Ես ոչ թե շատերից մեկն եմ, այլ շատերի մեջ մեկը, ով ապրեց առաջին տեսիլքի պարգևած հանկարծազեղմունքի հրաշքը…
Նախ ինձ պաշարեց խոր ու անծանոթ մի անզգայացում, ապա սկսեց ողողվել լռության ամբողջությամբ, որի ներսում երևութացավ, ապա հառնեց-վայելչացավ ու պերճացավ մարդկային վեհությունը: Նա բարձրաստիճան բարձր էր ամենքից և զուգված էր արտաերկրային հագուստով:
Երբեք ինձ իրավունք չեմ վերապահել ներզգայել երգչախմբում իմ դիմաց, իմ թիկունքում, իմ կողքերին իրենց տեղն զբաղեցրած երգիչ-կատարողների ապրումները, այն ապրումները, որոնք նրանց համակամ, ներսում ընձյուղվում էին Մաեստրոյի ողջ էությունից ճառագող նվիրումի հորդալույս կրակով ¥ահա, մինչ այս պահն էլ այն համոզումն ունեմ, թե Մաեստրո տիտղոսը Հովհաննես Չեքիջյանի առանձնաշնորհությունն է¤:
Երբ առաջին անգամ նրա հոգնություն չճանաչող աուրան ինձ քաշեց-տարավ- ընկղմեց երգի ու մեղեդայնության անհունության մեջ, ես տեսա, թե ինչպես եմ բարձրանում ինքս ինձնից և հասկացա, թե ինչ է նշանակում մարդուց մարդեղանալ: Ես այստեղ էի, իսկ նա և՛ այստեղ էր, և՛ աներևույթ աշխարհում, քանի որ դեպի Պայծառացում լողացող նրա հոգին լիություն-լինելություն է շարունակության մեջ: Նրա լույսը` հատկապես սրտից, աչքերից ու մատներից ճառագող, անցավ իմ մարմնի խավարի միջով, իսկ միտքը շնորհաբերեց ընթացքի լիահավաքությունը, սթափեցրեց-փնջեց ձայները և առաջնորդեց միակ ճշմարիտ ուղղությամբ: Ճառագումը, որ բխում էր նրա ողջ էությունից, արթնացրեց իմ մեջ քնած ցոլական բողբոջները, որոնց ջերմացող տատանումների համախմբումով էլ,- ես այդպես իմացա,- արարվում էր աննման ներդաշնությունը:
Նա այստեղ է իրական առաքելությամբ, որպեսզի իր անմահ հոգու ջերմություն-կենսունակությունը ծառայեցնի գեղեցիկը առավել գեղեցկացնելու, կատարյալը կատարելագործելու և մարդկությանը ներկայելու նպատակին, որովհետև նրա այսկյանքային առաքելությունը նվիրաբերումն է:
Նա եկել է հավերժից, և նրա անհատականությունը պատշաճում է հավերժին:
Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ
ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր,
Վանաձորի պատվավոր քաղաքացի,
բանաստեղծ, արձակագիր