ՍԱՀՄԱՆ… / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

…Հաճախակի տեղացող անձրևները լպրծուն ու վտանգավոր են դարձրել ձորակներն ու լանջերը ժապավենող ճանապարհը: Վարորդ Գարիկից մեծ վարպետություն է պահանջվում՝ մեքենան ջրափոսերից դուրս բերելու և ոլորաններում ժայռակողերին չզարկելու համար: Մեզ ուղեկցող սպան՝ մայոր Քոչարյանը, նշույլ անգամ ուշադրություն չդարձնելով ճանապարհի վտանգներին, հանգիստ պատմում է, որ ոչ վաղ անցյալում այս «սատանայի ուղին» էլ չկար և ամառ թե ձմեռ, անձրև թե ձյուն դիրքից դիրք, պահակետից պահակետ ոտքով էին գնում:
…Իսկ ճանապարհը մեզ ձորակից ձորակ, լանջից լանջ ու դիրքից դիրք է տանում: Թշնամու խրամատներն ու կրակակետերը չափազանց մոտ են, նույնիսկ ձայներն են մեզ հասնում: Եվ անձրևն էլ չի դադարում, ճանապարհն էլ թաց է ու վտանգավոր: Սակայն ոչ մի դժվարություն չի կարող կանգնեցնել Տավուշի թեմի առաջնորդ և առաջնագծում դեգերող մեր խմբի ղեկավար եպիսկոպոս Բագրատ Գալստյանին: Հերթական դիրքում անմիջապես իջնում է ավտոմեքենայից, մոտենում, գրկում է զինվորներին, ապա քարակող, սայթաքուն խրամուղիներով փութով գնում է դեպի պահակետերը, առանձին-առանձին փարվում դիրքապահներին, օրհնում և աղոթագրքեր նվիրում:
…Զատկանց տոնը տևում է 50 օր, և ահա Սրբազանը որոշում է կայացրել այն եզրափակել զինվորների հետ, մարտական դիրքերում: Բերդի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ տեր Արամը, Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ տեր Սմբատը, թեմի սոցիալական աշխատող Վարուժանը, Սրբազանի վարորդ Գարիկն անգամ չեն թաքցնում, որ արդեն «ընկել են ոտ ու ձեռից», հեշտ չէ Բերդի և Իջևանի սահմանագոտու հարյուրից ավելի դիրքեր այցելելը: Իսկ Բագրատ Գալստյանը անկոտրում է, հոգնության նշույլ անգամ չկա, ամեն դիրքում բոլորին գրկելուց, օրհնելուց հետո դեռ թարմ զվարթությամբ օրհնում է նվեր բերված զատկական սուրբ կերակուրը՝ հաց, ձուկ, կարմիր ներկած հավկիթ, փլավ, գաթա, կանաչեղեն:
…Ամեն անգամ հացի, աղի, ջրի օրհնությունից հետո, բոլորս «Հայր մեր»-ն ենք մրմնջում կամ երգում, իսկ բարձր դիրքերում, որտեղից երևում են թշնամու դիրքերը, Սրբազանի կոչով ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ենք թնդացնում… Եվ, ո՛վ զարմանք, հրաժեշտի ժամանակ Սրբազանը բոլոր «դիրքապահ թագավոր տղերքին» արդեն անուններով է դիմում, նույնիսկ մանրամասներ գիտի նրանց ընտանիքների մասին: Այն հայորդի Սրբազանը, ով Կանադայում ծառայելուց հետո մերժել է Լոնդոնում ծառայությունը շարունակելու կաթողիկոսական պահանջը և խնդրել, հորդորել. «Միայն սահմանի մոտ, միայն Տավուշ»:
…Տեր Սմբատն ու տեր Արամը, սարկավագ Արամը Սրբազանի առաջնորդությամբ հոգևոր պատգամ էին հղում մեր զինվորներին, ես էլ՝ որպես գրող, աշխարհիկ խոսք էի ասում, նվիրում իմ գրքերից… ու այսպես մինչև մութն ընկնելը, երբ չէր կարելի լույսեր վառած ավտոմեքենաների աղմուկով խախտել սահմանի խորհրդավոր լռությունը:
Աշխարհը, կյանքն ու մարդիկ, հարաբերությունները, մտքերն ու մտածողությունները բոլորովին այլ հասկացողություն, այլ արժեք ու որակ են ստանում այստեղ՝ սահմանին, երբ նույն տեղում, նույն դիրքում, նույն վտանգին առերես կանգնում ես 18-20 տարեկան, նոր-նոր սափրվող տղերքի կողքին: Այստեղ նույնանում են նաև Հայրենիքը, Փառքը, Հպարտությունն ու Պատիվը: Այստեղ թուրքն այլևս ում շունն է…
Մեր ամենագնացը միալար բվվոցով հերթական արգելքն է հաղթահարում: Փոքրիկ դադար ենք առնում բլրի գագաթին: Սրբազանը պարզում է ձեռքը. այնտեղ՝ հեռվում, մշուշների մեջ, սահմանից անդին մեր պատմական հայրենիքն է, Բագրատ Գալստյանը հայացքը կտրում է հեռուներից և կոչում.
– Օ՜ն հառաջ…
Առջևում ու դեռ շա՜տ երկար սահմանն է ձգվում, մեր երկրի ապահովության, փառքի, անվտանգության ու պատվի սահմանը: Սահմանին կանգնած թագավոր տղերքը սպասում են մեզ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։