ԳՆՈՒՄ ԵՄ ԷՏՅՈՒԴԻ

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Ու խմում եմ ու խմում եմ
Որ չամաչեմ երկնքից
Ծառից
Սարից
Ու քարից

*
Գնում եմ էտյուդի
Բնությունը անառակ կնոջ նման
Գայթակղում է
Խմում եմ
Մերկանում եմ բնության գրկում
Եվ տևականորեն
Դավաճանում եմ կնոջս

*
Գնում եմ էտյուդի
Երկինքը ամպամած է
Խոտերը անշարժ սպասում են
Ծառերը լուռ են
Եթե անձրև գա
«Այս հեռավոր ցորենի արտում»
Չեմ նկարի
Կգնամ հյուղակը այգեպանի
Կխմենք իմ տարած ծիրանի օղին
Հետո նրա կարմիր գինին
Ու կհիշեմ քեզ
Ու կհիշեմ քո հմայքները
«Այլևս չեմ մտածի մահվան մասին
Քո գեղեցկությունը ինձ փրկել է»
Դանդաղ կործանելու համար

*
Գնում եմ էտյուդի
Խաղողի այգիներում կանայք են
Խանձված դեմքերով տռուզ կանայք
Միտքս
Օդապարիկի պես սկսում է ճոճվել
Սկսում է հեռանալ
Դեպի մանկություն
Դեպի Թեհրանի հարթ տանիքները
Ուր Աստվածները
Արևներ էին
Եվ սերը
Արևածաղիկ մեր սրտերում

Չգիտեմ ինչու հիշեցի
Մալևիչի սև քառակուսին
Գուցե նրա համար
Որ ինձ միշտ
Գայթակղել է սև եռանկյունին
Բայց այլևս
Վերծանելու ժամանակ չկա
Գնում եմ էտյուդի

*
Գնում եմ էտյուդի
Բնությունը հրճվանքի մեջ է
Ծառերը նազում են
Հազար ձեռքերով ինձ են կանչում
Ու ես կախարդված խաղամոլի պես
Նստում եմ խաղի

Վայրի մեծ կակաչները
Ախ են քաշում
Դեղին մանր ծաղիկները
Ինչ- որ բան են փսփսում
Մանուշակների ականջին

Բացում եմ էտյուդնիկս
Ներկապնակի վրա
Բազմագույն թիթեռնիկները
Համբերատար սպասում են
Սպիտակ կտավը
Նորահարսի պես
Իր կուսության տագնապի մեջ է
Հայացքս
Քննախույզ շրջում է աջ ու ձախ
Չեմ նկարում
Խմում եմ ծիրանի օղի
Մեկ
Երկու
Երեք
Հետո համարձակ
Ասես գնում եմ մարտի
Վերցնում եմ վրձիններս

Բնությունը փռթկում է
Ձեռքը բերանին դրած ծիծաղում է
Հետո սկսում է անզուսպ ծիծաղել
Այնքան է ծիծաղում
Որ ի վերջո
Ուշաթափ ընկնում է կտավիս վրա

*
Գնում եմ էտյուդի
Պայծառ
Արևոտ օր է
Քիչ հեռվում
«Քառասուն մանկանց»
Փոքրիկ եկեղեցին է
Կողքը
Երփներանգ լաթերով զարդարված
Երազանքների չորացած ծառը
Մենք
Ներքևում ենք
Կանաչ եղեգներով
Կանաչ լճակների մոտ

Կանայք
Բանջար են հավաքում
Տեղ- տեղ
Կովեր են արածում
Ավելի հեռվում
Գյուղական տներն են
Բարդիների անկանոն շարքը
Ցորենի ոսկե ծփանքը
Կենտրոնում
Վարսաթափ
Հսկա ուռենին
Ավելի հեռվում
Երևում են
Արագածի սպիտակ գագաթները

Նկարում եմ
Գորտերը կռռում են
Մերթ ընդ մերթ
Բառաչում են կովերը
Ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ է

Խմում եմ
Նայում եմ Աստծուն
Նայում է ինձ
Ժպտում եմ
Ժպտում է

-Էս ինչ սիրուն ես արարել
Տեր

-Նայիր ինքդ քեզ
Այդ դու ես սիրուն
Եվ տերը
Դու ես

*
Գնում եմ էտյուդի
Գնում եմ հեռու
Շատ հեռու
Ամենաչեզոք
Ամենանեյտրալ
Տարածքը աշխարհի
Բացում եմ ներկերիս այբուբենը
Եվ գույների լեզվով
Սկսում եմ նվագել
Ճարտարապետի դիմանկարը

Ծիրանի օղին լցնում եմ դեմքիս
Առաջին օր
Երկրորդ օր
Յոթերորդ օր

«Կյանքը
Ամենամեծ
Եվ ամենահրաշալի
Անհեթեթությունն է…»

Ես ամենանեյտրալ տարածքն եմ
Ողջ տիեզերքում

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։