Ուկրաինական ճգնաժամը գնալով ավելի խլության դաշտի է նմանվում, երբ հակամարտող կողմերը կորցրել և ոչ մի կերպ չեն կարողանում վերականգնել միմյանց լսելու ունակությունը: Սպասվող ցանկալի երկխոսությունը ոչ թե ուշանում, հեռակա հորիզոնում էլ նշմարելի չէ, թեև խնդիրը միջազգային առճակատման է վերածվել: Թվում է՝ բոլորի նպատակը Ուկրաինային խաղաղություն պատվաստելն է, սակայն այդ երկրի օրգանիզմն ասես կորցրել է բոլոր կենսունակ ուժերը և անուժ է պատվաստին կենսահյութ հաղորդել: Վիճակը կրկին վտանգավոր հուն մտավ հատկապես հակամարտող տարածքներում անցկացված ընտրություններից հետո: Դոնեցկի և Լուգանսկի շրջանները մերժել են համապետական ընտրությունները, Կիևն էլ, իր հերթին, Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները որակել է որպես սադրիչ գործողություններ, «որոնք ոչ մի ընդհանրություն չունեն քաղաքացիների ազատ կամարտահայտման հետ և խոչընդոտում են իրավիճակի խաղաղ կարգավորմանը»: Եվրամիությունն ու ԱՄՆ-ը նույնպես քննադատել են անջատողականների կողմից կազմակերպված քվեարկությունը, որոնց ի հակառակ, ռուսները «հարգել» է դրանց արդյունքները: Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված` Եվրամիություն – ԱՄՆ – Ռուսաստան հակամարտությունը միայն պիտակով է ուկրաինական մնացել, իրականում աշխարհաքաղաքական այլ նպատակներ ու շահեր են շրջանառվում: Ցավոք, Կիևը, ազգային հետաքրքրությունները շրջանցելով, շարունակում է աշխարհի հզորների խաղի կանոններով «խաղալ», որի հետևանքները լավատեսություն չեն ներշնչում: Ամեն ինչ տանում է նրան, որ մինչ այս պահն արձանագրված քաղաքական և տնտեսական բռնկումներն ավելի լայնածավալ ու կործանիչ հրդեհ են ենթադրում: «The Economist» ամսագրի կանխատեսմամբ` չնայած բարձր հնչած հայտարարություններին, Կիևը բաց է թողել երկրում քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք գոնե մասամբ կբավարարեին ձմռանը Մայդանում բողոքի ցույցեր անցկացնողների պահանջները: Մատնանշելով ուկրաինացիների հիասթափությունը՝ պարբերականը նշել է. «Ուկրաինայում պատերազմում են տասնյակ հազարավոր զինվորներ, որոնք տուն դառնալուց հետո կհատնաբերեն մի խորհրդարան, որը չեն ընտրել: Եթե նրանք որևէ փոփոխություն չտեսնեն երկրի կառավարման իմաստով, ապա դուրս կգան փողոց: Բայց այս անգամ նրանց ձեռքին ոչ թե փայտեր, այլ իրական զենք է լինելու»: Սակայն Կիևի նորընտիր իշխանություններն այս փաստով կարծես այնքան էլ մտահոգված չեն ու այնքան էլ չեն շտապում իրենց ռազմավարությունը փոխել: Շարունակում է գերակա դիտվել խնդիրը ռազմական ուժով լուծելու տարբերակը, թեև պատմությունը քանիցս ապացուցել է, որ դա չէ խաղաղության հասնելու իրական ճանապարհը: Ակնհայտ է, որ ուժի կիրառումը կողմերին մոտեցնելու փոխարեն հեռացնում ու հեռացնելու է՝ զրկելով կառուցողական երկխոսության նվազագույն իսկ հնարավորությունից: Հակառակման ոգին միշտ էլ հակադարձում է ագրեսիային և ոչ միայն հակադարձում է, այլև պայքարում է իր իրավունքների համար: Բայց այն տպավորությունն է, թե Կիևը չի էլ փորձում, իրադարձությունների անցանկալի ընթացքից հետևություններ անելով, խուսափել ինքնակործան գործողություններից և ավելի օբյեկտիվ ու ազգաշահ քաղաքականությամբ առաջնորդվել: Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության նորընտիր առաջնորդ Իգոր Պլոտնիցկու խոստովանությամբ՝ Կիևի նախկին բոլոր գործողությունների հաշվարկը սխալ է եղել: «Նրանք չկարողացան սպանել ժողովրդի ոգին,- ասել է նա: Ճնշել, ժամանակավորապես հանդարտեցնել կարելի է, բայց անհնարին է հաղթել: Ամեն ինչ կանցնի, և վախը կանցնի: Նացիզմը հավերժ չէ, այն կոպիտ է, ծանր, այն սպանում է, բայց հավերժ չէ: Ժողովուրդը կարթնանա: Կհայտնվեն նոր հանրապետություններ` Զապորոժյեի, Չերկասկի, Խերսոնի, Չեռնիգովի: Եվ այդ ամենը սարերի հետևում չէ: Կիևը նույնիսկ չի պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում, նրանք չեն հասկանում իրենց ժողովրդին, որովհետև նրանք ժողովրդի համար չէ, որ եկել են»: Բնականաբար, Կիևի համար ընդունելի չեն «հակառակորդի» այս և նմանատիպ քննադատությունները, սակայն անառարկելի է, որ օբյեկտիվորեն այս իշխանություններն այլևս անկարող են իրավիճակը դրական հուն ուղղորդել: Նրանց օրոք չափից ավելի են զոհերը (ՄԱԿ-ի տվյալներով 3700-ից ավելի), որպեսզի գոնե խաղաղության հեռանկարը տեսանելի լինի, մի բան, որն այնքան անհրաժեշտ է, երբ մոլորակի մեծագույն հատվածն այսօր «հիվանդ» է Ուկրաինայով: Պարզապես պիտի հուսալ, որ սթափ բանականությունը այս երկրում դեռևս կարող է հաղթանակել, որպեսզի աշխարհը չհայտնվի ոչ միայն սառը, այլև սառցե պատերազմների խրամատներում:
Կարդալ նաեւ․․․
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
Այն, ինչ կատարվում է այսօր մեր սահմանամերձ տարածքներում, և դեռ…
Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Հերթական խաբեություն, հասարակությանը շեղելու միջոց, թեև շատ կցանկանայի, որ այսօրվա…
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ կողմ-դեմ / ԳԹ-ի հարցախույզին պատասխանում են երիտասարդ գրողները
ԳԹ-ի հարցախույզին պատասխանում են երիտասարդ գրողները Վահե Արսեն – Ընդհանուր…