Հայ պոեզիան մեծ կորուստ ունեցավ. Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացավ բանաստեղծ Ալիսիա Կիրակոսյանը:
Ալիսիա Կիրակոսյանը ծնվել է 1936 թ. հուլիսի 13-ին, Կորդովայում (Արգենտինա), վանեցու ընտանիքում: Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 10 տարի խաղացել է թատրոնում: Այնուհետև փոխադրվել է Լոս Անջելես: Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966-ին: Հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-71 թթ. բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն» բանաստեղծությունների ժողովածուով: Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը բեմադրվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում:
Ալիսիա Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը: Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն): Նրա պոեզիային բնորոշ են ներաշխարհի պատկերները, արդիական լեզվամտածողությունը, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությունը: Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն: 1993 թվականին Բրազիլիայի Սան-Պաբլո համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ գրականության բնագավառում:
Նուրբ, խորազգաց բանաստեղծուհու հիշատակը կապրի իր սիրված բանաստեղծություններով և երգերի վերածված հրաշալի ստեղծագործություններով:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
***
Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ների’ր, չեմ կարող
Արդեն սպասել…
***
Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային
Ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված
Լինի ցողերում,
Մինչև քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:
Shat txur lur e😢
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանահունչ այն հռչակված բանաստեղծուհին է, որ գրաված լինելով իսպանախոս ժողովուրդների սիրտը, եվ արժանացած լինելով բազմաթիվ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, ապա արդեն հեղինակաբար հնչում է հայաղողանջ։ Նրա բանաստեղծությունները իսպաներեն, ապա անգլերեն, նաեվ ստեղծագործվեցին հայերենով։ Դա մեծ տեղաշարժ էր հեղինակի ու հայ ընթերցողի փոխհարաբերության մեջ, ըստ որում դա սկսեց տեղի ունենալ թարգմանչի չմիջնորդվածությամբ, այլ ուղղակի, հեղինակային հայերենով, որպես ստեղծագործություն։ Թե տվյալ ստեղծագործությունը իր նախնական մտապատկերային և բառամտածողության վիճակում ի՞նչ լեզվով է իր սաղմնային գոյառույթը ստացել, հետաքրքրական չէ․ դրա բացահայտումը այլեվս կլինի փսփսուքային մանրուք։ Բուն խնդիրը՝ ստեղծագործությունն է։ Ա․ Կիրակոսյանը հեղինակային անհատականությամբ պատկանում է արգենտինյան, ամերիկյան և հայկական եռամշակույթներին։
Քսաներորդ դարի յոթանասունական թվականներից իսպանական աշխարհատարած ծավալում արդեն հանրահայտ ճանաչում նվաճած, նա ներխուժեց հայոց բանաստեղծության գեղաշխարհը, Հայաստանից՝ սփյուռք, հայաստանցի չլինելով հանդերձ․ հիմնականում, հայրենի բանաստեղծ Վահագն Դավթյանի վարպետ թարգմանությամբ։ Մի շարք ակնառու տվյալներով Ա․ Կիրակոսյանը ընթացիկ հայ գրականության մեջ վաստակել է իր արժանավոր ու անզիջելի բարձը։ Նրա իսպաներեն բանաստեղծությունների մի գրքի շապիկը նկարազարդել է աշխարհահռչակ գեղանկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոն։
