ԲԱՐՈՒԹՅՈՒՆԴ՝ ՏՈՂԵՐԻԴ ԱՆՁՐԵՎ ՈՒ ՋՐԴԻ ՀՈՂ… / ՌՈԻԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Սամվել ՄարգարյանՅուրաքանչյուր երկրում ապրող բանաստեղծ իր ժողովրդի կենսակերպի և ժամանակի հայելին պիտի լինի: Եվ ոչ միայն բանաստեղծները… Միշտ էլ պատմությունը սրբագրել է այն ստեղծագործողներին, որոնց գրիչը թաթախված է եղել ժամանակի ստվերի մեջ: Դատարկ տարածության մեջ հիշողություն չկա: Նախախնամության կողմից գրողներիս բաշխված ամենամեծ հիշողությունը հայրենիքի և նրա մարդկանց ներդաշնակ ներկայությունն է մեր գրականության մեջ: Այսօր էլ Իսահակյան ու Թումանյան ընթերցելիս բաբախում է ժողովրդի սիրտը, որովհետև հենց այդ սրտի տակ է մեր հանճարների ոգու կրակը: ժողովրդի ճշգրիտ գնահատականի «դավթարից» երբեք չեն հեռանում նրա հոգս ու ցավի զարկերակը բռնած զավակները: Տեսեք, թե ինչ սահուն են շուրթից-շուրթ տանում Համո Սահյանի ու Պարույր Սևակի հրաշալի բանասւոեղծությունները: Սակայն այսօր նրանց մասին չէ, որ խոսելու եմ, պարզապես, մեր օրերում բանաստեղծական կյանքի խաչմերուկներն ագուցող մի պոետի մասին եմ ուզում խոսել, որ սեփական աչքով սեփական մահին սանձելուց հետո, կարողացավ երկրաշարժի փլատակների տակից զգուշորեն հանել իր բանաստեղծության անմոռուկները և աշխարհին ասել, որ Հայը կա ու պիտի ապրի: Ոչ միայն ասել, այլև՝ արվեստի դարբնոց, խոսքաշեն, հյուրասեր, իր կոլորիտով առանձնահատուկ Գյումրի քաղաքի և կորցրած պատմական տարածքների անհաշտ իրականությունը խառնել իր պոետական աղերսներին և վերհառնումի միասնական ուղիներ որոնել Հայկական բարձրավանդակի տիտանական ուժի հավերժության մեջ: Բանաստեղծի հոգևոր վերընձյուղման այդ ներքին էթնիկ կանչը, Հայաստանի հյուսիսային հատվածի 42 տոկոսի ավերվելուց հետո, դարձյալ վկայում են հազարամյակներից եկող մեր նախնիների ձեռա­գրերի մասին, այն է՝ լեռները տուն են, աստվածների բնակատեղի, այնտեղից են գալիս ու այնտեղ գնում մեր նախնիների ոգիները:
Սամվելը այնքան հարազատ է այս ոգուն և այնպես ջերմորեն ու անկեղծ է իր աշխարհի բնության հրաշալիքների նկարագրությունների նկատմամբ, որ ընթերցողի մտքով էլ չի անցնում, որ թուրքերի կողմից բռնազավթված և քրդերով բնակեցված Վանը գերության մեջ է: Երանի չէր տարածքների վերադարձը բանաստեղծի գրչի զորությանը թողնվեր…
Սամվել Մարգարյան գյումրեցի բանաստեղծը, որի «Սրբազան լեռնաշխարհ» գրքի շնորհանդեսը կազմակերպել էր Սլավոնական համալսարանը, դահլիճը լցրել էր Հայկական լեռնաշխարհի «զրնգուն հովերով, ձյունավետ ամպերով, ամրոց-տաճար գագաթներով, Զոջանց տան դյուցազնալեռներով, ծաղկանվագ մեղվաերգերով, ոսկեհասկ ու ոսկեվարդ Մշո հողով, թագ ու թռիչք Տուշպա-Վանով, վշտի գետ Արազով, Եփրատ-Արածանիով…»: Սքանչելախոս ու դրախտի դուռ մեր հայրենիքի ողջ գանձերը մեկ էջում հնարավոր չէ տեղավորել, սակայն գյումրեցի խենթ պոետը գտել է մեկտեղելու հնարը՝ հանրագիտարաններից ու գիտական տեղեկատուներից քրքրել ու գտել է նրանց ծննդյան վկայականներն ու պատկանելությունը և իր հայրենասիրության շրջանակներում կողքին տեղադրել իր սրտառուչ ներբողները: Այսպես, օրինակ՝ (էջ 28) Նազիկ լիճ. գտնվում է Վանա լճի ավազանում, Վանա լճի հյոաիս-արևմտյան հատվածում, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Երկարությունը՝ 11 կմ է, լայնությունը՝ 6,5 կմ, մակերեսը՝ 40 քառ. կմ է: Զուլալ ու քաղցրահամ են գեղատեսիլ Նազիկ լճի ջրերը, որը օգտագործվում է նաև խմելու նպատակով: Անծանոթ ընթերցողն արդեն իմացավ, որ իր պատմական հայրենիքում կա նման ջրառատ ու գեղեցիկ լիճ: Բանաստեղծը ընթերցողի հիշողության մեջ այն դրոշմելու խնդիր ունի, որ հիշողությունը չարտագաղթի…
Տեսա խաղաղ քո ծփանքը Նեմրութ լեռան վեհ լանջից, // Քո տեսիլքը ոսկեզօծեց իմ աշխարհը, Նազիկ լիճ: //Քեզ աչքերով տուն բերեցի, ամբարեցի հոգուս մեջ, //Երբ հոգնում եմ տառապանքից՝ սփուիում ես ինձ անվերջ:
Հեղինակի նպատակը խորն է, ուրիշ էլ ինչպես և ինչով կարող ես քո ազգային ժառանգությունը առևանգող ենիչերիներին ընդդիմանալ, եթե սեփական ժողովրդից, սեփական լեզվից զրկված ու աստվածային առաքելու­թյամբ քեզ տրված հողն ու նրա բեղուն ընդերքը՝ ցեղասպան պետության սեփականություն է: Սամվել Մարգարյանի բազմաթիվ շրջագայությունները Արևմտյան Հայաստան ու նրա մշակութային արժեքներ՝ պատմական հայրենիքի կարոտով ապրող որդու մշտական մտահոգություն կարելի է համարել՝ սեփական ոգու բանաստեղծական տիեզերքում հավերժական հայրենիք որոնող գրողի համար:
Դեռ վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Անիի սրբատաշ քարերի վրայից թուրքերը կրկին քերում են հայկական հետքերը, որպեսզի հայոց մայրաքաղաք Անին թուրքական մշակույթ ներկայացնեն: Մենք ստեղծել գիտենք, իսկ օտարները միշտ էլ ավերել, սպանել ու ոչնչացրել են մեր ստեղծածը…
Քեզ տենչացին խալիֆները,
Էմիրները հին Բաղդադի,
Բյուզանդիայի կայսրերը նենգ,
Սուլթանները Սամարղանդի: Բանաստեղծական գիրք և պատմական վայրերի ճշգրիտ տեղեկատու, լուսանկարների ու ջերմ պոռթկումների վառ ու արտահայտիչ տողեր, որոնք վկայում են Սամվել Մարգարյանի՝ իր հայրենիքի յուրաքանչյուր քարի, ծաղկի, լճերի, գետերի ու լեռների հանդեպ ունեցած անապական սերը: Ահա թե ինչ է ասում իր Ախուրյանի մասին.
Իմ Շիրակի հրաշագեղ տիրուհի,
Կյանքն է հորդում քո համբույրից մոգական,
Ժայռն է ծաղկում տրոփյունից քո երգի,
Ախուրյան իմ, Ախուրյան իմ, Ախուրյան:
Մի բանաստեղծություն ունես, իմ պոետ եղբայր, ուր ասում ես.
Տեր, ղրախտի այգին շնորհիր թուրքին, Տուր ինձ իմ Վանը, իմ Մուշն ու Անին…
Չէ, ես քեզ հետ այստեղ համամիտ չեմ, որովհետև դրախտավայրը դարձյալ Արևմտյան Հայաստանում է՝ Եփրատ և Տիգրիս գետերի մեջտեղ ընկած տարածքում, դա մեր հին հայրենիքն է, դրախտը տալով, միևնույն է, թուրքը ո՛չ Վանը կտա, ո՛չ Մուշն ու Անին: Թուրքը սուրն է դեմ արել, մենք՝ մեր սիրտը: Մենք մեր թշնամու հանդեպ միայն սրով պիտի կանգնենք: Բարությունդ՝ տողերիդ անձրև ու ջրդի հող… Խոսքս ավարտում եմ լուսահոգի գրականագետ Վազգեն Մնացականյանի խոսքերով նաև.
«Սամվել Մարգարյան բանաստեղծը դեռ երկար է երգելու Մուշն ու Սասունը, իր նախահայրերի էրգիրը, իր ծննդավայրը, իր Անին ու Գյումրին, իր հայրենիքը: Եվ ես հավատում եմ, որ մենք դեռ շատ ներկա կլինենք նրա բանաստեղծական ժողովածուներին»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։