(Հովսեփ Նալպանտյանի ծննդյան 65-ամյակի առթիվ)
Հայաշատ և հայաշունչ Հալեպում 1950-ական թվականների սկզբներից գործել է «Արփի», ապա «Հալեպ» վերակոչված տպարան, որի հիմնադիրն էր Ներսես Նալպանտյանը: Բազմաթիվ հայերեն գրքեր տպագրած այս հրատարակչի արժանավոր որդին է Հովսեփ Նալպանտյանը, որի անսահման գրասիրությունն ամենից ավելի արգասիք է վաստակաշատ հոր ծավալած գործունեության:
«Հալէպ» տպարանը,– հիշում է Հովսեփը,- ժամադրավայրն էր բազմաթիւ մտաւորականներու՝ գրողներ, բեմադրիչներ, թարգմանիչներ, հասարակական գործիչներ: Փոքր ժամանակ կը նստէի խանութի ծայրը եւ կը լսէի իրենց խօսքերը, ազգային-հասարակական-հետաքրքրական զրոյցները… Եւ կամաց-կամաց մէջս հայ գիրի ու գրականութեան մասին սէրս զարգացաւ»:
Գրքի և գրականության հանդեպ պաշտամունքի հասնող սերն էր, որ Հովսեփին 1984-ին բերեց Երևան՝ սովորելու Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Եվ Հայրենիքում ստացած բանասիրական կրթությամբ առավել խորացած գրասիրությունն էր, որ մղեց նրան, 1989-ից, ուսուցչությամբ զբաղվել իր ծննդավայր Հալեպում, որտեղ շատ չանցած, նրան վստահվեց Մեսրոպյան ազգային վարժարանի տնօենի պաշտոնը: Այս շրջանում մամուլում տպագրած հոդվածներում արդեն առկա են նրան առավել զբաղեցրած մանկավարժական, լեզվական ու գրական հարցերը…
Մանկավարժի և պրպտող բանասերի իր գործունեությունը Հովսեփն առավել լիարժեքորեն պիտի շարունակեր Լոս Անջելես արտագաղթելուց հետո (1993): Նա տեղի հայահոծ համայնքներում դասավանդել է հիմնականում մայրենի լեզու, հայ գրականություն, Հայոց պատմություն և առավել եռանդագին շարունակել իր նախասիրած խնդիրներին վերաբերող հոդվածներով թղթակցել սփյուռքահայ տասնյակ պարբերականների:
Հալեպում թե Լոս Անջելեսում դասավանդելիս Նալպանտյանը զգացել է սփյուռքահայ կրթօջախներում դասագրքերի, ընթերցարանների և հարակից գրականության պակասը, ինչի արդյունքն էր ամենատարբեր բնագավառներում աշակերտության և ուսուցիչների գիտելիքների անբավարար պաշարը: Լրացնել այդ թերին. այս ձգտումը դարձել է նրա համար կյանքի ծրագիր, որը նա փորձել է իրագործել տարաբնույթ հանրագիտական գրքերի լույսընծայումով: Դեռևս Երևանում ուսանելիս, երբ նոր էին լույս աշխարհ եկել Հայկական սովետական հանրագիտարանի հատորները, նա նկատելով, որ դրանք լեզվական, ուղղագրական և այլ պատճառներով լայնորեն չեն տարածվում արտերկրի հայ համայնքներում, որոշել էր զանազան բնագավառների վերաբերող նյութեր հավաքել և, իր խոսքերով ասած, «ստեղծել նոր տեսակի եւ որակի հանրագիտարան մը, որ ըլլայ դիւրընթեռնելի եւ նոր որակի գիրք մը»:
Տարիների ընթացքում գործադրած ջանքերի արդյունք է «Լոյս» խորագիրը կրող հանրագիտակի բազմահատորյակը, որի առաջին չորս հատորները 2000-2005 թվականներին ունեցել են տասնմեկ հրատարակություն: Այդուհետ Հովսեփ Նալպանտյանը ստեղծել է իր և տիկնոջ՝ Գարոլինի անունը կրող մատենաշար, որը մինչև օրս լույս է ընծայել յոթ տասնյակից ավելի գրքեր: Մատենաշարի տպագրած առաջին գրքերը եղան «Լոյս» հանրագիտակի 3-րդ և 5-6-րդ հատորները:
Ազգային և միջազգային պատմության և մշակույթի վերաբերյալ համակողմանի տեղեկություններ, որպես անհրաժեշտ գիտելիքներ. սա է փորձել հեղինակը հաղորդել հատկապես Սփյուռքի երիտասարդ ընթերցողին թե՛ «Լոյսի» հատորներով, թե՛ հետագայում մատենաշարի տպագրած մյուս հանրագիտարանային բնույթի գրքերով: Դրանց մեջ են «Միջազգային պատմութիւն. ժամանակագրութիւն (1789-2015 թթ.)» ստվար հատորը (2018), «Հայ երաժշտահաններ» (2019), «Հայ երաժշտահաններ եւ երգահաններ» (2020), «Միջազգային դասական երաժշտութիւն», «Կերակուրներու համառօտ պատմութիւն» (2022) գրքերը:
