Ողջ կյանքի ընթացքում պարբերաբար հանդիպել և հանդիպում եմ (ու հուսով եմ, որ այլևս չեմ հանդիպի) կանանց մի տեսակի, որոնց ընդհանուր գծերից հատկապես առանձնանում է համոզվածությունն իրենց ամենագետ լինելու մեջ։
Հենց սկզբից ասեմ, որ նման տղամարդիկ ինձ չեն հանդիպել… միայն մեկ հոգի, այնպես որ ինձ չմեղադրե՛ք սեքսիզմի մեջ։ Այդ կանանց տարիքը տատանվում է 35-ից 90-ի միջև։
Գուցե նրանք վատը չեն, անգամ՝ լավն են։ Բայց…
Նրանք մշտապես ավելի քան համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են, իսկ դիմացինը՝ սխալ։
Եվ քանի որ բոլորն էլ երբևէ չամուսնացած են կամ ամուսնալուծված, իրենց անձնական կյանքի չստացված լինելու մեջ մեղավոր է արար աշխարհը, իրենցից բացի։
«Բախտ չունեմ»-ը նրանց թիվ մեկ բացատրությունն է։
Նրանք մեծ մասամբ խոսում են իրենց մասին։ Երկիր մոլորակը պտտվում է իրենց անձի շուրջը։
Նրանք քննադատում են ամենքին և ամեն ինչ, մարդկանց «ճակատին» (գնահատեք՝ ո՛չ հետևից) ասում բոլորի թերություններն ու սովորեցնում ճիշտ ապրելու ձևերը… սակայն երբ հերթը հասնում է իրենց, մեղավոր է միայն այդ չարաբաստիկ «բախտը»։
Նրանք չեն խնայում ո՛չ հարազատներին, ո՛չ ընկերներին՝ անվանելով նրանց տգետներ, միամիտներ, քանի որ վերջիններս բավականաչափ խելք չունեն՝ հասկանալու ու մտածելու իրենց նման, ասել է թե՝ միակ ճիշտ ձևով։
Նայած մարտավարության՝ նրանք կարող են և լաց լինել, բայց դա երբեք չհամարել թուլության դրսևորում…
Կյանքի անխտիր բոլոր երևույթների վերաբերյալ նրանք ունեն վերջնական (իմա՛ քարացած) համոզումներ, որոնք վերին ատյանի ճշմարտություններ են։
Նրանք ունեն բոլոր հարցերի պատասխանները։ Նրանք քաղաքագետ են, արվեստագետ են, իրավագետ են, համաճարակագետ են, ծառագետ են… մի խոսքով՝ ամենագետ են։ Սակայն եթե իրենց իմացածի աղբյուրը հարցնես, պատասխանը չոր «ես գիտեմ ու վե՛րջ»-ն է։
Որպես օրենք՝ նրանք շատախոս ու երկարաբան են՝ գրավոր թե բանավոր, հեռախոսով թե սոցկայքերում։ Ամեն ինչին անմիջապես արձագանքում են, ընդ որում՝ հաճախ ագրեսիվ, սակայն իրենց ագրեսիվությունն արդարացնում են «ես ամեն ինչ երեսին եմ ասում»-ով։
Նրանցից շատերն ապավինում են մարտնչող հավատացյալությանը, շատերն, ընդհակառակը, մարտնչող աթեիզմին, բայց դրանից իրենց ագրեսիվությունն ու գոռոզմտությունը չի պակասում…
Եվ երբ «համարձակվում ես» նրանցից հեռանալ, անկեղծորեն զարմանում են, թե ի՞նչ մեղք են գործել…
Նրանք նախընտրում են ապրել հպարտ միայնության մեջ, քան այլոց հետ շփումներում անել մի շատ պարզ բան՝ քիչ խոսել կամ հարգել դիմացինի նախասիրություններն ու համոզմունքները և ոչ թե ամեն կերպ ապացուցել նրա սխալ լինելը…
Նման մարդկանցից պիտի րոպե առաջ ազատվել… իսկ եթե մոտ հարազատ է, ատամները սեղմած համաձայնել նրանց ասածներին՝ դրանք մի ականջից մտցնելով, մյուսից հանելով…
Հ.Գ. – Եվ նրանք բոլորը սիրում են Պուտինին…