Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

ՔՈ ՆՇԱՆՆԵՐԸ ԷՆՔԱՆ ՇԱՏ ԵՆ, ՏԵ՛Ր

Փառաբանություն Տիրոջ

 

Քո Նշանները էնքան շատ են, Տե՛ր,

Սրտազարկերիս թվով՝ Քո հաշված,

Որ երկրայինս փորձեցի ընթեր

Քո կյանքին ապրել՝ հողին չհասած։

 

Հա՜շտ է իմ կավը Գինուդ հետ արդեն,

Որ համտեսեցի՝ որպես մարդածու,

Շնորհակալ եմ, որ եղար և մարդեղ

Երկնի հերթափոխ մեր կյանքի ցածում,

 

Որ իզուր չանցան ոգորում, հածում,

Որ մոմն իմ արիր Մոմկալիդ արժան,

Որ հույս տվիր, թե իմ կյանքն էլ անցուկ

Կարող է դառնալ Երկնքի Նշան։

 

ԱՐՆԱԹԱՑ

 

Արցախյան պատերազմում զոհված տղերքին

 

Ձյան հոտ եմ առնում՝ էս քանի օր է.

Հեռվում երևի մրսում է Աստված,

Նրան չհասան աղոթքները մեր՝

Մտքներիս մեջ ու բարձրաձայն ասված։

 

Թե որ հասնեին, վայ թե չմրսեր

Ու արևափայլ մեզ ժպտար գուցե,

Հետն էլ փաթիլվող օրհնանքն իր ասեր

Մեր հոգիներին՝ երեխա ու ծեր։

 

…Բայց ինչո՞ւ փակեց Իր Դռներն Աստված,

Որ Ինքն էլ, մենք էլ մրսում ենք էլի,

Որ տղերքն ընկան հողոտ-արնաթաց՝

Արնաներկելով Շեմը Երկնքի…

 

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

 

Արցախյան պատերազմում անհետ կորած ու զոհված տղաներին

 

Տե՜ր, Քո անունն են երկնքից քերում

Յաթաղանների շեղբերը լուսնոտ,

Ու փերթ-փերթ ցավն է հողի խորքերում,

Ինչպես արգանդում որդի վիժող մոր։

 

Թե Քեզ չեն հասնում աղոթքները մեր,

Տե՛ր, մի՜ կարծիր, թե էլ չենք աղոթում.

Մեր աղոթքները մարտադաշտում դեռ…

Մաս-մասունքներն են փնտրում Քո Որդու։

 

Միայն… չգիտեն՝ բա՞ց են Դուռ, Երկինք,

Որ մասունք-մասունք գտած՝ բերեն Վեր,

…Թե՞ խռով մոր պես Դու էլ ես կնիք

Դրել դռներիդ ու սրտիդ ավեր։

 

ԷԼԻ ՁՆՈՒՄ Է

 

Պատերազմի որդեկորույս մայրերին ու հայրերին` քույրերիս, եղբայրներիս

 

Էլի ձնում է. մտքինը ի՞նչ է,

Ուզածը ի՞նչ է` մա՞հ, թե՞ ծնունդ,

Էսքան լաց ու կոծ, կականը քի՞չ է,

Էլի՛ ձնում է, էլի՛ ձնում,

 

Ուզում է քար, դաշտ ծածկի՛, թաքցնի

Ամեն բան, ինչ որ մարդն է պաշտում,

Մտքինն էն է, որ պատան հագցնի

Տղերքին` պառկած կռվի դաշտում,

 

Մտքինն` էս հողին պատան հագցնի

Ու մայրերին` սև, անարև սև՛,

Ո՞ր մայրը կուզի` էլ որդի ծնի,

Թե շուռ եկավ բախտն ու խրեց սե՛պ,

 

Սե՛պ խրեց իր ու Երկնքի միջև.

