Ադրբեջանը` Ղրիմի դեպքերով պայմանավորված, կարծես նոր հիստերիայի նախաշեմին է: Որ Ղրիմում զարգացող իրադարձությունները կարող են անհանգստացնել ազերիներին, միանշանակ է, հաշվի առնելով, թե վերջերս ինչ ինտենսիվությամբ է բարձրաձայնվում ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության կարևորությունը: Ղրիմի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը, հանրաքվեի անցկացումը, Ղրիմի իշխանության դիմումը ՌԴ նախագահ Պուտինին` Ղրիմին ինքնավար սուբյեկտի կարգավիճակով Ռուսաստանի կազմում ընդգրկելու խնդրանքով, ազերիների համար մղձավանջի պատկերով է: Նրանք ղարաբաղյան հակամարտության ընթացքում արդեն առնչվել են այդ գործընթացներին, ինչը նրանց հիշողության մեջ տպավորվել է պարտությամբ, այնքան դառը, որ դառնության զգացումը մինչև հիմա էլ շարունակվում է: Ադրբեջանում իսկապես էլ խուճապային վիճակ է: Ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորվող կոնֆլիկտների թվի աճը, փաստորեն, էժանացնում է Բաքվի «հաղթական» խաղաքարտը` տարածքային ամբողջականության ցնորքը, ինչի հաշվին այսքան տարիներ ալիևյան կլանը արդարացնում է իր արկածախնդիր քաղաքականությունը, միաժամանակ փորձելով մոլորեցնել նույնիսկ սեփական ժողովրդին: Ղրիմում կատարվածն ու կատարվողը ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման համար նախադեպ է, այլ՝ ընդամենը նրա կրկնությունն ու շարունակությունը: Տարբերությունը ազերիների վայրենությունն է, որն անհնար է կրկնել: Այս առումով պատահական չեն Բաքվի քաղաքական աճպարարությունները, արկածախնդրությունն ու աքլորային կեցվածքը: Կեղծիքն ու ռազմատենչությունը կարող են պահի մեջ ոգևորել, սակայն դժվար է նրանց առաջնորդությամբ ցանկալի արդյունքներ ակնկալել և առավել դժվար է ճշմարտության և արդարության միջօրեականներում կողմնորոշվելը: Վերջին օրերին Ղրիմում բնակվող ադրբեջանցիները զանգվածաբար լքում են ինքնավարության տարածքը: Ղրիմի ադրբեջանցիների միության նախագահ Ռահիմ Գումբատովը հայտարարել է, որ ներկայում Ղրիմում լարվածությունը բավական բարձր է, և ցանկացած պահի զինված հակամարտություն կարող է սկսվել, ինչը վտանգավոր է իրենց հայրենակիցների համար, թեև անհասկանալի է, թե ինչ վտանգներ են երևում ազերիների աչքին: Եթե խոսքը թաթարների և ռուսամետ ուժերի հակասություններն են, ապա Ղրիմի նորանշանակ իշխանությունները համագործակցության առաջարկներ են ներկայացրել տեղի թաթարներին: 27%- ով նվազել է նաև ադրբեջանցի ներգաղթյալների թիվը Ռուսաստանում, տեղեկացնում է Haqqin.az-ը: Անառարկելի է, ազերիների համար ինչպես դրսում, այնպես էլ երկրի ներսում ինչ-որ բան այնպես չէ, ինչպես կուզենային կամ պատկերացնում են, որ պիտի լիներ: Ալիևի տոտալիտար ռեժիմը ճաքեր է տալիս: Ինչպես նշում է «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն. «Ադրբեջանական հասարակությունում ագրեսիայի աճ է նկատվում: Մենք չենք կարողանում միմյանց հետ հանգիստ խոսել թե՛ տանը, թե՛ դրսում: Բոլորս նյարդային վիճակում ենք: Այն մարդիկ, ովքեր թույլ են և ընդունակ չեն պայքարելու, այդ ագրեսիան ուղղում են դեպի իրենց, ինչն էլ ինքնասպանության պատճառ է դառնում»: Նրա կարծիքով այս տարվա հունվարից համարյա ամեն օր Ադրբեջանում ինքնասպանություն է կատարվել: Եվ սա դեռ սկիզբն է, քանի որ ռազմատենչության և այլատյացության հռետորաբանությունը բումերանգի պես հակադարձ ուժով է օժտված: Բայց Ալիևի համար կարծես ներքին խնդիրներն այնքան էլ կարևոր չեն: Ինչպես միշտ, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվում է այս կամ այն իրադարձության վրա, Ադրբեջանը փորձում է ակտիվանալ, սրել իրավիճակն ու սահմանային սադրանքներ հրահրել: Սակայն ուկրաինական դեպքերը կարծես առավել դժվարամարս են և դժվար է նրանց նախկին կաղապարների մեջ տեղավորել: Միաժամանակ անհանգստացնողը ժողովրդավարության ուրվականի գոյությունն է, ում ներկայությունը վերջերս առավել հաճախակի կարելի է զգալ Ադրբեջանում: Մտահոգության նոր առիթ է նաև Յանուկովիչի ճակատագիրը: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի, Ադրբեջանի պետական ամբողջ ապարատը կոռումպացված է: Պայծառատես պետք չէ լինել, հասկանալու, որ ամենագլխավոր կոռումպատորը Ալիևն է և որ ժողովրդավարության ուրվականը հավանաբար նրան էլ հետապնդում է:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է / Սամվել Կոսյան
