ՍԱՀՄԱՆԱԶՐԿՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ / ՆԱՆԵ

 

Այս նյութը գրել էի «Սրբազան պայքար» շարժումից առաջ, բայց չցանկացա ոչինչ փոփոխել, այսպես թե այնպես, բուն իմաստը չի հնացել:

Եթե աշխարհը տարուբերվում է արհավիրքների, պատերազմների ալեբախության երախն ընկած, ապա մենք՝ այդ ամենով արդեն անցած, մեզ և ամենքին զարմացնելու մեր գործին ենք դարձյալ լծված, որ է՝ աշխարհում չլսված, չտեսնված պարտության ռեկորդ սահմանելը: Առանց կրակոցի քաղաքներ հանձնելը պատահել է, բայց… մի ողջ զորքով, բանակով, անհրաժեշտ բոլոր կառույցներով, դեսպանատների առատությամբ, էլ ո՞րը թվեմ, այո, հենց այդ «ոստիկանությամբ» պետությո՞ւն: Ու մենք, ինչպես շատ հարցերում, այստեղ էլ, եթե խելքի չգանք, առաջինը կլինենք նորմալ պետությունն առանց դիմադրության թշնամուն մատուցարանի վրա հրամցնելու գործում:
Եվ մինչ պատմական-իրական Հայաստան թնջուկն է մեր մտքերը զբաղեցնում, մենք զրկվում ենք ընդհանրապես իրական լինելուց, ու անգամ պատմական լինելն էլ քիչ առ քիչ ջնջվում է` հօգուտ թուրք-ազերու: Նա իր սուտն աշխարհով մեկ ավելի համոզիչ կարողացավ հնչեցնել և հնչեցնում է, քան մենք մեր իրականը (անգամ մի քանի կարգին ֆիլմեր չկարողացանք նկարահանել ֆիլմապաշտ մարդկությանը մեր հարուստ պատմությունը ներկայացնելու համար):
Ե՞րբ հասանք դրան: Ամեն բան այնպիսի գլխապտույտ արագությամբ ու անսխալ հաշվարկով ընթացավ, որ ամեն մի շըրըըը՜խկ հարվածից հետո երկար ժամանակ դեռ ուշքի չենք կարողանում գալ, իսկ ուշքի գալուց հետո էլ՝ երկար ժամանակ դեռ չե՜նք հավատում եղածին: Որովհետև իրոք անհավատալին է արդեն տարիներով երթում Հայոց աշխարհով մեկ:
Եթե մինչ այժմ մեզ պատերազմով էին վախեցնում, պատերազմ, որ փայլուն սցենարով վարվում էր հենց պարտությա՛ն և այդուհետ սարսափ դառնալու համար, ապա այսուհետև, հավատացե՛ք, այն անհաս տենչանք է դառնալու մեզ համար, և երազելու ենք այդ պատերազմ կոչվող պատուհասը: Մենք օրերի մեջ ահա վերանում ենք` որպես պետություն, և ասես չենք էլ հասկանում կամ էլ հասկանում են դեռ քչերը միայն: Առայժմ դա ընկալվում է որպես կիրանցու խնդիր: Մենք՝ հազարամյակներով պետություն, արքաներ ունեցածներս, դեռ այդպես էլ չենք սովորել որպես համախումբ ազգ ու ժողովուրդ ապրել:
Սահմանազատում ասվածը, որ երկիրը կրծոտելու, անհեթեթ գծումների, ջնջումների ծաղրուծանակով բացատրվում, ցուցադրվում է անվերջ ու անվերջ, ոչ այլ ինչ է, քան ՍԱՀՄԱՆԱԶՐԿՈ՛ՒՄ՝ հասկանո՞ւմ եք՝ սահ-մա-նա-զըր-կո՜ւմ:
Իսկ հիմա փորձենք լուծել «պետություն առանց սահմանի՛» ռեբուսը:
Սահմանազատո՜ւմ… երանի չէ՞ր. իրականացվում է սահմանների ջնջում, վերացում՝ այսօր առայժմ Կիրանցում: Բայց Կիրանցը սկիզբն է, դա հանդուրժեցինք` շատ շուտով սահմանները կվերացվեն երկրով մեկ: Չնայած, եթե անգամ սահմանը չկա մեկ տեղում, այն չկա ընդհանրապես կամ կա բաց դուռ, որը միշտ դավաճանության արդյունք է եղել և անկումի պատճառ:
Բայց այս անգամ ամեն բան խիստ «քաղաքակիրթ» ու հմայիչ է լինելու՝ ծառե՜ր են տնկվելու՝ գարնանը ծաղկումո՛վ դյութող, աշնանն իրենց զարդարուն սաղարթով: Ու եթե ծառերը կան, այլևս բանակն ու զինվորն ինչների՞ս են պետք, կամ որտե՞ղ պետք է կանգնեն՝ երկու տների մի՞ջև: Այնպես որ երկար չենք սպասելու, եթե ահա այսպես պարզապես սպասենք. հաշված օրերի մեջ բանակը կհամարվի այլևս ոչ անհրաժեշտ և, լավագույն դեպքում, նախ թերևս կփոխարինվի մահակի վերածված ոստիկանությամբ, որը թշնամու դերը պետք եղած ժամանակ անթերի է ստանձնում ու գործելու է հաստատ ո՛չ մեր օգտին:
(Եվրոպայի՜, եվրոպացու նման ենք կամենում ապրել Եվրոպայից հեռու, երկու արյունառուշտ բացված երախ-պետությունների աքցանի մեջ):
Բայց «ծառերի ժամանակ» նույնիսկ ոստիկաններին կերազենք տեսնել «սահմանին», որոնք երկրի ներսում կշարունակեն իրենց հաշվեհարդարը հայի դեմ՝ երկրի ծայրամասերում նրան անզեն թողած ոսոխի «հոգածությանը»: Մենք կարոտով ենք հիշելու այն օրերը, երբ կարող էինք պատերազմ մղել, զինվոր պահել, զինվոր մեծացնել: Ու նույնիսկ նրանք, որ տարբեր զարտուղի ճանապարհներով իրենց զավակներին «փրկում էին» ծառայությունից, երազելու են զինվոր-զավակ մեծացնելու բախտը, արժանապատիվ կյանքը մեկ էլ վայելել:
Ամեն դեպքում, չեմ կարող չխոստովանել, որ անչափ գեղեցիկ ու ռոմանտիկ է հնչում՝ սահմանի, պահապան զինվորների փոխարեն շնկշնկան ծառերի զովը, գարնանային բողբոջումը, և ոչինչ, որ դրանից այն ու այս կողմում յաթաղանի շեղբն է չարագույժ կայծկլտալու: Եվ եթե Էրդողանը աշխարհային ամբիոններից՝ ողջ աշխարհին ի տես և ի լուր, մատը սպառնալից թափահարելով, հայտարարում է հույնին, մեզ, բոլորին, որ «մի օր գիշերով կգան», ապա այդ «ծառերի ժամանակ» գիշերի սպասելու հարկ չի էլ լինի. Երևանը, ողջ Հայաստանն իրենը համարողը կարող է հանգիստ ելումուտ անել մեր երկրով մեկ, ու եթե այսօր որոշ ոստիկանների հայ լինելու մեջ ենք կասկածում, վաղը նրանք ամեն քայլափոխի կհանդիպեն, և պարտադիր չի էլ լինի հայերեն խոսելը…
Եվ պատերամից վախեցողներս, խուսափողներս փաստորեն ինքնակամ ընտրելու ենք հերթական ցեղասպանությունն ու անկամ զոհի կարգավիճակը: Էլ ումի՞ց ինչ պահանջենք… Եվրոպան, ինչպես միշտ, տարբեր ամբիոններից տարբեր ձևակերպումներով կդատապարտի այդ «կոնֆլիկտը» այնքան ժամանակ, մինչև այն իր լրումին հասնի, և այդ ժամանակ է՛լ ավելի ոգևորված ընդամենը կանցնի փաստի արձանագրմանը: Ուրիշ ոչինչ… Դուք ավելի՞ն եք սպասում… գուցե մեր հողում, ինչպես Ուկրանիայում, իր շահի համար սանձազերծված կործանիչ պատերա՞զմը:
Սահմանազատում ասվածը իր ընթացքի մեջ է, ու էլ ի՞նչ արժեք ունի մեր օրենսդրությունը, եթե այդպիսի արհավիրքի դեմ մենք չունենք պաշտպանվելու որևէ գործուն ձևակերպում, թե՞ այն կիրառողները չկան…
Մենք երբեք չպատժեցինք մեր հանցագործներին ու դրա համար այդ օտար «սև» արյունը հորդացավ, սերնդե-սերունդ ալիք տվեց ու իր «բերքահավաքով» ավելի «փողավորված», «աթոռացած» ծառացավ մեր դեմ: Եվ սահմանադրությունն անգամ չափում և ձևում են իրենց հարմար:
Մի այլ երկրում վաղուց արդեն նման իշխանությունը ամոթահար հրաժարական կտար, և եթե նունիսկ ընդամենը անզոր էր գտնվել պատերազմում իր ժողովրդին հաղթություն ապահովվելու գործում, ապա գեթ (շատը չթվեմ) մեկ գյուղը երկու մասի կիսելուն հասցրած իր «դիվանագիտությունից» սարսափած` գլուխը կազատեր շարունակության պատասխանատվությունից: Եթե… ա՜յլ երկրում լիներ, կամ՝ ա՜յլ, իր գործի ծանրութեթևը հասկացող մեկը. բայց ոչ մեկն է, ոչ էլ մյուսը. և այս է վիճակը…
Օրհաս է, մարդիկ, իսկ մենք քնում ենք, արթնանում, մեր գործին գնում…
Անգամ փողոցում գետնին գլխահակ նստած Սրբազանը դեռ արթնության կոչ, սթափության ապտակ չի դառնում. ի՜նչ եմ խոսում՝ մեր հրաշք Արցախը հանձնեցինք ու «օֆ» էլ չասացինք, ասես սովորական բան է մեզ համար դարձել կորցնելը, մեր զավակներին հողին հանձնելն ու անգամ նրանց գերեզմաններից զրկվելը:
Այս օրերին Հայաստանի, հայության լինել-չլինելու հարցն է որոշվում. կհասկանա՞նք դա, ոտքի կկանգնե՞նք, քանի դեռ զինվոր ունենք սահմանին կանգնած: Պատերազմի՜ց ենք վախենում, բայց պատերազմից չեն վախենում, պատրաստվո՛ւմ են՝ ազգապաշտ զորահրամանատարի դեպքում, իհարկե: Քանի դեռ պատերազմը իրոք ամեն պահ կարող է պայթել, տա՞նք գյուղերը հերթով, բոնուսներն էլ հետը, թե՞ ոչ, պետք է պահ առաջ ամեն բան անել զորացնելու համար մեր բանակն ու սպառազինությունը: Մենք այլ ուղի չունենք:
Այսօր դեռ կարող ենք սփյուռքը ոտքի հանել, ողջ մարդկությանը մեր ճիչը հասցնել: Արթնության ու գործելու ժամ է, ժողովուրդ ջան, ժամն է թողնելու բոլոր գործերը, տան՝ այլևս ոչ ապահով պատերը, և բռունցք դառնալու:
Բավական է ֆեյսբուքյան խարդախ տարածքում, թշնամու աչալուրջ վերահսկողության տակ, անհնազանդ էջերի արգելափակման տագնապը զսպած՝ անվերջ բողոքենք մեր բախտից, Աստծուց, հոխորտանք (ավելի շատ մեկս մյուսի դեմ), հետո լիցքաթափված նյարդերով անցնենք մեր առօրյա հոգսերին: Այստեղ Բարձրյալն անգամ մեզ օգնել չի կարող՝ մեզ հետ մեր առօրյա՞ն կիսի. ոտքի՛ կանգնիր, որ Նա կանգնի կողքիդ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։