Ա․ Կիրակոսյանը բանաստեղծական խոհաշխարհով ըմբռնում է կյանքը տիեզերական զանգվածեղությամբ, ուր խորանում է իր մարդկային սահմանափակ փորձառույթների պարույկով, հարցախուզությամբ, բողոքներով, խոստովանություններով, աղոթքների ու աղերսանքների մրմունջներով, վախերի ու ցավերի կտտանքներով, երազների ու բաղձանքների մաղթանքներով, հարատեվ ամրացող հավատքով․ միաժամանակ, քննարկումների ու վերլուծությունների մարգարտաշարով։ Բանաստեղծական մենախոսության մի խոհամարտ, կյանքի ընդմիջից մինչեվ աստվածային ամենաբովանդակությունը․․․ նվաճելու ստեղծագործողի հասունություն, շահելու ընթերցողին՝ որպես հեղինակային հուսկնպատակ։ Նա իր բանաստեղծական մտածողությամբ ավելի արագ է սուրում, քան ժամանակը, որ քարշ է գալիս հետքից, ոտքերին կառչած։ Նրա բանաստեղծական մտորումը թեվեր ունի, թռչում է։ Իմաստային ու առնչական իմաստով նա գերտարածական բանաստեղծության է հասել բազմագոյ էությունների ներսեփականումով։ Նախ զգում, մտապատկերում է․ ապա բառակերտում է, որպես ստեղծագործություն, որպես երկ ու բանաստեղծություն, որպես կյանքի ալիսիական արտացոլում մանրահամատիեզերական երկարությամբ, լայնությամբ ու խորությամբ, բովանդակությամբ․․․ Նա բազմաէակ անհատականություն ունի․ ներհայեցողությամբ արդեն դառնում է երկու էակ․ մեկը՝ որ նայում, զննում է իր ներաշխարհը՝ որպես մի գոյ էակ․ մյուսը, որ ներաշխարհն է, որպես մի առանձին գոյ էակ։ Այդ երկու էակների մասին մտորելը, զգալը, նա կատարում է տակավին մի երրորդ, անկախ էակի միջոցով, որի հետ հարցազրույցի, կամ քննախուզության է մտնում եվս մի այլ գոյ էության միջոցով։ Այդպիսով է նա մեկ կյանքին պարգեվում բազմակի գոյություն։ Իհարկե, կարծեցյալ։ Այդ բազմակի գոյությունների փոխհարաբերություններով նա հասնում է գերտարածականության։ Այդպիսով է ծնվում նրա գերտարածական բանաստեղծությունը, ինքնալրումի փուլեր բոլորելով։ Նրա ստեղծագործությունների գեղարվեստական, մտապատկերային համակարգը յուրահատուկ է։ Գերտարածական համեմատություններով ու բնորոշումներով կարելի է նրան հոգեհարազատ համարել Նարեկացու հետ, ընթացիկ արդիականությամբ։ Որպես ստեղծագործող նախ ընկալում է իր տեսածը աշխարհը, կուտակում է իր մեջ, ապա ներհայեցողությամբ արտացոլում է բանաստեղծությամբ, որ հավատացած է՝ կյանքի նկարկենն է, կենդանագիրը։ Այլեվ խորքով ու իմաստային գերտարածությամբ է ընկալում բառը, դրա կարեվորությունը հաղորդակցվելու ընդկյանքի, կյանքի ու գերկյանքի հետ։ Տարածությունների ենթակայական բաշխումներ։ Հավատում է հոգու անմահությանը, վերմարդեղությանը՝ Շամիրամից մինչեվ Կլեոպատրա․․․ մինչեվ Ալիսիա Կիրակոսյան։
Նա հմայված է մայրության աշխարհով․ նրա մայրերգությունը պարզ ձոն չէ մայրության, այլ նաեվ մոր կողմից՝ վասն զավակի սիրո ու նվիրվածության, զավակի մայրստեղծության հրաշքի փառերգություն է, յուրովի մտապատկերած, երեվույթի ընկալման գյուտված նորությամբ։
Յուրովսանն սփյուռահայի անհատականությամբ է վերաբերվում մեր ազգային ու հայրենական սրբություններին, որոնց հետ հարազատ է ու մերձ դարերի վաղեմիությամբ․ օրհներգում է արդի ու ընթացիկ վերահանդիպումը, նախկին, վաղնջական հարազատի ջերմությամբ, գերտարածական վերմարդեղությամբ։
Յուրաքանչյուր խորագրի տակ նրա բանաստեղծությունները հաճախ չեն հասնում մի գերագույն ավարտի, այլ մի տեսակ մերվում են անվերջանալիության, անսահմանության հետ, աստղունքով ընդմիջված, որ երգված նյութի գերտարածումն են բնորոշում։ Նրա բանաստեղծությունը հագեցած է մի խորհրդավոր ներշնչումով, և դիպչում է ընթերցողի այնպիսի զգացումներին, որ համարվում են սրտի գաղտնարանում պահված ներանձնական ծավալ։
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎ
Չինարի ծառից ընկած
Աշունը տերեվ է չոր…
Իմ սրտի հեվքը խլած
Աղջիկ է սիրատոչոր…
Տերեվ չէ՛… ձմռա՜ն ծաղիկ,
Ցուրտերի մեջ սառուցե
Սպիտակ մի ձնծաղիկ,
Ասուպի ծվե՞ն գուցե…
Տերեվ չէ՛… գարնա՜ն ծաղիկ,
Իմ սրտում բողբոջել է,
Թերթերին ցող ու շաղիկ,
Ողջ գիրկս ողողել է…
Տերեվ չէ՛… ամռա՜ն ծաղիկ,
Արեվի շողին թառել,
Սիրասուն երգ ու տաղիկ
Կարոտած շուրթին առել…
Բայց… տերեվ է չինարի,
Արբունքի ոսկով զարդար,
Որ աշնան արցունքով լի
Կաթում է անմխիթար…
Սիրո խոսք ու գիր վրան,
Խոստում է վայելքների…
Հույզերի մի սուրբ խորան…
Ծիածան է գույների…
Բայց եվ… չէ՛… շրշյու՜ն է լոկ…
Ցնդում է երազ դառած…
Մեջքին վառ մի շիկափոկ
Աղջի՞կ է… Տերե՞վ է թաց…
Ընկնում է իմ թեվերին…
Թռչում է քամու թեվով…
Չինարի տերեվ դեղին…
Աղջիկ է նա հոգեթով…