Ո՞ր հայրը կուզի` էլ մտնի տուն,

Թե բախտը գլխին ձյո՛ւն բերեց սև,

Ու կսկծանքը սի՛րտն է ուտում:

 

ԱՆՀՈԳԻՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՏՌՓԱՆՔ

Մեր աղոթքները քեզ չհասան, Տե՛ր,

Օդում խոցվեցին գնդակով թուրքի,

Ու չհասցըրին երկիրն ազատել

Կճղակակերպար կենդանակուռքից։

 

Ու էլ Դու ինչպե՞ս, ո՞նց պիտի զատես

Մեղքի սահման ու Ներման եզրագիծ,

Երբ խճճվել է Խաչիդ հազար թել

Անհոգիների մարմնատռփանքից։

 

ԱՉՔԵՐԻԴ ՄԵՋ Ո՞ՆՑ ՆԱՅԵՄ, ՏԵ՛Ր

Աչքերիդ մեջ ո՞նց նայեմ, Տե՛ր,

Որ հայացքս չփախցընեմ,

Մեզ պատմեցին քաղցր ստեր,

Ու հիմա մեր օրն է ձնել։

 

Մեր սրտերը ձյունն է ծածկել

Անցած բոլոր ձմեռների,

Աղոթեցի՝ ձեռքիս հասկեր՝

Արեգնային Քո շողերի։

 

Ե՞ս Քեզնից շատ բան սպասեցի,

Թե՞ Դու ինձնից՝ ի՞նչ իմանամ,

Էս աշխարհի սով ու պասից

Ինձ մի նշխար պիտի մնար,

 

Որ աղոթքս իզուր չանցներ,

Ու գար ուրի՜շ մի եղանակ,

Երազանքը Երկիր ծներ,

Դու վերստին կոչեիր Հայք։

 

Աչքերիդ մեջ ո՞նց նայեմ, Տե՜ր,

Որ հայացքս չփախցընեմ,

…Բայց այդպես էլ չասացիր, թե

Ինչու նորից եկավ ձմեռ։

ԴԵՊԻ ՈՒՐԲԱԹ

(տեսիլ)

 

Ընկերոջս՝ Սերժ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻՆ

 

Ահա՛,

Ահա և՛ դու, ահա և՛ ես՝

Բերանքսիվայր ընկած հողին

Ու կողք կողքի՛.

Ասես հենց նո՛ր,

Հենց նո՛ր են մեզ

Իջեցրել Խաչյալի աջ ու ձախ կողքից՝

Խոցած հենց նո՛ւյն,

Նո՛ւյն գեղարդով՝ կողից։

Ու վատհամբավ` անվամբ գողի՛, ավազակի՛,

Խաչգամերի զարկերից խո՛ւլ, խո՛ւլ խլացած՝

Ընկած ենք մենք, ահա, շեմին տարեմուտի՝

Շուրջը մոխիր, աչքեր լացած

Ու մերթ ընդ մերթ՝ ձեռքե՛ր, որ մերժեցինք։

Ու մեր ոտքի տակից փախած,

Ոտքի տակից մեր արքայի

Փախած հո՛ղն է, հո՛ղն է մեր բերանում, ահա՛,

Հո՛տը՝

Այլևս ո՜չ ծաղկի, այլ քացախի՛, ինչպես երբե՛ք։

Ահա իջեցրել են մեզ Արցախի՝ այդ սև Խաչի՛

Թևերից բե՜կ,

Որոնց տակ դեռ նո՛ւյն կրակն է ատրուշանի,

Որի վրա դու այրվում ու վառվում էիր, ու ես՝ մխում…։

Արդ մեր շուրջը չկան մարդիկ, չկա՛ն,

Թե՞ մթան մեջ

Գուժկան կերպարանքները քարերի

Մարդ են, որ կան, ու մեզ չեն լքել դեռ,

Թե՞ մոխիրն է աչքերը մեր կալել,

Ու ամեն ինչ հիմա մեր աչքերին քար է։

Ո՜ւր են նրանք, ո՜ւր են, որ մեր Աստծուն խաչ հանեցին,

Ու արդեն չեմ հիշում, թե մեզանից ով էր

Խաչյալի աջ կողքին, ով՝ ձախ,

Մեզնից ո՞վ էր, որ չխորշեց ասել.

«Թե որ Դո՛ւ ես, փրկիր քեզ էլ, մեզ էլ»[1],

Չեմ հիշում,

Բա՛յց

որպես հար մի հոգի կամ թե

Մարմին որպես, որ և հոգու ցավ է մեղմում,

Նույն կրակին, նո՛ւյն կրակին

Հո՛ւյսն է քո արդ վառվում, իմը՝ մխում,

Ու դեռ հեռո՜ւ է կիրակին,

Ու դեռ դեպի ուրբա՛թ են մեզ մղում…

 

ՈՒ ԹՌՉՈՒՄ Է ՇՈՂՇՈՂ ՄԻ ՆԵՏ

 

