Մարտի 23-ին տեղի ունեցավ tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար: Կայքի հիմնադիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է. «Մտածեցինք, որ ժամանակն է ընդլայնել նրա ճանաչման սահմանը, պահանջը վաղուց կար: Ես ուզում եմ, որ սա դառնա հայ դրամատուրգի տունը: Ինչ վերաբերում է պահանջարկին, այս տարածք կգան մարդիկ, ովքեր գիտեն` ինչո՞ւ են գալիս և ի՞նչ են փնտրում»:
Կայքի դիզայներ Նառա Վարդանյանն ասաց, որ փորձել են կայքը դարձնել հնարավորինս մատչելի, տարողունակ, բովանդակ: Առանձնացրել են հայ հեղինակների և թարգմանական թատերգությունները: Նշեց, որ «Դրամատուրգիա» հանդեսի արխիվը ամբողջությամբ հասանելի է ընթերցողին PDF տարբերակով: «Թատրոն» բաժնում կլինեն անցուդարձեր, թատերական տեսություններ, տեսական հոդվածներ, հետագայում՝ նաև հարցազրույցներ, դիմանկարներ, «Պատկերասրահում»՝ թատերական ներկայացումների լուսանկարներ: «Գրադարակում» հնարավոր կլինի գտնել թատերական գրականություն, «Աֆիշա» բաժնում առաջիկայում կլինեն բեմադրվող պիեսների աֆիշները: tatron-drama.am կայքին կարող են հետևել նաև ֆեյսբուքյան հարթակում: Ըստ արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանի՝ հայ դրամատուրգիան երբեք այսպիսի ոգևորող ձեռնարկում չի ունեցել, նրա բնորոշմամբ՝ Կարինե Խոդիկյանի արածն անգնահատելի է. «Այս տարիներին դրամատուրգիա» հանդեսը շուրջ 400 թատերգություն է ներկայացրել: Դրամատուրգիան գրականություն է և թատրոն է միաժամանակ, ինձ համար՝ առավել գրականություն, քան բեմական տեսիլք: Ես ծանոթ եմ եղել 40-60-ականների հայ դրամատուրգիային, պիտի ասեմ՝ այն դրամատուրգիան, որ ստեղծվում է վերջին 10-20 տարիներին, անհամեմատելի է նախորդների հետ: Մենք այսօր ունենք պրոֆեսիոնալ, հետաքրքիր, արդիական, հայի կյանքը պատկերող, հայ մարդուն ներկայացնող դրամատուրգիա: Սա ոչ միայն գրականության նվաճումն է, այլև թատրոնների:
Ըստ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի՝ բեմադրության մասին ծավալուն թատերական վերլուծությունը տքնաջան աշխատանք է պահանջում: Թատերագետը հույս ունի, որ այս հարթակը ելակետ կլինի. «Թատերագիտական հարթակ, որը թատրոնի հեռահար և երկարաժամկետ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքներից մեկն է, առանց որի չի կարող, ըստ էության, գոյություն ունենալ իրական, կենդանի թատրոն, ինչպես որ՝ առանց թատրոնի չի կարող գոյություն ունենալ թատերագիտություն»:
«Ես չեմ ասում, թե մեր դրամատուրգիան փայլուն է ու թերություններ չունի, չեմ ասում, թե դրսի դրամատուրգիան չպետք է բեմադրենք, ո՞նց չբեմադրենք, պետք է տեսնենք համեմատության մեջ, բայց մենք պետք է թատրոնի մասին մտածենք, հա՜յ թատրոնի: Ինչպես Երվանդ Ղազանչյանն է ասում՝ գերակշռող մասը պետք է լինի հայ դրամատուրգիա, ուրիշ կերպ դա հայ թատրոն կոչվել չի կարող: Բայց ռեժիսորները ծանոթ չեն մեր դրամատուրգների գործերին: «Դրամատուրգիա» հանդեսը տալիս է այն հնարավորությունը, նույնիսկ տանում ես, տալիս ես, չեն կարդում, մի կերպ ուզում են գլուխներն ազատել: Իրենց գործն է, բայց եթե ուզում ենք հայ թատրոնը վերականգնել, վերաստեղծել կամ նորը ստեղծել, պետք է ինչ-որ բան արվի»,- նշեց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:
Բանաստեղծ, դրամատուրգ Սամվել Կոսյանը նկատեց, որ մեր ռեժիսորների մեծ մասը հայթայթում է պիեսներ, որոնք բացարձակապես աղերսներ չունեն մեր իրականության հետ, «Դրամատուրգիա» հանդեսի 400 պիեսից եթե 40-ն էլ արտահայտեն այսօրվա կյանքը, մտահոգությունները, արդեն հրաշալի է»: Սամվել Կոսյանը ողջունեց նորաստեղծ թատերական նախագծի մուտքը և հույս հայտնեց, որ այն գուցե մեր բեմադրիչների ուշադրությունը բևեռի ժամանակակիցների պիեսների վրա: