ԱՐՅԱՆ ՀՈՏՆ ԱՌԱԾ ԳՈՐՇ ԳԱՅԼԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԵՌՈՒ ՔՇԵԼ / Սամվել Կոսյան

Ուկրաինայի դեպքերը, մի տեսակ, շեղել են միջազգային հանրության ուշադրությունը Սիրիայից, որտեղ ոչ միայն չի հանդարտվել կառավարական ուժերի և ապստամբների հակամարտությունը, այլև ամեն օր առավել հակամարդկային դրսևորումներ են արձանագրվում, ավերակների վերածելով քաղաքներն ու բնակավայրերը, և ամենացավալին, զոհերի թիվն է ավելանում: Միաժամանակ շարունակում է օրախնդիր մնալ Քեսաբի ճակատագիրը: Թեև Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլին շարունակում է ժխտել Թուրքիայի մասնակցությունը քեսաբյան իրադարձություններին, սակայն, ինչպես նշված է սիրիահայերի ֆեյսբուքյան էջերում տարածված Բերիո թեմի լրատվական գրասենյակի հաղորդագրության մեջ. «Քեսաբում յուրաքանչյուրը կարող է հաստատել, որ զինյալները հայաբնակ ավան են մտել թուրքական կողմի հստակ օժանդակության արդյունքում»: Ապա հաղորդվում է նաև, որ «եթե թուրքական միջամտությունը չլիներ, բանակն արդեն ետ մղած կլիներ ներխուժողներին, որովհետև առաջին անգամ կարողացել էր բավական ետ մղել նրանց»: Տեղացիների վկայությամբ՝ զինյալները միայն թուրքական միջամտության շնորհիվ կարողացան առաջընթաց արձանագրել: Եթե սիրիական իրադարձությունները պայմանավորված են Ասադի ռեժիմի դեմ պայքարով, ապա քաղաքական չմշակված վայրիվերումները կարծես կապ չունեն քաղաքականությունից հեռու Քեսաբի հետ: Սակայն հարցի պատասխանը ոչ թե Քեսաբում, այլ նրա ողբերգության շառավիղից դուրս պիտի փնտրել: Մի բան անառարկելի է` Քեսաբը 15 թվականի մանրակերտն է հիշեցնում, և, ուրեմն, փորձագետ պետք չէ՝ ճանաչելու հեղինակի ձեռագիրը: Միակ տարբերությունը, որ Թուրքիան փորձում է չեզոք, ավելին, հայանպաստ ներկայանալ, բռնի Թուրքիայի տարածք տեղափոխելով մի քանի անպաշտպան ծերերի, որոնք հաջողեցրին ազատվել թուրքական «օգնու­թյունից» և վերջապես Լիբանանի իրենց հայրենակիցներին են հյուրընկալվել: Իհարկե, քեսաբցիները հույսը չեն կտրում, որ վերադառնալու են, միայն հայտնի չէ` երբ, քանի որ Արևմուտքը շարունակում է «ժողովրդավարության» պիտակով իր օգնությունը տրամադրել ապստամբներին, թեև վաղուց է հայտնի, որ Սիրիայում ընդդիմադիրների հանդերձանքով, ամեն տիպի ահաբեկչական և իսլամիստական խմբավորումներ իրենց հարցերն են լուծում՝ թքած ունենալով Ասադի էլ, Արևմուտքի էլ, ժողովրդավարության վրա էլ: Արդյունքում՝ հարյուրավոր անմեղ զոհեր, որոնց մեջ գնալով հայերի թիվը բազմապատկվում է: Սիրիան դարձել է շահերի բախման հերթական հարթակը, և Թուրքիան, որ միշտ հզորների ստվերի տակ թաքնվելով փորձում է իր բաժինը փախցնել, հազիվ թե ուզի սիրիական առուփախից անմասն մնալ: Մեծ հաշվով տանուլ տալուց հետո, ինքնամխիթարության միակ հնարավորությունը Քեսաբն էր, որը և՛ տարածք էր, և՛ հայերի դեմ հերթական ոտնձգություն: Եվ այժմ դժվար է կանխագուշակել, թե ինչպես է հնարավոր թուրքերին հեռացնել այդ տարածքից: Կիպրոսի հյուսիսային հատվածը օկուպացիայի իրական վկայությունն է: Թուրքիան նույնիսկ հրաժարվում է Մարդու իրավունք­ների եվրոպական դատարանի վճռի կատարումից, որով դատարանը պարտադրում է 90 միլիոն փոխհատուցում վճարել Կիպրոսին: Արդարացումը մեկն է` որոշումը կարող է խանգարել հույների հետ երկխոսությանը, այնպես, ինչպես հայ-թուրքական օրապակաս արձանագրություններն են շահարկվում: Վերջերս Վրաստանում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց. «Մեր դիրքորոշման հիմքում տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունն ու պաշտպանությունն է»: Ապա անդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին՝ նշեց, որ այդ երկրի ճգնաժամը բացասաբար է անդրադառնում ողջ տարածաշրջանի կայունության վրա, այդ պատճառով պետք է ստեղծված դրությունից դուրս գալու ճանապարհ գտնել՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Շատերն են համակարծիք, որ Թուրքիային այլևս վաղուց չի հաջողվում լուսաքողարկել իր գործի և խոսքի հակասությունը: Քեսաբը թարմ վերքի պես շարունակում է արյունել: Արյունում է ամբողջ Սիրիան, և Թուրքիան գիշատիչի պես սպասում է, թե երբ է արնաքամ լինելու, որպեսզի հաջողեցնի տարածքի հերթական իր պատառը պոկել: Թեև ժամանակները փոխվել են, Թուրքիան շարունակում է հին երգերը որպես ժամանակակից ներկայացնել: Բայց հենց Թուրքիայի ներսում լսողների թիվը ամառվա գետի պես նվազում է, և պետք չէ, որ տարածքային ամբողջականություն հորջորջողը ուրիշի տարածքների վրա աչք գցելով փորձի մեծացնել լսարանը:
Հունիսի 3-ին Սիրիայում նախագահական ընտրություններ են: Առայժմ դժվար է պատկերացնել այդ ընտրությունների անցկացման ընթացքը: Հնարավոր է՝ պայթող ռումբերի ու ականների թիվը ընտրողների թվին գերազանցի: Ակնհայտ է՝ ապստամբ կոչվածներն ու իսլամիստական հազար ու մի խմբավորումներ փորձելու են ամեն գնով բոյկոտել ու տապալել ոչ միայն ընտրությունները, այլև սիրիացիների հույսը, թե երբևիցե հնարավոր է՝ խաղաղությունն իրենց երկիր վերադառնա: Եվ պետք չէ կասկածել, որ Թուրքիան սադրանքների համահեղինակներից է լինելու, որովհետև արյան հոտն առած գորշ գայլին դժվար է հեռու քշել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։