ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ – 145

Թեման, որ այսօր բարձրաձայնվում է Ավետիք Իսահակյանի նամակներում, չափազանց արդիական է: Նամակները գրված են մոտ 100 տարի առաջ, և այն բոլոր խնդիրները, տագնապները, որոնց անդրադառնում է Իսահակյանը՝ Հայոց հարց, Հայաստանի քաղաքական ճակատագիր, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան առնչություններ, արդիական են, քան երբևէ, որովհետև պատմությունը չարագուժորեն կրկնվում է: Հայը մնում է հայ՝ երազկոտ, ռոմանտիկ, մաքուր, նաիվ, հավատացող, կրկին վերջին հույսը դնելով Աստծո վրա: Թուրքը մնում է թուրք՝ մարդասպան, արյունարբու, գիշատիչ, նենգ, դավաճան, անհավատ մի ցեղախումբ: Ռուսը մնում է ռուս, հյուսիսային երկիր՝ սառը դատողականությամբ, հաշվենկատ, հավատարիմ՝ պահի ազդեցության տակ, զորեղ՝ բայց ուժեղի բարոյականությամբ: Իսկ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:
Հայ ազգային մեծ բանաստեղծի մտորումները ներկայացնում ենք «Գրական թերթում» ոչ թե հուսախաբելու, հիասթափեցնելու, այլ հույս տալու, համախմբելու և հավատալու մեր հաղթանակին, որովհետև Աստված իր զավակների, ամենահին քրիստոնյա ազգի հետ է: Հավատանք և շարունակենք մեր մաքառումը:
Նամակներն ուղղված են Իսահակյանի հին ընկերներին՝ ՀՅԴ կարկառուն դեմքեր Սիմոն Վրացյանին, Վահան Նավասարդյանին, Ռուբեն Դարբինյանին, Համո Օհանջանյանին, Վարդգես Ահարոնյանին, Սիմոն Հակոբյանին, ում հետ Վարպետը եղել է թե՛ գաղափարական, թե՛ մարտական ընկեր: Բա էլ ո՞ւմ պետք է հավատար Իսահակյանը, եթե ոչ նրանց, ովքեր Սարդարապատից հետո հիմնադրեցին Հայաստանի առաջին անկախ հանրապետությունը:
Երանի այդ օրերին…

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Մովսես Խորենացու մեդալակիր

 

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ*

209. ՀԱՄՈ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ

1919, 30 մայիսի, Ժնև
Սիրելի Համո, այսօր ստացա բացիկդ. շատ ուրախացա և շատ շնորհակալ եմ գրածներիդ համար. մեկ-մեկ գրիր. շատ պարտավորած կլինես ինձ, գիտեմ, որ շատ զբաղված ես, բայց վնաս չունի. շատ տանջվում եմ մեր պաշտելի ժողովրդի անորոշ վիճակի համար:
Գրում ես, որ շատ վրդովված եմ. ինչպե՜ս չվրդովվել, երբ տեսնում ես մի կողմից Դաշնակիցները ուզում են (կամ ցույց են տալիս, թե ուզում են) հայությունը ազատել թյուրքերի ճանկից, մյուս կողմից 3-400.000 ամենաընտիր հայերի դնում են թյուրքի լծի տակ. իրենց աչքի առջև, իրենց անտարբերությամբ, կոտորեցին Բագուն, ջնջեցին Նուխիի և Արեշի հայությունը, այդ բավական չէ, նոր կատաստրոֆների դուռ են բանում այդ սրիկա, էգոիստ ավազակները, իրենց շահերի համար. որովհետև ուզում են Կովկասը ունենալ, դրա համար իրենց հովանավորած վրացի և թյուրք ժողովուրդների սահմանները մեծացնում են, գրավելով Լոռիի հանքերով հարուստ գավառը, Ղարաբաղը, հերոսական Ղարաբաղը իր հարուստ հանքերով. ձգտում են Նոր Բայազետի հյուսիսային ափերը գրավել, ուր հարուստ, ճոխ են մանգանեզի, խրոմի, երկաթի, գրաֆիթի, անագի հանքերով, իսկ Գետաբե՞կը, որ հայ շրջանի մեջ է: Անգլիա, անկուշտ, անհագ, հիպոկրիտ, վամբիր:
Ֆրանսիան էլ գրավում է Դիարբեքիրը՝ ցորենի ամենահարուստ դաշտերը և Արղանա-Մատենի կլասիկ հանքերը. մեր «բարեկամ»ները ուզում են մեզ զրկել հանքերից, որ իրենց թյուրքոֆիլ բուրժուաների գերին դառնանք:
Մենք իրավունք ունենք լիուլի մեր հողերի վրա, որովհետև մենք նրանցից շատ ենք կռվել, շատ ենք զոհվել. մենք կռվել ենք մեր հայրենիքի համար. իրենք – իրենց գրպանի համար:
Լսե՞լ ես, որ ջարդարար Թաղիեֆին անգլիացիք «Սիր» – Sir տիտղոսն են տվել. եթե չամաչեն՝ Թալեաթին էլ կտան:
Այսօր Գրինֆիլդից նամակ ստացա. ուղարկել է ճապոնական պետության, պրուսական պետության սահմանադրության ստատյուտները, նույնպես պարսկական ստատյուտը. հետո Բելգիական սահմանադրության վրա գրքերի ընդարձակ ցուցակ ֆրանս.- գերմաներեն լեզուներով: Չգիտեմ՝ ո՞ւմ տամ թարգմանելու, բավական ընդարձակ բաներ են, ես բոլորովին ժամանակ չունեմ, և երևի չեմ էլ կարող, շատ մասնագիտական է. մտածում եմ մեկին գտնեմ:
Գրինֆիլդը խորհուրդ է տալիս օգտվել բացառապես Բելգիական ստատյուտից, որ ասում է, ամենակատարյալն է, և մոդել (այդ մեզ էլ էր հայտնի):
Գրածդ նամակը պարզ չէր.- դու ուզում ես կարծեմ հենց այս երկրների՝ Շվետ, Նորվեկիա, Հոլանդ, Դանիա և այլն, երկրների սահմանադրությունները. Փարիզ էլ կարելի էր գտնել:
Ստացա Ռոհրբախի կազմած գիրքը, շա՜տ լավն է. տեքստը 144 մեծ երեսներ, հետաքրքիր բովանդակությամբ. գրած է նույնիսկ Դաշնակցության ծրագիրը.- լավ նյութեր կան: Պատկերների թիվը 128 հատ:
Պիտի գրեմ, որ շատ ղրկեն:
Ճարտարապետության գիրքը ուղարկված է Մայիսի 13-ից, բայց դեռ չեմ ստացել, օրեցօր սպասում եմ:
Զվեզդիչը երեկ ինձ պատահեց, խնդրեց, որ Հայաստանի մասին գրելիք հոդվածը շուտով հասցվի (հիշում ես, չէ՞, որ առար՝ Սիմոնին տալու), ստիպիր Սիմոնին մի բան գրե, նույնպես քարտեզը, որ կարող եք հայկ. պատգամավորության քարտեզը, փոփոխելով ղրկել. նա միտք ունի և առանձին բրոշյուրով հրատարակել, դրա համար մենք հանձն պիտի առնենք որոշ քանակ տարածելու. աչքաբաց հրեա է, օգտվել է ուզում. թող օգտվի. մենք էլ շահ ունենք:
Ձեզ մատաղ, ամեն բան արեք, Ղարաբաղ, Լոռի չկորցնեք: Սեբաստիա, Կեսարիա հայերիս սրտին բան չեն ասի, իսկ Ղարաբաղ, Սյունիք. Դավիթ Բեկ, Դուման, Թուման, Մենակ… Անկարելի է. և վերջապես Ղարաբաղցուն չի կարելի ընկճել. Մելիքների որդիները նորեն Ռուսներին կբերեն. թյուրքերը չեն կարող նրանց տեր լինել… երբե՛ք:
Ջերմ բարևներ, Ձերդ՝ Ավետիք

Հ.Գ.- Հանգանակությունը հօգուտ հայ կարոտյալների շարունակվում է Գրինֆիլդի քաղաքում և հույս ունի որ 50.000 մարկի հասնի. համաձայն չէ դրամը փոխադրել, որովհետև մարկի կուրսը շատ ընկած է, ոչինչ կդառնա, այլ մտածում է նյութեր առնել և ուղարկել ուր որ պետք է. նյութեր, օրինակ՝ դեղեր, եթե թույլ տան դուրս տանելը. բայց երկաթեղեն իրեր, գյուղատնտեսական գործիքներ, մեքենաներ ավելի հեշտությամբ թույլ կտա այնտեղի կառավարությունը: Խնդրում է, որ ձեզ գրեմ. ի՞նչ ապրանքներ հարմար կդատեք և ո՞ւր ուղարկել. մանավանդ որ ուղարկելը Դաշնակիցների թույլտվությամբ և նրանց միջոցով պիտի լինի:
Գրինֆիլդը գալու է ամառը Զվիցերիա. խորհուրդ կտայի ձեզ, եթե հնարավոր է, Փարիզ կանչել նրան, օգտվելու ստատյուտ կազմելու խնդրում, նա շատ իրազեկ է. Պարսկական և այլ երկրների սահմանադրության մասին լավ գրքեր ունի գրած:
Ռոհրբախի գրքի մեջ չկա ձեր Պայծառափայլ Պողոս Փաշայի նկարը. սրտովս եղավ:
Նորից բարևներով՝ Ավետիք

Խնդրում եմ նորից, գերիների մասին. որ գոնե առանձին լագերի մեջ դնեն. ասում է դիմում ենք միշտ, սակայն առանց հաջողության. միայն խոստումներ:
231. ՍԻՄՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

1920, 5 սեպտեմ<բերի>, Ժնև
Սիրելի Սիմոն,
Չեմ ուզում վիճաբանության մեջ մտնել, որովհետև վերջիվերջո ես բուն գործերին, անցուդարձերին իրազեկ չեմ. իմ տեղեկությունները լրագրերից են. սակայն չեմ կարող աչք գոցել Հայկական Պարլամենտի հարցապնդումներին և բանախոսություններին, ուր Հայ իրականությունը ներկայացնող մարդիկ, ինչպիսին են Համոն, Աղբալյանը և մյուսները, բուռն ցասումով հակառակ են խոսում բոլշևիկներին և Պարլամենտը հավանություն է տալիս:
Ես գնահատում եմ և քո կարծիքները, գիտնալով, որ դու պոռոտախոս և կրքոտ չես, բայց, սիրելիս, ինչո՞վ բացատրել փաստերը: Բոլշևիկների լեզուն այլ է, գործերը – այլ. փաստը այն եղավ, որ մինչև Նախճևան առան-տվին թաթարներին, ուզում են խլել և Վայոց Ձոր, Իգդիր, Կարս, Օլթի: Ուզում են իրենց գործերով վերականգնել Բրեստ-Լիտովսկի ողբալի դաշնագիրը:
Ինձ թվում է, որ դու էլ ինձ պես կաշառվում ես լոզունգներով, գեղեցիկ խոսքերով, ծրագրներով, սոցիալիզմով, երազներով. ինձ պես իրատես չես, այլ ֆիկցիոնիստ: Թոթափի՛ր աչքերիցդ վարագույրը.- և աչքերիդ առջև կտարածվի դաժան իսկությունը – այն ինչ որ Մուսաֆատը չկարողացավ, բոլշևիզմը արեց: Իթթիհատը բոլշևիստ է,- սա իրականությունն է. անհերքելի փաստ ունիմ, որ Բերլինում Թալաաթ փաշան գործում է սպարտակիստ բանվորների մեջ. սրան չես հավատում, սակայն նույնքան իրական է, որ Քեմալը (Մուսթաֆան) իր մասսաները ոգևորում է բոլշևիզմով …
Կրկնում եմ, և վերջացնում. Ռուսիան ճիշտ և ճիշտ նախկին Գերմանիայի դիրքի մեջն է՝ պայքար մղելով Անգլիայի դեմ, օգտագործում է իսլամ տարրը՝ մեզի զոհելով. մեր փրկությունը Ռուսիայի ջախջախման մեջն է. կորչի Ռուսիա-Թյուրքիա, որ ապրի Հայաստանը:
Իմ գնալը մի կաշմար դարձավ ինձ համար. այդ 5000 ֆր<անկով> հազիվ հասնեմ կամ նույնիսկ չհասնեմ, սակայն անկարելի է դելեգասիոնից ավելին խնդրել. դրա համար էլ շա՜տ և շատ շնորհակալ եմ բոլորիցդ, և խնդրիր Ահարոնյանին, որ այդ 5000 առանց վերածելու զվիցերական ֆրանկի հետը բերե, տա Նևրուզին, որ գնալուս առնիմ: Դրա մասին գրել եմ Միսակին. կարդա նրան գրածս:
Սակայն ինձ ուրիշ փող է պետք. շա՜տ կարիք ունիմ. անպատճառ վճարելիք մանր պարտքեր, հագուստ և այլն:
Ում որ դիմեցի, քար տվին. թույլ եմ տալիս ինձ թե Մուրադբեկյանին՝ եպիսկոպոս, թե Արմեն Գարոյին անվանելու եսակամներ, վատեր, և ոխ քշելու նրանց հանդեպ. այդքան վիրավորական վերաբերմունք ինձ դեմ. ուզածս մի 2-3000 ֆրանկ էր, իսկ իրենք 1000ներ են ծախսում «ազգային գործերի» համար, իսկ Գարոն – ուղղակի ավազակ. փաստեր ունիմ. կասեմ քեզ:
Ժամանակը վատ է, մարդիկ դարձել են անգութ, կեղծավոր եսամոլներ. ա՜խ մի գլուխս ձգեի Շիրակ, փռվեի հայրենի հողի վրա և լայի. և լայի. այնպես ջղայնացած եմ, և արդար զայրույթով լեցուն:
Գլուխս կտրի՛ր, թե անարդարություն եմ գործում, կամ ասում. եթե մի սրբություն կա, որի համար ապրում եմ – դա հայ որբն է, հայ չարքաշ ժողովուրդը, հայ ինքնազոհ բանակը. թքել եմ բոլոր մյուսների վրա.- լինի ընկեր, գործիչ, դիպլոմատ. ձախ ոտքիս այլասերված ճկութը իր գիտակցությամբ դրանցից բարձր է: Քեզ հաճելի չեն այս հայհոյանքները, ների՛ր, խնդրեմ, բայց ընդունիր, որ ճիշտ են:
Քո Ավետիք

280. ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆԻՆ

1922, 30 մայիսի, Վենետիկ
Սիրելի Սիմոն,
Նամակդ ինձ շատ ուրախացրեց այն պատճառով, որ մտածել ես ու հիշել ինձ: Ուշ եմ պատասխանում, որովհետև ամբողջ 10 օր զբաղված էի Ճենովայից եկած հայ բարեկամներով, որոնք մեկնեցին Վիեննա: Շոշափածդ խնդիրը այնքան ծանր է, որ անկարելի է նամակով սպառել. պետք է միասին լինել, որ հնար լինի իրար հասկանալ ու թյուրիմացությունները պարզել, և ստուգել փաստերը:
Ի՞նչ ասել. ո՞րտեղից սկսել. ամենից առաջ ասեմ, որ ես 1912 թվից սկսած չեմ բաժնել Դաշնակցության տակտիկան. Վիեննայի ժողովից արդեն 1907 թ., ես հրաժարված էի Թյուրքահայաստանի անկախության գաղափարից, համարելով դա վտանգավոր ցնորք, իսկ իմ մի տարվա կյանքը Պոլսում (1911-12) ինձ վերջնականապես համոզեց, որ հայ ժողովուրդը ոչ մի հնար չունի, տերիտորիալ մտքով, բաժանվել Թյուրքիայից. հիմարությունից վեր մի բան է հույս դնել դիպլոմատիայի վրա, թյուրքահայը ազգային ուրույն պոլիտիկ պետք չէ ունենա. մի տեսակ ապոլիտիկ գոյություն, սպասելով Թյուրքիայի քայքայմանը, որ պիտի գար անհրաժեշտորեն, սակայն ոչ մեր միջոցով. մեր իմաստությունը պիտի կայանար նրա մեջ, որ քանդվող Թյուրքիան փուլ չգար մեր վրա, ինչպես եղավ: Գուցե հիշում ես, որ ես Բալկանյան պատերազմի նախօրյակին մի նամակ էի գրել, որ փոխանակ Ալեքսանդրոպոլի՝ Բոստոն էի ղրկել. քո ձեռքն էր հասել, ուր ես հակառուս, հակաբալկան խրատներ էի տալիս. այն օրերին, երբ Ցարն ու Դաշկովը խորհուրդներ էին տալիս Կաթողիկոսին, որ շարժեր թյուրքահային՝ հայկ. հարցը վերազարթնեցնելու համար, ես այդ ձգտման տակ նկատել էի ապագա ջարդերի սաղմը… Ես գնացի Գերմանիա գործելու այն մտքով, որ ընդդեմ ռուսների պաշտպանենք հայությունը այդ խաղերից. պատերազմը վրա հասավ. ես Գերմանո-Թյուրքերի կողմն էի, հակառակ Անտանտի, նախապես գիտնալով, որ եթե բռնենք Ռուսիայի կողմը՝ պիտի ջարդվենք… (Լիպ. Նազարյանն էլ այնպես էր <մտածում>), մի խոսքով դեմ էի կամավորական շարժմանը… Կարճ, ինչ որ գուշակում էի՝ եղավ – ջարդ, բնաջնջում: Ես ատող եմ Անտանտին, և դիպլոմատիայի. իմ նպատակս էր փրկել հայի ֆիզիկ. գոյությունը: Այժմ էլ նույն տեսակետն ունեմ. հայի ֆիզիկ. գոյությունը բարձր է իր անկախությունից, և ուրեմն ավելի կուսակցական շահերից. այս տեսակետից ես Դաշնակցությունը գտնում եմ հանցավոր, տղայամիտ և տհաս, ենթակա բուրժուազիայի և ամբոխի թելադրություններին. մեր դաշնակց. շեֆերը Սամսոն Հարությունյանի մի այլ տեսակն էին. քիչ բացառությամբ՝ տգետ են մեր կուսակցության ղեկավարները, ռոմանտիկ. Ահարոնյանը տիպ է, սիմբոլ դաշնակցական, մեծխոսիկ, ստախոս, բըլըֆ, տգետ և անբարեխիղճ: Դաշնակցության մասսան և զինվորները, անշուշտ, մեղավոր չեն, նրանք հլու և անձնվեր ենթարկվողներ են, բայց ղեկավարները (քիչ բացառությամբ) ավանտյուրիստներ…
Ես բոլշևիկ չեմ, և ատում եմ նրանց, բայց ի՞նչ խելք էր որ չընդունիլ բոլշևիկյան օրիենտացիան, ինչպես Բագվում 1918 թ. եղել էին Ռոստոմը և մյուսները, սրիկա անգլիացիներին բերելուց առաջ: Ձեզ ո՞վ ասաց, թե Անտանտը պիտի ազատե Հայաստանը, և Միացյալ Հայաստանը. ի՞նչ հիմք կար հավատալու խենթ Վիլսոնին, և հայասերների դատարկաբանություններին: Ամբողջ ջանքը պիտի լիներ մերոնց գոնե եղածը պահել, 1914 թ. սահմանները, և Շանթի պես միամիտ և օպտիմիստ մարդու ապիկար առաքելությունը Մոսկվա, Դարբինյանի էգոիզմը, Համոյի անճկունությունը… ահա աղետի հիմքը. փոխանակ Ատրբեյջանի հետ միասին ընկնելու բոլշևիզմի համեմատաբար փրկարար գիրկը, Հայաստանը՝ հացից, ջրից զուրկ այդ ողբալի երկիրը, զենք է խաղցնում խենթացած Ռուսիայի դեմ… ի՞նչ անկախություն, ի՞նչ մեծ Հայաստան. իրականություն գոյություն ունի՞, թե՞ միայն բաղձանքներ, բանաստեղծություն: Կուզեիք Թրքահայաստանից հողեր, թողնեիք՝ Պողոս փաշայի պատվիրակությունը պաշտպաներ. Երևանի կառավարությունը չպետք է ժամավաճառ լիներ և կորցներ ստվերի համար Ղարս, Իգդիր, Կողբ, և տասնյակ հազարավոր կյանքեր…
Հիմա.- Հիմա ամենալավ լուծումն է, որ եղավ. միայն բոլշևիկ Հայաստանը կարող է իր բոլոր բացասական կողմերով հանդերձ, պահել հայի գոյությունը. Դաշնակցությունը եթե մնար, հիմա, մինչև օրս, մի 200.000 հայի գլուխ կերած կլիներ: Ելքը սա է. թողնել թշնամական ընթացքը բոլշևիկների դեմ, աջակցել, ձուլվել, միանալ, աշխատել Ռուսիայի վերանորոգման. մեր գոյությունը հիմա կախված է միայն Ռուսիայի գոյությունից. այլևս ուշ է և աննպատակ հաշտվել Թյուրքիայի հետ, անօգուտ է հույս դնել նենգ վրացիների և ֆանատիկ թաթարների վրա, ոճիր է նորեն հավատալ Անտանտին. հայկական հարցը լուծված է հայի բնաջնջման հետ, որ եղավ ողջ Եվրոպայի սրտովը. այլասերված է վաղուց հայ<կական> հարցը, նա եղել է եվրոպացիների համար հասույթի կոնցեսիաների աղբյուր: Սա է դառն իրականությունը. Դաշնակցությունը պետք է աչքերը բանա. Սեպուհները պետք չէ որ ղեկավարեն և ոչ էլ Ահարոնյանի, Արմեն Գարոյի, Շահնազարյանի (Արարատյանի) և այլն մարդուկների քլիքը:
Ուզում եմ, որ չվիրավորվես ինձնից, և սառնորեն կարդաս և մտածես. գիտեմ, որ թշնամությամբ լցված ես. հավասարակշռությունդ կորցրած, պիտի դատես կրքով, որ լավ խորհրդատու չէ. և կուզեմ, որ ինձ չմեղադրես թե, նստել եմ Վենետիկ, և տաք-տաք խոսում եմ. «թող գայիր երկիր գործեիր»… 2«2 ամեն տեղ 4 է. և վերջապես ես սկզբից անհավատ էի և սկեպտիկ. և երբեք չոգևորված Հայաստանի անկախությամբ: Ես ասացի այն, ինչ որ մտածում եմ, ինչքան որ կարելի էր հապճեպ նամակի մեջ:

Ցավում եմ, որ տղադ կորցրել ես, խենթացուցիչ վիշտ է դա, աշխատիր մոռանալ:
Գալով ինձ, ես ունեցա շատ դառն օրեր. մեր ընտանեկան կորուստները շատ մեծ են. մարդկային և տնտեսական մեծ կորուստներ. անձնականապես ես դեռ ոտքիս վրա եմ. շատ չեմ ծերացել, պարապում եմ, գրում եմ, բոլորովին հուսահատված չեմ հայության ապագայից, միայն թե Ռուսական քաոսը պարզվի, մի ձևի հանգի. հավատ չունեմ բնավ ազգային օճախի վրա:
Դաշնակցությունը դեռ կարող է ապրել, եթե բյուրեղանա ու թողնի իր ցնդաբանությունները և փթած շեֆերը:
Շատ բան ունեմ գրած, և գրում եմ… «Սասմա Մհերը» նոր եմ գրել, բոլորովին նոր, 1921 Դեկտեմբերին 4 օրվա մեջ, հիմա մշակել եմ, և շինել եմ անխոցելի գործ. ողբալի Կարինում քեզ կարդացի «Ուստա Կարոն» վեպս կամ «Մասըսա Մանուկ» պոեման. դուն խառնում ես:
Ապագայում չգիտեմ ի՞նչ եմ անելու. Երևանից հրավիրել են ինձ, բայց չեմ գնալու. վերջիվերջո ես հասարակական գործիչ չեմ, այլ գրող, ինձ պետք է գրական միլիո, և որդուս կրթություն եմ տալիս, և վերջապես մեր տունն ու տեղը քանդված է, ո՞ւր գնամ…
Ջերմ բարևներով և համբույրներով՝
Ավետիք Իսահակյան

Հ.Գ.- Երբեմն եթե գրես, շատ կուրախանամ:
300. ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ

<1923>, 30 հունվարի, Վենետիկ
Սիրելի Վարդգես,
Այսօր ստացա ուղարկածդ 4 գիրքը, սպասում եմ մյուսները ևս. «Հայ<աստանի> Ձայնի» միջոցով դյուրավ և զիջումով կարող ես գրքեր ստանալ. սա գրում եմ ի միջի այլոց. առհասարակ կուզեի, որ հաջորդ խնդիրներս էլ գրքեր գնելու մեջ՝ կատարեիր, որովհետև ֆրանս. գրքերի կարիք ունիմ. մեկ, որ կուզեմ շա՜տ կարդալ, որ չմոռանամ այդ լեզուն, որ ուշ տարիքումն եմ սովորել և խոր չի տպվել, ինչպես գերմաներենն է. և երկրորդը, որ ֆրանս. գրականությունը լավ չգիտեմ: Միայն կխնդրեմ, որ քեզնից՝ քո գրպանից, ո՛չ մի սանտիմ չծախսես, ասում եմ՝ լոթիհանգի. բավական է, որ նեղություն ես կրում, ուրեմն գրիր, որ փող ղրկեմ…

Վաղուց է՝ ձայնդ կտրել ես. ի՞նչ եք անում, ինչպե՞ս է Արմենուհին, Արփինեն և Վրույրը, Բաբիկը. ինչպե՞ս եղավ նրանց առողջությունը: Լսում եմ, թե Հ<ովհաննես> Թումանյանը ծանր հիվանդ է, ուզում են Բեռլին բերեն՝ բժշկելու, միթե՞ ճիշդ է. շատ ցավալի լուր է, եթե ճիշդ է. զգում եմ, որ անփոխարինելի կորուստ կլինի բոլորիս համար, բայց հավատս մեծ է. ի՞նչ ասեմ:
Սրտով հետևում էի Լոզանի ժողովին, թեև հույսեր չունեի, ինչպես ամեն հայ միշտ մի տեսակ անհույս հույս ունի. բայց երբ ինչպես հիմա ոչ մի հայ հույս չունի, բայց և այնպես հույս ունեի, իմացա թե հայերի պահանջը 18 հազար կիլոմետրի մեջ է, Սիրիայի կողքին, այն էլ թուրքի ձեռքի տակ, այս անգամ և ընդմիշտ հուսահատվեցի և ձեռք քաշեցի հայկ<ական> հարցից և հիմա շատ լավ եմ զգում ինձ. հարյուր տոկոսով իմացա, որ Եվրոպան՝ մեջն ունենալով մեր «բարեկամ» Անգլիան, միմիայն խաբում են մեզ, ուրիշ ոչինչ. այլևս վերջ հույսին ու հավատին, և անիծված Անգլիայի հերը:
Ըստ իս՝ լավ կլինի, որ դելեգացիաները ռուսների հետ հարաբերության մեջ մտնեն՝ թույլատվություն ստանալու համար թափառական հայերը տեղափոխելու Ռուսիա, Հյուսիսային Կովկաս. ավելի լավ է այնտեղ թեկուզ ձուլվեն ռուսների հետ, քան թե լիրբ եվրոպացոց մեջ ձուլվեն, գոնե ռուսները հոգի ունին, իդեալ ունին, իսկ չորացած եվրոպացիք միայն կեղեքող են, շահամոլ, փողի համար ամեն բան ծախող:
Լսեցի նույնիսկ, որ Չիչերինը հայ պատգամավորությա՞նը, թե հայասերներին ասել է, թե հայերը թող գան Կուբան, 600 000 մարդու տեղ կուտանք. եթե ճիշտ է, շա՜տ մեծ բան է, հրաշալի երկիր է, հարուստ, ծովափով. և մայր հայրենիքին էլ մեծ օգուտ կլինի: Միևնույնն է՝ մի օր Ռուսիան կազմվելու է և կռվելու է թուրքերի հետ. լավ կլինի, որ բոլոր հայերը լինեն Ռուսիա, և այդ ապագա կռիվների մեջ ջարդեն թուրքերին, քրդերին և լուծեն դարավոր վրեժը և գրավեն պատմական հայրենիքը: Թուրք, թաթար… անհաշտ թշնամի են մեզ և մենք պիտի միայն ռուսների հետ լինենք. պետք չկա և պետք չէ նույնիսկ հաշտություն ու համերաշխություն քարոզել այդ տարրերի միջև, գոնե թուրքի և թաթարի հետ ոչ մի հաշտություն, որովհետև այդ ժողովուրդները նենգ են, խարդախ, և ունին անփոփոխելի ծրագիր՝ ջնջելու հայությունը, որ միանան այդ սրիկա ժողովուրդները իրար հետ. իսկ հայերը միամիտ են և հավատացող. հազար փաստեր կան դրա համար:
Դաշնակցությունը երկրի մեջ թող մի կերպ համակերպի բոլշևիկների հետ, իսկ դրսի գաղութների Դաշնակցությունը մնա օպոզիցիոնի մեջ, քննադատե բոլշևիզմը (արդար և իրավացի կերպով), մշտական հարաբերության մեջ լինի ռուս օպոզիսիոնի հետ ապագայի համար:
Հիմա ի՞նչ կասես գրածիս մասին. խնդրեմ գրես, թե ի՛նչքան հիմք ունի Չիչերինի առաջարկը Կուբանի մասին. անպատճառ գրիր, Վարդգես ջան:
Ուղարկում եմ «Արձակ էջեր» գրքույկս, մտադիր էի հատորներով լույս ընծայել արձակներս, բայց Պոլսի դրությունը փչացավ, գուցե ուրիշ տեղ հրատարակել տամ: Սպասում եմ նամակիդ: Բարևներ բոլորիդ:
Համբույրներով քո Ավետիք
————————————————————————-
* Նամակները ընտրված են Ակադեմիական հրատարա­կու­թյան 13-րդ հատորից (2020)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։