Հայաստանում նախկին իշխանությունները փորձում են ամեն կերպ պահպանել իրենց հանցավոր ռեժիմի դրածոներին: Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրի ամենախոցելի կողմը դատական համակարգն է, իսկ առավել խոցելին՝ Սահմանադրական դատարանը:
Ցանկացած երկրում հեղափոխությունից հետո առաջնահերթ է «ավգյան ախոռների» մաքրումը, որն անցած ավելի քան 1,5 տարում Հայաստանում դանդաղում է՝ խոչընդոտելով երկրի զարգացմանը:
Սահմանադրական դատարանը հիշյալ ժամանակաշրջանում շարունակել է սպասարկել ռոբերտասերժական ուժերին՝ կայացնելով նրանց շահերին հարմարեցված վճիռներ, հեռու ոչ միայն օրինականությունից, այլև սովորական մարդկային խղճից:
ՍԴ-ի հիմնահարցի լուծման բոլոր տարբերակները փորձվել են, սակայն որևէ լուծում չի գտնվել:
Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ անսահմանափակ իրավունքներով օժտված դատական այդ մարմինն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները՝ երկարաձգելով նախկին իշխանությունների հոգեվարքի տանջալի պրոցեսը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անխուսափելի է և վճռորոշ դեր պետք է ունենա մեր ժողովրդի կյանքում՝ դառնալով նաև փորձաքար նոր իշխանությունների համար:
Ըստ հայաստանյան հեղինակավոր թերթերից մեկի վերլուծության տվյալների՝ մեր երկրում գործող 43 առաջատար հեռուստաընկերություններից, տպագիր և էլեկտրոնային մամուլից 34-ը պատկանում է նախկին իշխանություններին և սպասարկում է նրանց շահերը: Նրանք արդեն սկսել են ակտիվորեն վարկաբեկել և խեղաթյուրել հանրաքվեի իմաստն ու նշանակությունը՝ ընդգրկելով գրպանային քաղաքագետների, իրավաբանների, լրագրողների, նույնիսկ նախկինում իրենց չվարկաբեկած խմբագիրների, մտավորականների ու գրողների:
Մեր ժողովուրդը պետք է զգոն լինի և չհրաժարվի Նոր Հայաստան ունենալու իր վճռականությունից՝ «այո» ասելով սահմանդրական փոփոխություններին և մերժելով արդեն մեկ անգամ մերժված նախկին հանցավոր ռեժիմը: