ՆՐԱ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ԷԻՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Հովհաննես Գրիգորյան1970 թ. Պետհամալսարանի շրջանավարտներից երևի միայն Հովհաննես Գրիգորյանը ծառայեց Խորհրդային բանակում, թեև հենց միայն նրան չէր կարելի: Օրինապահ էր, բոլորս տարբեր հնարքներով խուսափեցինք, նա՝ ոչ, ու երկու թանկագին տարիներ կորցրեց զինվորական համազգեստի տակ: Սակայն բանակից ինձ գրած նամակներում տրտունջ չկար: Միշտ լավատես էր, համոզված, որ լավ է լինելու… Այդքան իմաստուն ու այդքան միամիտ, որ հիվանդության վերջնագծում իսկ հավատում էր հրաշքի լինելուն: Նա իր աշխարհն ուներ, որ իրական աշխարհից ավելի ընդարձակ էր թվում, իր կարգ ու կանոնը, որ դեմ էր կարգ ու կանոնին ու հնարավոր է, որ իր այդ աշխարհում իսկապես էլ ամեն ինչ լավ էր, այլապես որտեղի՞ց անընդհատ լիցքավորվող նրա լավատեսությունը: Նրա աշխարհը տարածք չէր, տարածքը սահման է ենթադրում, նրա աշխարհը ճանապարհ էր, որի սկիզբը հայտնի էր, իսկ վերջը չկար, վերջը չէր երևում և մինչև հիմա էլ անհայտ է, թե որտեղ և երբ է վերջանալու…
Չնայած սուղ միջոցներին, հրաժարվել էր հանրակացարանի թոհ ու բոհից և Նոր Արեշում սենյակ էր վարձել, սեփական տան սենյակներից ամենափոքրիկը, առանց կոմունալ հարմարությունների: Մի մահճակալ էր, երկու աթոռ, պահարան հիշեցնող ինչ-որ ուղղանկյուն և խարխուլ սեղան: Սեղանին նրա մագնիտոֆոնն էր, որովհետև սիրում էր երաժշտության տակ ստեղծագործել, թեև իր ստեղծագործությունները հրատարակեց «Երգեր առանց երաժշտության» խորագրով, որն ավելի մարտահրավեր էր, այդ օրերի համար մանիֆեստի պես մի բան: Ժողովածուի ընդունելությունը միանշանակ չէր: Եղան բանավեճեր, քննարկումներ, քննադատություններ ու նաև դրական գնահատականներ: 60-ականների պոեզիան դժվարությամբ էր ինքնահաստատվում: Հաճախ էի լինում նրա սենյակում: Կարդում էինք մեր նոր բանաստեղծությունները, քննարկում: Մի անգամ ստիպեց իմ մի բանաստեղծությունը, որն սկսվում էր «Ինձ ոչ ոք չի ների, որ ես այսքան շատ եմ հոգնած» տողով, հինգ անգամ արտասանել: Երևույթն աննախադեպ էր: Առաջին անգամ հասկացա, թե հոգու խորքում ինչքան միայնակ է ու առաջին անգամ զգացի, որ նրա անզուգական հումորը ընդամենը նրա թաքստոցն է, նրա պաշտպանական ամրոցը: Երբ հայրը մահացել էր և խորը սգի մեջ էր, տեսա, թե որքան անպաշտպան է առանց հումորի: Գենետիկորեն չէր կարողանում հաշտվել գավառականության, անպատասխանատվության, ինքնագործունեության ու բռիության դրսևորումների հետ և դրա դեմ նրա պայքարը հումորն էր, որը շահեկանորեն տարալուծված էր նաև նրա պոեզիայում:
Այս խոսքը գրելիս կարծում էի շատ մանրամասներ կարող եմ հիշել, բայց ընթացքում համոզվեցի, որ ինչ ասելու եմ ու կուզենայի ասել, ինքն արդեն ասել է իր բանաստեղծություններում, ասել է ավելի թեթևաշունչ, գեղարվեստորեն ավելի համոզիչ, որովհետև անուրանալի փաստ է, որ նրա կյանքն ու նրա պոեզիան երկվորյակներ էին, ինչի համար մեղքի պես է դրանք իրարից տարանջատելը: Մենք սիրում էինք սուրճ խմել` շատ սուրճ, ծխել` մի քանի տուփ, և մեզանով անել կյանքը, չնայած ո՛չ ինքը, որ այլևս չկա և ո՛չ էլ ես, որ դեռ կամ, մտածում էինք, որ ինչ-որ մեկը մեր կյանքից անընդհատ բաժին է խլում ու երբ հասկացանք, որ «գողը» գրականությունն է, հասկացանք նաև, որ մերը մեզ վերադարձնելու համար արդեն շատ ուշ է: Հիմա դժվար է նրա մասին հուշեր պատմելը, երբ հուշերը անցյալի տիրույթում են, մինչդեռ Հովհաննեսը իմ համոզմամբ, ապագայի միջօրեականներում է և ոչ թե ինքը դեպի մեզ, այլ մենք ենք դեպի ինքը գնալու: Ու էլի անհայտ է, թե ինչքան ենք գնալու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։