերության կամ «ճերմակ հեքիաթի» իդիլլայից դեպի կյանքի, նորօրյա բարդ խնդիրների իմացության դաշտ տեղափոխելու ունակությունը: Նրանց՝ երիտասարդ գրական սերնդին ուղղված՝ Դերենիկ Դեմիրճյանի խոհը այժմեական է հնչում նաև այսօր. «Ընթերցողի պահանջները բավարարելու համար պետք է ստեղծել բարձր գաղափարներով հագեցած, բարձր արվեստով գրված ստեղծագործություններ: Իսկ դրա համար պետք է հասկանալ մեր պահանջները, պետք է իմաստավորել մեր իրականության մեջ տեղի ունեցող երևույթները, գիտենալ ընդհանրացնել դրանք»:
Իսկ իմաստավորելու, XXI դարասկզբի փոքրիկ քաղաքացուն հուզող խնղիրները արտացոլելու-ընդհանրացնելու, հայրենասիրական-քաղաքացիական զգայուն շերտերով այդ ամենը ներկայացնելու ասպարեզում մեր մանկագրությունը շատ պարտքեր է կուտակել: Ազգային պատմության արմատներին ու հերոսական դրվագներին հաղորդակցվելով՝ Ավարայրից մինչև Սարդարապատ, մինչև Արցախյան հերոսամարտ ձգվող ճանապարհի, Հայոց Մեծ եղեռնի նահատակների, դարավերջի ազատամարտում զոհված քաջորդիների հիշատակի խնկարկում-իմաստավորումով ամենից առաջ մենք կարող ենք իրական հայրենասիրության թեժ կրակներ բոցավառել մեր երեխաների հոգում, ազգային մտածողություն ձևավորել: Դրանում մեծ դերակատարություն ունի ոչ միայն բուն գեղարվեստական, այլև գեղարվեստավավերագրական արձակը:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱՎԱՎԵՐԱԿԱՆԻ ԶՈՐԵՂ ՈՒԺԸ
Գեղարվեստավավերագրական արձակը, իբրև ժանր, բոլոր ժամանակներում, առավել ևս ազգի ճակատագրի մերօրյա կեռմաններում, առավել ևս, երբ այն հասցեագրվում է մանուկ ու պատանի ընթերցողական սերունդներին, նրանց հոգևոր աշխարհում թողած հետագծի առումով չափազանց կարևոր առաքելություն ունի և գրողին պարտադրում է ընդգծված չափանիշներ. ներկայացնել կյանքն ու իրողություններն այնպես, ինչպես եղել են, կան, վավերագրել գեղարվեստական հետաքրքիր հյուսվածքով՝ ընդգծելով իրադարձության, երևույթի էությունը իրական հերոսի վարքագծի, գործունեության բարոյական, ճանաչողական¬դաստիարակչական շերտերը՝ առանց քարոզի ու խրատաբանության: Մանավանդ, եթե խոսքը վերաբերում է ազգային գոյապայքարի հերոսներին, նրանց կյանքի ու սխրանքի «վասն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար» (Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Մահ քաջորդվոյն» բանաստեղծության խորհրդանշումով) խոհափիլիսոփայության հանրա- մատչելի պատկերմանը: Այս առումով գրողը, հատկապես բարձրացող սերնդի համար ստեղծագործող գրողը պարտավորվածության մեծ բաժին և վեհ առաքելություն ունի: Խնդիրը հանգուցային է, մեր խառնափնթոր, մնայուն արժեքները ոտնատակած, նյութապաշտական ժամանակների ու բարքերի խաչմերուկում շփոթահար կանգնած, այդ ամենից «գլուխ չհանող» երեխային, բայց ինտերնետային¬համակարգչային «արկղից» հրաշալի «գլուխ հանող» երեխային ինչպե՞ս, ի՞նչ դաստիարակչական նրբակերտ հյուսվածքով ներկայացնել այդ ամենը, երբ տիրող «գաղջ մթնոլորտում» նրա համար «ազգի հերոսը» (ինչպես ասում են՝ հեռու լսողաց) մերօրյա մականունավոր օլիգարխն է, սուպերմարկետների, տարբեր «գրուպների», ռեստորանային համալիրների տիրակալն է: Հեռու չգնամ. երբ ամիսներ առաջ հեռուստատեսային մի հաղորդմանը մասնակցելուց հետո տուն եկա, տասնմեկամյա թոռնիկս ուրախ ասաց. «Գիտե՞ս, դասընկերներս իմացան, որ իմ պապիկը գրող է»: Ներքուստ վրդովվեցի. «Ի՞նչ է, մինչև հիմա չէի՞ր ասել, որ քո պապիկը նաև գիտնական է, բանասիրական գիտությունների դոկտոր», որ նա և այլն, և այլն: «Է՜, պապիկ,¬ պատասխանեց,¬ մեր դասարանցիները գիտե՞ս ի՜նչ պապիկներ ու հայրիկներ ունեն»: Ու թվարկեց՝ մեկի հայրը «Փարվանա» ռեստորանի տերն է, մյուսի պապը սուպերմարկետների ցանց ունի, երրորդինը՝ Ազգային ժողովի պատգամավոր է: Եվ միայն վերջում հիշեց. «Սուսաննայի պապն էլ Արցախում է զոհվել…»: Ցավով զգացի, որ թոռնիկս նախանձում է առաջիններին, և առանց իսկ տատանվելու արտահայտվում է այդ մասին: Երբ իմ գրքերը իրար վրա դարսեցի և իր հասակից անցավ, ասաց. «Պապ, ավելի լավ չէ՞ր խանութ ունենայիր, գայի ձրի կոնֆետ ուտեի»:
Ցավ ի սիրտ՝ նաև ասեմ, այսօրվա երեխայի, նյութապաշտության տենդով վարակված հասարակության մեջ ապրող, ինձ հետ ապրող, ինձ չգնահատող երեխայի մտածողություն է: Ինչ տեսնում է, ինչ խոսվում է, ինչը գնահատվում է, ինչ ամեն օր եթերով գովազդվում¬քարոզվում է, այն էլ բարձրաձայնում է: Այս տենդի դեմ առնելու, ճշմարիտ ճանապարհ ցույց տալու գործում մեծ է մանկական գրողի, տվյալ պարագայում գեղարվեստավավերագրողի դերը: Եվ մենք, առիթն օգտագործելով, պիտի երախտիքի խոսք ասենք մեր այն գրողներին, ովքեր, այնուամենայնիվ, փորձում են գեղարվեստավավերագրական (և ոչ միայն) բարձրարժեք ստեղծագործություններով, մերօրյա սերնդին ներկայացնել անցյալ ու մեր ժամանակների իրական հերոսներին. նկատի ունեմ Գրիգոր Ջանիկյանին, Հովիկ Վարդումյանին, Բակուրին, Ռաֆայել Սահակյանին, Սասուն Գրիգորյանին, գրողներ, ում գեղարվեստավավերագրական հրաշալի պատումներում Արցախյան ազատամարտի, այդ ազատամարտում զոհված, նաև կենդանի մնացած հերոսների սխրանքներն են պատկերված: Եվ, ուրեմն, այդ առումով մեր գրողներից շատերը ստեղծագործության նյութ պետք է դարձնեն ոչ միայն հայոց անցյալ ու ներկա ազատամարտերի հերոսներին, այլև որոնեն, գտնեն, ներկայացնեն մեր մշակույթի, գիտության և այլ ոլորտներում, նաև Սփյուռքում հանրահայտ հայորդիներին, նրանց կյանքի ու գործի օրինակով դաստիարակեն մեր մանուկներին ու պատանիներին:
Գեղարվեստավավերագրական և գիտահանրամատչելի մանկական արձակի մի այլ ճյուղ նույնպես աշխուժության նշաններ է ցույց տալիս. խոսքը վերաբերում է հայոց պատմական անցյալի անցքերին, մեր իրականության տարբեր երևույթներին, մշակույթի ոլորտներին, սերնդեսերունդ փոխանցվող մնայուն արժեքներին և այլ թեմաներով վերջին տասնամյակում հրատարակված ստեղծագործություններին: Ես նկատի ունեմ պատանեկան ընթերցանության շրջանակ մտած՝ Ռաֆայել Սահակյանի «Էրգիրը տեսա հորս աչքերով» ճանապարհորդական հրաշալի գեղարվեստավավերագիրքը, Մարգո Ղուկասյանի «Քարակերտ հրաշքներ», «Երկնքում արև կա», «Ո՞ւր է կղզյակն իմ Սևանա» վավերապատումները, Տիգրան Նիկողոսյանի «Մարիամ իշխանուհի», «Յոթ զրույց ամենակարևորի մասին», Ռուբեն Մարուխյանի «Բացվող վարագույրներ», «Զրույցներ թատրոնի մասին», ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակին 2013¬ին արժանացած «Տիկնիկների զարմանալի տոնավաճառ» ժողովածուները, Վանիկ Սանթրյանի «Մաշտոցի որդիներ», Սերգեյ Գալստյանի «Զրույցներ մուլտիպլիկացիայի մասին», «Դիսնեյի աշխարհում», «Երբ շնչավորվում է հեքիաթը», «Կախարդական գորգ», Սերգեյ Վարդանյանի «Հայոց մայրաքաղաքները» գրքերը, Սուրեն Հայրապետյանի որսորդական ու բնասիրական պատումները և այլն: Բոլորը չես թվարկի: Իսկ ահա տաղանդավոր արվեստագետ մեր բարեկամի՝ Դանիել Երաժշտի գրողական շնորհի դրսևորման կողքից անտարբեր չես անցնի. վերջերս լույս տեսած «Կոմիտասը և այլ մեծեր» ժողովածուն դրա վկայությունն է: Ճանաչողական¬դաստիարակչական ներհուն լիցքեր պարունակող նրա կոմիտասյան դիմապատկերները, մեր երաժշտարվեստի այլ մեծերին, հրաշամանուկ հայ երեխաներին նվիրված ակնարկներն ու զրույցները գեղարվեստավավերագրական ժանրի հետաքրքիր արտահայտություններ են:
Առաջին հերթին դպրոց-ընտանիք-հասարակություն-գրականություն «քառանկյունու» համագործակցությամբ ու ջանքերով միայն կարող ենք ակնկալել երեխաների կրթության ու դաստիարակության մեծ նպատակների իրագործումը մեր դժվար ժամանակներում: Այս ճանապարհի առաջին կանգառ-էպիկենտրոնը, անշուշտ, դպրոցն է, երբ ընտանիքում ու մանկապարտեզում գրքի ու երգի հետ առաջին հեքիաթային հանդիպումները վայելած և աշխարհում առաջին հրաշք-հայտնագործությունները նաև ա՛յդ միջոցով կատարած փոքրիկը ոտք է դնում դպրոցի շեմ, և սկսվում են ճանաչողության, հասունացման, գիտելիքների կուտակման, դաստիարակության դասերը: Այստեղ արդեն նրա ձեռքից բռնած պետք է վեր առաջնորդեն երկու հրաշագործներ՝ Ուսուցիչն ու Գիրքը, առաջին հերթին՝ Մայրենիի ուսուցիչն ու Մայրենիի դասագիրքը:
«Դպրոցի թեման» հատկապես կրտսեր և բարձր տարիքի համար ստեղծված մեր գրականության համար միշտ էլ դժվար փորձաքար է եղել: Գրողների հետ հանդիպումներում այս պահանջ¬հրամայականը հնչել է իբրև ոչ միայն չհաղթահարվող պատնեշ մանկագրության ճանապարհին, այլև՝ կրթական հրատապ պատվեր իրենց՝ գրողներին: Այո՛, չհաղթահարվող, որովհետև հայ մանկապատանեկան գրականության մեջ չափազանց քիչ են դպրոցի, ուսուցչի, աշակերտի ուսուցման, ուսուցիչ¬աշակերտ փոխհարաբերությունների բարդ շերտերի, մի խոսքով՝ բուն դպրոցական թեմայի գեղարվեստական անդրադարձները: Հետաքրքիր էր Արցախյան ազատամարտում զոհված արձակագիր¬հրապարակախոս Սամվել Շահմուրադյանի «մուտքը» մանկաշխարհ՝ ետմահու հրատարակված «Մայրենիի ուսուցիչը» առաջին և, ցավոք, վերջին գրքով: Իսկ վերջին տարիներին այս թեմայով ուշագրավ երկեր համարյա չեն ստեղծվել:
Այս ամենի փոխարեն մեր արձակագիրները, ցավոք, մանուկներին հիմնականում «կերակրում» են… հեքիաթով: Այս ժանրը բոլոր ժամանակներում և, զարմանալի է, նաև «ոչ հեքիաթային» մեր օրերում տիրապետողն է մանկական արձակում (և ոչ միայն): Վերստին հիշեցնենք Մեծն Թումանյանի պատվիրանը, թե՝ «Կարծում են՝ հեքիաթը հեշտ ու հանգիստ բան է: Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է»: Ամենափոքրերին ժամանակակից հեքիաթի իրականի և երևակայականի «թևերով» իրենց երազանքների ետևից «թռչելու» հնարավորություն են ընձեռում Վարուժան Նալբանդյանը («Ա՛յ քեզ բան», «Մամոնտը և պապոնտը»), Ալիս Հովհաննիսյանը («Թունելից վախեցող գնացքը», «Կանաչ, ուրախ ճամփորդներ»), Անահիտ Պարսամյանը («Արքայադուստր վարդը»), Անուշ Վարդանյանը («Ձյունե զարդանախշ», «Պարահանդես ամառային այգում», «Ծխնելույզ մաքրողի հեքիաթը»), Նաիրա Համբարձումյանը («Կարմիր հողմաղացներ»), Սաթենիկ Ղազարյանը («Խելացի թագավորը») և ուրիշներ:

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ» ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՄԵՐ
ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵԾԵՐԻՆ
Թումանյանն ու Աղայանը ընթերցողական սերունդներին, ինչպես երբեմն հնչեցնում են՝ 7¬ից 100 տարեկան մանուկներին ուղեկցում են ողջ կյանքում՝ հատկապես նրանց ստեղծած հրաշագեղ հեքիաթների թևավոր ուժով: Մեր հրատարակչություններն էլ համարյա անընդմեջ, նրանց գրքերը շքեղակազմ տեսքով մատուցում են ընթերցողներին: Մեկ¬մեկ էլ այս հոսքի մեջ հայտնվում են Խնկո-Ապերն իր «Մկների ժողովով», Դեմիրճյանն իր «Պույ¬պույ մուկիկով» և… թերևս վերջ… Մեր հատուկենտ գրատների ցուցափեղկերը լցոնված են նրանց գրքերով: Եվ հիմնականում, լավ է, սպառվում են: Խոսք չունենք, այս ձևով հրատարակչություններն էլ իրենց շահն են հետապնդում՝ մեր դասականների հեղինակության հաշվին: Բայց, ցավ ի սիրտ, մյուս կողմից պիտի արձանագրենք, որ մեր ժամանակներում «մոռացության դաշտում» հանիրավի հայտնվել է 20¬րդ դարակեսի մեծագույն հայ արձակագիրներից մեկը, թերևս անգերազանցելի մանկական գրողը, ում ստեղծագործությունները, պատկերացնել է պետք, թարգմանվել են աշխարհի շուրջ 40 լեզուներով, ում «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» գիտաարկածային վիպակները, որսորդական, բնասիրական պատմվածքների ու զրույցների պրակները 50-70¬ականների ընթերցողական քանի՜ սերնդի սեղանի գրքերն են եղել: Խոսքը, առանց հուշելու էլ, իմացաք, Վախթանգ Անանյանի մասին է, ում 100-ամյակը երախտամոռությամբ 2005¬ին ո՛չ պետականորեն, ո՛չ էլ նույնիսկ գրողական¬ընթերցողական նեղ շրջանակներում չնշվեց: Դուստրը՝ Նելլի Անանյանը, հուզված ինձ պատմում էր, թե վերին ատյանում իրեն ինչպես են «կանգնեցրել» դիլեմայի առջև՝ կա՛մ հոբելյանը նշել, կա՛մ հրատարակել ստեղծագործությունների ժողովածու: Երկրորդ տարբերակն է ընտրվել: Ասացեք, խնդրեմ, արդարացի՞ էր արդյոք նման վերաբերմունքը մեծանուն գրողի հանդեպ, և Գրողների միության մեղքի բաժինն էլ այս պարագայում քիչ չէ: Իսկ, տեսեք, թե ավելի պակաս մեր գրականությանը ծառայություն մատուցած առանձին գրողների հոբելյանները թմբուկ¬շեփորային ինչպիսի աղմուկ¬ծնծղաներով են նշվում ամենամեծ դահլիճներում, ի՞նչ բարձրահունչ ճառեր են հնչում նրանց հասցեին: Չենք առարկում, թող լինի, բայց այդ ամենի կողքին, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով ենք մենք՝ ժամանակակիցներս, «մոռացության դաշտում» թողել ու տեր չենք կանգնում ոչ միայն Վախթանգ Անանյանին, այլև հայ նորագույն մանկագրության, տվյալ դեպքում՝ մանկական արձակի երևելի այնպիսի դեմքերի, ինչպիսին Խաժակ Գյուլնազարյանն է, Ազատ Շահինյանը, Վիգեն Խեչումյանը, Վալտեր Արամյանը, Աշոտ Շայբոնը, Խաչիկ Հրաչյանը և էլի ուրիշներ:
