Անի ՂԱԶԱՐՅԱՆ

 

***

Տուր ինձ մի հենման կետ,

Մեկնիր ինձ քո ձեռքը,

Եվ ձմեռներդ գարուն կդարձնեմ,

Ձեռքերի տեղ թևեր կտամ քեզ

Ու աշխարհի փոխարեն՝ դրախտ։

Մեկնիր ինձ քո ձեռքը,

Ու կյանքիդ ընթացքը թռիչք կդարձնեմ,

Հին ու նոր սպիներդ հուշով կմաքրեմ

Ու թիկունքիդ քարերը կդարձնեմ հող։

Պատրանք կդառնա

կյանքը ծանրաքայլ,

Ու տառապանքը՝ հուշ դարձած մի բառ,

Միայն թե մեկնես դու ինձ քո ձեռքը…

«Տվեք ինձ հենման կետ…»

Տվեք ինձ հենման կետ,

Ու ես կշրջեմ,

Ու ես կփոխեմ աշխարհը։

 

***

Ես քո անունն եմ պատմել

Բոլոր ընկնող աստղերին,

Հնգաթև յասամաններին,

Երեքնուկներին քառաթերթ

Ու ափիս թևած զատիկներին։

Իսկ բումերանգի խաթարված օրենքը

Նետեց ինձ քո տիեզերքից,

Կուլ տվեց երազանքներս

Նվիրական յասամանի պես,

Քո անունի հետ թևերս էլ պոկեց,

Եվ դու, ափիս դաջելով

Տհաճ հուշերի դրոշմը դեղին,

Հեռացար անդարձ։

 

***

Ամենուրեք նույն անփոփոխն է վխտում

Ու նույն անտարբերը։

Սառն է փչում ու տարածվում

Ատելությունից ու սպանություններից

Մինչև սիրո ու ինքնազոհության վրա,

Իսկ փողոցներում

Ծառերը շարունակում են ծաղկել,

Երկինքը նույն թարմությունն է շնչում

Անձրևից հետո մեր մարմիններում,

Ինչ-որ տեղ էլի մարդիկ են

ծնվում ու մեռնում,

Օրերը դարսվում են իրար վրա

Նույն անտարբերությամբ։

…Որքան հաճելի է քայլել

գորշածածկույթ գիշերում,

Երբ միաժամանակ մոտ ու

հեռու ես ամենքին,

Երբ դեռ նոր պայթած բողբոջներից

Ծաղկաթերթեր են ընկնում

Ու ամփոփվում մազերիդ մեջ,

Եվ մոռանում ես,

Որ մազերիցդ էլ սև իրականության մեջ

Ինքդ ես թաղված ոտքից գլուխ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։