Օրերս Գյումրու «Բեռլին» հյուրերի տանը տեղի ունեցավ բանաստեղծուհի Սաշի 2-րդ՝ «Խելակորույս աշխարհ» գրքի շնորհանդեսը՝ մասնակցությամբ գրքի խմբագիր, գրականագետ, բան. գիտ. թեկնածու Արմեն Ավանեսյանի, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի, մի խումբ գրասերների՝ Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային գրադարանների աշխատակիցների և ուսանողների:
Ուշագրավ ձևաչափով անցկացվեց հանդիպումը, որը գեղարվեստական կատարումներով ծաղկեցրին Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը և երգահան, կիթառահար լեդի Մարգոն: Նրանց կատարումները Սաշի բանաստեղծական արվեստի նոր և հետաքրքիր մեկնաբանություններ էին:
Գրքի խմբագիրն անդրադարձավ Սաշի գեղարվեստական աշխարհի առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ մի նախադասությամբ Սաշի պոեզիան կարելի է բնութագրել այսպես՝ վեհ և իմաստուն խոսքեր մարդու և աշխարհի մասին:
Բանաստեղծ Խ. Մանուկյանն ըստ էության խոսեց Սաշի պոետիկայի առանձնահատկությունների մասին. «Կյանքը բանաստեղծելիս Սաշը նույն անկեղծ մարդն է՝ թրթռուն, արևոտ: Նա չի շրջանցել իր ժամանակը, և նրա բանաստեղծություններին բնորոշ են խաղացկուն ոճն ու զվարթանքը»:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը խոսեց բանաստեղծուհու ստեղծագործական աճի, նրա բանաստեղծությունների երաժշտականության և հեղինակի քաղաքացիական դիրքորոշման մասին:
Ռոզա Հովհաննիսյանն ասաց, որ Սաշը բանարվեստի գեղարվեստական իրագործմանը և պատկերավորությանը զարմանալիորեն հասել է արտահայտչական-պատկերավորման հնարների նվազագույն կիրառմամբ: Նրա հերոսը հեքիաթի հյուսվածքի մեջ է, ու իր հեքիաթում, ինչպես ինքն է ասում, հաղթել են պոետն ու գինին:
Բանաստեղծուհի Սոնա Անտոնյանը նշեց. «Սաշի «Խելակորույս աշխարհը» սև-սպիտակ աշխարհ է, որտեղ բոլորս ունենք մեր սիրո ժամանակը: Եթե խելակորույս է աշխարհը, ապա՝ սերն էլ, կարոտն էլ, սպասումն էլ, բայց այդ խելակորույսը ես կվերագրեի մեր ապրած ժամանակին»:
Սրտի խոսք ասացին գրողներ Արմենուհի Մխիթարյանը և Մնացական Մուրադյանը, իսկ երիտասարդ բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը ռուսերեն թարգմանությամբ Սաշից կարդաց 2 գործ՝ անակնկալ մատուցելով հեղինակին: Հանդիպման ավարտին երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց երիտասարդ բանաստեղծ, երգահան Նարեկը:
Սաշը շնորհակալական ջերմիկ խոսքով և բանաստեղծությունների ընթերցմամբ ամփոփեց օրը՝ վկայելով, որ անկախ գնահատանքի բոլոր չափումներից, իր ոգեխարիսխը եղել և մնում է կյանքն ու նրա երգը:
***
Կփորձեմ ժողովածուն ներկայացնել երկչափումով…
Սաշի «Խելակորույս աշխարհը» ներհայաց հայտնաբերած աշխարհ է, այսինքն՝ այս ժողովածուն ներհայաց մարդու հայտնություն է՝ դուրսը ներս տարած և հակառակը:
Յուրաքանչյուր կնոջ համար լինել նշանակում է լինել սիրված, բանաստեղծուհու համար՝ սիրված ու ընթերցված լինել:
Սաշը էջ առ էջ մանուշակի պես բացվում է, տող առ տող մտերմանում ընթերցողին, ու բանաստեղծությունից բանաստեղծություն բարձրանում են նրա թովչանքի ողկույզները՝ արևառ ու շենշող, ինչքան էլ որ բաղեղները լինեն կպռշկան ու երեսթռան և ամբարտավանանան, թե վերևում է իրենց տեղը:
Սաշի բանաստեղծությունները կարծես ինքնազրույցներ լինեն՝ ցանկության ու մաղթանքի բանաձևով (Արևի մի շող տվեք,//Աշխարհի աչքը բանամ):
Ես իմ ծուռ հերոսին սիրահարված եմ ու կգրեմ, թեկուզ մեկ լար հուզի:
Բանարվեստի գեղարվեստական իրագործմանը Սաշը զարմանալիորեն հասել է պատկերավորման համակարգի հնարների նվազագույն կիրառմամբ: Առավելագույնը մակդիր-մետաֆորի կիրարկումն է (ալեխռով խաղ, մոխրաթավալ իմ դար, շողաշատ երգ, ծուռ ստվեր, շիկացած երգ և այլն):
Նրա հերոսը հեքիաթի հյուսվածքի մեջ է, ու իր հեքիաթում, ինչպես ինքն է ասում, հաղթել են պոետն ու գինին՝ որպես բարու խնդության դրսևորումներ: Անկեղծ է հեղինակը.
Տողերիս մեջ հաճախ մորեմերկ եմ եղել//Ու չեմ կրել դիմակ,//Չեմ խաղացել դերեր:
Անպաճույճ, անդիմակ՝ բանաստեղծական խոսքի զուտ ոսկին գնահատող Սաշի խոսքերով՝ Որքան բարձր է թռիչքը երգի, //Այնքան ցավոտ է անկումը վերից:
Անշուշտ, իրական կյանքը՝ վերն ու վարը, խինդն ու ողբը, մեր գոյաբանության ամենամեծ մետաֆորն է, որ առկայծում, երևակվում է Սաշի գործերում:
Գրքի պայմանականորեն 2-րդ բաժնում արդեն դեպի դուրս ուղղված հայացքով է չափվում խելակորույս աշխարհը, ասել է թե՝ կյանքի հոսանուտը, ուր հայտնվել է գրական հերոսը իր հասարակական դիրքորոշմամբ, մոլորակի արժեկարգին տրված գնահատականով: Փոխվում են խոսքի ու պատկերի գույները, լեզուն դառնում է շիկացած, և Սաշի բանաստեղծությունը հնչում է որպես դիմադարձություն քաղցր ստի, նեռի ու Հուդայի, տաճարը անմաքուր պահողների ու ծախված հոգիների դեմ:
Մեծարգո՛ տերեր, դուք որ դարերով մատաղացուով ձեր փորն եք լցրել,
Ու դեռ ավելին՝ աստվածահաճո գործ եք համարել,
Իսկ դուք փորձե՞լ եք երբեմն գոնե մորթելուց առաջ
Գառան վախվորած աչքերին նայել: (Ես մոլորվել եմ, էջ 19)
Այնուհանդերձ, անկախ պոետական բոլոր չափումներից, բանաստեղծուհու ոգեխարիսխը մնում է կյանքի երգը:
Սաշին ճակատագրված Բանաստեղծությունը չի թողնի նրան մեկ բարձի վրա մենակ ծերանալ:
Բանաստեղծությամբ ու կյանքով ջահե՛լ հոգի, ողջո՛ւյն խելակորույս աշխարհից խելակորույս աշխարհիդ:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