Ժամանակների փորձաքննությանը դիմացած և մեր ժամանակներում էլ հնչողություն ունեցող նրանց առանձին ստեղծագործություններին տեր կանգնելը, հրատարակելն ու ընթերցողներին հանձնելը մեր և մեր հրատարակիչների պարտքն է: Գրողների միությունն այս ոլորտում էլ էական դերակատարություն ունի: Ետ տանենք «մոռացության վարագույրը» և «հիշողության դաշտ» վերադարձնենք մեր երևելի մանկական գրողներին: Չէ՞ որ իմաստուն խոսքն էլ է հաստատագրում, թե՝ իր անցյալը մոռացողը ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա կունենա: Նաև այս պարագայի համար է թերևս ասված:

ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼԻՍ
«ՓԱԿ ԽԵՑՈՒՑ», ԲԱՅՑ…
Խոսքը թարգմանական մանկական գրականության, տվյալ դեպքում՝ մանկական արձակի ոլորտում թարգմանության ներկա վիճակի մասին է: Պետք է խոստովանել, որ վերջին տարիներին Հայաստանի գրողների միությունը և առանձին հրատարակչություններ ու թարգմանիչներ փորձեր անում են հայ մանկագրությունը դուրս բերել «փակ խեցուց» և ինչպես մեր, այնպես էլ օտարազգի մանուկ ու պատանի ընթերցողների առաջ բացել վարագույրը՝ թարգմանության լեզվով հաղորդակցվելու միմյանց հետո: Անշուշտ, նախկինում՝ խորհրդային ժամանակներում, սովորական երևույթ էր հայ երևելի մանկական գրողների չափածո և արձակ լավագույն գործերը թարգմանաբար ներկայացնել ռուս, ուկրաինացի, չեխ և տասնյակ այլ ազգերի երեխաներին, և ընդհակառակը, մեր ընթերցողներին հայերեն թարգմանություններով մատուցել այլազգի նշանավոր մանկագիրների ստեղծագործությունները: Հիշենք, թե ինչպես Վախթանգ Անանյանը ժամանակին աշխարհի երեխաների հետ «խոսում» էր շուրջ քառասուն լեզվով, և, հայ մանուկներն էլ իրենց մայրենիով ընթերցում էին ռուս Կորնեյ Չուկովսկու, Սամուիլ Մարշակի, Ագնիա Բարտոյի, իտալացի Ջանի Ռոդարիի, դանիացի կախարդ հեքիաթագիր Հանս¬Քրիստիան Անդերսենի, համաշխարհային մանկագրության շատ այլ երևելիների գրքերը:
Ցավոք, անկախ պետականության մշակութամերժ առաջին տարիներին, երբ շուկայական հարաբերությունների ավերիչ հողմերն առանց արգելքների մեր կրթարանների բաց պատուհաններից ներխուժեցին նաև շփոթահար երեխաների հոգիները, այս պարագայում թարգմանական լավ գիրքը նույնպես կարող էր լակմուսի բարի դերակատարություն ունենալ, բայց բուն մանկագրությունն արդեն իսկ հայտնվել էր «փակ խեցում», իսկ թարգմանություն բառը քնել էր բառարաններում: Դարասկզբին եկան մշակութանպաստ ավելի լավ ժամանակներ ինչպես մայր գրականության, այնպես էլ, ինչպես արդեն նշել ենք, նաև մանկագրության վստահ քայլերի համար: Ու նորից՝ եթե «մեծական գրականության» թարգմանական ոլորտում ինչ¬ինչ քայլեր արվեցին և արվում են, ապա մանկական¬թարգմանականը այս պարագայում նույնպես «խորթ զավակի» կարգավիճակում հայտնվեց: Բայց ահա վերջին մեկ¬երկու տարիներին, նկատելի տեղաշարժ կարող ենք արձանագրել: Առաջին քայլերից մեկն արեց Արամ Արսենյանը, որ անգլերենից հմուտ թարգմանությամբ ընթերցողներին ներկայացրեց Վիլյամ Սարոյան «մանկագրի» (որքան էլ զարմանալի է, Մեծ հայը նաև հեղինակել է մանուկներին ու պատանիներին հասցեագրված գործեր) պատմվածքները «Հայաստանի Անդրանիկը» խորագրով: 2012¬ին էլ Արսենյանի թարգմանությամբ լույս տեսավ «Կարմիր թռչունի առասպելը» ժողովածուն, ուր տեղ են գտել տարբեր ազգերի ժամանակակից հայտնի մանկական գրողների (Ջոզեֆա Շերման, Փրիսլիա Մուր, Նենսի Բասա, Բենջամի Էլքին և ուրիշներ) պատմվածքներն ու հեքիաթները: Հիշատակենք նաև բուլղարացի արձակագիր Վրբան Ստամատովի «Պատմվածքներ և զրույցներ ծովից» (բուլղարերենից թարգմանել է Մարգարիտ Թերզյանը), «Չուվաշական հեխիաթները» (ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը), երկկողմանի՝ հայերեն-գերմանական թարգմանությամբ Լևոն Անանյանի և Յուրգեն Յանկովսկու «Աննան և Արմենը» ճանաչողական փոքրիկ վիպակը: Պարսիկ մանկական գրողների պատմվածքների ժողովածուն Վրեժ Փարսադանյանի թարգմանությամբ նույնպես լավ նվեր է հայ ընթերցողներին:
2012¬ից «Զանգակ» հրատարակչությունը ձեռնարկել է հրաշալի գործ՝ «Մանկապատանեկան գրականության մատենաշար»՝ նպատակ ունենալով հայ երեխաներին ներկայացնել Արևմուտքի ժամանակակից նշանավոր մանկական գրողների լավագույն ստեղծագործությունները՝ անգլերենից թարգմանությամբ: Արդեն հրատարակվել են Քենեթ Գրեհեմի «Քամին սոճիների մեջ», Քիպլինգի «Պատմվածքներ հենց այնպես», Վեյմա Բարրիի «Փիթր Փեն» մանկական երկերը: Ի դեպ, «Փիթր Փեն» ժողովածուն լույս է տեսել վերջերս (Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ), և նրա շնորհանդեսը տեղի ունեցավ Խնկո¬Ապոր անվան մանկական ազգային գրադարանում փետրվարի 19¬ին՝ գիրք նվիրելու օրը:
Որոշակի քայլեր են արվում նաև հայ մանկական արձակը օտարազգի ընթերցողներին թարգմանաբար ներկայացնելու ուղղությամբ: Հատկապես, և դա բնական է, նկատելի է հայերենից ռուսերեն թարգմանվող մանկական գրքերի քանակական աճը: Սուրեն Մուրադյանի «Հեքիաթները» մոսկովյան հանրահայտ «Դետսկայա լիտերատուրայի» հրատարակությամբ ջերմորեն է ընդունվել ընթերցողների կողմից: Էդվարդ Միլիտոնյանի «Չիպո» վիպակը թարգմանվել և 2006¬ին միաժամանակ հրատարակվել է ոչ միայն ռուսերեն, այլև գերմաներեն, բուլղարերեն, ղրղզերեն, իսկ անցյալ տարի գրողի չորս վիպակները «կՐՌՍս՚փպվՌպ ՊՐՈՍՏվոՏՐՓՈ ԹՈՈչվՈ» («Վահագն վիշապաքաղի արկածները) ընդհանուր խորագրով ներառող ժողովածուն «Ծիծեռնակ» հրատարակչությունը լույս է ընծայել ռուսերեն: Վերջապես խրախուսանքի արժանի ևս մի քայլ նույն հրատարակչության կողմից: 2013¬ի տարեվերջին «հՍՈջՍՌ Ռ ՐՈրրՍՈջօ Պսÿ ՉջՐՏրսօւ Ռ ՊպՑպռ» ռուսերեն ժողովածուն, որտեղ ներառված են ժամանակակից հայ մի շարք այն գրողների ստեղծագործությունները, որոնք հասցեագրված են հիմնականում մանուկներին ու պատանիներին: Ինձ համար հայտնություն էր, որ երեխաների համար ստեղծագործել են նաև կյանքից վաղաժամ հեռացած մեր երևելի արձակագիրներ Լևոն Խեչոյանը և Վրեժ Իսրայելյանը. նրանց պատմվածքները նույնպես զետեղված են ժողովածուում:
Շատ կուզեինք իմանալ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից անգլերեն թարգմանված՝ ժամանակակից մի շարք հայ մանկական գրողների արձակ և չափածո ստեղծագործությունների երևի թե հրատարակության պատրաստ ժողովածուի ճակատագիրը, ինչը պիտի շարունակու­թյունը լիներ «մեծական» գրողների արդեն իսկ հրատարակված ժողովածուի:
Հուսով ենք, վերջին տարիներին թարգմանական գրականության ոլորտում երկկողմանի այս էական տեղաշարժը կընդգրկի ավելի մեծ շրջանակներ:
