Մարդը, բանաստեղծը, մանկագիրը…

Լիպարիտ ՍարգսյանԱպրիլի 29-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀԳՄ-ի և Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի համատեղ ձեռնարկով Առնո Բաբաջանյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ բանա­ստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի 75-ամյա հոբելյանին նվիրված երեկույթ: Հոբելյարին ողջունեց և օրհնեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով այսպես բնութագրեց նրան. «Գրում է ոչ միայն մանուկների համար, այլև քրիստոնեական հոգին իր մեջ պարուրած՝ բառերի պարզությամբ իմաստավորում է այն ամենը, ինչը արժեք է, և օրինակ է դառնում նրանց, ովքեր նրա ստեղծագործություններում տեսնում են բարությամբ ու բյուրեղյա էությամբ հայ կոչվելու արժանի մարդուն»:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ Վարդան Գրիգորյանը՝ հայ ժամանակակից գրականու­թյան ասպարեզում ունեցած ավանդի համար հոբելյարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալ և պատվոգիր:
Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց բարությամբ ու լույսով լեցուն «ճշմարիտ մանկագրին», ով մարդկանց մղում է ճանաչելու տիեզերքը, մաղթելով նրան անհատնում ու բեղուն ճանապարհ՝ ընծայելով ՀԳՄ կողմից հատուկ նվեր:
Գրականագետ, բ.գ.դ. Լյուդվիգ Կարապետյանը արժևորեց Լիպարիտ Սարգսյանի անցած ճանապարհը. «Բնաբուխ զարկերակներ են բաբախում նրա գունագեղ աշխարհում, որ տանում է մանկության բարի ու լուսավոր մոլորակ: Նրա հերոսը մարդն է, երկիրը շենացնող հա՛յ մարդը»:
Յուրօրինակ անակնկալ էր պատրաստել նաև լեզվի տեսչության պետ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, ով հոբելյարին նվիրեց միության ջանքերով տպագրած «Գանձերս երգերն են իմ» ¥2013¤ խորագրով բանաստեղծական գողտրիկ ժողովածուն, որում ամփոփված են Լիպարիտ Սարգսյանի հոբելյանական տարիները խորհրդանշող յոթանասունհինգ բանա­ստեղծությունները: Հոբելյարին շնորհավորեցին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովիկ Շեխոյանը, Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը և այլք:
Լիպարիտ Սարգսյանի ստեղծագործություններից ասմունքեց ՀՀ վաստակավոր դերասանուհի Գրետա Մեջլումյանը: Ելույթ ունեցան Արմեն Դարբինյանն ու Արսեն Համբարյանը, հնչեցին նաև «Զատիկ» ¥երգահան՝ Լիլիթ Համբարձումյան¤, «Բողբոջ», Յուրի Բախշյանի անվան մանկական ստուդիաների, ինչպես նաև երգահան Հռիփսիմե Խրիմյանի սաների կատարումները: Թիվ 137 դպրոցի աշակերտները ասմունքեցին Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծություններից և պարգևատրեցին նրան «Լավագույն բարեկամ» պատվոգրով: Ելույթ ունեցավ «Կարին» (գեղ. ղեկ.` ՀՀ մշակույթի վաստ. գործիչ Գագիկ Գինոսյան) ազգագրական համույթը: Ջերմ շնորհակալական խոսքով երեկոն եզրափակեց Լիպարիտ Սարգսյանը:
Երեկույթը վարում էր Գայանե Սամվելյանը:
Սեփ. թղթ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։