ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՛
0 ՆԻՇԻՑ ԲԱՐՁՐ ՈՐԵՎԷ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՛
ԻՍԿ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ՈՒ ՏԱՆԻՔՈՒՄ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԵՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԱՎԵԼԻՆ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՄԵԿ ՀԱՐԿ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Դատապարտելի արարք է, առավել դատապարտելի է, երբ հասարակական կարծիքը մի բան է ասում, իսկ իշխանությունները, հանուն գրպանի և կոռուպցիոն շահերի, շարունակում են կոշտ ու կոպիտ գործունեությունը` ոտնահարելով ժողովրդի կարծիքը: Փաստորեն, մայրաքաղաքի դիմագիծը պահպանող բազմաթիվ շենքերի հետ նաև Փակ շուկան է արժանանում նման վերաբերմունքի:
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Հերթական անգամ ականատեսն ու ակամա մասնակիցն ենք լինում մեր շուրջ երեքհազարամյա սիրելի քաղաքի և համայն հայության մայրաքաղաքի դիմազրկմանն ու ավերումին: Քաղաքաշինական, ճարտարապետական, ի վերջո, պատմական և մարդկային որևէ տրամաբանության չենթակվող ամենակարողության և անպատժելիության մթնոլորտում ոչնչացվում են մեր հինավուրց քաղաքի մշակութային հիշողության վավերագրերը մեկը մյուսի հետևից՝ ոտնահարելով հասարակական կարծիքի, ազգային արժանապատվության և հայրենասիրության տարրական նորմերը: Արդեն քաղաքի հիշողության տարածքից ընդմիշտ ջնջվել են Աբովյանի, Արամի, Բուզանդի փողոցների գողտրիկ տները, Երիտասարդական պալատը, Սպայի տունը, «Սևան» և «Դվին» հյուրանոցները, հերթը հասել է Փակ շուկային, որը մեր քաղաքի պատմության նորագույն շրջանի վերջին վկայագրերից է: Հիշեցնեմ, օրեր առաջ Բաքվում նմանատիպ մի շինություն պարզապես «հրվեց» մի քանի մետր, որպեսզի հնարավոր դառնա հարակից տարածքի բարելավումը: Մեր պարագայում, համոզված եմ, այն պարզապես հողին կհավասարեցվեր: Ուրեմն՝ բարոյահոգեբանական և ազգային ինքնության պահպանման նախանձախնդրություններում այնքան ենք նահանջել, որ պետք է օրինակ վերցնենք բնույթով ելուզակ ու քոչվոր հարևանից, ով յուրացնում է օտարների ճարտարապետությունը և պատմություն հորինում իր համար, իսկ մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք մերը, մեր հայրերի և պապերի ստեղծածը: Հարց է ծագում՝ արդյո՞ք սեփականատերն ի զորու է անհատապես իրագործել պատմամշակութային հուշարձանի աղավաղումը, թե՞ ունի հովանավորյալներ և ինչ-ինչ մութ ուժեր իր թիկունքում, ովքեր նպաստում են կատարելու անվերականգնելի սև գործեր…
Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Ես պատկանում եմ այն սերնդին, որի պատկերացումները արժեքների մասին ձևավորվել են ոչ միայն ընտանեկան դաստիարակությամբ կամ կրթությամբ, այլև այն քաղաքային միջավայրով, որտեղ որ ճանաչելի էին պատմամշակութային կարգավիճակ ունեցող ճարտարապետական կոթողները: Հարգելով և ընդունելով այդ արժեքները իբրև անբեկանելի՝ մենք հաստատել ենք նաև սեփական արժեհամակարգն ու պատկերացումները մեր քաղաքի, երկրի և այդ երկրի քաղաքացի լինելու մասին: Քանդելով Փակ շուկան՝ քանդվում է ոչ միայն մի շենք, որը հին երևանյան սիմվոլներից է, պատմություն է կրում և հիշողություն, այլև, ցավոք սրտի, արդեն ձևավորվում է ապօրինությունների մի շղթա, որի քայքայված և ամենաթողության հանձնված պատկերը երբեք չի կարողանա առկա սերնդի մոտ ձևավորել սեփական արժեքների մասին որևէ պատկերացում: Այդ շղթայի յուրաքանչյուր օղակի խեղման հետ մենք կորցնում ենք ապագա քաղաքացուն, որը պետք է ունենար իդեալներ, երազանքներ, կայուն որակներ կրեր, հավատար իր ուժերին, հավատար, որ իր ձայնը լսելի է: Աստված մի՛ արասցե, որ նա հուսախաբ լինի, սա է ամենատագնապալին: Աստված մի՛ արասցե…
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
Փակ շուկայի շուրջ կատարվողը լակմուսի թղթի պես ցույց է տալիս մեր իրականության դեմքը: Պարբերաբար մեզ «վերևներից» համոզում են, որ պատմաճարտարապետական այդ կառույցին ոչինչ չի պատահի, որ իբր` Քաղաքապետարանը, Մշակույթի, Քաղաքաշինության նախարարությունները կողմ չեն նրա քանդմանը, սակայն օրեցօր վկա ենք դառնում շինության աղավաղմանը:
Ստացվում է, որ ոչինչ են որոշում ընդունող պետական մարմինները օլիգարխ պատգամավորի դեմ: (Ներեցեք սխալ բառի համար, չէ՞ որ հանրապետության նախագահը հայտարարեց, որ խորհրդարանում օլիգարխներ չկան):
Մերօրյա Հայաստանում անտերությունը և ամենաթողությունը հասել են իրենց գագաթնակետին: Մեր իսկ ձեռքով ոչնչանում, անհետանում է մեր՝ առանց այդ էլ աղքատիկ անցյալ ունեցող քաղաքի պատմական դիմագիծը, էլ չասած՝ բնության և մարդկային ռեսուրսների մասին: Իսկ փոխարենը ո՞ւմ համար են վեր խոյանում այս բազմաթիվ անդեմ, անմարդաբնակ պանելային նորակառույցները: Իրանցի հյուրերի՞: Թեև Սյունիքի արոտավայրերը 99 տարով թուրքալեզու իրանցիներին վարձակալության տալուց հետո նրանց դժվար թե հյուր անվանենք:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
Անկեղծ ասած, կարծում էի, թե Փակ շուկայի հարցը շատ շուտ կփակվի:
Ախր, այնքան պարզ ու հստակ էր ամեն ինչ: Առաջին իսկ ահազանգերից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ իրենք շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չեն տվել, ավելին՝ ապօրինի շինարարություն իրականացնողները վարչական պատասխանատվության են ենթարկվել, իսկ կառուցողական աշխատանքները դադարեցվել են…
Հետո շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հերքեց այն լուրերը, որ ուզում է շենքը «Երևան սիթի» սուպերմարկետ դարձնել («Պատերի տակ ինչ ասես խոսում են, էդպիսի բան չկա՜…»):
Եթե սրան հավելեմ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հավաստիացումները, որ սեփականատիրոջն ու շինարարներին համապատասխան առաջադրանք է տրվել պահպանելու չափի, դիրքի, տարածքի համապատասխան չափանիշները, մի՞թե միամտություն էր իմ լավատեսությունը: Ինչո՞ւ պիտի կասկածեի այդքան մարդկանց խոսքին, անկեղծությանն ու պատասխանատվության զգացումին: Բայց, չէ՜, պարզվում է՝ միամիտ մարդ եմ: Պարզվում է՝ որքան էլ բնույթով լավատես լինես, մեր իրականությունն ու բարքերը անվերջ պակասեցնում են հավատի, լավատեսության պաշարներդ, քեզ «խելքի բերում»: Ու հիմա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հուսահատ զայրույթով հայտարարում է, որ այս ընթացքում «շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու ոչ մի խելամիտ նախագիծ չի հաստատվել, այնինչ աշխատանքները վերսկսվել են»: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ բնակիչների նոր բողոք-նամակի հիման վրա իր վրդովմունքն է հայտնում: Ուզում եմ հարցնել վերոհիշյալ բոլոր պատասխանատուներին. «Իսկ հիմա ի՞նչ կարող եք ասել, հարգելինե՛րս: Անզո՞ր գտնվեցիք օլիգարխի հանդեպ, թե՞ ձեր նախորդ հայտարարությունները պարզապես խոսքեր էին՝ նախընտրական տրամադրություններին միտված: Այսինքն՝ ինքներդ էլ նախապես լավ գիտեիք, որ Ալեքսանյանի խաթրին կպչել չեք կարող»:
Ակնկալում եմ հարցիս պատասխանը ոչ այնքան լսել, որքան տեսնել խնդրի վերաբերյալ ձեր հետագա գործողությունները:
Չեմ հասկանում՝ այդքան դժվար ու անլուծելի խնդի՞ր է բռնելու այդ մարդու ձեռքը:Դժվա՞ր է այդ մարդուն հասկացնել, որ չենք ուզո~ւմ մատով դիպչես այդ կառույցին:Չի՞ լսում:Վախենո՞ւմ են այդ մարդու վրա մատ թափ տալ:Որ հասկացնում են ու մատ են թափ տալիս՝ չի լսում,ինչի՞ ականջը չեն քաշում:Քաշող չկա՞…Բա ինչո՞ւ են այդ ,,ականջ քաշողները,, անմիջապես հայտնվում այն անճար մարդու կողքին, ով ուզում է իր բազմանդամ ընտանիքի համար նվազագույն պայմաններ ստեղծել, հայոց բանակի համար առողջ տղաներ մեծացնել…Ոչ միայն ձեռքն են բռնում,ոչ միայն ականջն են քաշում,այլ այն օրն են գցում,որ ամիսներ, տարիներ շարունակ ուշքի չի գալիս…Կասեք՝ այ մարդ ի՞նչ ես կորցրե~լ, ի~նչ ես ման գալիս, ինչ միամիտն ես, չգիտե՞ս,որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:Գիտեմ,գիտե~մ, բայց մինչև ե՞րբ պետք է շարունակվի գայլ ու գառի հավերժական խնդիրը, ե՞րբ պետք է այդ անճար գառն էլ ատամներ ունենա…Մի խոսքով՝ կներեք, ես էլ հոգնեցի, հասկացա/նոր չեմ հասկանում/, որ ուզում ես Արագածի գագաթին կանգնած գոռա՝ միևնույն է բանի տեղ դնող չկա…