Կուզեի այս առումով արտահայտել ևս մի մտահոգություն: Հայերենից այլ լեզուներով և վերջիններից հայերեն թարգմանված գրքերը արդյո՞ք հասնում են ընթերցողներին, հատկապես օտարազգի ընթերցողներին, թե՞ այսպես դրանց հրատարակման փաստն ենք արձանագրում և վերջ:

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ՝ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴՐԻ՝ ՄԱՆԿԱԿԱՆ
ԳՐՔԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Քանի որ խոսք բացվեց գրքի՝ հասարակական լայն զանգվածներին հաղորդակցվելու, հասանելի լինելու, այս պլենումի հիմնաթեմայի շրջանակներում՝ ամենից առաջ մանկական գիրք¬ընթերցող խաթարված կապը վերականգնելու, լայն առումով՝ գրքի տարաբնույթ քարոզչության իրականացման վիճակի մասին՝ արծարծենք նաև այդ հուզող խնդիրը, որ ՀԳՄ մանկապատանեկան բաժանմունքի հետ միասին ինքս էլ բարձրաձայնել եմ մեր «Գրական թերթի» էջերում, և այսօր էլ կրկնում եմ այս ամբիոնից:
Կա՞ն արդյոք մանկագրության հանդեպ պետական հոգածության նշաններ. այո՛, կան. ավելի քան մեկ տասնամյակ առաջ «Մանկապատանեկան գրականության շաբաթի» վերադարձը… երկար տարիների ընդմիջումից հետո, արդեն քանի՜ տարի պետության տրամադրած գումարով և աջակցությամբ մանկական գրքեր են հրատարակվում (ցավոք, ոչ բոլորը խստապահանջ ընտրությամբ): Երևանի քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետի աջակցությունն էլ ավելանում է. 2011¬ի վերջին բացվեց Գրողների միության «Նոր գիրք» գրախանութը, հրատարակվեց մանկական ստեղծագործությունների՝ «Արև, արև, ե՛կ, ե՛կ» ընտրանի ժողովածուն: Ավանդույթ է դարձել Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19¬ին գիրք նվիրելու ՀԳՄ նախաձեռնությունը,¬ որ լայնորեն նշվում է Հանրապետության դպրոցներում և գրադարաններում:
Պետական աջակցության ձևերի ու ծավալների աճման հույսով՝ անդրադառնանք նաև մանկական գրականության քարոզչության, գիրք¬ընթերցող խաթարված կապի վերականգնման և հուզող մի քանի այլ խնդիրների:
Շատ ենք բարձրաձայնում, թե գիրք¬ ընթերցող կապը վաղուց խաթարվել է, և այն վերականգնելու ճանապարհի գլխավոր «մեղավորները» ժամանակակից տեղեկատվամիջոցներն են՝ համակարգիչը, համացանցը, բջջային հեռախոսը: Եվ որ դրանցով տարված նոր սերունդը գիրք համարյա չի կարդում, դպրոցական ծրագրով հանձնարարված գրականությունն էլ թերթում է «աչքի տակով», բավարարվում է սեղմագրերով և կամ լավագույն դեպքում՝ գիրքը «կարդում» է համացանցով: Սա, իհարկե, ճշմարտություն է, բայց նահանջել կամ դոփել տեղում այսպիսի «արդարացումներով», աններելի է: Ուսուցչի, ծնողի, բոլորիս խնդիրն է՝ իրականացնել գրքի ճիշտ քարոզչություն ոչ թե բարոյախոսական խրատներով, այլ՝ գործնական քայլերով, ոչ թե ընդդեմ համացանցի՝ հանուն գրքի, այլ այդ երկուսի նրբանկատ զուգորդումներով: Իսկ նման օրինակներ ունենք: Մտե՛ք Երևանի Խնկո¬Ապոր անվան, Ավետիք Իսահակյանի անվան գրադարաններ և կհամոզվեք, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Գրքի այս հրաշալի օջախները ընթերցասերների մեծ բանակ ունեն և նման են իսկական «մեղվափեթակների», ուր ելումուտ են անում հազարավոր փոքր ու մեծ «մեղուներ»՝ մանկապարտեզներից, դպրոցներից, բուհերից: Այս նույն զարկերակներն են բաբախում նաև քաղաքային, մարզային, գյուղական մեր շատ դպրոցների գրադարաններում: Տեսնել էր պետք, թե