Մեր ազգային-քաղաքական, գրական-մշակութային կյանքում, ցավոք, քիչ չեն իրենց ժամանակին որոշակի համբավ և հեղինակություն վայելած, ակտիվ և ազգօգուտ գործունեություն ծավալած գործիչներ ու դեմքեր (Տիրան Չրաքյան (Ինտրա), Եղիա Տեմիրճիպաշյան, Հակոբ Օշական և ուրիշներ), որոնք հետագա տասնամյակներին գաղափարախոսական և այլ պատնեշների ու խոչընդոտների պատճառով անտեսվել և գրեթե անծանոթ են մնացել հանրությանը: Ահա թե ինչու նրանք այսօր ներկայանում են որպես «վերադարձող անուններ»: Այդ շարքում իր ուրույն տեղն ունի նաև XX դարի առաջին կեսի հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակագիր-խմբագիր, գրականագետ Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան):
Դ. Անանունի մասին, իհարկե, տարբեր ժամանակներում մի շարք պատմաբանների, բանասերների կողմից գրվել են դիմանկարային, վերլուծական և այլ բնույթի հոդվածներ (Հ. Գրիգորյան, Վ. Հակոբյան, Ա. Վիրաբյան, Վ. Աբրահամյան, Ան. Զաքարյան և այլք), սակայն ամբողջական ուսումնասիրություն չի իրականացվել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Եվ ահա, վերջերս լույս է տեսել գրականագետ, բան. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Անուշավան Զաքարյանի մենագրությունը՝ «Դավիթ Անանուն (Կյանքը և գործունեությունը)» խորագրով (Եր., հեղինակային հրատ., 2023): Աշխատության նախաբան «Երկու խոսք»-ում Ան. Զաքարյանը հավաստում է, որ Դավիթ Անանունի կյանքի և գործունեության ուսումնասիրությունը, 1980-ական թթ. վերջերից սկսած, եղել է իր գիտական հետաքրքրությունների ոլորտում և ներկա աշխատությունը նրա 140-ամյակին (2020 թ.) նվիրված հոդվածի լրացված և ամբողջացված տարբերակն է՝ միաժամանակ նշելով, որ ինչպես նախորդ, այնպես էլ «սույն աշխատությունները բնավ վերջնական խոսքի հավակնություն չունեն» /8/:
Մենագրության էջերում Ան. Զաքարյանը Դ. Անանունին ներկայացնում է որպես «XX դարի առաջին երեսնամյակի հայ իրականության կարկառուն դեմքերից» մեկը, որն օժտված էր «գիտելիքների ծով բազմակողմանիությամբ, մտքի բնատուր խորությամբ», ինքնատիպ մտածողությամբ, սեփական տեսակետներն արտահայտելու խիզախությամբ… Սակայն, «Լինելով 1920-1930-ական թվականների առաջին բռնադատվածներից՝ երկար տարիներ նրա կյանքը և գործունեությունը, գիտական, քաղաքական ու գրական ժառանգությունը մի շարք դրդապատճառներով (հիմնականում քաղաքական) հանիրավի քննադատվել, աղավաղվել ու կեղծվել են»: Եվ միայն 1990-ական թվականներից է նրա «կենսագործունեության որոշ շերտերի օբյեկտիվ անդրադարձ եղել» /7/:
Մենագրության տասներկու գլուխներում հեղինակը հանգամանալից քննության է ենթարկում Դ. Անանունի կենսագրությունը, հասարակական-քաղաքական գործչի ձևավորման ընթացքը, գործունեությունը՝ նաև որպես հրապարակախոս, խմբագիր, գրականագետ: Նշվում է, որ նա ծնվել է 1880 թ. մարտի 2-ին Ելիզավետպոլի նահանգի Ջհանշիրի գավառի Մեծ շեն գյուղում (հետագայում` Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան): Սկզբնական կրթությունն ստացել է Շուշիի քաղաքային դպրոցում, ապա շարունակել ինքնակրթությամբ: Երկար տարիներ ապրել և գործել է Բաքվում, ծառայել հայկական մի շարք նավթային ընկերություններում: Այդտեղ էլ տեղի են ունեցել առաջին հանդիպումները ժամանակի նշանավոր գրողների՝ Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի և այլոց հետ: Հարել է տարբեր քաղաքական-կուսակցական ճամբարների՝ դաշնակցական, սոցիալ-դեմոկրատական, հնչակյան՝ վարելով նաև ղեկավար պաշտոններ: Թողել է գրական հարուստ ժառանգություն՝ շուրջ 10 հատոր ծավալով, որոնցում հետևողականորեն արծարծել է «հայության հավաքման գաղափարը, այն է՝ կուլտուրական վերածնունդ, նյութական հզորություն, ազգային ինքնագիտակցություն և հայկական տարածքների միավորում: Իսկ այս ամենի նախապայմանն անկախության անհրաժեշտությունն էր» /13-14/:
Դ. Անանունի առաջին հոդվածը տպագրվել է 1902 թ. մարտի 20-ին Թիֆլիսի «Մշակ» թերթում, որտեղ դժգոհել է, որ Բաքվի հայերին պատկանող գրախանութներում «հայ գիրքը գրեթե ներկայացված չէր…»: 1903-1904 թթ. աշխատակցել է Բուլղարիայում հրատարակվող «Վերածնունդ» թերթին: 1917 թ. այցելել է հայրենի Ջհանշիրի գավառ՝ Բաքվի «Գործ» թերթում տպագրելով «Հայ գյուղում (ամառային տպավորություններ Ջհանշիրի գավառից)» հոդվածը: Նշված տարիներին հրապարակումներ է ունեցել հողային հարցի, ազգային-մշակութային ինքնավարության, ժողովրդավարության և այլ հիմնախնդիրների շուրջ: Մի շարք ելույթներում հանդես է եկել որպես հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման համոզված պաշտպան: Մասնակցել է Մ. Գորկու նախաձեռնած և 1916 թ. ապրիլի վերջին Պետրոգրադում լույս տեսած «Հայ գրականության ժողովածուի» հրատարակությանը, որը «յուրովի