Ինձ համար առավել գնահատելի են Հովսեփ Նալպանտյանի հեղինակած մատենագիտական աշխատանքները: Նկատի ունեմ «Ամերիկահայ գիրքի պատմութիւն. 1858-2011», «Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն» (2011), «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» (2015, Յաւելուած՝ 2016) աշխատությունները:
Մատենաշարով լույս են տեսել նաև Հովսեփ Նալպանտյանի կազմած և խմբագրած մի շարք գրքեր: Հիշատակելի են հատկապես Հովհաննես Շիրազի «Հայոց դանթէականը» (2011), Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղարվեստական գործերի շքեղ հատորը («Մեսրոպ Մաշտոց. Մեծասքանչը». 2013), եռահատոր «Հայկական պատմուածքները» (2016-2017), «Սփիւռքահայ պատմուածքը» (2018), այլև արևմտահայ և սփյուռքահայ կին գրողների արձակ և բանաստեղծական գործերի խնամքով կազմված ժողովածուն (2020):
Հատուկ նշեմ, որ Նալպանտյանը խմբագրել և մեկ ստվար հատորով հրատարակել է անվանի պատմաբան Հրանտ Արմենի «Մարզպանը և Սպարապետը» և «Հայկական գերագոյն ատեան» մեծարժեք աշխատությունները (2021)՝ նպատակ ունենալով մեկ անգամ ևս պաշտպանել հանիրավի ամբաստանված Վասակ Սյունու արդար դատը…
Դեռևս 2015-ին Նալպանտյանը տպագրել է «Կեանքի շարունակուող շաւիղներ» խորագրով տարբեր տարիներին գրած իր տարաբնույթ հոդվածները: Դրանց մեջ ուշագրավ անդրադարձումներ կան նաև Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի, Պարույր Սևակի, Հակոբ Կարապենցի ստեղծագործությանը: Եվ, ահա, օրերս նա ընթերցողի սեղանին դրեց «Կեանքի շարունակուող շաւիղների» երկրորդ և երրորդ հատորները, ինչպես նաև մի նոր մատենագիտական աշխատանք («Սփիւռքահայ գրող-հրատարակիչներ»):
Այսպիսով, «Հովսեփ և Գարոլին Նալպանտյան» մատենաշարի հրատարակությունների զգալի մասը իր իսկ՝ Հովսեփ Նալպանտյանի հեղինակած, կազմած և խմբագրած գրքերն են: Շատ ավելի մեծ թիվ են կազմում այլ հեղինակների աշխատանքների տպագրությունները, որոնց շնորհիվ Հովսեփ և Գարոլին ամոլն այսօր մեզանում գրական մեկենասության առաջատարն են:
Մատենաշարը տպագրել է հուշագրական, հրապարակախոսական, մանկագրական ստեղծագործություններ և առավելապես բանաստեղծական և արձակ երկեր, ժողովածուներ: Դրանց մեջ հիշատակելի են հատկապես Խաչիկ Մանուկյանի «Վերջին մեղրամիս» բանաստեղծական հատորը (2020) և Լիլիթ Նազարյանի «Նոր աշխարհ» վիպակների և պատմվածքների ժողովածուն (2022): Առանձնացնեմ նաև ինձ համար անչափ հոգեհարազատ «Կամուրջ» գրական տարեգրքի 2014 թվականին Թբիլիսիում իրագործված հրատարակությունը:
Արժեքավոր են մատենաշարի հրատարակած Վազգեն Շուշանյանի երկերի ընտրանին (խմբագրությամբ Սուրեն Դանիելյանի և Քնարիկ Աբրահամյանի. 2010), Ռուբեն Սաքապետոյանի «Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարանը» (2011), Հովհաննես Շիրազի անտիպ էջերի Բ հատորը (խմբագրությամբ Սամվել Մուրադյանի. 2019):
Նկատեմ, որ վերջին տարիներին մատենաշարի հրատարակությունների մեջ գերակշռող են հայագիտական բնույթի աշխատանքները: Դրանց մեջ են գրականագետ Վանո Եղիազարյանի «Մխիթար Գոշի առակները» (2019), «Հովհաննես Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» (2021), «Յովհաննէս Թլկուրանցի, Տաղեր և գանձեր» (2022), «Արցախի հայկականության ակունքները և ադրբեջանական աղվանագիտության կեղծիքների հերքումը» (2023), պատմաբան Ֆելիքս Մովսիսյանի եռահատոր ուսումնասիրությունները (2022), տողերիս հեղինակի «Սայաթ-Նովայի կյանքը» (2021), «Հայ միջնադարյան բանաստեղծությունը» (հինգ հատորով. 2021-2022), «Յովհաննէս եւ Կոստանդին Երզնկացիներ» (2023): Հիշատակելի են նաև «Գրականագիտական հանդեսի» 2021-2023 թվականների հրատարակությունները…
Այս ամենի համար իմ անձնական և անանձնական շնորհակալությունն եմ հայտնում Հովսեփ Նալպանտյանին և ջերմորեն շնորհավորում նրան ծննդյան 65-ամյակի առթիվ: