ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ…
Մարդիկ հաճախ լեզվի կապերն արձակում են,
որ թաքցնեն մտքերն իրենց…
Եվ ուրեմն, նշան չունի,
թե ինչով է դիմացինիդ գանգը լիքը՝
ճշտանման թե՞փ է այնտեղ,
թե՞ թիփի է հերյուրածո…
Մենք հակված ենք հավատալու ամեն խոսքի,
երբ խնամքով սնգուրված ու գեղեցիկ է ասելիքը՝
հատկապես, երբ բամբասանք է…
Ուզենք-չուզենք՝ սա մեր կյանքն է…
Մենք այդպես էլ զորու չեղանք ազատվելու
աղբի վրա ձվադրող ու բազմացող
այն բազմացեղ, երկոտանի զեռուններից,
որ մեր կյանքի ուղեկիցն են
Ադամակա՜ն հեռուներից:
ՉԿԱ, ՉԻ ԵՂԵԼ…
Արքաներն իրենց
նախարար-բդեշխ-իշխանիկների
գործերի մասին և ախորժակի
այնքան բան գիտեն, որքան, ասենք թե,
ժամանակից շուտ ծաղկած ծառերը՝
ծպտյալ խորշակի,
կամ, ասենք, որքան այրերը գիտեն
իրենց ծածկամիտ, անհագուրդ կանանց…
Ի դեպ,
այդքանն էլ հաճախ չգիտեն…
Ինչպե՞ս իմանան,
իմանան՝ որ ի՞նչ –
որ սանձահարե՞ն,
որ դարձի՞ բերեն,
բժշկե՞ն,
ներե՞ն,
դատե՞ն,
ազատե՞ն –
ո՞ր մեկին սակայն, ազատեն որի՞ն,
ազատեն՝ որ ի՞նչ…
Հո արքայական գործերը թողած,
ամեն օր մի նոր նախարարացու չեն որոնելու,
վերջապես, ախր, որտե՞ղ որոնեն,
որտեղի՞ց պեղեն,
եթե աշխարհում նախարարաբույծ
կամ գոնե, գոնե…
նախարարաբույժ մի հաստատություն
չկա՛, չի՛ եղել…
* * *
Եվ այսպես՝ արդեն ո՜րերորդ անգամ,
և այսպես՝ դարձյա՛լ մնացիր մենակ…
Եվ այսպես՝ կրկին դատապարտված ես
երկու չարիքից մ ի ա ժ ա մ ա ն ա կ
երկո՜ւսն ընտրելու դժբախտությանը…
Ո՛չ մխալ է պետք,
ո՛չ ծխալ է պետք,
ո՛չ խոկումներիդ հնոցում վառվել,
ո՛չ երկբայության լաբիրինթոսում
զարկվել պատեպատ…
Եթե չգիտես, թե ինչպես վարվել,
ճի՛շտ վարվիր, և վե՛րջ…
Ի՜նչ կարևոր է, լավ է դա, թե՝ վատ…
ՀՈԳՆԵԼ Է ՏԵՐԸ
Ամենատեսն ու ամենահասը,
բազումողորմը ամենաներող
մեզ ամենքիս էլ կարող է օգնել…
Պարզապես արդեն նա շատ է հոգնել
մեր վարքուբարքից այս վայրիվերո,
նորին մեծություն ճարպըկորդության
աճպարարական թամաշաներից այս էժանագին,
այս դիմակավոր բարեպաշտության
ծեքծեքումներից անվերջանալի,
այս անաղուհաց շանորդությունից պոռնըկահոգի,
սնախոսության ճարճատյուններից այս խլացուցիչ,
որոնց ակամա ունկնդիրներն ու
ակնդիրներն ենք դարձել անձանձիր
և գործող անձինք միաժամանակ…
Հոգնել է Տերը…
Եվ հիմա արդեն պարզապես նրան հետաքրքիր է,
թե առանց իրեն,
առանց իր վերին միջամտության
ինչո՜վ կավարտվի
հանապազօրյա կռիվն այս խղճի և անգթության,
և ո՜վ կհաղթի, և ո՜վ կպարտվի,
և ո՜վ կլինի վերջին դահիճն ու հերթական զոհը,
և ե՜րբ վերջապես, ե՜րբ կհանդարտվի,
մղձավանջային այս թոհուբոհը,
որից, փա՜ռք Աստծո,
մենք էլ, իր նման, հոգնել ենք իսպառ
և մինչև կոկորդ կուշտ ենք ու… գոհ ենք:
* * *
Դժվա՜ր է շատ…
Դե, իհարկե, շա՜տ է դժվար,
և, իհարկե, դժվարացնելն այնքա՜ն հեշտ է,
հեշտացնե՜լն է, որ դժվար է…
Տարաբևեռ կարծիքները
ի մի բերելն այնքա՜ն հեշտ է,
և ինձ ու ինձ,
և քեզ ու քեզ,
և ինձ ու քեզ
հաշտեցնելը հեշտացնե՜լն է, որ դժվար է…
Մանավանդ, երբ չե՜նք հասկանում,
որ երբևէ ավելի հեշտ չի լինելու,
չի՜ լի-նե-լու…
Եվ սա, հենց սա հասկանա՜լն է, որ դժվար է,
հասկանա՜լը,
թե չէ ամբոխ լինելն ի՜նչ է,
ազգանա՜լն է, որ դժվար է,
ազգանա՜լը…
* * *
Միամի՜տ Աստված,
կոպերդ կողպած – կուրացած Աստված,
