ԿԱՐՈՏ / Դարիկո ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԿԱՐՈՏ
Երբ որ կարդացի Ծխամատյանում
Անվանս դիմաց գրված է – Կարոտ՝
Այնժամ հասկացա, թե այսքան տարի
Ինչո՞ւ եմ ընկած արտեր ու արոտ,
Կարոտի անզուսպ հոգեբխության
Դասեր եմ տալիս՝ մասրենուն փշոտ,
Լորերին շորոր, ցորյանին շաղոտ,
Հոտ ու հովիվի ճամփեքին ծաղկոտ,
Ստանձնում վրձնել ժայռը մուֆլոնի,
Թռիչքը նրա՝ քարոտ ու ամպոտ,
Ու վերադառնում իմ աչքի խորքով
Ընտրված պայծառ համաստեղության
Դահլիճները սուրբ ու ասեղնագործ,
Ապա կարոտում ոտնահետքերին՝
Իմ շուրջը եղած,
Ինձնից հեռացած սիրելիների։
Արժեքներ կան, որ չեն պարտադրում,
Զուր չեն աղմկում, այլ՝ սպասում են
Իրենց պահերին, երբ տաղաչափը լուռ կշշնջա,-
Արդ քանի՜ գիշեր ու քանի՜ ցերեկ
Մեկնություններ եմ բաժանել լռին,
Որ հանկարծակի այդտեղով անցնեք,
Ճանաչեք ընդերքն իմ ճոխ բառերի,
Տեսնեք կարոտիս թերթերունքներին
Ինչպե՞ս է նստել որոնման փոշին,
Քանի՞ անգամ է սիրտս վեր թռել
Ծանոթ մի ձայնի արծաթատեմբրից,
Եվ ունկս լացել, ուրի՜շ, ա՜խ, ուրի՜շ
Ոտնաձայների մխիթարանքից…

ԳՈՅԻՄԱՍՏ
Երբ հասկացավ,
Որ խաբվել է ինքն իրենից,
Իր հորինած հեքիաթներից,
Օտար դեմքին՝ իր ժպիտի
Գեղեցկատես արտացոլքից,
Մնաց մենակ ու անպաշտպան-
Քամիներին դեմ հանդիման…

Սիզիփոսի պես անհոգնել՝
Քարը վերև գլորելը անիմաստ էր.
Նստեց քարին ու ձեռքի հետ
Սարին, ծառին, ամպադողին
Գրեց ծաղկով, նրա ցողով,
Արծվի թողած խաս փետուրով,
Գրեց, հուշեց ինքն իր տողին,
Թե որտեղ է ծնվում բարին,
Ու երբ ելավ, կանգնեց քարին,
Տեսավ իրեն ջրերից վեր,
Քարերից վեր, ամպերից վեր,
Իմաստն ամբողջ ապրած գոյի
Եվ լաց եղավ հանց ուխտավոր՝
Ամենասուրբ ճանապարհի…

ԵՎ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԵՄ ԻՄ ՍՐՏԻՑ ԼՍՈՒՄ
Նավակս թեթև, նավակս թղթե
Իջեցրի երկրի ջրերի վրա,
Խայտ չկա ձկան՝ ջրերը աղի,
Քայլերս գայթում գլաքարերի…
Ես՝ աստվածուհի, զգեստս՝ քամի,
Խոհերս են պեղում հանքաքարերը
Յոթներորդ աստղի, վզիս մանյակը –
Ոսկեպար շարան ծիծեռնակների…

Հավքերի բերան հայացքս ամպե՝
Գայթակղումի վեհ կամարներին
Եվ հնչյուններ եմ իմ սրտից լսում,
Կարծես շարվեշար երամը խոսի
Հրեշտակների հետ, որոնք հսկողն են
Երկնքում ձգվող թռիչքաճամփի…

Իսկ ժայռն ի վեր
Միայնակ ծառն է կանգնած աղոթքի՝
Ուղիղ անդունդի անկումին գերի
Իր տաղաչափն է հանել վեր-վերի,
Բայց վեր է նայում, որ ես շփոթվեմ,
Ես ինձ ետ դարձնեմ, քանի հայացքս
Չի առել վիհի խորքին անգոյի
Եվ գոյավորել ցանկությունս մեկ՝
Թռչել մեկ անգամ, թռչել ինչպես նետ,
Ինչպես զնգուն ձայն արձագանքումի,
Ինչպես արևից արտածված հյուլե,
Հազարան հավքի գունախաղ-փետուր,
Ու ջրերի մոտ թռիչքից հետո
Սրսփալ երկար՝
Որպես թողություն առած մի մեղու…

ՅՈ՞ ԵՐԹԱՍ
Quo vadis, Domine (լատ.)
Պետրոսը՝ Հիսուսին

Այս ի՞նչ կրակ է ճարճատում մեր շուրջ,
Հալածանքն արդեն խիստ է մահացու,
Անհանգիստ եմ,
Թե մեզ էլ կխաչեն գլխիվայր շրջված՝
Ինչպես Ներոնի ժամանակներում։-
Փախչում էի լուռ, Տիրոջը տեսա՝ իր խաչն ուսին,
Բայց Պետրոսի պես չխիզախեցի՝
Հարցնել, իմանալ. «Յո՞ երթաս, Տե՛ր իմ»,
Գիտեի, կասեր. «Խաչվելու կրկին,
Քանզի շատերն են ազգն իրենց թողնում՝
Ոտնահարելով թանկ արժեքները,
Ամեն ինչ մսխում՝
Ե՛վ հոգի, և՛ սուրբ նահատակություն՝
Դառնալով գծուծ, դավող, անդեմ սեռ,
Ինչպես դժոխքից ելած մի չար նեռ… »:

Ո՞Վ ԿՏԱ ԻՆՁ…
Ո՞վ կտա ինձ հավատը մաքուր սիրո,
Զմրուխտ ամառները փշաքաղման,
Ես լռե՜լ եմ սիրո հարցում, ինչպես անտեր,
Լարերը կտրված նվագարան։

Ո՜վ կտա ինձ այլուրիշ արթնացումը,
Որ տրված էր օրհնյալ ինքնահայեցումով,
Առաքելված էի՝ ամենախոս ձուկը գտնել,
Ծաղկեցնել բառերը ոսկեբերան։

Ո՞վ կտա ինձ հսկումը ակնթարթի,
Զվարթունների երգերն արդար,
Մեղրահացով լեցուն ձայնը երկնաթևի
Ու ծավալը սիրո հոգեպարար։

Ո՜վ կտա ինձ տարիներս ապաշխարանք,
Վեհությունը մտորումի ափի,
Քերթվածքներս՝ ուշաթափված հայացք,
Գրկախառնված ցավոտ շուրթին դարի…

ԿԱՐՄԻՐ ԱՌԱԳԱՍՏ
– Օ՜, պագշոտ կարմիր, կարմիր առագաստ,
Ո՞ւր տարար սերս, ո՞ր քամիներին,
Ո՞վ է ըմբոշխնում նրա կոնքերի
Լուռ հասունացած հաճույքի գինին,
Ո՞վ է թարգմանում նրա բառերը՝
Երկնքից իջած օրհնաբանություն,
Ու թախիծների կանաչ արտերը՝
Ծղրիդներն արդյո՞ք՝ կարդո՜ւմ են, երգո՜ւմ…

– Ծովի շուրթերը շռայլության պես
Նրան սիրելու ձևերն են փորձում,
Եվ արտաբերում անհասկանալի
Մոլեգին մրմունջ փառաբանության,
Ու ներկայության նվաղում հոգու։-
Ծովին եմ տվել սերդ սիրակեզ,
Որ արշալույսի երանգների մեջ
Եվ մայրամուտի չքնաղ զանգերում՝
Գալարվի հրկեզ – ափ ուղարկելով
Ձկներ կայծկլտուն՝ասուպներ որպես…

ՀՐԱԺԵՇՏ
Կանաչ աչքերով տղամարդիկ
Շատ են սիրում կյանքն ու մարդկանց,
Բոլոր մրգերն ու հատապտուղները,
Որոնք գինի են դառնում երակներում
Այնքա՜ն երանավետ, ինչպես նրանց աղոթքը
Աստծո և մանուկների համար։
Նրանք արտառոց հպարտությամբ են բախվում
Կյանքի զարհուրելի էջերին,
Եվ թաքուն կուլ տալիս կանաչ արցունքներ,
Որպեսզի չդատարկվի դիմացինի հոգու տարածքը։
Ժպտում են երաժշտության պես,
Խոնարհվում՝ իրենց սպայական կոչման հանգույն,
Եվ ճամփա ընկնում,
Երբ եղյամապատ են ծառերն ու թփերը,
Մառախուղը խանդից մշուշում է ամեն ինչ,
Որ միայն ճամփորդին տեսնեն։

-Էս ո՞ւր, ի՛մ ընկեր, այս ցրտի միջով…
Dariko
ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՞Վ Է ԾԱՂԿՈՒՄ ՍՐՏԻԴ ՄԵՋ
Գինովցա՜ծ ես, բանաստե՜ղծ, տխրությունով աշխարհի,
Փոթորիկներն անզուսպ սրբել են գույնն ափերիդ՝
Ավազներին թողնելով ցավից մեռած ձկնիկներ՝
Որպես ներկան աշխարհի՝
Զարդապատկերն ավազի, որ հեկեկում է ներսում…

Գինովցա՜ծ ես, բանաստե՜ղծ, անսրբությամբ աշխարհի,
Ո՞վ է ծաղկում սրտիդ մեջ՝ ատելով ձայնն այլապիղծ,
Ճամփաներին շարելով աղուհացի սեղաններ՝
Որպես գալիքն աշխարհի՝
Կերակուրը բոհեմի, ուր աստվածներն են արթուն…

Գինովցա՜ծ ես, բանաստե՛ղծ, անփութությամբ աշխարհի,
Սոխակները երգերիդ գտել են բույնն անեզրի՝
Իմացյալին խառնելով դեռ չիմացյալ անուններ՝
Որպես հավերժն աշխարհի՝
Զմայլումը մեղեդու, ուր հոգիներն են ննջում…

Գինովցա՛ծ ես, բանաստե՜ղծ, անկատարով աշխարհի,
Կատարյալը դեռ քանի՜ պղտոր ջրեր կտեսնի,
Մինչև պահը սրբազան իր փրկությունը փռի՝
Որպես խաղաղն աշխարհի՝
Ամոքումը հույսերի, ուր երկինքներն են ապրում…

ԱՌԻՆՔՆՈՂ ԽՈՐԱՆ
Երբ հեռու կլինեմ արդեն,
Իսկ դու կներես ինքդ քեզ,
Չտխրե՛ս, կնայես աստղերին՝
Արևին, ծառերին ու սիրուս՝
Նկարված երկնքի լազուրին,
Նրանց հետ եմ ապրել, արարել,
Նրանց մեջ այգաբաց եմ թողել…

Մեկի հետ շողացել այնպես,
Որ տենչան, իջեցնեն ինձ ներքև,
Մեկի մեջ հալվել եմ ու տվել
Հոգուս կրակը՝ տաք անձրև,
Մեկի մեջ ծաղկել ու փթթել՝
Հանց կույսի երազ գունաթև…

Առինքնող խորան էր սերս,
Խորանից դեպի ներս սուրբ ճամփա՝
Բարեպաշտ, հյութեղ աղերսով,
Որ մնա ցոլցլուն ու ներկա…

2026
365 նռան հատիկներ շարվեցին ճամփիս,
Կհասցնե՞մ, Տե՜ր, բոլորն էլ տեսնել՝
Իմ աչքերի մեջ, հոգուս դրախտում,
Դռանս շեմին, այգուս ծառերին,
Իմ բախտի աստղի ճառագումներին,
Կամ թե գրքերիս էջերի վրա՝
Որպես լիացում, վայելում օրվա…
Տեսնե՛ս՝ նրանցից ո՞րն է շքեղը,
Որի հետ պիտի վեհանամ, պանծամ,
Իսկ ո՞րն է սիրո կարոտն ու երգը,
Ե՞րբ պիտի հնչի, քանի՞ օկտավա ձայնածավալով՝
Դառնալով տոնը հավատարմության,
Ո՞րը կճաքի փառաբանումից լուրթ խաղաղության,
Ո՞րը կանրջի իմ քերթվածքները
Գրել հավերժի
տաղավարներին
Եվ լուսապսակ դրվագել նրանց
Վկայությանն ու իմաստուն վարքին։
Ո՞րը ինձ կասի – աստվածային է սերը քո հոգում
Ու մեղրահաց է հավերժի շուրթին։
Սաղմոսերգու է մեկը նրանցից,
Պատարագվում են շարականները երկնքի ծոցում,
Զմայլվում, շողում անգին քարի պես
Ապա իջնում են այն մեն-միակի աչքերին ի տես…
Ո՞րն է խոստումի հատիկը պնդեղ,
Որ չխենթանանք պատերազմներից,
Նա ավետել է տարի բարեբեր,
Ապա նստել է ժամանակների նավակը գունեղ
Եվ ակոսելով ջրերը երկնի
Կապույտ մոմեր է առաքել
Խորանն իմ գաղտագողի՝
Մատուռն իմ հոգու, իբրև աղոթքի զորության նշան…
Ո՞րն իմ ընդերքի լույսը կպեղի և կնկարի
Կարմիր նժույգի սլացքի վրա,
Ապա բութ մատով լույսի կնիքը
Լուռ կդրոշմի բաշին գեղատես,
Որ հատիկները դառնան իմաստուն
Եվ օրհնաբանեն օրերն Աստծո պես…