բողոք էր երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ»: Ավելին՝ ժողովածուն բացվում էր հենց Դ. Անանունի «Հայկական հարցը Ռուսաստանում» վերնագրով ծավալուն հոդվածով: 1916 թ. Բաքվում լույս է տեսնում նաև Դ. Անանունի «Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում (1800-1870)» աշխատության առաջին հատորը, որն արժանանում է գրեթե համընդհանուր ուշադրության և գնահատանքի: Այդ տարիներին Էջմիածնի ճեմարանում մի շարք առարկաների դասախոս, հետագայում պետական գործիչ, ականավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը խոստանում է հաջորդ տարվանից այդ աշխատությունը մտցնել «ճեմարանի լսարաններում, որպես ձեռնարկ հայոց նոր պատմության»: Վահան Տերյանը Մոսկվայի «Армянский вестник» շաբաթական հանդեսում (1916, թիվ 42-43) տպագրած գրախոսականում համոզմունք է հայտնում, որ «այդ գիրքը նշանավոր երևույթ է մեր՝ նման գործերով աղքատ գրականության մեջ», և որը «կդառնա անփոխարինելի մի ձեռնարկ՝ նախորդ դարերի մեր պատմության ուսումնասիրման համար»: Աշխատության առիթով հեղինակին հղած նամակում գրաքննադատ Հարություն Սուրխաթյանը խոստովանում է, որ այն հիացրել է իրեն, ընթերցել է «մի շնչով», քանի որ «Իբրև գործ, ուսումնասիրություն, իր տեսակի մեջ առաջինն է մեր գրականության մեջ և եզակի…»: Ի դեպ, գիրքը ժամանակակիցների կողմից գնահատվել է ոչ միայն բովանդակության, այլև լեզվի տեսակետից: «Մշակ»-ը ընդգծել է, թե «Անանունի մի այլ արժանիքն էլ՝ գիտական ուսումնասիրություն գրողի համար անհրաժեշտ նրա պարզ ու մաքուր լեզուն է: Այդ տեսակետից, կարելի է ասել համարձակորեն՝ մեր մեջ հազիվ թե նա մրցակից ունենա» (1916, VIII, թիվ 02-05):
Անցյալ դարի 10-ական թվականների գործունեության մեջ առանձին հետաքրքրություն են ներկայացնում Դ. Անանունի գրական-հասարակական առնչությունները Հովհ. Թումանյանի, Վ. Տերյանի, Դ. Դեմիրճյանի հետ, ինչպես նաև վերաբերմունքը գրական-մշակութային նշանակալից իրադարձությունների նկատմամբ: 1910-ական թթ. սկզբին նա արդեն ակտիվ գրական-խմբագրական գործունեություն էր ծավալել: 1911-1912 թթ. Բաքվի «Նոր կյանք» երկշաբաթաթերթի խմբագիր-հրատարակիչն էր, 1912-ին Բաքվում տպագրել էր «Մեր ուղին» ժողովածուն, հեղինակ էր մի շարք պատմաբանասիրական բնույթի հոդվածների, երբ նույն թվականին Մոսկվայում լույս տեսած «Գարուն» ալմանախում (գիրք III, էջ 99-128) առաջին անգամ հանդես է եկել «Անցյալի մեծարանքը (Հովհ. Թումանյանի քնարը)» հրապարակմամբ: Նա պաշտպանում էր այն թեզը, թե Թումանյանը «հայկական առանձնահատկության բանաստեղծ» է և, ըստ էության, պատկերել է նահապետական գյուղի իրականությունը, ինչը տեղիք է տվել մեծ բանավեճի: Նույն գաղափարները նա պաշտպանել է նաև 1913 թ. ապրիլի 6-ին Բաքվի գրական-գեղարվեստական ակումբում կարդացած դասախոսության մեջ: Հիշյալ հոդվածի և դասախոսության դրույթները մամուլում սուր քննադատության են ենթարկել գրաքննադատներ Սիմեոն Հակոբյանն ու Ցոլակ Խանզադյանը («Գրասեր» ստորագրությամբ): Մեկ այլ գրաքննադատ՝ Հ. Սուրխաթյանը, «Մշակ»-ում հանդես է եկել հակառակ դիրքերից: Բանավեճին իր քննադատներին ուղղված երկու պատասխան հոդվածներով մասնակցել է նաև ինքը՝ Դ. Անանունը («Անառագաստ և անղեկ», «Բաքվի ձայն», 26. VI, 1913 և «Գրական շամանիզմ (վերջին խոսքս Գրասերին)», «Բաքվի ձայն», 05. VI, 1913):
Դ. Անանունի հաջորդ առնչության առիթը Հովհ. Թումանյանի հետ Բաքվում Հայ գրողների կովկասյան ընկերության (ՀԳԿԸ) մասնաճյուղ բացելու խնդիրն էր: Ընդ որում՝ այդ առաջարկով առաջին անգամ մեծանուն բանաստեղծին նամակով դիմել է հենց Անանունը 1912 թ. հոկտեմբերի 25-ին: Ամիսներ անց՝ 1913 թ. փետրվարի 12-ին, պատասխան նամակով Թումանյանն առաջարկել էր նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ՝ ընդգծելով, որ գրական-մշակութային կազմակերպություններում բացառված պետք է լինի կուսակցական կողմնակալությունը և «ամենագլխավորը՝ մուրացկանություն չլինի…»: Հովհ. Թումանյանին ուղղված հաջորդ նամակում (1913 թ., մարտի 3) Դ. Անանունն ընդունել է այդ առաջարկն ու պայմանները և խոստացել սկսել մասնաճյուղի բացման նախապատրաստությունը: Դ. Անանունի առաջին նամակից քիչ անց՝ 1912 թ. նոյեմբերի 13-ին, վերոհիշյալ առաջարկով դիմել էր նաև Բաքվի հայ գրողների ժողովը, «սակայն… ճյուղի հիմնադրումը ձգձգվել է մինչև 1915-ի մայիս ամիսը» /39/: 1913 թ. վերջերին Դ. Անանունը դարձյալ դիմել է Հովհ. Թումանյանին: Առիթը իր «Բանվորական նոր օրենքները» գրքույկը գրաքննիչ «Քալանթարյան անունով մի պարոնի» կողմից արգելվելն էր: Խնդրում է մեծանուն բանաստեղծին՝ օգտագործելով իր հեղինակությունը, ջանալ համոզել նրան, որ «իզուր է խոչընդոտներ հարուցում Հայ Խոսքի առաջ»: Ըստ նրա՝ դա պարզապես անիմաստ էր, քանի որ «ինչ կարգելվի հայ բանվորին կարդալ հայերեն – նա կկարդա ռուսերեն: Դրանից ի՞նչ շահ»: Թումանյանը ձեռնարկե՞լ է, արդյոք, որևէ քայլ այդ ուղղությամբ, հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ նշված «արգելքը չի վերացել» /42/:
1916-1917 թվականներին Դ. Անանունի ազգային-հասարակական, գրական-մշակութային գաղափարների և համոզմունքների տեսակետից կարևոր են նաև նրա արտահայտած գնահատականները Վ. Բրյուսովի՝ Բաքվում ունեցած դասախոսությունների և Հովհ. Թումանյանի գլխավորած Հայ գրողների կովկասյան ընկերության գործունեության սկզբունքների վերաբերյալ: Վ. Բրյուսովի դասախոսություններին նրա արձագանքը միանգամայն դրական էր: Նա բարձր է գնահատում հատկապես հայերենից Բրյուսովի կատարած «հոյակապ» թարգմանությունները, որովհետև «նրան հաջողվել է պահպանել մեր բանաստեղծական գործերի ձևը, համն ու հոտը և շքեղությունը…»: Միաժամանակ, Վ. Բրյուսովի լայն ու խոր ծանոթությունը հայ հին ու միջնադարյան բանաստեղծությանը նրան առիթ էր ընձեռում քննադատաբար անդրադառնալու հայ իրականության ցավոտ խնդիրներին: «Չենք կարող չշեշտել, որ … ամեն անգամ, երբ մեծահարգ հյուրը կրկնում էր, թե՝ «ձեզ հայտնի է» կամ «դուք գիտեք» և այլն բառերը, հանդիսականների շրթունքներին փայլում էր մի ժպիտ,- գրում է նա,- որովհետև տեսնում էին, որ հայրենի անցյալից ու ներկայից ոչինչ իրանց հայտնի չէ և ոչինչ էլ չգիտեն: Նրանք միայն այդ երեկո էին սովորում և այն էլ… մի օտարազգի բանաստեղծից: Կա՞ ավելի մեծ ողբերգություն» /44-45/: Ինչ վերաբերում է Հայ գրողների կովկասյան ընկերությանը, ապա Դ. Անանունը պաշտպանում էր ամուր «կազմակերպված կյանքի», հայ գրողների միաբանության և համախմբվածության սկզբունքները: Դրույթներ, որոնք մոտ ու հոգեհարազատ էին նաև Հովհ. Թումանյանին, ինչի վկայությունը դեռևս 1913 թ. ապրիլի 24-ին Անանունին գրած նամակի տողերն են. «Շատ է ուշագրավ և ուրախալի էն գրական հոսանքը, որ կարողացել եք առաջ բերել Բաքու մի խումբ մարդիկ» /41/:
1919 թ. փետրվարի 20-ին Թիֆլիսում նշվում է Հովհ. Թումանյանի ծննդյան 50-ամյակը: Բնորոշ է, որ «Մշակ»-ի այդ օրվա համարը բացվում էր Դ. Անանունի «Հարգալի խոսք Հովհ. Թումանյանին» հոդվածով: Ան. Զաքարյանը բերում է «սթափ գնահատականներով լեցուն, բովանդակալից, արդիական հնչեղություն ունեցող հոդվածն ամբողջությամբ» /77/: «Այսօր լրանում է հիսուն տարին այն մարդու, որի գլուխը վաղաժամ ալեհեր է դարձել, իսկ հոգին մնում է միշտ արի»,- գրում է Անանունը՝ շեշտելով, որ «Հովհ. Թումանյանի քնարը հենց սկզբից ներդաշնակ կապ և հնչյուններ է փնտրել իր և հայության հոգևոր աշխարհի մեջ, փնտրել և, որ ամենից գլխավորն է, գտել: Ազգային քանքար իր ողջ էությամբ՝ Հովհ. Թումանյանը հեռու է, շատ հեռու ինքնագոհ ազգամոլությունից: Նրա ստեղծած հայը հարազատ է ամենիս: … Հովհ. Թումանյանը գերազանցապես ժողովրդական բանաստեղծ է, ժողովրդի խորքից ելած և՝ իբրև զանգվածային ընդերքի պտուղ՝ նա խոսքի գոհար է…» («Մշակ»), 20. II, 1919): Ավելի ուշ՝ Թումանյանի 1920 թ. հունվարին հրատարակված «Քառյակներ» գրքույկի առիթով «Իմացության թախիծը» վերնագրված հոդվածում հաստատում է, որ «Նրա անունը այլևս որակումներ չի ընդունում. բանաստեղծ է առանց տիտղոսների: …Տաղանդը ազգային նեղ շրջանակից նրան առաջնորդել է դեպի համամարդկային զգացումների ու խոհերի ասպարեզ: …Ընտրյալը, ներկա դեպքում բանաստեղծ Հովհ. Թումանյանը, զգում է մարդկության չզգացածը և նրան կոչում դեպի կատարելագործում» («Հայաստանի կոոպերացիա», թիվ 4, փետրվարի 29, 1920, էջ 126-128): Հոդվածի ավարտին հեղինակը պայծառ օրեր է մաղթում «մեր Պառնասի զարդին»:
Թիֆլիսում հրատարակվող «Գրական-գեղարվեստական ալմանախ»-ի 1919-1920 թթ. համարներում Ստ. Զորյանի կազմած «Հայ գրականության վիճակը (Հայ գրողների կարծիքով)» հարցաշարին Հովհ. Թումանյանի, Ալ. Շիրվանզադեի, Նար-Դոսի, Դ. Դեմիրճյանի և ուրիշների հետ պատասխանել է նաև Դավիթ Անանունը: Քնարերգության բնագավառում առանձնացնելով «Վ. Տերյանի մուսան», որն, ըստ նրա, «ահա քանի տարի է, որ խլացրել է մյուս ձայները», նա գրում է՝ «այժմ տիրում է գեղեցիկ գրականության բացակայության շրջանը»: Սակայն, նրա կարծիքով, այդ վիճակը երկար չի կարող շարունակվել, որովհետև համոզված է, որ «կերտվում է հայ պատմության նոր շրջանը», որում «իրար պիտի խառնվին երկու տարբեր ապրումներ – անցյալի հիշողությունները՝ լի թախիծով, սոսկումներով և ափսոսանքով, և ապագայի որոնումները, ուր մտքի վարանումը կցորդված կլինի խիզախության հետ»: Ուրեմն և՝ այդ ընթացքի մեջ «հնարավոր է և՛ ռոմանտիզմը կրոնական շղարշով պարուրված և ցայտուն ռեալիզմը» /82/:
Հստակ էր Դ. Անանունի տեսակետը նաև հայ լեզվի ապագայի հարցում: Նրա կարծիքով, մասնավորապես արևելահայ և արևմտահայ բարբառների միաձուլումը ցանկալի չէ, բայց վճռորոշը պետականության իրողությունն է և այն, թե ո՛ր բարբառն ավելի զորեղ կգտնվի: Ըստ այդմ, «…կան տվյալներ, որ այժմվանից նշմարելի են դարձնում ռուսահայ բարբառի գերիշխանությունը»: Գրությունն ավարտվում էր դարձյալ լավատեսական նոտայով. «Մենք հավատով ենք նայում մեր գրականության ապագային»: Ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում, ըստ նրա, կստեղծվի որոշակի «գրական ճակատ, ուր կխամրի թույլը, և հաղթական ճաճանչներ կարձակե հզորը»:
1918 թվականին Դ. Անանունը, անցնելով Հյուսիսային Կովկաս (Աստրախան, Պյատիգորսկ), հանդիպումներ է ունենում ՌՍՖՍՀ Ազգությունների գործերի ժողկոմին առընթեր Հայկական գործերի կոմիսար Վ. Ավանեսովի տեղակալ Վահան Տերյանի հետ: Ի դեպ, այդ հանդիպումները, ինչպես պարզվում է օրեր անց, վճռորոշ էին նրա ճակատագրի համար, քանզի «հակահեղափոխական» պիտակով ձերբակալված Դ. Անանունն ու նրա երկու ընկերները հենց Վ. Տերյանի երաշխավորությամբ ազատվում են Էսենտուկիի բանտից: Այդ մասին վկայել է Դ. Անանունն իր հուշերում. «Եթե Հանրային Ջրերում հալածանքի ենթարկված հայ մտավորականներս,- գրել է նա,- անփորձ մնացինք – ապա այդ պարտական ենք բացառապես Վ. Տերյանին» («Հանդիպումներ Վ. Տերյանի հետ», «Հայաստանի կոոպերացիա», թիվ 13, հուլիսի 15, 1920, էջ 524): Ճիշտ է, այդ պատճառով հայ բոլշևիկների կողմից Վ. Տերյանը նաև հալածանքների է ենթարկվել «հակահեղափոխականներին» պաշտպանելու համար:
Դ. Անանունի բազմակողմանի գործունեության մեջ որոշակի տեղ է գրավում լրագրական-հրատարակչական ոլորտը: Ըստ Ան. Զաքարյանի՝ «Արխիվային նյութերից, տարբեր անձանց հետ ունեցած նամակագրությունից պարզվում է, որ 1914-1916 թթ. Դ. Անանունը ձեռնամուխ է եղել պարբերականների հրատարակության»՝ ընդգծելով, սակայն, թե «մեզ չհաջողվեց գտնել այդ մասին ամբողջական որևէ տեղեկատվություն» /54/: Հայտնի է միայն, որ 1916 թ. գարնանը Դ. Անանունը, Պ. Մակինցյանը և Ց. Խանզադյանը Բաքվում նախաձեռնել են «Գործ» ամսագրի հրատարակումը, որը լույս է տեսել 1917 թ. հունվար-դեկտեմբերին: Խմբագիրը Կոստանդին Կրասիլնիկյանն էր, Դ. Անանունը՝ վերոհիշյալ համախոհների հետ, խմբագրության անդամներ էին: Չնայած ամսագրի ուղղության նկատմամբ եղած որոշ տարակարծություններին՝ առաջին համարի խմբագրականում նշվում էր, որ «Գործը» մի հոսանքի կամ մի ուղղության բերան չէ: Նրա հրատարակման գաղափարը երկնվել է տարբեր աշխարհայացքի տեր մտավորականների մեջ: … նրա մտահոգությունը լավ ասված, շնորհքով ու հմտությամբ գրված հայ խոսքի գոյությունն է, ո՛ր բանակից էլ ելած լինի նա: Այս տեսակետից խմբագրական կազմը լայն հյուրընկալող է և ոչ նեղսիրտ աղանդավոր» /62/:
1917 թ. գարնանը (ապրիլ-հուլիսին) Անանունն աշխատակցել է Բաքվում հրատարակվող ՍԴԲՀԿ պաշտոնաթերթ «Բանվոր» շաբաթաթերթին (լույս է տեսել 6 համար)՝ լինելով հիմնական հոդվածագիրը: Ան. Զաքարյանը նշում է, որ Ստ. Զորյանի 1919 թ. հուլիսի 6-ի նամակից պարզ է դառնում նաև, որ «Դ. Անանունը մտադիր է եղել Երևանում հրատարակել «Ազդարար» անունով պարբերական» /65/:
Բավական բուռն ու դժվարին է եղել Դ. Անանունի հասարակական-քաղաքական և գրական գործունեությունը 1917-1920 թվականներին Անդրկովկասում փոթորկվող իրադարձություններում: Հատկապես Ռուսաստանում բռնկված փետրվարյան հեղափոխության ազդեցությամբ, երկրամասում ևս իրար էին բախվում տարբեր սոցիալական խմբեր, գաղափարներ, տեսակետներ: 1917 թ. Թիֆլիսում ընթացող հայոց համախորհրդակցությունների (թվով 12) երկրորդ նիստում (սեպտեմբերի 30-ին) ունեցած իր ելույթում («Մոմենտը և նրա հետ կապված խնդիրները») Անանունն առանձնացնում է հակադիր երկու տեսակետ. «Մեծամասնությունն ասում է, թե խորտակելով հնի խարխուլ շենքերը՝ պիտի կառուցանել բուրժուական հասարակարգ, մյուսն ասում է՝ բուրժուական հասարակարգը գոյություն չպիտի ունենա, այլ Արտահայտելով թեր ու դեմ կարծիքների անմիջապես թագավորե սոցիալիստական հասարակարգ»: Քննարկելով օգուտներն ու վնասները հայոց ազգային շահերի տեսանկյունից՝ նա հայտարարում է, որ, այնուամենայնիվ, «կոալիցիան անհրաժեշտ է»: Ի վերջո, բուռն բանավեճից հետո, արձանագրվել է. «Խորհրդաժողովը ցույց տվեց և համոզեց ամենքին, բոլոր հոսանքների և կուսակցությունների ներկայացուցիչներին, որ ներկա քաղաքական տագնապալից րոպեին, երբ հայ ժողովրդի համար կյանքի և մահի խնդիրն է լուծվում, անհրաժեշտ է ամենքի միասնությունը, համագործակցությունը և համերաշխ գործունեությունը» /69/:
1917 թ. հոկտեմբերի 4-7-ը Թիֆլիսում գումարված հայ սոցիալ-դեմոկրատների համախորհուրդը բացվել է Դ. Անանունի զեկուցմամբ, որտեղ նա արտահայտում է իր տեսակետը սոցիալ-դեմոկրատական աշխատանքները հայ իրականության մեջ կազմակերպելու սկզբունքների վերաբերյալ: Քննարկման արդյունքում որոշվել է «միավորել ուժերը Անդրկովկասում սոցիալ-դեմոկրատական գաղափարների տարածման համար, ստեղծել կազմակերպչական միություն, մշակել միասնական ծրագիր և տակտիկա»: Սակայն, ինչպես նշում է Ան. Զաքարյանը, միավորումը «ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում» /70/: Հիշյալ սոցիալ-քաղաքական գործընթացներն իրենց ազդեցությունն էին ունենում ազգամիջյան հարաբերությունների վրա: Այդ հարցում Դ. Անանունի հայացքների և դրսևորած վարքագծի տեսանկյունից բնորոշ են 1918 թ. մարտի վերջին Բաքվում մուսավաթական ուժերի և Բաքվի խորհրդային իշխանության (Կոմունայի) զորքերի միջև տեղի ունեցած ծանր մարտերը: Այդ օրերին Արևելյան Անդրկովկասի բաքվաբնակ հայերի կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ Դ. Անանունը՝ Ազգային խորհրդի որոշմամբ, նշանակվել էր մուսուլմանների հատուկ խնամատար-կոմիսար … քաղաքի հայկական մասում ապրող կամ պատսպարված մահմեդականների՝ թուրքերի, պարսիկների և լեռնականների գործերով: Եվ ահա թե նշված իրադարձությունների մասին ինչ է հեռագրել Հաջի-Զեյնալ-Աբդիլ Թաղիևը մարտի 27-ին Անդրկովկասյան կոմիսարիատի նախագահ Ե. Գեգեչկորիին. «Երկրի բարօրության օգտին ես անձամբ իմ քաղաքացիական պարտքն եմ համարում հայտարարելու, որ Բաքվի անցքերը հայ-թուրքական ընդհարման բնույթ չէին կրում: Կռիվների ամբողջ ընթացքում… հայկական զորամասերը փրկեցին և ապաստան տվին ավելի քան 14 000 մուսուլմանների, որոնց հետո վերադարձրին պարսից հյուպատոսի միջոցով» /72/:
Մենագրության մեջ Ան. Զաքարյանը առանձին գլուխ է նվիրել 1918-1920 թթ. Ղարաբաղի (Արցախի) շուրջ տեղի ունեցած ճակատագրական իրադարձությունների շրջանում Դավիթ Անանունի ակտիվ գործունեությանը: 1918 թ. նա Հովհ. Թումանյանի նախագահությամբ գործող «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների հանձնաժողովի» լիազոր ներկայացուցիչն էր՝ «Ղարաբաղի (Շուշիի և Ջհանշիրի գավառների) հայ բնակչության կրած նյութական վնասների քննության գծով»: Բնական է, որ այդ և հետագա մեկ-երկու տարիներին հաճախակի այցելել է երկրամաս և հանդես եկել հոդվածաշարերով: Ի դեպ, 1915 թ. նա եղել էր Թիֆլիսի «Մշակ» թերթի Բաքվի թղթակիցը, իսկ 1919 թ. մարտի 1-ից ընդունվել թերթի խմբագրական խորհրդի կազմում: Պատահական չէ, ուրեմն, որ Անանունի «Ղարաբաղ (ուղևորի դիտողություններ)» յոթ մասից բաղկացած ծավալուն հոդվածը տպագրվել է հենց «Մշակ»-ում 1919 թ. փետրվար-մարտին:
1919 թ. հունիսի սկզբին Շուշիի և շրջակա հայկական գյուղերի հայերի կոտորածների կապակցությամբ բողոքի ցույցեր են տեղի ունենում Երևանում և Թիֆլիսում: Հունիսի 16-ին Երևանում կայացած բողոքի մասնակիցների ընդունած բանաձևով պահանջվում էր կառավարությունից. «…բուռն կերպով բողոքել դաշնակիցների ներկայացուցիչներին և հանուն քաղաքակրթության ու մեր ժողովրդի ֆիզիկական գոյության պաշտպանել հայ ժողովուրդը՝ ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով»: Այդ ժողովից հետո՝ հունիսի 17-ին, ՀՀ արտգործնախարարը նոտա է հանձնել Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ երբեք չի ասել, որ համաձայն է Ղարաբաղը ժամանակավորապես թողնել Ադրբեջանի կազմում և որ երկրամասը համարում է Հայաստանի անբաժանելի մասը /88/:
Թիֆլիսի վերջին՝ համահայկական մեծ հավաքը ևս, Հովհ. Թումանյանի գլխավորությամբ, ընդունել է «Բանաձև, որով հավաքի մասնակիցները՝ «…վստահ Անտանտայի ժողովուրդների, կառավարությունների և Փարիզի կոնֆերանսի նրանց ներկայացուցիչների արդարամտության ու բարեկամական զգացմունքին», խնդրում, պահանջում էին Ղարաբաղից հեռացնել Ադրբեջանի իշխանությունը, կոտորածի հեղինակներին ձերբակալել ու դատի տալ, թույլատրել, որ Ղարաբաղը կցվի Հայաստանին»: Թիֆլիսում և Երևանում կայացած բողոքի ցույցերին մասնակցել և ելույթ է ունեցել նաև Դ. Անանունը: Ինչ վերաբերում է Շուշիի հայության կոտորածներին, ապա Ան. Զաքարյանը նշում է. «…որքան հայտնի է, Դ. Անանունը քաղաքի՝ 1919 և 1920 թվականների կոտորածների մասին մամուլում հանդես չի եկել» /91/, սակայն ծավալուն մեջբերումներ է անում Լեոյի՝ 1919 թ. հունիսի 18-ին Երևանում գտնվող Դ. Անանունին գրած նամակից, որտեղ նա հանգամանորեն տեղեկացնում էր նրան Շուշիի անկման պատճառների՝ թուրքերի գազանությունների և անգլիական զորապետների երկերեսանիության մասին /89-91/: Ներկայացվում են նաև Մարիետա Շահինյանի, իտալացի պատմաբան, աստվածաբան, գրող ու թարգմանիչ Ջովանի Գուայտայի, ռուս նշանավոր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի ու նրա կնոջ՝ Նադեժդա Մանդելշտամի «հայտնի անդրադարձները» 1920 թ. մարտին Շուշիի հայության կոտորածներին /92-95/:
1919-1920 թվականները, կարելի է ասել, վճռորոշ տարիներ էին Դ. Անանունի համար: Նրա մինչ այդ ունեցած փորձը, գիտելիքներն ու կարողությունները նկատվել են, և այդ շրջանում նա զբաղվել է հասարակական ու գրական ակտիվ գործունեությամբ: 1919 թ. մայիսին ՀՀ պարենավորման նախարարության կողմից առաջարկ է ստացել զբաղեցնելու նախարարության քարտուղարի պաշտոնը, որը, սակայն, չի իրականացել նախարար Ք. Վերմիշյանի հրաժարականի պատճառով: Հունիսի վերջերին «դիվանագիտական առաքելությամբ» մեկնել է Ղարաբաղ՝ ՀՀ կառավարության կողմից նշանակված լինելով «Շուշիում բրիտանական հրամանատարության մոտ Հայաստանի ներկայացուցիչ»՝ «Շուշու հարցի առթիվ» (ԳԱԹ, Դ. Անանունի ֆ., թիվ 111, թ. 7): Սակայն, ինչպես գրում է Ան. Զաքարյանը, հուլիսի 6-ին Ստ. Զորյանի՝ Ղարաքիլիսայից Դ. Անանունին գրած նամակից հայտնի է դառնում, որ «Ազրբեյջանի կառավարությունը» չի ընդունել «Հայաստանի ներկայացուցչին», ինչի համար Ստ. Զորյանը խորհուրդ է տվել նրան չվհատվել /96-97/: Հուլիսի սկզբին նա միանում է հայրենիքում համախմբվող մտավորականությանը, Թիֆլիսից փոխադրվում Երևան և ակտիվորեն մասնակցում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական ու գրական-մշակութային կյանքին: Ըստ Ստ. Զորյանի վերոհիշյալ նամակի՝ Բաքվի մեծահարուստ Մայիլյան եղբայրները նպատակ են ունեցել գնել «Մշակ» թերթը և փոխադրել Երևան: Այդ կապակցությամբ նա հորդորել է Դ. Անանունին՝ առաջարկ լինելու դեպքում չմերժել թերթի խմբագրի պաշտոնի ստանձնումը, «որովհետև գրական գործը քեզ (ինչպես և ինձ) հետաքրքրում է ավելի, քան որևէ ուրիշ բան» /98/: Այդ «ձեռնարկը», սակայն, չի հաջողվում, և շատ չանցած՝ Անանունը հրավիրվում է աշխատելու ՀՀ ներգաղթի և վերաշինության վարչությունում: Ներկայացնում է իրականացվելիք աշխատանքների իր ծրագիրը, ըստ որի՝ «Մեր կառավարության օրինական մտահոգությունը պիտի կազմե հայրենիքի նվաճումը: Հայ տարրի ցիրուցան վիճակը պիտի գտնի իր վախճանը, և կառավարությունը համառ ու ծրագրված աշխատանքով պիտի գլուխ բերի հայահավաքման գործը…»: Աշխատանքի նշանակումը, սակայն, ինչ-ինչ պատճառներով, նույնպես տեղի չի ունեցել, արձանագրում է Ան. Զաքարյանը /98/:
Նշված տարիներին Դ. Անանունն ընտրվել է 1919 թ. կեսերին Երևանում հիմնված Հայաստանի գրական ընկերության վարչության անդամ, մի շարք ելույթներ և զեկուցումներ ունեցել Ընկերության երեկոներին: 1919 թ. օգոստոսին նշանակվել է հունվարից հրատարակվող «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթի խմբագիր՝ փոխարինելով Ս. Վրացյանին: Քարտուղարը Ստ. Զորյանն էր, իսկ թերթի բնաբանը՝ «Միությունը ուժ է»: Հատկանշական է, որ թերթն ուներ «Գրական բաժին»՝ ժամանակի անվանի դեմքերի (Հովհ. Թումանյան, Ե. Չարենց, Ստ. Զորյան, Դ. Դեմիրճյան և ուրիշներ) մասնակցությամբ, որի համար, մենագրության հեղինակի հավաստմամբ, «օրինականորեն այն կարելի է համարել «Նորք» հանդեսի արժանավոր նախորդը Հայաստանի հողի վրա» /104-105/: Թերթում, բնականաբար, ավելի շատ հանդես է եկել Դ. Անանունը՝ ամենատարբեր թեմաներով՝ սկսած հողային խնդրից ու կոոպերատիվներից, վերջացրած Հայկական հարցով, միջազգային քաղաքականության, հասարակական-քաղաքական, ազգային-կուսակցական, գրական-մշակութային հիմնախնդիրներով: Բացի այդ, նույն շրջանում Անանունը՝ Ս. Վրացյանի ու Եր. Հարությունյանի հետ, խմբագրել է նաև «հանրապետության խորհրդարանի նախագահության նախաձեռնությամբ հրատարակվող «Բանակի օր» մեկօրյա թերթը», որտեղ տպագրվել են Հովհ. Թումանյանը, Հովհ. Հովհաննիսյանը, Ավ. Իսահակյանը, Լեոն, Վրթ. Փափազյանը, Ստ. Զորյանը… /108/:
Դավիթ Անանունը Հայաստանի անկախության ջատագովներից էր: 1920 թ. հունիսի 12-ին Ղարաքիլիսայում կարդացած բանախոսության մեջ նա պնդում է, որ «Մենք պիտի ջանանք միջազգային դաշնագրով և օրենքով ապահովել մեր անկախությունը, որի համար կառավարությունը հարկ եղած միջոցների պիտի դիմե Վեհաժողովում (Փարիզի խաղաղության կոնֆերանսում – Ա.Զ.), և առավելապես Եռյակ Համաձայնության կառավարությունները պարտավոր են բավարարել իրենց փոքր դաշնակցի արդար պահանջները…» /116/: Այդ համատեքստում բարձրացնում է նաև «Ղարաբաղը «մայր երկրի» հետ վերամիավորելու հարցը: Հունիսին նա ընտրվում է Երևանում ապրող ղարաբաղցիների Հայրենակցական միության վարչության նախագահ: «Հայաստանի կոոպերացիա»-ի 1920 թ. 17-րդ համարում (սեպտեմբերի 15-ին) տպագրվելիք «Ղարաբաղ» հոդվածի «սրբագրական փորձերում», որն ուղարկել էր ՀՀ վարչապետ Հ. Օհանջանյանին, Դ. Անանունը վճռականորեն առարկում էր այն գործիչներին, որոնք Ղարաբաղի պատկանելության հարցը կապում էին տնտեսական նպատակահարմարության հետ. «Այդ հոդվածի մեջ ես աշխատում եմ ապացուցել,- գրում է նա,- որ տնտեսապես Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, Ղարաբաղը միշտ եղել է և մնացել է այսօր տնտեսապես ինքնամփոփ /самодовлеющая/ երկիր. սա ամենամեծ նշանն է, որ նրան կարելի է առանց ցնցումների կցել այս կամ այն երկրին: Մեր օրերում հարց հարուցել այս կամ այն երկրամասի տնտեսական հակման /тяготение/ մասին և դրանով լուծել խնդիրները՝ ուղղակի անթույլատրելի է»: Նա ելնում էր ազգերի՝ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի գերակայությունից, պնդելով, որ «յուրաքանչյուր անհատ և յուրաքանչյուր ազգություն իր ճակատագրի դարբնոցը ինքն է, միայն թե գիտակցություն ու բարի կամեցողություն լինի»: Ի վերջո, խոստովանելով, որ չի կամենում «ձանձրացնել… Պարոն Վարչապետին», հոդվածի ուղեկցող խոսքն ավարտում է լավատեսական տողերով. «Ես հույսով եմ, որ Ղարաբաղի հարցում զիջողություն չի կարող լինի: Ուրախ կլինեմ, եթե իմ հոդվածը այս ուղղությամբ ավելի ամրացնե հայ գործիչներին իրանց համոզմունքների մեջ» /122-123/: Հատկանշական է նաև այն, որ Անանունն առաջարկել էր «խճուղի անցկացնել»՝ Ղարաբաղը Հայաստանին կապելու համար, Շուշին վերաշինելու ծրագրեր էր մշակել, քանզի, ինչպես ծանոթագրում է Ան. Զաքարյանը. «Դ. Անանունը երբեք չկորցրեց հույսն ու հավատը հարազատ երկրամասի ապագայի նկատմամբ» /125/:
Հայաստանի խորհրդայնացումից հետո Դավիթ Անանունը մնացել է հայրենիքում: Չնայած բոլշևիկյան գաղափարախոսության համար նախորդ տարիներին ունեցած մի շարք «վտանգավոր» տեսակետներին՝ նրա նկատմամբ որևէ բռնություն կամ ոտնձգություն չի կատարվել: Անցնելով ազգային-քաղաքական, գաղափարախոսական ստորջրյա խոչուխութերի միջով (եղել է դաշնակցական, ապա սոցիալ-դեմոկրատների կուսակցության անդամ, այսպես կոչված՝ «սպեցիֆիկ» և այլն)՝ նա հավատարիմ է մնացել հայոց անկախ պետականության, հայահավաքման, ազգային առողջ ու անվտանգ ապագայի կերտման իր դավանած հիմնարար սկզբունքներին: Ըստ մենագրության հեղինակի՝ խորհրդայնացման առաջին տարիներին Դ. Անանունի նկատմամբ եղած «ներողամիտ» վերաբերմունքը պայմանավորված է եղել նաև «նախկին սպեցիֆիկ, ժամանակի ազդեցիկ բոլշևիկ Աշոտ Հովհաննիսյանի հետ մտերիմ կապերով» /144/: Նման իրավիճակը հնարավորություն է տվել Անանունին շարունակելու իր ակտիվ և բազմակողմանի գործունեությունը հանրապետության կյանքի տարբեր ոլորտներում: 1921-ին հաշտարար դեր է խաղացել «Զանգեզուրի /Լեռնահայաստանի/ հակաբոլշևիկյան պայքարի ղեկավարների (Գ. Նժդեհ) և խորհրդային իշխանության միջև բանակցություններում, որն ամենևին աննկատ չի մնացել: Ստ. Զորյանն այդ օրերին գրել է Դ. Անանունին. «Իմացա, որ գնում ես Զանգեզուր, իբրև պատվիրակ: Թիֆլիսի հայ հասարակությունը, որ վերջերս զարմանալի հետաքրքրություն է ցույց տալիս դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը, մեծ հույսեր է կապում քեզ հետ այն իմաստով, որ քո առաքելությամբ կարող ես վերացնել ժողովրդին սպառնացող աղետը: …քո անունը միացնում է շատ-շատերին և հույսեր է ներշնչում: Մի խոսքով՝ դու դառնում ես կամ ավելի շուտ՝ դարձել ես համազգային դեմք» /147/:
Հիշյալ տարիներին Դ. Անանունը մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել հանրապետության կուլտուր-լուսավորական աշխատանքի ասպարեզում. եղել է ՀՍԽՀ պարենավորման ժողովրդական կոմիսարիատի կուլտուր-մշակութային բաժնի քարտուղար, կոմիսարիատի քարտուղարության հրատարակչական բաժնի վարիչ, Հայաստանի պետական թանգարանի հեղափոխության բաժնի վարիչ: Որպես «Հայաստանի կոոպերացիա» և Հայկոոպի օրգան «Վերածնունդ» պարբերականի խմբագիր՝ վարել է Հայկոոպի Խմբագրական բաժինը:
Նշանակալից է նաև Դ. Անանունի գործունեությունը նորաստեղծ հանրապետության գիտական հաստատությունների կայացման և գիտական ներուժի խթանման ոլորտում: 1921 թ. հուլիսի 6-ին նա նշանակվում է Էջմիածնի գիտական ինստիտուտի աշխատակից և անմիջապես ձեռնամուխ լինում արևելահայության շրջանում հասարակական-քաղաքական շարժումների ուսումնասիրությանը: Հոկտեմբերին հրավիրվում է աշխատակցելու «Էջմիածնի Գիտական Ինստիտուտի Բանբեր»-ին: Միաժամանակ հանդես է գալիս դասախոսություններով, տպագրվում ինստիտուտի տարեգրքում: 1922 թ. Էջմիածնում տպագրվում է Դ. Անանունի «Ռուսահայերի հասարակական զարգացումը» գրքի երկրորդ հատորը, որն ընդգրկում էր 1870-1900 թթ. ժամանակաշրջանը: 1921-1923 թթ. աշխատել է դպրոցական-կրթական բնագավառում՝ Վաղարշապատի II աստիճանի դպրոցում՝ որպես ընդհանուր պատմության ուսուցիչ: Պատմություն է դասավանդել նաև Ամերիկյան երեկոյան դպրոցում…
Դ. Անանունի բազմակողմանի գործունեության հատկանշական դրվագներից է նաև այն, որ նա Լեոյի, Հ. Մանանդյանի, Թ. Ավդալբեգյանի, Ստ. Լիսիցյանի և այլ անվանի դեմքերի հետ հրավիրվել է մասնակցելու 1925 թ. հունիսի 11-13-ին Աշոտ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Լուսժողկոմատի շենքում հրավիրված պատմաբանների խորհրդակցությանը, որի նպատակը «Հայոց պատմությունը» ձեռնարկի ծրագիրը կազմելն էր: Ընդ որում, հետաքրքիր է, որ այն ժամանակ ևս քննարկվել են ոչ միայն հայոց պատմության սկզբնավորման ու պարբերացման, այլև ձեռնարկը «Հայոց», թե «Հայաստանի» պատմություն կոչելու հարցերը /159/: Իր գիտահետազոտական գործունեության մեջ Անանունը նաև զգալի ջանքեր է ներդրել Հայաստանում պատմագիտության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ: Մի շարք հոդվածներ է տպագրել՝ մասնավորապես, «Մոտիկ անցյալից» ընդհանուր խորագրով և XIX դ. 80-ական թվականների ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ: Ուշադրության է արժանի նաև Բաքվի «Մարդասիրական ընկերություն հայոց (գործունեության հիսնամյա պատմություն, 1864-1913)» վերնագրով աշխատությունը: Հետևապես, պատահական չէ, որ 1926 թ. Թ. Ավդալբեգյանի ու Ե. Շահազիզի հետ ընտրվել է 1925 թ. ապրիլի 27-ին ստեղծված ՀՍՍՌ գիտության և արվեստի ինստիտուտի պատմահասարակական բաժնի անդամ /166/:
Վերջապես, Դ. Անանունի խմբագրական-հետազոտական գործունեության մեջ կարևոր է նշել Պետական թանգարանի նախաձեռնած Ալ. Մյասնիկյանի ժողովածուի համար նրա հոդվածների հավաքման աշխատանքների ղեկավարումը, ակտիվ մասնակցությունը Վ. Տերյանի երկերի 1-3 հատորների Կ. Պոլսում (1924 թ.) և 4-րդի Երևանում (1925 թ.) հրատարակության նախապատրաստմանը, աշխատակցությունը 1922 թ. Երևանում Ա. Հովհաննիսյանի, Պ. Մակինցյանի և Ա. Մռավյանի խմբագրությամբ հրատարակվող «Նորք» գրական, գիտական և քաղաքական հանդեսին:
Չնայած այդ ամենին՝ կյանքի վերջին մեկուկես տասնամյակը (1927-1943 թթ.) Դ. Անանունն անցկացրել է բանտերում և աքսորավայրերում (Մոսկվա՝ Բուտիրկի, Սիբիր՝ Տոմսկի շրջանի Նարիմի երկրի Իլինո գյուղ, Աստրախան, Ուֆա): Խառնակ ժամանակներ էին և ազգային ավանդական արժեքների պաշտպանության, հայահավաքման, «Ռուսահայերի հասարակական զարգացումը» երկհատոր ուսումնասիրության հիմքում ընկած մի շարք այլ գաղափարներ սուր քննադատության էին ենթարկվում 20-30-ական թթ. խորհրդային ուղղափառ գաղափարախոսության կրողների կողմից: Դ. Անանունին պիտակավորում էին «տխրահռչակ», «տիրացու», «ազգայնամոլ», «վնասակար» անվանումներով, որի արդյունքում 1926 թ. դեկտեմբերի 1-ին նա ազատվում է Պետական թանգարանի հեղափոխության բաժնի վարիչի պաշտոնից՝ ի վերջո, համարվելով «պրոլետարական հեղափոխության և խորհրդային իշխանության կատաղի թշնամի»: Հատկանշական է, սակայն, որ նույնիսկ բանտի կամ աքսորի տաժանագին պայմաններում Անանունը չի կորցրել իր սիրած աշխատանքներով զբաղվելու հետաքրքրությունն ու կարողությունը: Դրա վկայություններից մեկը 1928 թ. հուլիսի 5-ին Իլինոյից Կ. Միքայելյանին գրած նամակն է, որով խնդրում էր թերթեր և գրքեր՝ առավելապես «պատմական աշխատություններ» ուղարկել, քանզի «Եթե ձեռքիս տակ բավարար նյութ ժողովվեր, ապա կձեռնարկեի գրել ռուսական հեղափոխության մասին մի աշխատություն: Երկու տարուց ավելի պիտի մնամ աքսորում… և սա բավական միջոց է մի լավ աշխատություն պատրաստելու համար» /192/: Նա պարբերաբար մեկ այլ ընկերոջը՝ Թ. Ավդալբեգյանին է ուղարկել աքսորավայրում և բանտում գրած իր ուսումնասիրությունները, բայց, ցավոք, դրանք չեն պահպանվել: Վերջինիս ձերբակալությունից հետո նրա կինը այդ ձեռագրերը հանձնել է «իր ազգական, հայտնի բանասեր, պատմաբան ու մանկավարժ Ստեփան Կանայանին», որի մահից հետո էլ ընտանիքը ոչնչացրել է այդ ամենը:
«Այդպիսով դաժան ճակատագրի է արժանացել ոչ միայն Դ. Անանունը, այլև ծանր պայմաններում, անկասկած, մեծ զոհողությունների գնով ստեղծված նրա գիտական ժառանգության մի մասը»՝ մեջբերելով պատմաբան Վ. Հակոբյանի եզրահանգումը, վկայում է Ա. Զաքարյանը /199/: Դավիթ Անանունը մահացել է 1943 թ. Աստրախանում, արդարացվել է տասնամյակներ անց՝ 80-ական թվականներին:
Ավարտելով մենագրությունը՝ Ա. Զաքարյանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ «Հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ Դ. Անանունը XX դարի առաջին երեսնամյակի հայ իրականության երևելի դեմքերից է»:
Հետևապես, ներկա պահին նրա կյանքի և գործունեության հնարավորինս ամբողջական քննությունը ներկայացնող և մի շարք դրվագներով արդիական կարևոր նշանակություն ունեցող սույն աշխատությունն ուղղված է նախ և առաջ պատմական արդարության վերականգնմանը՝ անցյալի մեր շատ «մոռացված» դեմքերի հետ միասին Դավիթ Անանունին ևս «վերադարձող անունների» պատվավոր շարքը դասելու հրամայականին:
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆ. «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՎ ԵՆՔ ՆԱՅՈՒՄ ՄԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻՆ» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