բազմամեղներիս ուրացած Աստված,
քո պատկերի դեմ
քանի՜-քանիսն են երդվել ծնկաչոք
և հավատացրել մանկամտաբար
թե՛ իրենք իրենց, թե՛ մեզ ու թե՛ քեզ,
որ ճշմարտության համար են իրենք
լույս աշխարհ եկել…
Բայց երբ տեսել են Քո ճշմարտության
պատկերն անողորմ,
երե՜ս են թեքել, միամի՜տ Աստված,
երե՜ս են թեքել…
Իսկ դու չե՜ս քննում երդումները մեր,
իսկ դու չե՜ս քննում…
Իսկ դու… քնո՜ւմ ես…
* * *
Համբերությո՞ւնը…
Այն բանալին է,
որ անհնար է պատճենահանել,
միակ բանալին,
բանալին վերջին,
որ բաց է անում ամեն դղյակի
և ամեն… որջի
ցանկացած ոճի
ցանկացած կողպեք…
Այսօր առավել, քան երբևիցե
դա քեզ շատ է պետք,
տես, որ չկորչի…
* * *
Ո՞վ է հերքում,
փաստարկներով իր միամիտ
համառորեն հաստատելով,
թե շունչ չկա մեզնից բացի, տիեզերքում…
Ո՞վ է հերքում…
Ինձ մոտ բերեք, հերքե՜մ նրան,
փաստարկնե՜րը հերկեմ նրա՝
մեկիկ-մեկիկ փաստատելով,
և ասեմ՝ կա՛ն,
նոր եմ իջել նրանց մոտից,
չեմ հասցրել թափ տալ անգամ
աստղափոշին ձեռ ու ոտիս…
Տեր իմ, Աստված, ինչե՜ր ասես, որ չտեսա…
Զորօրինակ՝
քանի՜ հազար լուսատարի
միս չեն ուտում ո՛չ մի տեսակ,
և հատկապես՝ ո՛չ միսն իրենց,
ո՛չ էլ՝ իրենց մերձավորի,
և ապրում են այսուհանդերձ,
և ապրում են մարդավարի՜, ո՜չ մեզ նման…
Ու նրանցից ոչ ոք մեզ հետ
չի՜ ցանկանում գլուխ դնել մինչև հիմա…
ՓՈՍ ՄԻ՛ ՓՈՐԻՐ
Փոս փորելը նույնպես գործ է,
հույժ կարևոր և պատվելի
գործերից մեկն այն եզակի,
որ չես կարող թողնել վաղվան –
և դրանով քչից – շատից,
լավից – վատից
մարդիկ իրենց տունն են պահում,
ինչպես, ասենք,
սերմ ցանելով,
հունձ անելով,
քար տաշելով,
պատ շարելով,
երգ ասելով ու պարելով,
նկարելով,
մտքում իրենց տիեզերքի հեռուներում թափառելով
կամ մեզ նման ճերմակ թղթի առաջ նստած,
իզուր տեղը սիրտ մաշելով…
Գործդ թողած, փոս մի՛ փորիր,
որ երբևէ չդառնանաս…
Ո՛չ թե, ի դեպ,
այն պատճառով, որ կարող է լինել ինչպես
ասացվածքում սուրբգրային,
ո՛չ, իհարկե. Աստվա՜ծ չանի, ո՜չ, իհարկե…
Փոսդ փորած, մեկ էլ տեսար
ուրիշի տան հի՜մքն է դառել.
– Ո՞վ կարող է դա բացառել…
ՏԱՐԻՆ՝ ԱԿՆԹԱՐԹ
Ասում են, իբր,
գերության տեսակն ամենավատթար
ահ ու սարսափի գերությունն է դա –
բայց մարդուս դա ի՞նչ –
տագնապի անվերջ ահազանգերը
մեզ քուն են բերում ոչ պակաս խորը,
քան թե երգերը օրորոցային…
Եվ քնում ենք մենք, ու երազներում, թվում է, ահա,
ուր որ է, պիտի հասնենք փրկության բաղձալի ափին,
բայց գիլիոտինը իրականության շխկոցով իջնում
ու գլխատո՛ւմ է երազները մեր…
Ու մենք այդպես էլ չե՜նք կարողանում
մինչև վերջ տեսնել գոնե մի երազ,
մի երազ գոնե տեսնել այնպիսին,
ինչպիսին որ այն ուզում ենք տեսնել…
Այդպես վազում ենք, չենք հասնում սակայն,
ու թե հասնում ենք՝ ուրի՜շ հանգրվան`
ուրիշի՜ ձեռքով քարտեզագրված…
Այդպես փնտրում ենք, չենք գտնում սակայն,
ու թե գտնում ենք,
պարզվում է, որ այն մեր փնտրածը չէր…
Ե՛վ մոռանալ ենք ջանում ամեն ինչ,
և՛ մոռանալ ենք ձգտում ամենքին,
պարզվում է սակայն,
որ ինչ-որ մի բան ընդմիշտ հիշելու լավագույն ձևը
այն մոռացության տալու
ձգտումն ու ջանքն է թերևս…
Այդպես օրերը կրկնում են իրար
մի կախարդական շրջանում անծիր,
ուր ամեն օրը թվում է մի ողջ հավիտենություն,
պարզվում է սակայն,
որ ամեն տարին ակնթա՜րթ էր մի…