Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

«ՁՅՈՒՆԵ ՊԱՏԱՆՔ» շարքից

ՁՅՈՒՆ

Էս որ գալիս ես, թափվում ես էսպես,

Մի հարցնեիր՝ քեզ սպասող կա՞,

Էս ինչքա՜ն առատ, էս ի՜նչ շտապ ես,

Որ ճերմակել է ձմռան մթնկան:

 

Ու էդ ճերմակն է, որ մաքրամաքուր

Հպվում է մարդկանց հոգուն ցրտարև,

Դու մե՞ր ես, հե՞ր ես, թե՞ սրտակից քուր,

Որ ախպերն իրեն ինչքան ցավ տվել,

 

Ինքը չի ասում՝ ուզո՞ւմ է, թե՞ չէ,

Գալիս, գգվում է ախպոր տաք հոտին,

Լռում է, հետո ասում է՝ վե՛րջ, էլ

Չեմ դիմանում էս անտեր կարոտին,

 

Չի ասում՝ ախպե՛ր, մի կլոր տարի

Ինչի՞ մոռացար քրոջդ, ինչի՞

Չի սպասում՝ մինչև գիշերը անցնի,

Լույսը չբացված՝ հացատուն կիջնի,

 

Որ հաց-ջուր անի դեռ քնած երկրի

Մեծին, պուճուրին, խեղճուկրակին.

Մինչև արևը իր լույսով ներկի

Աշխարհի վրա բացվող կիրակին:

 

ՀՈՐՍ ՈՒ ՄՈՐՍ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԽՏԻՑ

Ինձ ո՞վ է կանչում էս ձմեռնոցով,

Որ քունս փախել, աչքս չի կպնում,

Մերոնք գիշերով եկել են ոնց որ

Ու լուռ նստած են կողքի սենյակում:

 

Մտքիս մի բան է. ասում եմ՝ ո՜նց են,

Ո՜նց են Տիրոջը համոզել-եկել,

Տիրոջ դռները էս ինչքա՜ն բաց են,

Ու ո՜նց է, որ մենք չենք գտնում ելքեր…

 

Ինչի՞ են ձեներն անցել ու հանգել,

Ու ինչի՞ են մեր աչքերն էսքա՜ն թաց,

Էդ ի՞նչ կարոտ է, որ մեզ անարգել

Ետ է տանում էս աշխարհից ցրտած:

 

Քունս փախել է, աչքս չի կպնում.

Կողքի սենյակում մերոնք են ոնց որ.

Թե որ մերոնք չեն, ի՞նչ եմ անելու,

Ի՞նչ եմ անելու էս ձմեռնոցով:

 

ԷՍ ՁՄՌԱՆ ՁԵՌԻՑ

Էս ձմռան ձեռից չպրծնեմ գուցե,

Իմ ոսկորները մրսում են արդեն,

Բայց ո՜նց է մայրս  ինձ շաղել-հունցել,

Որ դիմանում եմ, դիմանում եմ դեռ:

 

Ես ի՜նչ ծնվեցի ու ի՜նչ եմ մեռնում՝

Իմ հորնումորից կարոտ ու անլուր,

Վերում ինձ համար նրանք են ներում

Աղերսում Աստծուց  խոսքերով արթուն:

 

Էս անցնող օրերն անբանաստեղծում

Չեն ջոկում մարդու մարդ ու անասուն.

Վերից պարզած է Աջը Աստըծու,

Բայց ձեռքս մի քիչ նրան չի հասնում…

 

ԳԻՇԵՐՎԱ  ՁՅՈՒՆԸ

28 դեկտեմբերի,  2017 թվական

Եղեռնի զոհ պապիկիս պապիկին՝

ԹԱԴԵՎՈՍ  ՏՈՆՈՅԱՆԻՆ, 1937-ի

զոհեր պապիկիս հորը՝ ՍԱՀԱԿ

ՏՈՆՈՅԱՆԻՆ, ու պապիկիս՝

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԻՆ, որոնց

շիրիմները մնացին անհայտ…

 

Ճամփես փակել է ձյունը գիշերվա.

Եկել, նստել է անցյալի նման,

Ճերմակել եմ էս լուսաբացին վառ

Ու մոռացել եմ՝ ուր պիտի գնամ:

 

Ձմռան էս օրն էր՝ մեծ պապիս տարան

Տափաստանները միջինասիական,

Ուր բռնադատված որդի ու տղա

Մեկմեկու գտան մի վերջին անգամ:

 

Ի՞նչ ասաց տղան, հայրը ի՞նչ ասաց…

Տեսնող էր եղել՝ բան չէին խոսում,

Փաթաթվել էին… հեկեկանքը թաց

Նրանց աչքերից հողն էր փոսում:

 

…Ես մոռացել եմ՝ ուր պիտի գնամ,

Քանի որ նրանց շիրիմն է անհայտ,

Ինչ-որ տեղ ձյունը ծածկել է նրանց,

Ովքեր երևի մնացին անթաղ:

 

ՁՄՌԱՆ ՀՈՏ

Ձմռան հոտն էլի քիթըս է ընկել.

Գյուղի մեր տունը կաթում էր, ախր,

Դուռը բացեցինք. ամեն տեղ՝ մկներ.

Դրանց կա՛մ աղն էր պակաս, կա՛մ մաղը:

 

Տեսել՝ ուշ-ուշ ենք գալիս ու գնում,

Ասել են՝ չեկան, էլ չգան վայ թե,

Գնացին-կորան սառնահող քնում,

Ու իրենց հերթը հասել էր արդեն…

 

…Դուռը բացել ու կանգնել ենք շվար.

Ամեն անկյունում հետքերն են դրանց,

Ինչքա՜ն են սպասել մեր մահին, ախր՝

Իրենց ատամներ-ճանկերը սրած:

 

…Ձմռան հոտն էլի քիթս է ընկել.

Գյուղի մեր տունը կաթում էր, ախր,

Մկներն են եկել ու բնագռվել.

Երևի էդ էր երազս խառը:

 

ԷԼԻ ԵԿԱ՜Ր, ՁՅՈ՜ՒՆ

Էլի եկա՜ր, ձյո՜ւն,

Նոր կտրած մածուն,

Կռթնել է ուսիս

Արևդ դեղձուն,

 

Կռթնել է ուսիս,

Մի քիչ էլ քրտնել

Մորս դեմքի պես՝

Լվացք անելիս…

 

Եկա՜ր, սիրելի՜ս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։