ՏԱՂԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Քնքշանք
և լիք,
փորին՝
երկու ձեռք.
– Զգույշ,
չդիպչես,
այստեղ եմ,
այստեղ:
Ներսից պատերին
թակում է.
– Սպասեք,
Քիչ մնաց,
շատ քիչ,
գալիս եմ,
ողջո՛ւյն…
Եղջերաձայն հրերգ: Հրհայացք վերև:
Եղնիկներ և վիթ, վեր վազող առու…
Եվ ծիրանի փող, և փող եղեգնեա,
եղեգնեա՝
և բոց,
և բոց
վեր արև:
Երկինք և Երկիր Ծիրանի աղոթք:
Քրմուհի, քրմայր, քրմախոս քրմեր…
Հրերկունք և կին, և կին հրեբոց,
բոցը և՝ և Է՛, հրեծին ծնունդ:
Ռալի, 25 հունիսի
մ. թ. առ.
ԲՆԱՆԿԱՐ
Ծաղկափեշ թեթև և թեթև քմայք,
և թեր, և թրթիռ, տագնապ, տրոփյուն…
Շուշան շաղ, շապկին, շապկին՝ ոսկեծիծ,
ոսկեվազ և որթ, որթատունկ, ողկույզ:
Հրեորդ որդան և որդան կարմիր,
կախ կրակ և կախ, և շանթ հրեցոլք:
Հրարձակ, հրե, հրեզոր որոտ,
հրայրող հրդեհ, ամպերի հրերթ:
Երկնաքող երկար, հրառատ անձրև,
երկնավեր ցնորք և ցնորք դեղին:
Երկունք: Եվ երկներ, երկներ հրեգեղ՝…
Հրերկիր՝ երկանք: Հրե և՝ ԷԱ:
Նա է:
Նա եկավ,
ասելու,
որ մենք,–
մեզանից առաջ,
անվանումը այս՝
հապավում,
օրենք.
և՛
ևս՝
և Է,
Արիա՛
և Դից:
Մեծ Հայքի
և մեծ,
և Մեծ Տան շեմին,
մեկ և՝
և վեհ,
և որպես Արքա,
բերում է Նրան՝ և սրինգ, և երգ,
և Արքաների օրհնությունը հին…
Հյուս. Կարոլինա,
Ռալի, Դյուրամ
մ. թ. առ. 14 հունիսի 2025 թ.
ՊԱՏԿԵՐՆԵՐ
Ատլանտ նժույգներ, ատլանտներ վարգուն,
ալիքներ՝ և ծառս, երկնամերձ երկինք:
Լեռնացող ալիք, ալեկոծ և վեհ,
ծովաղջիկ ծովի, Ջրահարս Ատլանտ:
Աչքը՝ ծով և ծիր, և ծիր հեռավոր,
այտփոսիկ այտին, այտերին նրա…
Շար-շարան լաջվարդ՝ ծոցին, ծիծ ծրար,
ծիծ ծոցիկ և ծիծ՝ գինելիք պտուղ:
Նրբազգեստ և նուրբ, նրբագեղ եղեգ,
շուրջ նրա և շուրջ, ալիքների պար:
Շուրջ այրեր ատլանտ, պտտվում են խենթ,
սոսափյուն և մեղմ, ջրերի ճողփյուն:
Ոչ իբրև սոնետ և նման ներբող,
ոչ սովորական, հասարակ ինչպես,
ինչպես, մեկը և՝ և ոչ հպանցիկ,
քույր և քույր, և ոչ, և ոչ իրական՝…
Ոչ աղոթք նորից, ոչ սեր, ոչ սրինգ,
հեռու և հեռու, հեռացող ձայներ…
Նա է, նա այնտեղ, հայացքը հեռուն,
հավաքում է լուռ գույները ծովի:
Միրթլ Բիչ
29 հունիսի մ. թ. առ.
ԽՃԱՆԿԱՐ
ա
Կարոլինա,–
կար
և Դյուք,
և Դուրամ:
Եվ ոչ,
և ոչինչ,
թերևս՝ Շառլոտ:
Տիպային, անտիպ, դար,–դատարկություն,
անտառներ անշուք, անպտուղ ճահիճ:
Որպես և՝
չնչին,
ան–
հավանական
և պարապ պատրանք,
թվացյալ,
թեթև…
Հպանցիկ անցում
և ոչ մի հրապույր,
ոչ հեթեթ,
ինչպես
և ինչպես՝
այն կա:
Խոստովանություն:
Էլեգիա:
Դադար:
Ոչ հեքիաթ,
ոչ կիրք
և ոչ ինչ-որ բան:
Ինչ-որ ինչ, իբրև և իբրև ներկա,
հնարված հնարք, հնարանք չնչին:
բ
Բնությունն այստեղ չունի կենսակերպ,
խորթ է, անծանոթ և ոչ բնօրրան:
Քոնն է, քոնը չէ, չի լինի, չկա,
այլակերպ և ոչ, այլաբանություն՝…
Այլ աշխարհ և այլ, այլ, այլադավան,
օտար են և մութ, այլածին, այլոք:
Չունեն և չունեն ավելի հարմար
և գույն, և էթնիկ բանական կաշի:
Հավատամք և ում, թեև «ազգային»,
չկա հիմք, չկա, չկա էն Ոգին:
Որտե՞ղ է տո՛ւնդ, ոչ հայադավան,
ի՞նչն է քեզ պահում, ո՞վ ես դու այսօր…
Չկա և ներում, և բեկում նաև,
ժամն է և անժամ, չկա ժամանակ:
Այլևս թե չէ, չի լինի այն ինչ,
ժայռ, ժառանգություն, երազների դաշտ:
Չկա Ար, Արև, չկա այն չկան,
մտքի և լույսի անապատ, աբսուրդ:
Բարբաջանք, բառեր, հորդորանք իբրև,
ավելին՝ երբեք… Թույլ տվեք լռեմ:
Ռալի, Շառլոտ
մ. թ. առ. 5 հուլիսի 2025 թ.
ԷՊԻԳՐԱՄ
Քաղաք: Քաղաքի նեղ փողոցներով,
խառնամբոխ, խառնուրդ, խառնածին ցեղեր…
Բնիկներ և ոչ, բնիկ են արդեն,
պատմություն ահեղ, լռում է և դեռ՝…
Լռությունը լուռ, խոսում է անձայն,
դիմագիծ անձև, անորոշ և ան՝…
Հնացած և հին, հնէբան, հետնորդ
և ոմն ոմանք, և նրանք նաև՝…
Գունամորթ, անգույն և սև, և ճերմակ,
լիք, կրծքերը կախ, կիսաբաց և կես…
Մարմիններ և մեղ, կրքասեր, կրքոտ,
որոնում են նոր՝ բնորդներ բնիկ:
Գիշերներ և գորշ, մթի մեջ անփույթ,
արթնանում են նույն հոգնած մայթերին:
Գոյություն և գոյ, ապրում են, թեև,
տրվում են նրանք, նրանք, որպես տուրք:
Բազմություն, ոչ մեծ և անշուք պիկետ,
ինչ-որ բան և միշտ այնպես չէ, ինչպես…
Աթոռներ՝ և շեղ, և շեղված Գլուխ:
Քշեցին մեկին և մեկին տարան…
Թրամփ, թե այլոք՝ բյուստ, բյուստից այն կողմ.
հաշվում են նրանց և քայլերն անմեղ…
Եվ՝ մեղքերը մեղ, չգործած և նուրբ,
դեղնում են թափուր, մայթերին խոնավ:
Վաշինգտոն, Սպիտակ տուն
մ. թ. առ. 14 հուլիսի 2025 թ.
ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄ
Սանդղաշար սանդուղք՝ վերև և վերև,
վերևում վերին՝ և վերին աբսուրդ:
Միացյալ իբրև, իբրև պանթեոն,
ժողովուրդ, ժողով, արձաններ անձայն՝…
Արտակարգ, ոչինչ: Բազմություն: Ժխոր:
Նախամուտք: Մուտքին՝ հավելյալ կցորդ:
Բաբոչկա, փողկապ: Օսլայած և կեղծ,
ճմռթված, ճերմակ և սարքած ծիծաղ:
Եվ խև, և խելառ, վազում են, թե ուր,
ոչ խորհուրդ, ոչ ձիրք և ոչ երևույթ…
Չկա, չի եղել մտերիմ նման,
այս և այս, այստեղ՝ ուրիշ է, օտար:
Որպես այլընտրանք, մոլագար և եղծ,
սա այն է, ինչ այն՝ փորձում են ներկել…
Սվաղված և հին, հորինվածք ինչ-որ,
դա՛րձ, անդարձության, այլևս՝ և վե՛րջ:
Վաշինգտոն
մ. թ. առ. 15 հուլիսի 2025 թ.
*
Կապիտոլիումի շքամուտքի մոտ,
երկնափեշ երկար և երկար խիտոն,
ձեռքը վեր փեշին՝
քիչ վերև
և քիչ,
թխահեր և թուխ, նորաթուխ մի կին:
Նշաձև նման և նման պրոֆիլ,
հրետես տեսիլք, հրեվեր հեռուն…
Հրեծամ, ծամթել, մեջքին՝ նրբերիզ,
հրեվարս, հեր հուր, հրելույս ձոներգ:
Որպես՝ և բնիկ, բնիկ բնաշխարհ,
ոտքերին ճերմակ և զույգ մաշիկներ…
Քայլում է թեթև, թե թեթև սահում,
շապկի մեջ, շապկի՝ մարմին, մարմնապար՝…
Շապկին՝ շապկից դուրս, փոքրիկ խալ, փոքրիկ,
ծոց ծարավ, ծոցին՝ նախաձև նշան:
Ափի մեջ՝ կարմիր և կարմիր կրակ,
հայացքն հրարձակ, մոտենում է…
Վաշինգտոն
մ. թ. առ. 15 հուլիսի 2025 թ.