Սյունիքում, ապա և՝ Գավառում, մանկապատանեկան գրականության շաբաթի բացման արարողության և դպրոցներում մեր՝ ճանաչված մանկական գրողների հետ հանդիպումների ժամանակ ի՜նչ ցնծության մեջ էին երեխաները. դասագրքերից, գրքերից ծանոթ էին իրենց հյուրերին, բայց այսպես մոտիկից, «կենդանի» տեսնել¬զրուցել սիրելի մանկագիրների հետ, ուրիշ զգացողություն էր: Սակայն, երբ մտնում էինք դպրոցների գրադարանները, մեզ դիմավորում էին տարիներ առաջ հրատարակված¬մաշված գրքերը: Իսկ վերջին տարիներին հրատարակված գրքեր չկային: Օրեր անց Եղեգնաձորի N 1 դպրոցի երեխաների համար հրաշալի հանդիպումից հետո էլ տնօրեն Անուշ Գրիգորյանը նույն դժգոհությունն արտահայտեց. «Մենք մանկական նոր գրքերի և ընդհանրապես գեղարվեստական նոր գրականության սով ունենք: Ի՞նչ են այս ուղղությամբ մտածում մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները»: Հարցը հենց այդ ատյաններին եմ վերահասցեագրում՝ ակնկալելով գործնական քայլեր…:
Գրքի, հատկապես մանկական գրքի քարոզչության ևս մի քանի կնճիռների մասին: Տարիներ առաջ՝ կրթական ինչ¬որ վերին չինովնիկի բանավո՞ր, թե՞ գրավոր կարգադրությամբ պարզապես հանիրավի արգելվեց մանկական «Կանչ» թերթի, «Աղբյուր», «Ծիծեռնակ» գրական հանդեսների մուտքը դպրոց՝ նույնիսկ չպարտադրվող բաժանորդագրության միջոցով: Փոխվել են նախարարները, կրթության քաղաքային վարչության պետերը, բայց այդ «տաբուն» մեխանիկորեն մինչև հիմա ուժի մեջ է: Դա գրքի ու մանկական մամուլի հանդեպ չարդարացված վերաբերմունք է, դպրոցականների կրթության ու դաստիարակության գործում նրանց առաքելության, մեղմ ասած, թերագնահատում:
Տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել ենք, որ գիրքն ու գրողը, առանձնապես մանկական գիրքն ու մանկական գրողը մեր հեռուստաեթերից հանիրավի օտարված են: Կար ժամանակ, երբ «Հայրենիք» մանկական հեռուստաընկերությունն այդ ուղղությամբ ինչ¬ինչ քայլեր անում էր: Հիմա սերիալային «բումը» եթերից դուրս է մղել նաև գիրքն ու գրողին, և քարոզչության այդ հզոր միջոցից օգտվելը գրեթե անհնարին է դարձել: Սերիալում երեք րոպե երևացող մի ապաշնորհ դերասան հիմա հասարակությունն ավելի է ճանաչում, քան ի՛ր գրողին: Մի՞թե սա աններելի երևույթ չէ:
Մանկական գրքերի (ընդհանրապես գեղարվեստական գրականության) տարածման շրջանակների մասին ի՞նչ խոսք կարող է լինել, երբ նրանց առավելագույն տպաքանակը 500¬ից չի անցնում:
Ահա այսպիսի տխուր իրողություններ: Բայց ընդունված է ասել, որ «հույսը վերջինն է մարդուն լքում»: Հուսանք, որ կգա մի երջանիկ ժամանակ, երբ մանկագրության բարի մոլորակի տագնապները գոնե կնվազեն և նրա առաջընթացի ճանապարհի ուղեկիցը կլինեն լույսը, հավատը, սերը: Այս պլենումում հնչած ահազանգերը, հուսով ենք, գոնե այս անգամ լսելի կլինեն համապատասխան ատյաններին: Իսկ վերջում ահա թե ինչ կմաղթեի: Միասին ջանանք, որ մայր գրականության մանկական առողջ զարկերակը սիրո, բարության, հավատի թրթիռներով համահունչ բաբախի ժամանակի ու կենսընթացի խաչմերուկներում: Եվ բացվող օրվա մեջ հիշենք չհնացող ազդականչը՝ «Երեխաների համար պետք է գրել՝ ինչպես մեծերի համար, միայն թե ավելի լավ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։