Ընկերոջս՝ Յուրի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

…Ու թռչում է շողշող մի նետ,

Որ մեզ ասի՝ արդեն հասանք,

Բայց մեզ խորքն է առել հավետ

Անեզրական մի երազանք։

 

Մենք գիտե՛նք, որ պիտի գնանք,

Մենք պատրա՛ստ ենք հրաժեշտի,

Բայց պատրաստ չենք դեռ Հանդիպման

Եվ մեր վարքն ենք վարում հեշտին։

 

Ո՞ւր կտանի ճառագայթը,

Որ արձակվեց մեր Տիրոջից,

Երբ մի կարգին չենք էլ գայթել

Ու չենք ելել մարմնաորջից։

 

Կյանքի թաքուն անկյուններից

Դարպասում է մեզ մի հմա,

Տուրք ենք տալիս հակումներին

Նրա դրդմա՛մբ ու ակամա։

 

Որպես ցնորք, որպես հնարք՝

Մեր կողքով նա կանցնի կտրուկ,

Մեր ձեռքն օդում դեռ կմնա,

Թեև մտքում ծովն ենք կտրում։

 

Ինչպես ելավ, մայր է մտնում

Մեր արևը երկնախորշում,

Ու մեզ լքել թաքուն մթում

Այս աշխարհը էլ չի խորշում։

 

Ու մեր վարքն ենք հարում վշտին՝

Որպես ցնորք ու մի դիպված,

Որ այս կյանքն է հրաժեշտի,

Որ տանում է մեզ Հանդիպման։

 

ԹԱՂՈՒՄ

Քանի դեռ տաք եմ,

Ծածկի՛ր ինձ, ձյո՛ւն.

Շուտով կպաղի նյութս հոգնած,

Ու էլ չեմ հալչի՝ որպես արցունք,

Իմ երկրի այտին`

Արդեն խոնավ։

 

ԷՔՍՊՐՈՄՏ՝ ՋԵՐՄԱԳԻՆ

Էս ձյունն ի՞նչ է ուզում մեզնից.

Սրա՜ն նայեք, իր ճերմակի՜ն,

Ուզում է, որ սիրենք իրեն

Հավերժորեն ու ջերմագին:

Ուզում է, որ ոտքի ելնի,

Նայի աշխարհն իր ճերմակին,

Ու չի ուզում ոտքը էլի

Գցի չափով իր վերմակի:

 

ԷՔՍՊՐՈՄՏ՝ ՎԵՐԻՑ

Նրանք, որ կյանքներն ապրեցին պասով,

Հիմա դարձել են Վերից հմայող.

Էս ինչքա՜ն Մարդ կա ինձ Վերն ըսպասող,

Ցածրանում եմ էս ցածում մնալով:

 

. Խաչելության ժամանակ ձախակողմյան ավազակը հայհոյում է Քրիստոսին՝

ասելով. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկիր ինքդ քեզ և մեզ» (Ղուկ. 23:39)։ Այդ ժամանակ աջակողմյան ավազակը սաստում է նրան և ասում. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել» (Ղուկ. 23:40)։

Եվ ասաց Հիսուսին. «Հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո թագավորությամբ» (Ղուկ. 23:42)։

Այդ ժամանակ Հիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։

Հիսուսի երկու կողմում խաչված ավազակները Դեմասն (Դիսմաս) և Գեսթասն էին: Հիսուսին պաշտպանող ավազակը Դեմասն էր, ում Հիսուս անմեղ և արդար ճանաչեց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43): Դեմասը ճանաչվել է քրիստոնեության առաջին հավատացյալ և դրախտ մտնող առաջին անձնավորություն:

[1]. Խաչելության ժամանակ ձախակողմյան ավազակը հայհոյում է Քրիստոսին՝

ասելով. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկիր ինքդ քեզ և մեզ» (Ղուկ. 23:39)։ Այդ ժամանակ աջակողմյան ավազակը սաստում է նրան և ասում. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել» (Ղուկ. 23:40)։

Եվ ասաց Հիսուսին. «Հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո թագավորությամբ» (Ղուկ. 23:42)։

Այդ ժամանակ Հիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։

Հիսուսի երկու կողմում խաչված ավազակները Դեմասն (Դիսմաս) և Գեսթասն էին: Հիսուսին պաշտպանող ավազակը Դեմասն էր, ում Հիսուս անմեղ և արդար ճանաչեց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43): Դեմասը ճանաչվել է քրիստոնեության առաջին հավատացյալ և դրախտ մտնող առաջին անձնավորություն:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։