ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի Գոհար Գալստյանին ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
***
Մի մանրանա երբեք –
մեր երազածը՝ մեծ,
Դու հենց մեծի՛ն ձգտիր,
դու – քեզ՝ քեզնից վերև,
Սրտիդ ուզածի պես
ապրիր՝ արարելով
Ա՛յն, ինչ տրված է քե՛զ
և՝ միմիա՛յն քեզնով.
Եթե կանգնած էիր,
առաջ անցիր քեզնից,
Նոր գաղափար, նո՛ր ձև,
նոր շունչ տուր քո ճամփին.
Ուրախ մի բան երգիր –
կձայնակցեմ ես էլ,
Ամե՛ն օր, ամեն ժա՛մ՝
վերև, առա՛ջ, վերև՜…
***
Ես որ ծնվեցի՝
չորրորդը մեր տան,
Երկու աղջիկը ո՛չ շատ էր, ո՛չ՝ քիչ –
Մի տղան՝ հարկ էր, որ
երկու դառնար.
Ուրեմն ինձնով մեր տանը մի բան
Մի տեղ շատացավ,
մի տեղ՝ պակասեց,
Բայց դե, ո՜վ գիտեր՝
ի՛նչը հատկապես.
Ուրախությունը հաստատ շատացավ՝
Երկու քրոջ քույր
և չորրորդ զավակ,
Մեր զվարթնոցին՝ երրորդ զվարթուն.
Բայց մի զինվո՛ր ու
եղբա՜յր էր հաստատ
Ինձնով մեր տանն ու
երկրի՛ն պակասում…
***
Հավերժ գարուն է իմ աստղի վրա.
Էնտեղից մի օր լույս է ճառագել,
Ու ես ծնվել եմ՝ դեռ չեկած ամառ,
Որ ինքըս ամռան դռները բացեմ…
Վարդի բուրմունք է եղել, վարդի շաղ,
Մայիս է եղել՝ վարդերի ամիս.
Վարդը բացվել է, ասել են՝ գնա՜,
Գոհացի՛ր, ի՜նչ փույթ՝ նաև փշերից…
ԻՍԿ ԵՍ ԴԱՌՆՈՒՄ ԵՄ
ՎԱԹՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ
1
Ես այն ժամանակ
տարիք չունեի,
Եվ իմ մեջ արթուն
մանուկն էլ ինձ հետ՝
զարմացած էր դեռ,–
Թե դառնալու եմ
վաթսուն տարեկան՝
ո՜ւմ մտքով կանցներ…
2
Քուն չեկավ աչքիս,
Մոր հիվանդության
անփարատ վախով՝
Իր վատ երազի
լացով վեր թռած
երեխի նման,
Իմ մա՛յր Հայաստան,–
Ու ես՝ բան չարած,
շուտով դառնում եմ
վաթսուն տարեկան…
3
Իմ զավակներին ես չծնեցի,–
Ես աղոթեցի նրանց ապրելու
հրաշքի համար,
Եվ սրտիս քար է չապրածը նրանց՝
ցա՛վ է անփարատ,–
Նրանք՝ մի՛շտ քսան,
իսկ ես դառնում եմ
վաթսուն տարեկան…
4
Նրանք որ ընկան,–
Երեսծեծանք է՝
Քո մտերմության,
Հոգիս Քեզ կապող
հավատարմության,
Ինձ՝ անկատարիս,
կատարյալ Սիրո
աներկբայությամբ
Քաջալերելուդ՝
այս վաթսուն տարին…
5
Աստվածըս, ների՛ր,–
Բայց՝ երբ բաշխածըդ
շնորհների տեղ
մարդը գազանի
բնազդն է ընտրել,
Ու՝ ո՛չ անտառում,
ո՛չ՝ պաշտպանության,
այլ՝ Քո ստեղծածին
ջնջելու համար,
Եվ անպատիժ է մնում
մինչ հիմա,–
Ես զարմացած եմ՝
մի վաթսուն տարի…
6
Մեկ է՝
Լավագույն տեղը
աշխարհում,–
Այս արևի տակ քո գիրկն է՝
Թեկուզ հենց էսպես՝
անտուն,
իմ տա՛ք Երևան.
Երեք հազարիդ քիչ մնաց,
իսկ ես՝
Դեռ նո՜ր դառնում եմ
վաթսուն տարեկան…
7
Ասես երեկ էր՝
Սիրահարվեցինք,
Մատանի դրիր.
– Տե՞ր ես,- տե՛ր էիր,
Բայց մինչև տե՛րն էլ՝
հոգուս մեջ ապրող
սերը դո՛ւ էիր,–
Շուտով կլինի
մի վաթսուն տարի…
8
Սիրտըս՝
առանց ձեզ,–
ձեր աշխարհների
հիշողությունը
իր մեջ փայփայած՝
Ինձ չբաժանեց
իմ մանկությունից,–
Ու ես մանուկ եմ՝
վաթսուն տարեկան…
9
Մղձավանջները՝
շունչները պահած,–
Պատերազմի նոր
թակարդների մեջ՝
իրենց սնունդն են
գայլի պես տենչում,–
Դրանց հո՝ երեկ,
նոր չե՞մ ճանաչում.
Շուտով կլինի
մի վաթսուն տարի…
10
Ձյան տակ պարելու,
ձյան հետ խաղալու՝
Ամենամաքուր
խինդը մանկական՝
Առավոտը շուտ
ինձ հանեց տնից՝
անափ բերկրությամբ.–
Թեև դառնում եմ
վաթսուն տարեկան…
11
Մարդը գտնելու՝
չկորցնելու
փայփայանքի հետ,
Բառը գտնելով միշտ՝
կորցընելու վախը չունեցա.
Կորսըվողներին
դեռ ափսոսանքով
Կրում եմ իմ մեջ,–
երկա՜ր.
Դառնում եմ վաթսուն տարեկան։
12
Վազքի՜ ու վազքի,
Եվ պատնեշներո՛վ
վազքի արանքում,
Մի պարտաճանաչ երեխի նման՝
երբ էլ որ ընկա,
Խոստացա՝ անխոս
ջանալ ավելին,
Զորեցի՞ արդյոք,–
Է՜հ, վաթսուն տարիս
պիտի լրանա…
13
Եվ թեթևորեն
անցնում եմ ճամփաս
Եվ քամիներն եմ՝ ինձ եկող
ճեղքում,–
Ո՜չ ոք չգիտի
քաշն իմ ծանրության,
Իսկ տարիքս արդեն
դառնում է վաթսուն…
14
Բայց երկրի վրա
քիչ եմ ճամփորդել,–
Ինձ միշտ են կանչել
ուղեծիրները
տիեզերական,–
Կանցնեմ ես արդեն
ոլորտից ոլորտ.
Շուտով դառնում եմ
վաթսուն տարեկան…
15
Երբ էլ գաս՝ արի,
իմ լուռ հրեշտակ,–
Սահմաններ չկան
իմ և Քո միջև.
Իմ բախտի համար
Դու ինձնից շատ ես
աղոթում էդտեղ՝
Արդեն կլինի
մի վաթսուն տարի,–
Երբ էլ գաս՝ արի՛…
ՇՈՒՆՉՍ՝ ՇՆՉԻԴ
Ամեն գիշեր աղոթքով է,
որ կփակեմ դուռը իմ տան,
Կմենանամ իմ հոգու հետ՝
երբ լռությամբ,
Որպես ծովի ձայնը ներքին՝
Քե՛զ լսելու, իմ Արարիչ,
Ես սրտիս մեջ ամեն գիշեր
Սերը կզգամ քո ափերի,
Որ ոչնչից կյանքեր հունցեց
ու նվիրեց անհուններին…
Եվ երբ ննջեմ
բոժոժի մեջ իրիկնական,
Ինչպես մանուկ հոգին՝
ընծա այս աշխարհին,–
Դու երազում
ափերիդ մեջ ինձ տեղ կտաս,
Ծովի նման ինձ կօրորես
ալիք-ալիք…
Աչքըս բանամ երբ ամեն օր՝
Լուսաբերի լույս ծեգի հետ,
Հոգուս աչքով
ու փեղկերով լուսամուտիս,–
Քե՛զ Արարիչ,
սրտիս երգով կմիանամ՝
Տված շունչըդ քեզ խառնելով –
շունչըս՝ շնչիդ…